Արցախը պահանջում է իր վերադարձը բանակցային գործընթացին - Mediamax.am

4151 դիտում

Արցախը պահանջում է իր վերադարձը բանակցային գործընթացին


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կներկայացնի արցախյան կողմի մի շարք պահանջները:

«Ես մշտապես շնորհակալություն եմ հայտնել միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ միջնորդական ջանքերի համար: Հարաբերական խաղաղությունը, որը պահպանվում էր մինչեւ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ապահովվում էր նաեւ ՄԽ համանախագահության շնորհիվ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հիմա էլ իրականացնում են ակտիվ միջոցառումներ, որոնք բերել են կրակի դադարեցման  պայմանավորվածությանը: Բայց մենք ունենք մի շարք տեսակետներ եւ պահանջներ, որոնք կներկայացվեն համանախագահների հետ հանդիպման ժամանակ»,- Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բակո Սահակյանը:

 

Նրա խոսքերով, հաշվի առնելով, որ եռանախագահներն եղել են Բաքվում եւ հանդիպել Ադրբեջանի ղեկավարությանը, Արցախին հետաքրքրում է, թե ինչ հարցեր են քննարկել այնտեղ:

 

«Միջնորդների հետ բոլոր հանդիպումների ժամանակ ես բարձրաձայնում էի, որ բանակցությունների խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել խնդրի վերջնական կարգավորմանը: Այսօր էլ մնում ենք այդ համոզմանը, որ կարգավորմանը վերաբերող ցանկացած առաջարկություն, որը կարվի առանց ԼՂՀ պաշտոնական մասնակցության, չի կարող լիարժեքորեն կյանքի կոչվել»,- ասել է Արցախի ղեկավարը: Նա հիշեցրել է, որ 1994 թ-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում հաստատվել է, որ Արցախը հակամարտության կողմ է հանդիսանում, եւ այդ որոշումը ուժի մեջ է:

 

«Բանակցային սեղանին վերադառնալու մեր պահանջը պայմանավորված է ոչ թե նրանով, որ մենք չենք վստահում Հայաստանին, որը բանակցություններում ներկայացնում է Արցախը, այլ այն հանգամանքով, որ աշխարհում չկա որեւէ հակամարտություն, որտեղ լուծումները գտնում են առանց հակամարտության հիմնական դերակատարի»,- ասել է Բակո Սահակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին