Երեւան: Մեդիամաքս: Եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետեւ ծավալվել Ղարաբաղյան կարգավորման բուն բանակցությունները:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում, այդ մասին ասվցում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ուղերձում, որը նա հղել է այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին:
Նախագահ Սարկոզին նշել է, որ ի շարունակություն մայիսի վերջին նախագահ Օբամայի, նախագահ Մեդվեդեւի եւ իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Նիկոլա Սարկոզիի համոզմամբ՝ եկել է այդ պահը:
«Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ, եւ ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,- Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում ասել է Նախագահ Սարկոզին: