Washington Post-ը կշտամբել է Սպիտակ տանը՝ Ալիեւին սիրաշահելու համար - Mediamax.am

3662 դիտում

Washington Post-ը կշտամբել է Սպիտակ տանը՝ Ալիեւին սիրաշահելու համար


Իլհամ Ալիեւը եւ Ջոն Քերին
Իլհամ Ալիեւը եւ Ջոն Քերին

Լուսանկարը` U.S. Department of State


Երեւան: Մեդիամաքս: The Washington Post թերթը խմբագրական հոդվածում քննադատել է ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների նկատմամբ:

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պարբերաբար բանտ է նետում իրեն քննադատողներին: Միջուկային անվտանգության գագաթաժողովի նախօրեին նա ոմանց ազատ արձակեց, հավանաբար, կարծելով, որ այդպիսով կթուլացնի լարվածությունը: Երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սպիտակ տանը հայտնվեց լրագրողների առջեւ պարոն Ալիեւի հետ, նա շատ բարձր կարծիք հայտնեց իր հյուրի մասին՝ որպես բարդ տարածաշրջանում գտնվող պետության առաջնորդի, որը գործում է «մտածված եւ խելամտորեն»: Քերին եւ Ալիեւը խոսել են գազատարի, Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության, ինչպես նաեւ Աֆղանստանում Ադրբեջանի ունեցած դերի մասին: Սակայն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին խոսք չգնաց:

 

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպեց նաեւ փոխնախագահ Բայդենը, եւ, ինչպես ասվում է հայտարարության մեջ, «գոհունակությամբ նշեց իրավապաշտպանների ու քաղաքական ակտիվիստների ազատ արձակումը», ինչպես նաեւ աջակցություն հայտնեց «հետագա զարգացմանը՝ընդգծելով քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության սկզբունքների նշանակությունը»: Այդ ամենը սիրալիր եւ շատ ոգեշնչող էր: Սակայն իրականում պարոն Ալիեւը չի հարգում ոչ քաղաքացիական հասարակությունը, ոչ էլ իրավական պետության սկզբունքները», - ասված է հոդվածում:

 

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես փորձում է լռեցնել իր քննադատներին՝ այդ թվում ճնշելով մամուլի ազատությունը եւ լրագրողներին քրեական հետապնդումների ենթարկելով: Մինչ այդ Բայդենը արտահայտվեց մամուլի հանդեպ կիրառվող խիստ միջոցների դեմ, սակայն Էրդողանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Սպիտակ տան հայտարարության մեջ այդ մասին ոչինչ չկար: Չէր խոսվում ճնշումների մասին նաեւ երեքշաբթի Սպիտակ տանը Օբամայի ու նախագահ Էրդողանի միջեւ տեղի ունեցած հանդիպման մասին ռեպորտաժում: Ուրբաթ՝ գագաթաժողովի ավարտից հետո, Բարաք Օբաման հայտարարել էր, որ զգուշացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին «տեղեկատվության ազատությունը ճնշելու եւ դեմոկրատական բանավեճերը խոչընդոտելու վտանգի մասին»,- գրում է The Washington Post-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին