Ստեփանակերտի օդանավակայանը պետք է “անթերի” աշխատի, ասել է ԼՂՀ նախագահը - Mediamax.am

5707 դիտում

Ստեփանակերտի օդանավակայանը պետք է “անթերի” աշխատի, ասել է ԼՂՀ նախագահը


Ստեփանակերտի օդանավակայան
Ստեփանակերտի օդանավակայան

Լուսանկարը` Panarmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման աշխատանքները "պետք է անթերի անցկացվեն”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, հունիսի 14-ին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահը ՀՀ կառավարությանը առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի հետ քննարկել է օդանավակայանի գործունեության հետ կապված հարցեր:

 

Մայիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել էր Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման աշխատանքների ընթացքին: Ավելի վաղ ՀՀ նախագահը հայտարարել էր, որ կդառնա Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ապրիլի 14-ին ընդունված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.

 

“Համանախագահները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի նախատեսված բացումը կարող է հանգեցնել լարվածության հետագա աճին: Նրանք նախազգուշացրել են, որ դեպի այդ օդանավակայան եւ այնտեղից չվերթների կազմակերպումը չի կարող միջազգային իրավունքի շրջանակներում օգտագործվել Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխման պահանջներին օժանդակելու համար”:

 

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով միջնորդների հայտարարությունը` ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել էր.

 

“Ստեփանակերտի օդանավակայանի բացումը հետաձգող ոչ մի քաղաքական հանգամանք չկա. կան միայն որոշակի տեխնիկական խնդիրներ: Երբ օդանավակայանը ամբողջությամբ պատրաստ լինի, այն կհանձնվի շահագործման: Բացման օրը օդանավակայանը պետք է ամբողջովին պատրաստ եւ սարքավորված լինի”:

Մեր ընտրանին