Երեւան: Մեդիամաքս: Մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Հովհաննես Հարությունյանը (ծնված 1997թ.):
Ինչպես հաղորդել են ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, նույն օրը՝ 14:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ադրբեջանական կողմի արձակած կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, Արտյոմ Վարդերեսյանը (ծնված 1996թ.):
Դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՊԲ-ից հայտնում են նաեւ, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների:
















