«Այդ մարդիկ ստախոսներ են» - Mediamax.am

9103 դիտում

«Այդ մարդիկ ստախոսներ են»

Մեւլութ Չավուշօղլու
Մեւլութ Չավուշօղլու

Լուսանկարը`


Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի /ԵԽԽՎ/ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին, 2010թ., հուլիս

 

 

- Պարոն նախագահ, դուք խնդիրներ տեսնու՞մ եք Հայաստանի եւ Եվրոպայի Խորհրդի հարաբերություններում:

 

 

- Դուք գիտեք, որ ես մայիսին այցելել եմ Հայաստան: Ներկայումս Հայաստանը գտնվում է դիտարկման գործընթացում: Մենք դա չենք ցանկանում անվանել «խնդիր», սակայն երկիրը դեռ շատ անելիքներ ունի եւ պետք է անցկացնի բազմաթիվ բարեփոխումներ. մենք քննարկում ենք այդ խնդիրները:

 

 

Կան հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի պարտավորություններին. 2008թ. ընտրություններին հաջորդած ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվել է 10 մարդ, եւ ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել: Դա շատ կարեւոր խնդիր է: Այսպիսով, հարցեր կան, սակայն դրանք այնքան էլ բարդ չեն: Անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների ուժեղ քաղաքական կամքը այդ պարտավորությունների կատարման գործում:

 

 

- Ի՞նչ եք կարծում` ո՞րն է ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը:

 

 

- Կարծում եմ` դա երկխոսության անբավարարությունն է: Այդ երկխոսությունն անհրաժեշտ է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման ու բարեփոխումների շարունակման համար, քանի որ դրանում միայն իշխող կուսակցության ներգրավումը բավարար չէ: Ընդդիմադիր կուսակցությունները եւս պետք է ներգրավված լինեն այդ գործընթացում: Հենց այդ պատճառով երկխոսությունը չափազանց կարեւոր է:

 

 

- Ձեր կարծիքով, հնարավո՞ր է տարածաշրջանային համագործակցություն Հարավային Կովկասում մինչեւ առկա հակամարտությունների կարգավորումը:

 

 

- Անկասկած: Այդ հարցում ես լավատեսորեն եմ տրամադրված, սակայն նման տրամադրվածություն է պահանջվում բոլոր կողմերից: Ես խաղաղության կողմնակից եմ, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է ձեռք բերվի խաղաղ լուծում: Ես նաեւ խնդիրների լուծման ու հայ-թուրքական սահմանի բացման կողմնակից եմ առանց նախապայմանների, ինչպիսիք պարունակվում են ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ: Դա իմ անձնական կարծիքն է, ես ասում եմ դա ոչ թե որպես ԵԽԽՎ նախագահ: Մենք պետք է իրատես լինենք եւ խոստովանենք, որ տարածաշրջանում անհնար է հասնել երկարաժամկետ խաղաղության առանց նրա բոլոր խնդիրների լուծման:

 

 

- Դուք հետեւու՞մ եք Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին:

 

 

- Ես չգիտեմ, թե հատկապես ինչ է քննարկվում ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ, հետեւաբար, տեղյակ չեմ մանրամասներին: Ես հետեւում եմ կողմերի եւ միջնորդների ելույթներին, սակայն սահմանափակ գիտելիք ունեմ այդ թեմայի վերաբերյալ: ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների արդյունավետ հանդիպումը: Կողմերը համաձայնության չեկան բոլոր հարցերի շուրջ, սակայն դա երկխոսություն էր, եւ ես փորձում եմ այն առաջ մղել: Մենք կարող ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել հումանիտար հարցերի վրա եւ ապագայում քննարկման հրավիրել Լեռնային Ղարաբաղի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին: Մենք ցանկանում ենք մենք լուման ներդնել հենց հումանիտար խնդիրների լուծման գործում, որպեսզի չկրկնօրինակենք Մինսկի խմբի աշխատանքը:

 

 

- Դուք ցանկանու՞մ եք, որպեսզի Եվրոպայի Խորհուրդն ավելի ակտիվ դեր խաղա ղարաբաղյան կարգավորման գործում ԵԽԽՎ-ում ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման միջոցով:

 

 

- Ենթահանձնաժողովի վերստեղծումն իմ նախաձեռնությունը չէ, ինչպես կարծում են Հայաստանում, այլ` դեռեւս 2005թ. ընդունված ԵԽԽՎ 1416 բանաձեւի պահանջը: Դա իմ անձնական գաղափարը չէ: Դա ապատեղեկատվություն է, որը Հայաստանում տարածում են ԶԼՄ-ները եւ որոշ ընդդիմադիր ուժեր: Դա անարդար է: Չի կարելի հայ հասարակությանը տեղեկատվություն փոխանցել այդքան անազնիվ եղանակով:

 

 

- Ի՞նչ եք մտածում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հնարավորության մասին:

 

 

- Մենք պատերազմ չենք ուզում: Մենք խաղաղ լուծման կողմնակից ենք, որին հասնելու համար բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց պարտավորությունները: Պատերազմը խաղաղության չի հանգեցնում: Դրա ականատեսը մենք դարձել ենք բազմաթիվ տարածաշրջաններում: Ռուս-վրացական հակամարտությունը դրա վառ ապացույցն է:

 

 

- Հունիսի 19-ին` Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման հաջորդ օրը, ադրբեջանական դիվերսիոն խումբը հատեց սահմանը` սպանելով 4 եւ վիրավորելով եւս 4 հայ զինծառայողների: Ինչպիսի՞ն է ձեր արձագանքն այդ միջադեպի նկատմամբ:

 

 

- Ես ոչինչ չեմ լսել այդ մասին: Ե՞րբ է դա տեղի ունեցել: Հունիսի 19-ին ես այստեղ էի... Շաբաթ էր...

 

 

- Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է այդ միջադեպը: Ես կարծում էի` գիտեք այդ մասին:

 

 

- Ոչ:

 

 

- Չե՞ք կարծում, որ այս անգամ միջազգային հանրությունն ու Եվրոպայի Խորհուրդը պետք է հրապարակավ դատապարտեն ադրբեջանական դիվերսիան, քանի որ միջազգային խիստ քննադատության բացակայությունն այն գործոններից մեկն է, որը նման դիվերսիաները հնարավոր է դարձնում:

 

 

- Ինչպես արդեն ասացի, ես ոչինչ չգիտեմ այդ մասին եւ չեմ կարող մեկնաբանել դա` անհրաժեշտ տեղեկատվության չտիրապետելու պատճառով:

 

 

- Իսկ ինչու՞ միջազգային հանրությունը Ադրբեջանին կոչ չի անում դադարեցնել ռազմատենչ հռետորությունը:

 

 

- Ի՞նչ ի նկատի ունեք:

 

 

- Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեցտարի աճում է, եւ նրանք մշտապես հայտարարություններ են անում Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հնարավորության մասին:

 

 

- Ես նման հայտարարություններ չեմ տեսել: Եվ եթե չեմ տեսել, չեմ մեկնաբանի դրանք: Մենք արդեն զրուցում ենք 10 րոպե: Շնորհակալություն:

 

 

Չավուշօղլու. «Այդ մարդիկ ստախոսներ են: Ես երբեք չեմ փորձել պատժել Հայաստանին: Մայիսին ես շատ հաջող այցելություն եմ կատարել Հայաստան: Ինձ համար բոլոր երկրները հավասար են, ներառյալ Թուրքիան»



 

- Բայց դուք խոստացաք հատկացնել 20 րոպե:

 

 

- Բարեկամս, մենք պետք է ազնիվ լինենք միմյանց հանդեպ: Ամենասկզբում ես ասացի, որ Ձեզ կտրամադրեմ 10 րոպե:

 

 

- Ես ունեմ եւս 2 հարց, որոնք վերաբերում են հայ-թուրքական գործընթացին: Հնարավո՞ր է արդյոք սահմանի բացում:

 

 

- Դա կախված է Հայաստանից: Դա ոչ թե իմ, այլ թուրք իշխանությունների կարծիքն է: Ակնհայտ է, որ եթե Հայաստանը զորքերը դուրս չբերի գրավյալ տարածքներից, արձանագրությունները չեն վավերացվի, եւ թուրքական բոլոր կուսակցությունները համաձայն են դրան:

 

 

- ՀՀ որոշ քաղաքական ուժեր ու ԶԼՄ-ներ հաճախ քննադատում են ձեզ կանխակալության եւ ադրբեջանամետության համար: Նրանք կարծում են, որ դուք ցանկանում եք «պատժել» Հայաստանին:

 

 

- Այդ մարդիկ ստախոսներ են: Ես երբեք չեմ փորձել պատժել Հայաստանին: Մայիսին ես շատ հաջող այցելություն եմ կատարել Հայաստան: Ինձ համար բոլոր երկրները հավասար են, ներառյալ Թուրքիան: Այնպես որ, Հայաստանում այդ մարդիկ անազնիվ են, եւ դա վատ է, շատ վատ: Դա ռասիզմ է իմ նկատմամբ: Ես երբեք ոչ ոքի չեմ ցանկացել պատժել: Հարցրեք Դավիթ Հարությունյանին` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարին:

Մեր ընտրանին