Շուշիի ազատագրմամբ մի նոր էջ բացվեց Հայոց պատմության մեջ` բեկում մտցնելով Արցախի ազատագրական պայքարում ու սկիզբ դնելով հաղթանակի նոր շարասյան:
Շուշիի ազատագրմանը նախորդող տրամադրվածության, զգացողությունների, երկու պատերազմի արանքում թշնամու անփոփոխ ձեռագրի ու հոգեբանության մասին Մեդիամաքսը զրուցել է ազատամարտիկ, Շուշիի ազատագրման օպերացիայի մասնակից Իգոր Սարգսյանի հետ: Ապրիլյան պատերազմի ընթացքում նա եղել է առաջնագծում՝ որպես կամավոր:
***
1992 թվականի մայիսի 8-ն էր, առավոտյան 06:00-ից սկսվեց ռազմական գործողությունը…մայիսի 9-ի կեսօրին մտանք Շուշի: Աննկարագրելի զգացողություն էր` միթե մենք էինք այն սերունդը, որը կարողացավ ազատագրել մեր պապերի հողը: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բակում արդեն արցունքները խեղդել չհաջողվեց: «Գինի լից» -ն էինք երգում ու պարում…
***
Շուշիի ազատագրման անհրաժեշտությունը ծնվեց դեռ 1991 թվականին, երբ թուրքերը սկսեցին Շուշիից ռմբակոծել Ստեփանակերտը: Շատ ծանր դրություն էր: Քաղաքի խաղաղ բնակչությունը նկուղներում, ապաստարաններում էր: Այդպես երկար շարունակվել չէր կարող: Հետախուզական աշխատանքներից հետո կազմվեց Շուշիի ազատագրման գործողության ծրագիրը: Շտաբը ղեկավարում էր Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը: Շատ հավակնոտ ծրագիր էր ներկայացրել, որին անգամ Վազգեն Սարգսյանը թերահավատորեն էր նայում:
Օպերացիան սկսելու ժամկետը փոփոխվում էր: Նախնական այն նախատեսված էր ապրիլ ամսին, սակայն եղանակային պայմաններն անբարենպաստ էին: Հրամանատարությունը որոշեց, որ գործողությունը պետք է մեկնարկի մայիսի 7-ի՝ լույս մայիսի 8-ի գիշերը:
Օպերացիան չորս ուղղություններով էր նախատեսված: Հաստատվեց չորս ուղղությունների հրամանատարական կազմն ու ջոկատները, վաշտերը: Շուշիի առանձնակի գումարտակը այն ժամանակ դեռ ձեւավորված չէր, կոչվում էր Շուշիի առանձնակի դաշնակցության վաշտ: Գրեթե բոլոր ուղղություններով Դաշնակցության վաշտեր կային: Մեր վաշտին բաժին հասած ուղղությունը Շուշի-Լաչին ճանապարհի կենտրոնական հատվածներում թշնամու հավանական օգնությանը հասնող զորքի դեմն առնելն էր: Ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր:
***
Այն ժամանակ 21 տարեկան էի` պարզ ազատամարտիկ էի, իհարկե, կռվի բովով անցած: Մեր ջոկատով կռվել ենք Ղարաբաղի բոլոր անկյուններում, մնացել մինչեւ 1994 թվականի զինադադարը:
Շուշիի ազատագրման հետ կապված մեծ ոգեւորություն էի ապրում: Մտածում էի, որ հայ ժողովուրդը, վերջապես, պետք է իր հայրենի քաղաքն ազատագրի: 40 սերունդ երազել էր հայրենիք, պետություն ունենալու մասին: Մեր սերնդին բաժին հասավ այն առաքելությունը, որ պիտի կարողանանք սրբագրել մեր նախնիների սխալներն ու պաշտպան կանգնել մեր հողին: Բոլոր տղաներն էլ ուզում էին մասնակցել Շուշիի ազատագրմանը: Ոգեւորությունն անասելի էր: Յուրաքանչյուրս պատրաստ էինք զոհաբերվելու: Մեռնելու մասին չէինք մտածում. նպատակը մեկն էր՝ ամեն գնով ազատագրել Շուշին: Մեր հաջողության հիմնական գրավականը ոգին էր, որն առաջ մղեց մեզ` դեպի հաղթանակ:
Մենք հանձնարարական ունեինք, որ Շուշիից նահանջող զորքին, փախչող մարդկանց թույլ տանք դուրս գալ այնտեղից: Այդ ժամանակ Բաքվում իրար միս էին ուտում, իսկ Շուշիի ժողովուրդը կամ ու կացի մեջ էր: Շուշիում գործող ՕՄՈՆ-ականները, բնակչությունը հասկանում էին, որ իրենց անտեր են թողել, ինչը եւս նպաստեց մեր աշխատանքին:
Որքան հիշում եմ, ողջ օպերացիայի ընթացքում 55 զոհ ունեցանք, ինչը ցավալի է, բայց նման ծավալի օպերացիայի դեպքում` անխուսափելի:
***
1991 թվականից սկսած, երբ կամաց-կամաց ազատագրում էինք Արցախի գյուղերը, արդեն որոշակի հավատ ու վստահություն կար մեր ուժերի նկատմամբ, մենք գիտեինք՝ կարող ենք մարտնչել ու մեր հողերին տեր լինել: Կար հավատ ու հստակ նպատակ՝ արցախյան հողը պիտի ազատագրվի: Նաեւ հակառակորդի հետ մարտական շփումների ընթացքում հասկանում էինք՝ թուրքը վախկոտ է, որովհետեւ իր հողի վրա չէ: Շուշին «կորցնելու» հիմնական պատճառներից մեկը հենց դա էր: Այնտեղ ամեն անկյուն, ամեն քար հայկական է, նրանք դա քաջ գիտակցում էին, դրա համար էլ թողեցին ու նահանջեցին:
***
Շուշիի ազատագրման օպերացիայի նախորդող օրը երգում էինք: Ընդհանրապես, շատ էինք երգում: Հավաքվել էինք Սխնախի անտառներում, պատրաստվում էինք, որ գիշերը դուրս պիտի գայինք: Նիկոլ Աղբալյան ուսանողական ջոկատով առանձին վրանի մեջ էինք: Որոշեցինք՝ ով ինչ շնորհք ունի, պիտի ցուցադրի: Մեկն արտասանում էր, մյուսը` երգում, երրորդը` անեկդոտ պատմում: Վրան մտավ Վիգեն Զաքարյանը, ով Բեյրութից էր եկել կռվելու, նայեց մեզ, մի քանի վայրկյան լսեց ու ասաց՝ «Ասոնք խենթ են, վաղը կգնան, չգիտեն՝ կվերադառնան, թե չէ, բայց երգ ու պար են անում»: Ցավոք, գործողության ընթացքում Վիգենը զոհվեց:
***
Մահվան վախ չկար, այդ մասին չէինք էլ մտածում: Իհարկե, գիտակցում էինք, որ ցավ ենք պատճառելու մեր ծնողներին, բայց, եթե այդ ցավը չպատճառեինք հենց այդ ժամանակ, հետո ավելի մեծ ցավ էինք ապրելու, երբ թշնամին հայտնվեր մեր դռան շեմին: Արցախի սահմանից է սկսում մեր հայրենիքի, օջախի դուռը:
***
Յուրահատուկ հարգանք կար մեկը մյուսի հանդեպ: Մեծերն աշխատում էին երիտասարդներին ամենավտանգավոր տեղերից հետ պահել, երիտասարդներն`առաջ ընկնել մեծերից, որովհետեւ նրանք իրենց սպասող երեխաներ ունեին: Եղբայրական, ջերմ մթնոլորտ էր, ուր իշխում էր հարգանքը, սերն ու ազնվությունը: Եթե այս մթնոլորտով կարողանայինք մեր երկրի շինարարությամբ զբաղվել, այսօր արդեն հզոր երկիր կունենայինք:
***
Այսօր էլ, ինչպես 24 տարի առաջ Շուշիի ու այլ տարածքների դեպքում էր, նույն մարտահրավերի առաջ ենք կանգնած: Կրկին պատերազմ, կրկին` զոհեր, բայց տղաներն էլի ամուր կանգնած են դիրքերում, մենք էլ` նրանց կողքին: Եթե ուզում ենք, որ մեր զավակները մայրենի լեզվով խոսեն ու իրենց հայրական տանն ապրեն, ուրեմն պատրաստ պետք է լինենք պատերազմելու:
***
Հակառակորդի ձեռագրում, այսքան տարի անց, ոչ մի փոփոխություն չկա: Նրանք ոչ զարգացում են ապրել, ոչ էլ նկրտումներն են փոխել: Զարգանում են միայն նրանց՝ ոչնչացնելու գործիքներն ու միջոցները: Եթե թուրքը մի քանի դար առաջ վիզ էր կտրում, մորթում էր, հիմա էլ նույն բանն է անում: Միեւնույն է, վախից, թե հաճույքից, բայց անում է:
***
Մի մեծ տարբերություն կա այս ու առաջին պատերազմի մեջ. եթե այն ժամանակ առաջինը կռվի ելան նպատակասլաց կամավորականները, որոնցից շատերը հասուն մարդիկ էին, այսօր առաջինը դա արեց շարքային զինվորը`ընդամենը մի քանի ամիս բանակում ծառայած տղան: Հզոր երեխեք ունենք: Մեր երեխեքը իրենց մեր հողի տերն են զգում: Նրանք մեզանից ավելի ուժեղ են: Հավերժ փառք այդ երեխեքին:
***
Դպրոցի մի աշակերտուհի փաթեթ էր պատրաստել սահմանին կանգնած զինվորի համար, որի մեջ նամակ կար: Շատ հետաքրքրեց ինձ այդ նամակը, գիտեի, որ ինձ չէ հասցեագրված, բայց կարդացի: Գրված էր` «Եղբայրիկ ջան, հպարտանում եմ քեզնով, շնորհակալ եմ, որ կանգնած ես»: Գնահատված լինելուց ավելի մեծ բան չկա: Հիմա հուզվում եմ. խաղաղ պայմաններում կարող ենք թույլ տալ մեզ հուզվել, բայց մարտի դաշտում հուզվել չկա: Առաջին պատերազմում, որքան էլ բարդ էր, մեր աչքերից արցունք չեկավ. արտասվեցինք միայն Շուշին ազատագրելուց` Ղազանչեցոց եկեղեցու բակում…
***
Հիմա էլ մենք կանգնած ենք զինվորի թիկունքում, ինչպես տարիներ առաջ էր: Մենք հաղթելու ենք, որովհետեւ պայքարում ենք ոչ թե հարստություններ խլելու, այլ մեր հողի, մեր շարունակականությունն ապահովելու համար: Մեր գործն արդար է:
Գրի առան` Լենա Գեւորգյանն ու Սիրանուշ Եղիազարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: