Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «2015 թվականին` Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ մենք ոգեկոչում ենք մեր՝ արդեն սրբադասված նահատակների հիշատակը, ազատ, նորոգ ու հպարտ Արցախը նոր` ավելի խոր իմաստ ու արժեք է ստանում բոլորիս համար»:
Այս մասին նախագահն ասել է Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:
«1991թ. նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաեւ հերոսական հատվածներից մեկը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ օր օրի աշխարհում ավելի ստվարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա ժողովրդի բարեկամների շարքերը:
«Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը: Դա արդյունքն է ձեր արդար ու ստեղծագործ աշխատանքի, պետականաշինության եւ բանակաշինության ասպարեզներում ձեր արձանագրած հաջողությունների»,- ասել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ «Ազատությունը չունի այլընտրանք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: