Միջնորդները Բաքվին կոչ են արել հարգել հրադադարը - Mediamax.am

4093 դիտում

Միջնորդները Բաքվին կոչ են արել հարգել հրադադարը


Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը
Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` http://www.nato.int/


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Կրակովում կայացած հանդիպման ժամանակ լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված եւ զոհերի հանգեցրած հարձակումների կապակցությամբ:

«Անցյալ տարվանից նկատվող բռնության ալիքը պետք է կանգնեցնել՝ վստահությունը վերականգնելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար: Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հարգել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները: Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը նվազեցնելու համար: Բոլոր կողմերը պետք է հարգեն հրադադարի համաձայնագրի դրույթները: Բռնությունը ձախողում է խաղաղություն հաստատելուն միտված ջանքերը»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը տարածվել է հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպումից հետո:

 

Միջնորդները ադրբեջանցի նախարարի հետ քննարկել են խաղաղ գործընթացի շրջանակներում հաջորդ քայլերը, այդ թվում ընդգրկուն բանակցությունների անցկացումը:

 

«Մենք հիշեցրել ենք նախարարին մեր մանդատի մասին եւ հայտնել մեր մտահոգությունը ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերակատարության եւ ԵԱՀԿ դիտարկողների պարտավորությունների վերաբերյալ հնչող քննադատության շուրջ»,- նշել են միջնորդները:

 

Հանդիպման ընթացքում նրանք ընդգծել են այնպիսի միջոցառումների կարեւորությունը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի խուսափել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հատուկ չծրագրված  միջադեպերից: Քննարկվել են նաեւ նախագահների կողմից ավելի վաղ ձեռք բերված այն պայմանավորվածության իրականացումը, որը վերաբերում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհայտ անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը:

 

Համանախագահները ծրագրում են մոտ ապագայում հանդիպել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ այցելել տարածաշրջան:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին