ՀՀ Զինված ուժերը կասեցնելու են հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձ, ասել է նախագահի խոսնակը - Mediamax.am

exclusive
13936 դիտում

ՀՀ Զինված ուժերը կասեցնելու են հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձ, ասել է նախագահի խոսնակը


ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն այսօր Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը, որում, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ էր արվել հանդիպել «առաջին իսկ հնարավորության դեպքում»` առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար:

 

«Հայաստանի Հանրապետությունը եւս վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ադրբեջանի խնդրանքով 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագիրը հստակ իրավական պարտավորություններ է ստեղծում կողմերի համար, որոնք անհրաժեշտ է հարգել:

 

Հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել ռազմական նոր արկածախնդրության, ուստիեւ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կասեցնելու են այդպիսի յուրաքանչյուր փորձ. խաղաղության դեմ ուղղված ոտնձգություններն արժանի հակահարված կստանան։

 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում, եւ պարտադիր չէ մարդկային կյանքերի գնով ժամանակ առ ժամանակ վերաընկալել այս ճշմարտությունը:

 

Հայաստանի Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացին եւ կառուցողական ոգով  պատրաստ է մասնակցելու այդ շրջանակներում առաջարկվող հանդիպումներին», - Մեդիամաքս-ին ասել է Արման Սաղաթելյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին