Արկակոծումից Մարտակերտում տուժածներ չկան - Mediamax.am

Փետրվար 19, 2026
exclusive
7135 դիտում

Արկակոծումից Մարտակերտում տուժածներ չկան


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այս գիշեր ադրբեջանական կողմի արկակոծումից Մարտակերտում քաղաքացիական անձինք չեն տուժել:

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը՝ նշելով, որ հակառակորդի հիմնական թիրախը, որպես բնակավայր, եղել է Մարտակերտ քաղաքը:

 

ԼՂՀ Պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ մարտական հենակետերից բացի, հակառակորդն այս գիշեր ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը՝ կիրառելով 14 արկ:

 

Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ հակառակորդը քաղաքին ուղղված արկակոծումը սկսել է գիշերը՝ ժամը 02:00-ից, ու պարբերաբար շարունակել մինչեւ ժամը 05:00-ն:

 

«Հիմնականում մեծ վնաս է հասցվել երկու բնակելի տան, մյուսների դեպքում ապակիների կամ պատերի վնասվածք է եղել: Բարեբախտաբար, խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ չունենք»,- ասել է Վլադիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջնագծում հակառակորդի ձեռնարկած հերտակոծության ձայները լսելուց անմիջապես հետո ակտիվ աշխատանք է տարվել խաղաղ բնակչության տարհանման եւ ապահով տարածքներ տեղափոխելու ուղղությամբ:

 

Բնակչության մի մասը տեղափոխվել է մոտակա գյուղեր, որտեղ ավելի ապահով է, իսկ մյուս՝ հիմնական մասը, թաքնվել է հատուկ ապաստարանում: Արկակոծման հետեւանքով վնասվել է էլեկտրասնուցման մի քանի կապուղի, որոնք, Վլադիկ Խաչատրյանի խոսքով, արդեն վերականգնվել են:

 

«Առավոտյան բնակիչների մեծ մասը դուրս է եկել ապաստարաններից եւ ապրում է իր առօրյա կյանքով: Քաղաքում կյանքը շարունակվում է իր բնականոն հունով»,-եզրափակել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարը:




Մեր ընտրանին