“Մենք լի ենք պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը ընդլայնելու եւ խորացնելու վճռականությամբ” - Mediamax.am

5677 դիտում

“Մենք լի ենք պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը ընդլայնելու եւ խորացնելու վճռականությամբ”

Սելեստա Ուոլանդեր
Սելեստա Ուոլանդեր

Լուսանկարը`


ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Ուոլանդերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը, 2010թ., հուլիս

- Նախորդ ուրբաթ Դուք Երեւանում մի շարք հանդիպումներ եք անցկացրել ՀՀ ղեկավարության հետ: Քննարկվե՞լ են արդյոք պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության խորացման հնարավորությունները:

- Հանդիպումների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է հենց Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու մեր վճռականությանը: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին նա հայտնել է ՀՀ եւ ԱՄՆ միջեւ համագործակցության օրակարգն ընդլայնելու մտադրության մասին:

Իմ այցը հնարավորություն տվեց կենտրոնանալ հենց պաշտպանական համագործակցության վրա: Նախագահ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Օհանյանի հետ ես քննարկել եմ հայ զինծառայողների ուսուցման եւ նախապատրաստման գործում մեր աջակցության ընդլայնման հարցը: Կան այլ բնագավառներ եւս, որտեղ առկա է համագործակցության ընդլայնման ներուժ. խոսքը, մասնավորապես, միջազգային առաքելություններին մասնակցելու ՀՀ հնարավորությունների ընդլայնման մասին է:

Հայաստանն արդեն մասնակցում է առաքելություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում, եւ միջազգային առաքելություններում ավանդ ներմուծելու հնարավորությունը միշտ առկա է: Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այդ հարցում:

Մենք քննարկել ենք նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Ինձ համար ավելի պարզ են դարձել Հայաստանի տեսանկյունն ու մտավախությունները Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանի հարեւանների հետ հարաբերությունների հարցում:

- ԱՄՆ-ը Հայաստանին աջակցում է պաշտպանական բարեփոխումներ եւ Պաշտպանության ռազմավարական վերանայում (Strategic Defense Review - SDR) անցկացնելու գործում: Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ջանքերը:

- Պաշտպանական համագործակցությունը մածամասամբ կախված է կազմակերպչական ունակություններից. պլանավորում, գործընթացների կազմակերպում, բյուջետավորում եւ աշխատանք անձնակազմի հետ: Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք SDR-ը: ԱՄՆ-ը եւ մյուս երկրներն օժանդակում են այդ գործընթացին, եւ այն շատ լավ է առաջ ընթանում: Պաշտպանության ռազմավարական վերանայումը պաշտպանական բարեփոխումների անցկացման հիմքն է, որի ընթացքում գնահատական է տրվում համակարգի ներկայիս վիճակին, նախանշվում են առաջնահերթությունները, որից հետո արդեն կարելի է կազմել գործողությունների ծրագիրը եւ կիրառել այն:

Այդ գործընթացը շատ լավ է առաջ է գնում` հիմք ստեղծելով պաշտպանական բարեփոխումների այլ բաղադրիչների համար: Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ Զինված ուժերի սերժանտական կազմի զարգացման հարցում (non-commission officer, NCO): Սերժանտական կազմը ամերիկյան եւ եվրոպական զինված ուժերի գործունեության արդյունավետության գրավականն է: Մյուս երկրներին օգտակար կլիներ ունենալ Զինված ուժերի նման մոդել, քանզի դա կհեշտացնի նրանց փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցությունը Դաշինքի գործունեությանն ու ծրագրերին: Մենք ուսումնասիրում ենք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության ներքին բարեփոխումների մյուս ուղղություններին սատարելու հնարավորությունը, որոնք վերաբերում են կադրային հարցերին:

- Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս շատերը կարծում են, որ մեր երկրների միջեւ անհնար է լիարժեք պաշտպանական համագործակցությունը հայ-ռուսական ռազմական դաշինքի եւ ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի առկայության պատճառով: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

- Այդ հարցը պետք է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ոչ մի խոչընդոտ չենք տեսնում Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության հարցում Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների պատճառով: Այսօր մենք ինքներս էլ ենք Ռուսաստանի հետ դրական եւ կառուցողական հարաբերություններ կառուցում եւ աշխատում ենք շատ երկրների հետ, որոնք Ռուսաստանի հետ հաստատել են աշխատանքային լավ հարաբերություններ, ներառյալ ռազմական համագործակցությունը:

Այսպիսով, ըստ իս, դա կաշկանդող հանգամանք չէ: Չեմ կարող խոսել ՀՀ պաշտպանության նախարարության անունից, բայց, ամեն դեպքում, ինձ մոտ այնպիսի տպավորություն չի ստեղծվել, թե նրանք այդտեղ որեւէ խոչընդոտ են տեսնում:

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս մակարդակը:

- Ինչպես ՆԱՏՕ-ն, այնպես էլ ԱՄՆ-ը շատ բարձր են գնահատում ՀՀ կողմից Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացումը: ՀՀ պաշտպանության նախարարությունն իսկապես հաջողության է հասել պլանավորման հարցում: Նրանք գործողությունների լավ ծրագիր ունեն, եւ դրա իրականացումը շատ արդյունավետ է ընթանում:

Մեր կողմից, մենք բանակցություններ ենք վարում երկկողմ պաշտպանական համագործակցության ակտիվացման ուղղությամբ, ինչով կարող ենք նպաստել ՀՀ կողմից IPAP-ի իրագործմանը: Երբ երկրներն ունեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիր, Միացյալ Նահանգները փորձում են սատարել դրան` երկկողմ հարաբերություններում սիներգիա որոնելու եղանակով: Այդ համատեքստում պետք է նշել, որ վերոնշյալ ծրագրերից մի քանիսը վերաբերում են ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններին, այլեւ նպատակ են հետապնդում աջակցել IPAP իրականացմանը:

- Ի՞նչ եք կարծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հնարավորության մասին: Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե ամեն օր բացեիբաց հայտարարում են, որ հակամարտության ռազմական լուծումը համարում են տարբերակներից մեկը:

- Մենք բացարձակ համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական եղանակով: Հայաստան կատարած իր այցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը հստակ հայտարարեց, որ հակամարտության կողմերը պետք է հաստատակամ լինեն ուժ եւ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքին իրենց հավատարմության մեջ:

Հայաստանն ու Ադրբեջանն արդեն անցել են մի սարսափելի պատերազմի միջով, եւ դրա դառը փորձը մշտապես կհիշեցնի մեզ խաղաղ կարգավորման անհրաժեշտության եւ այն կյանքի կոչելու մեխանիզմի առկայության մասին: Դա ամենեւին չի նշանակում, որ խաղաղ կարգավորումը հեշտ է: Եթե դա այդպես լիներ, դրան արդեն վաղուց հասած կլինեին: Սակայն դժվարությունը լուծման որոնումը դադարեցնելու առիթ չէ: Նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը վերջին ամիսներին մի քանի հանդիպումներ են անցկացրել, բանակցությունները շարունակվում են, եւ ԱՄՆ-ը հավատարիմ են մնում գործընթացին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Բանակցությունների սեղանին կան բազմաթիվ լավ գաղափարներ, եւ դրանք քննարկվում են: Մենք իսկապես հավատում ենք, որ եթե կողմերը հավատարիմ մնան խաղաղ կարգավորմանը, մենք կգտնենք առկա գաղափարների եւ առաջարկների ճիշտ համադրությունը:
Մեր ընտրանին