Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքների հետ առնչվող «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռները:
Հիշեցնենք, որ «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» հայցը ՄԻԵԴ է ներկայացվել 2005 թ.-ին: Դրանում հայցվորները նշում էին, թե ղարաբաղյան հակամարտության հետեանքով 1992թ.-ին ստիպված են եղել թողնել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանում գտնվող իրենց գույքը եւ տեղափոխվել այլ վայր: Հայցվորները դատարանից պահանջում էին վերականգնել այդ գույքի հանդեպ իրենց իրավունքները կամ պարտավորեցնել Հայաստանին դրա դիմաց տրամադրել արդարացի փոխհատուցում:
2006 թ.-ին Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված հայցում Սարգսյանների ընտանիքը պահանջ է ներկայացրել ապահովել իրենց վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղ եւ վերականգնել այնտեղ թողած սեփականության հանդեպ իրենց իրավունքները:
Ինչպես տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից, այսօր դատարանը բավարարել է կողմերի պահանջները՝ պարտավորեցնելով Հայաստանին և Ադրբեջանին հետամուտ լինել երկու ընտանիքների խախտված իրավունքների վերականգնման հարցում:
«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի վճռում, մասնավորապես, ասված է.
«Իր հայցում հայցվորը գանգատվում էր, որ, 1992.թ-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով ստիպված լինելով լքել իր տունը Ադրբեջանի Շահումյանի շրջանում, նա մերժված է եղել իր բնակավայր վերադառնալու եւ այնտեղ իր սեփականությունը տնօրինելու իրավունքից: Դատարանը որոշել է, որ Ադրբեջանն իրավասություն ունի այդ տարածքի նկատմամբ, ուստի պարտավոր է այլընտրանքային միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու Սարգսյանների իրավունքները, քանի դեռ մուտքը դեպի վերջինիս սեփականությունը հնարավոր չէ ապահովել: Խաղաղ բանակցությունների առկայության փաստը չի ազատում կառավարությանը՝ ձեռնարկելու այլ միջոցներ՝ Սարգսյանների իրավունքները վերականգնելու համար»:
«Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով վճռում ՄԻԵԴ-ի Մեծ պալատը սահմանել է, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունենալով քաղաքական, տնտեսական և ռազմական զգալի ազդեցություն, ԼՂ-ում «իրականացնում է արդյունավետ վերահսկողություն», և ուստի Հայաստանն է պատասխանատու ԼՂ տարածքում տեղի ունեցող իրավախախտումների համար:
ՄԻԵԴ-ի որոշումներն օրենքի ուժ են ստանում հրապարակման պահից: Դրանք բողոքարկման ենթակա չեն եւ պարտադիր են կողմերի համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: