Շտեֆան Ֆյուլե. «Ուզում ենք տեսնել ավելի մեծ առաջընթաց» - Mediamax.am

8560 դիտում

Շտեֆան Ֆյուլե. «Ուզում ենք տեսնել ավելի մեծ առաջընթաց»

Շտեֆան Ֆյուլե
Շտեֆան Ֆյուլե

Լուսանկարը` www.massispost.com

Լուսանկարը`


ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը

Այսօր մեկնարկում է Շտեֆան Ֆյուլեի այցը Երեւան: Նախօրեին նա զրուցել է Մեդիամաքսի հետ:

 

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլը: Ո՞րն է հիմնական ձեռքբերումը, եւ ո՞ր ոլորտները հետագա ակտիվացման կարիք ունեն:

 

- 2009թ. մայիսին «Արեւելյան գործընկերության» իրականացման մեկնարկով պայմանավորված` Հայաստանի հետ ԵՄ-ի հարաբերությունները նոր մակարդակի դուրս եկան: Այժմ մենք ձգտում ենք իրավական նոր հիմք հաղորդել մեր հարաբերություններին` Ասոցացման մասին համաձայնագրի միջոցով: Խորը եւ համակողմանի ազատ առեւտրի գոտու ստեղծումը Հայաստանին թույլ կտա աստիճանաբար մտնել ԵՄ ներքին շուկա, ուժեղ ազդակ հաղորդել առեւտրին եւ ներդրումներին, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանում ավելի եռանդուն տնտեսական աճին:

 

Մենք զգալիորեն ընդլայնել ենք ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը Հայաստանին, որը 2011-2013թթ. կհասնի 157 մլն-ի: Այդ գումարը չի ներառում այն 100 մլն մակրոտնտեսական օգնությունը, որի մասին մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման հարցում Հայաստանին աջակցելու նպատակով:

 

Մենք շարունակելու ենք նաեւ մարդկանց տեղաշարժման հնարավորությունների զարգացման եւ միգրացիայի հարցերով ծրագրերը. դրանք այն կարեւոր խնդիրներն են, որոնք պահանջում են սեւեռուն քաղաքական ուշադրություն:

 

Մենք գոհունակությամբ նշում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը տնտեսական բարեփոխումների շարունակմանը, ինչը հաստատվել է վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի` Բրյուսել կատարած այցի ընթացքում: Սակայն, ընդհանուր առմամբ, մենք կցանկանայիք տեսնել ավելի մեծ առաջընթաց մի շարք հարցերի շուրջ:

 

Միջուկային անվտանգության բարելավումը, հաշվի առնելով Ճապոնիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, այդ հարցերից մեկն է, եւ հուսով ենք, որ կկարողանանք զարգացնել համագործակցությունն այդ ուղղությամբ: Մենք ցանկանում ենք նաեւ, որպեսզի Հայաստանն ավելի հավակնոտ լինի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատությունների ամրապնդման, ինչպես նաեւ ԶԼՄ բազմակարծության ամրապնդման հարցերում: Ակնհայտ է, որ այդ ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան: Քաղաքական եւ տնտեսական ոլորտներում առավել մրցունակ միջավայրի ապահովումն օգտակար կլինի Հայաստանի կայունության եւ բարգավաճման համար:

 

- Նախորդ տարվա հուլիսին մեկնարկել են ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի կնքման բանակցությունները: Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը, մասնավորապես, ազատ տնտեսական առեւտրի գոտու ստեղծման հարցը: Ե՞րբ եք նախատեսում սկսել վիզային ռեժիմի պարզեցմանն ու հետընդունմանն ուղղված բանակցությունները:

 

- Մենք շատ գոհ ենք ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի կնքման բանակցությունների առաջընթացից: Ինտենսիվ օրակարգի եւ փոխադարձ նվիրումի շնորհիվ արդեն ունենք նախնական համաձայնություն 30 կետերից 15-ի շուրջ, որոնք վերաբերում են համագործակցությանը հարցերի լայն շրջանակի շուրջ:

 

Ազատ տնտեսական առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները մեկնարկելու են որպես Ասոցացման համաձայնագրի շուրջ արդեն ընթացող բանակցությունների մի մասը, երբ Հայաստանը պատրաստ լինի դրան: Այդ ոլորտում դեռ շատ անելիք կա: Դա ունի առանցքային նշանակություն Հայաստանի համար. ակտիվացնել ազատ տնտեսական առեւտրի գոտու ստեղծման նախապատրաստման ջանքերը եւ լուծել մնացած հարցերը մինչ բանակցությունների սկիզբը: 

 

«Արեւելյան գործընկերությունը» գործընկեր-երկրների քաղաքացիների առաջարկում է նոր հնարավորություններ ԵՄ երկրներում ճանապարհորդելու հնարավորությունների պարզեցման ասպարեզում: Դրան ուղղված կարեւոր քայլեր են վիզային ռեժիմի պարզեցման եւ հետընդունման վերաբերյալ բանակցությունները: Հայաստանի հետ այդ բանակցությունները դեռ չեն մեկնարկել, սակայն շարունակվում է կարեւոր նախապատրաստական աշխատանքը: Հուսով ենք, որ շուտով կկարողանանք սկսել բանակցությունները:

 

- Վերջին ժամանակներս եվրոպացի պաշտոնյաները ավելի հաճախ են խոսում այն մասին, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ դեր կատարի ԼՂ հակամարտության կարգավորման գործում:

 

- Ներկայումս Եվրոպական Միությունը պաշտոնական դեր չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: ԵՄ ավանդը ներկայիս փուլում սահմանափակվում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ֆինանսական օժանդակության ապահովմամբ, որոնք վստահության ամրապնդմանն ուղղված ջանքեր են գործադրում տեղի հասարակությունների մակարդակով: ԵՄ-ն այդ հակամարտության հարցում շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի` որպես միջազգային միջնորդի եւ սերտ շփումներ պահպանել համանախագահների հետ: Երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ն պատրաստ է ընդլայնել ներգրավվածությունը Մինսկի խմբին սատարելու գործում, օրինակ, վստահության ամրապնդման միջոցառումների ֆինանսավորման ավելացման տեսքով:

ԵՄ-ն նաեւ զգալի օժանդակություն է ցուցաբերում Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդման նպատակով: Մենք հավատում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ասոցիացիան ԵՄ-ի հետ այդ երկրներին քաղաքականապես եւ տնտեսապես ավելի կմոտեցնի Եվրոպային: Արդյունքում, նրանք կկարողանան ավելի լավ նախապատրաստվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը:

Ավելին, մենք կարծում ենք, որ ԵՄ-ն չի կարող անգործություն դրսեւորել մեր հարեւանությամբ առկա սառեցված հակամարտությունների նկատմամբ, քանի որ դրանք ուղղակի ազդեցություն ունեն մեր անվտանգության վրա: Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելը մեզ նոր գործիքներ ու հնարավորություններ ընձեռեց, որոնք մենք կարող ենք ավելի արդյունավետ օգտագործել:

 -Երեւանում նախորդ տարի կայացած մամուլի ասուլիսում դուք ասացիք, որ «ԵՄ-ն եւս պետք է ջանքեր գործադրի, որպեսզի Հայաստանին ու Թուրքիային օգնի դուրս գալ փակուղուց»: Արդյո՞ք շարունակում եք երկու կողմերի հետ աշխատանքը` ուղղված ներկայիս սառեցված վիճակից դուրս գալու ուղիների որոնմանը, եւ հնարավորություններ տեսնո՞ւմ եք արդյոք մոտ հեռանկարում երկխոսության շարունակման համար:

 

- ԵՄ-ն բազմիցս արտահայտել է իր կարծիքն այդ հարցի շուրջ: Մենք շարունակում ենք աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների: Շարունակում ենք այդ հարցը քննարկել երկու կողմերի հետ մեր հանդիպումների եւ քաղաքական երկխոսությունների միջոցով` թե Հայաստանին, թե Թուրքիային խրախուսելով հավատարմություն պահպանել կարգավորման պատմական գործընթացին: Հուսով եմ, որ Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո կարող են ի հայտ գալ նոր հնարավորություններ երկխոսության համար: ԵՄ-ն պատրաստ է օժանդակել սահմանամերձ ենթակառուցվածքի արդիականացմանը, եթե երկու երկրների միջեւ սահմանները բաց լինեն:

Մեր ընտրանին