Քերին եւ Ալիեւը քննարկել են ԼՂ խնդիրը - Mediamax.am

5058 դիտում

Քերին եւ Ալիեւը քննարկել են ԼՂ խնդիրը


Իլհամ Ալիեւիը եւ Ջոն Քերին
Իլհամ Ալիեւիը եւ Ջոն Քերին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին լարվածության աճի վերաբերյալ:

«Այսօր պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ քննարկելու երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Պետքարտուղար Քերին բարձր է գնահատել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում Ադրբեջանի դերը՝ որպես առաջատար երկիր «Հարավային գազային միջանցք» նախագծի զարգացման համար: Նա արտահայտել է ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին՝ վերջինիս տարածաշրջանային առեւտրային հանգույց դառնալու ջանքերում:

 

Ջոն Քերին նաեւ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիեւին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանն Ադրբեջանի մասնակցության համար, եւ այդ երկրի կարեւոր դերը ահաբեկչության դեմ պայքարում: Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերում պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի կողմից արված վերջին դրական քայլերը եւ խրախուսել առաջընթացն այդ ոլորտում:

 

Կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու մտահոգություն հայտնել շփման գծում եւ պետական սահմանին լարվածության աճի վերաբերյալ:

 

Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի՝ կողմերի հետ աշխատելու հանձնառությունը՝ հասնելու համապարփակ կարգավորման, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա»,- հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

 

ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է նաեւ հանդիպումից առաջ Քերիի եւ Ալիեւի արված հայտարարությունները, որոնք ներկայացնում ենք հատվածաբար.

 

Պետքարտուղար Քերի: «Մենք շատ շնորհակալ ենք Ադրբեջանին խաղաղապահ ոլորտում ունեցած ներդրման համար, Աֆղանստանում իր ներդրած ջանքերի համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանը գտնվում է բարդ տարածաշրջանում, եւ ես կարծում եմ՝ նախագահ Ալիեւը շատ ուշադիր եւ հետեւողական է եղել այն կարիքների հանդեպ, որոնք, մասնավորապես, վերաբերում են «Հարավային գազային միջանցք»-ում իր առաջնորդությանը: Սա շատ կարեւոր քայլ է Եվրոպայի երկարաժամկետ ռազմավարական շահերի եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համար:

 

Մենք ունեն փոխադարձ հետաքրքրություններ ահաբեկչության դեմ պայքարում: Մենք ցանկանում ենք հասնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վերջնական կարգավորմանը, որը պետք է լինի բանակցված լուծում»:   

 

Նախագահ Ալիեւ: «Մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները: ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններն ունեն 25 տարվա պատմությունը, եւ այդ հարաբերությունները մշտապես եղել են շատ մտերիմ, ջերմ եւ հիմա դրանք ռազմավարական կարեւորության հարաբերություններ են:

 

Մենք գտնվում ենք շատ ակտիվ քաղաքական երկխոսության մեջ: Ինչպես պետքարտուղարն արդեն նշեց, մենք բազմիցս հանդիպել ենք տարբեր առիթներով, բայց սա առաջին հանդիպումն է Վաշինգտոնում: Մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը զարգանում է: Ամերիկյան ընկերությունները մեր երկրի տնտեսության մեջ ներդրել են ավելի քան 10 մլրդ դոլար, ինչը մեր տնտեսական համագործակցության եւ մեր երկրի տնտեսական զարգացման համար լավ ցուցանիշ է: Մենք համատեղ իրականացրել ենք այնպիսի կարեւոր նախագծեր, ինչպիսիք են Կասպից եւ Միջերկրական ծովերը միացնող նավթագազային խողովակաշարերի կառուցումը՝ իհարկե ԱՄՆ-ի հզոր աջակցության շնորհիվ:

 

Եվ հիմա, ինչպես պետքարտուղարը նշեց, մենք համատեղ աշխատում ենք «Հարավային գազային միջանցք»-ի ուղղությամբ, եւ դա էներգետիկ անվտանգությանն ու էներգետիկ դիվերսիֆիկացմանը միտված նախագիծ է, որի բոլոր մասնակիցները՝ թե արտադրողները եւ թե սպառողները, կունենան երկարաժամկետ օգուտներ: Մենք շատ շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը՝ այս նախագիծն իրականացնելու հարցում աջակցության համար: Անկեղծ ասած, առանց այդ օգնության, ավելի շատ ժամանակ ու ջանքեր կպահանջվեին այս նախագծի իրականացման համար: Մենք ճիշտ ուղու վրա ենք եւ կավարտենք ժամանակին: Երկու-երեք տարի հետո «Հարավային գազային միջանցք»-ը կգործարկվի:            

 

Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկարատեւ հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու ջանքերի համար: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա, որոնք պահանջում են մեր տարածքներից հայկական զորքերի անհապաղ եւ առանց նախապայմանների դուրսբերում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, ինչպես նաեւ աշխարհում եւ հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն երկրների տարածքային ամբողջականության հիման  վրա»

 

Մեդիամաքսը նշում է, որ Պետդեպի մամուլի ծառայությունը արձագանքել է նաեւ

Ադրբեջանի նախագահի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին «սադրիչ» անվանելու մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցին եւ հայտնել է հետևյալը.

 

«Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման եւ բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում՝  հիմնված

Հելսինկյան սկզբունքների՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման վրա»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին