Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան այսօր ասել է, որ Արցախի Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները համալրված են:
Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին Արցախի ՊԲ ստորաբաժանումները համալրած կամավորներին եւ նրանց կոչ արել զգոն ու պատրաստ լինել` պահպանելով համարձակությունն ու մարտական ոգին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ հայկական բանակի հրամանատարների ու զինվորների պատրաստությունը միավորվել է ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, ինչն էլ հիմք է հանդիսացել այն հաջողությանը, որը հայկական կողմն ունեցավ Արցախյան ամբողջ ճակատում:
«Մենք, իհարկե, այս օրերին, հաջողությունների հետ մեկտեղ, շատ-շատ զինծառայողների, ազատամարտիկների հարազատների հետ նաեւ ցավ ենք ապրել: Նրանք իրենց կյանքը տվել են մեր Հայրենիքի սուրբ հատվածի` Արցախի պաշտպանության համար: Բայց այսօրվա մեր ունեցած հաջողությունները, հաղթանակները մեզ ստիպում են, որ ցավը շաղախվի նրանց կատարած հերոսությունների, սխրանքի հետ եւ կարծրանա որպես պատասխանատվություն` հետագա մեր գործողությունների համար»,- ասել է նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: