Մարգարիտա Գրիգորյան. «Հ1-ը փորձում է դիմակայել վարկանշային մրցավազքին» - Mediamax.am

exclusive
14512 դիտում

Մարգարիտա Գրիգորյան. «Հ1-ը փորձում է դիմակայել վարկանշային մրցավազքին»

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը

Լուսանկարը`


Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին

- Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքը, երբ առաջարկ ստացաք գլխավորել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

 

- Երբեք «անհամեստ համեստություն» չեմ սիրել եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար էլ ցանկալի է աշխատանքում նոր ձեռքբերումների հասնելը: Առաջարկն անսպասելի էր, սակայն, կարծում եմ, ավելի էական է այն, որ առաջարկն ընդունելիս գիտակցում էի դրա ողջ լրջությունն ու պատասխանատվությունը:

 

Պատասխանատվություն՝ հեռուստադիտողների առջեւ, ովքեր մեր կատարած աշխատանքի գնահատողներն են: Մեծ պատասխանատվություն` նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի առջեւ, ով վստահել է ինձ այս աշխատանքը: Եվ, իհարկե, պատասխանատվություն նաեւ հեռուստաընկերության աշխատակիցների առջեւ, ում հետ ողջ օրը կողք կողքի աշխատում ենք գեղեցիկը, լավը ստեղծելու մեծ հավատամքով:

 

Իմ գործը նմանեցնում եմ տեխնիկի, օպերատորի, մոնտաժողի աշխատանքին, ովքեր կադրից այն կողմ ահռելի աշխատանք են իրականացնում եւ դա ներկայացվում է առաջին գծում գտնվող մարդկանց միջոցով: Որեւէ գործ կատարելիս ինձ ավելի հոգեհարազատ է այն կազմակերպելը, կանոնակարգելը, պայմաններ ստեղծելը, որպեսզի վերը նշված առաջին գծում աշխատողները կարողանան ներկայացնել այն ամենը, ինչ ստեղծվում է բոլորի աշխատանքի արդյունքում:

 

«Ուժեղ եւ գործունյա լինելը կանացիության կորուստ չի ենթադրում»

 

- Եթե չեմ սխալվում, Հայաստանի պետական/ազգային/հանրային հեռուստաընկերության պատմության մեջ առաջին կին-ղեկավարն եք: Այս փաստը ավելացնո՞ւմ է պատասխանատվությունը ստանձնած պաշտոնի համար:

 

- Երբեւէ չեմ կենտրոնացել այդ հանգամանքի վրա: Ավելին, չեմ էլ հասկանում այն կանանց, ովքեր ամեն հարցում փորձում են տղամարդկանց հավասարվել: Իմ համոզմամբ, ուժեղ եւ գործունյա լինելը կանացիության կորուստ ամենեւին չի ենթադրում:

 

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա դա ոչ թե կնոջ, այլ ընդհանրապես մարդու տեսակի մեջ է: Ես յուրաքանչյուր աշխատանք կատարում եմ մեծ նվիրումով: Երբ 1992 թվականին լրագրողական առաջին աշխատանքս էի կատարում «Արմենպրես» լրատվական գործակալությունում, դրան վերաբերվում էի նույն պարտաճանաչությամբ եւ սիրով, որքան այսօր:

 

- Որոնք եք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումները այս ընթացքում եւ ինչը, ընդհակառակը, չեք կարողացել կամ չեք հասցրել իրագործել:

   

- Ամենամեծ ձեռքբերումը մեր այսօրվա եթերն է՝ լիովին կերպարանափոխված, նոր եւ թարմացված հաղորդումներով, որոնք առավելագույնս միտված են շեշտելու ազգային արժեքները, մշակույթը: «Հայադարան», «Արվեստակիրներ», «Հանրալսարան», «Հայաստանի առեղծվածները», նոր հեռուստատեսային ֆիլմեր եւ ճանաչողական հոլովակներ. այս նախագծերը ներկայացնում են մեր ազգային արժեքները:     Մենք փորձում ենք դիմակայել վարկանշային մրցավազքին՝  համարձակություն ունենալով եթերն ուղղորդել կրթական, մշակութային, հայրենասիրական, ազգային արժեքները ներկայացնող հաղորդումներով: Սա իսկապես բարդ եւ երկարաժամկետ գործընթաց է, երբեմն նույնիսկ վախեցնող:

 

Սակայն Առաջին ալիքի ողջ թիմը կանգնած է կողք կողքի եւ հավատում է աշխատանքի արդյունքին ու նպատակի իրականացմանը: Չէ՞ որ Առաջինը նաեւ առաջին հանրային հեռուստաալիքն է Հայաստանում, ուստի մեր արտադրանքը պետք է ոչ միայն հետաքրքիր, զվարճալի ու ճանաչողական լինի, այլեւ հանրային բնույթ կրի: 

 

Կան նաեւ չիրագործված բազմաթիվ ծրագրեր: Աշխատանքի չափազանց մեծ ծավալ կա եւ դժվար է ասել, թե որքան ժամանակ է պետք բոլոր նպատակներն իրականացնելու համար: Մենք շատ ենք կարեւորում մարդկանց աշխատանքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը, քանի որ ստեղծագործ մարդու համար կարեւոր է աշխատանքում ինքնաբավ եւ արժանապատիվ լինելը, որը եթերում թվում է թե չի երեւում, սակայն միայն թվում է: 

 

Կարծում եմ, որ այդ ամենը լուծելի է, քանի դեռ հավատում ես քո արած աշխատանքին:

 

«Ժամանակը կտա բոլոր  հարցերի պատասխանները»

 

- Անկեղծ խոսենք, մեզանում տարածված է այն կարծիքը, որ Հանրային հեռուստաընկերությունը բարդ կառույց է, որը դեռեւս ոչ մեկին չի հաջողվել լիարժեք գործող կառույցի վերածել: Դուք կարծում եք, որ ի զորո՞ւ եք դա անել:

 

- Այն, որ հեռուստատեսությունը մեծ ու բարդ կառույց է, փաստ է: Աշխատանքային հզոր շարժիչն անխափան պահելն իրոք հեշտ չէ: Սակայն ես լավատես եմ. ժամանակը կտա բոլոր  հարցերի պատասխանները:

 

- Առհասարակ, ո՞րն է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության զարգացման ձեր տեսլականը, եթե փորձեք այն կարճ բնութագրել:

   

- Հանրային հեռուստաընկերությունը ստանձնել է առաքելություն դառնալու այն ալիքը, որը ձեւավորում է հայրենասեր, կիրթ սերունդ, բարձրացնում է հասարակության մակարդակը եւ գիտակցությունը, բացահայտում է ազգի ներուժը: Չէ՞ որ սա հանրային ալիք է: Մեր արած ամեն քայլը միտված է դրա իրականացմանը մոտենալուն:

 

«Մեզ հետ չեն մարդիկ, ովքեր չկարողացան հարմարվել աշխատանքային նոր ծավալին ու ռիթմին»

 

- Հանրային հեռուստաընկերությունը ուն՞ի բավարար կադրեր այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Ի դեպ, շատ հրապարակումներ եղան այն մասին, որ Հ1-ի նոր ղեկավարությունը մեծ թվով մարդկանց է աշխատանքից ազատել:

 

- Բազմիցս պատասխանել եմ այս հարցին, սակայն կանդրադառնամ եւս մեկ անգամ: Այսօրվա եթերի ողջ ծավալը պատրաստելու համար մեր ունեցած կադրերն իրոք բավարար չեն: Մեր նպատակների իրականացման համար անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, որոնք նորն ընդունելու, անընդհատ սովորելու եւ զարգանալու ցանկություն ունեն: Այդ պատճառով, ինչպես ընդունված է մի շարք առաջատար հեռուստաընկերություններում, մենք որոշ հաղորդումների պատրաստման համար դիմում ենք գործընկեր կազմակերպությունների, որոնք մեզ օգնում են այդ հարցում: Բացի այդ, այս մոտեցումն օգնում է եթերում խուսափել միօրինակությունից:

 

Ինչ վերաբերում է մարդկանց աշխատանքից ազատելուն` այն էլ մեծածավալ, նշեմ, որ պետք է տարբերակել օպտիմիզացումը կրճատումից: Փակվել են միայն այն նախագծերն ու հաղորդումները, որոնք չէին կարող գոյատեւել իրենց մրցունակությամբ, բովանդակությամբ ճաշակով եւ որակով, դրանց փոխարինելու են եկել նորերը: Բնականաբար, այդ ծրագրերն իրականացնողներն այսօր մեզ հետ չեն: Մեզ հետ չեն նաեւ այն մարդիկ, ովքեր չկարողացան հարմարվել աշխատանքային նոր ծավալին ու ռիթմին:

 

Հեռուստատեսությունում գրեթե չի փոխվել արտադրություն ապահովող հիմնական կազմը՝ ռեժիսորներ, օպերատորներ, մոնտաժողներ եւ այլն:

 

Սա բնականոն եւ շարունակական գործընթաց պետք է լինի, քանի որ լավ հեռուստատեսություն ունենալու ճանապարհին շատ կարեւոր է նաեւ բանիմաց կադրեր ունենալու անհրաժեշտությունը:

 

- Տարբեր մեկնաբանություններ հնչեցին նաեւ հեռուստաընկերության տեխնիկական վերազինման գործընթացի եւ դրա վրա ծախսված գումարների մասին:

 

- Ժամանակի պահանջներին բավարարող տեխնիկան իսկապես թանկ արժե, սակայն սա որակյալ հեռուստատեսություն ունենալու կարեւոր գրավականներից մեկն է եւ, 2015 թ-ին ընդառաջ, անհրաժեշտ նախապայման (կառավարության որոշմամբ՝ 2015 թվականին հեռուստատեսությունները պետք է թվայնացված լինեն): Հակառակ դեպքում, Առաջին ալիքը չի կարող մրցունակ լինել եւ միանալ համաշխարհային հեռուստատեսային մեծ ընտանիքին: Մենք պետք է պատրաստ լինենք եթերի թվայնացմանը՝ HD որակով, եւ մեր տեխնիկական ձեռքբերումները եւս համապատասխանում են այդ չափանիշներին:    

 

Այս հարցում մենք ջանք չենք խնայելու եւ շարունակելու ենք միջոցներ փնտրել սկսած գործընթացն ավարտին հասցնելու համար եւ դեռ համալրելու ենք մեր տեխնիկական բազան:

 

Ես ուղղակի զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր կարող են զարմանալ, որ կյանքը տեղում չի դոփում եւ առաջ է գնում:

 

«Փորձում ենք մեր հետեւից տանել լսարանը»

 

- Եթե նայենք ողջ դաշտին, ապա, որոնք են, Ձեր կարծիքով, հայկական հեռուստատեսության հիմնական խնդիրները:

 

- Ուսանողական տարիներին ԶԼՄ-հասարակություն կապի մասին խոսելիս մեր դասախոսները երկու մոտեցում էին ներկայացնում` մի դեպքում լսարանն է գնում ԶԼՄ-ի հետեւից, մյուս դեպքում լրատվամիջոցը` լսարանի: Այս բանաձեւը լրագրության մեջ անվերջ քննարկումների առիթ է մինչ այսօր:

 

Կարծում եմ, որ ժամանակն է արդարացնում այս բանաձեւի յուրաքանչյուր կողմը: Մենք այսօր կարողացել ենք շարժվել մոտեցումներից մեկով եւ մեծ ջանքերով փորձում ենք մեր հետեւից տանել լսարանը` իհարկե չկտրվելով հասարակության իրական պահանջներից:

 

Չպետք է մոռանալ նաեւ, որ պահանջարկն է ծնում առաջարկ, միաժամանակ չենք կարող ժխտել, որ շատ առաջարկներ կյանքում ստեղծում են հզոր պահանջարկ: Մենք փորձում ենք լինել այդ առաջարկը ներկայացնողը:

 

- Ձեզ չի մտահոգում լրագրության այն ցածր մակարդակը, որն այսօր ունենք Հայաստանում: Եվ ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը:

   

- Իրավիճակն իսկապես մտահոգիչ է: Հենց այդ մտահոգությունն էր պատճառը, որ Հեռուստառադիոխորհուրդը Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ սկսեց մագիստրոսական ծրագիր իրականացնել հեռուստատեսային մի շարք մասնագիտությունների գծով:

 

«Մասս մեդիա» նորաստեղծ գիտակրթական կենտրոնը նպատակ ունի ձեւավորել այնպիսի կադրեր, որոնք հետագայում հնարավորություն կունենան աշխատել Հանրային հեռուստառադիոընկերությունում:

 

Մենք փորձեցինք այս խնդրին մեր լուծումն առաջարկել: Կարծում եմ, սա մի առանձին զրույցի թեմա է:

 

Մարգարիտա Գրիգորյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին