Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիի պաշտոնանկությունից մոտ երեք շաբաթ է անցել, բայց կրքերը Եգիպտոսում չեն հանդարտվում: Ակտիվացել են քրիստոնյաների վրա հարձակումները երկրի տարբեր շրջաններում: Մեդիամաքս-ը զրուցել է ԱՄՆ ղպտիների ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ, Եգիպտոսի Al Haya կուսակցության նախագահ Միշել Մոնյերի հետ, ով պայքարում է Եգիպտոսում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ քրիստոնյա բնակչության պաշտպանության համար:
- Վերջերս Եգիպտոսում ուղղափառ հոգեւորականի էին սպանել: Հաղորդվում էր, որ Սինայում Հայր Չերուբիմի գլխին կրակել եւ սպանել էր դիմակավոր զինյալը: Վերջին շաբաթների ընթացքում Եգիպտոսում քրիստոնյաների վրա հարձակումները սկսում են կանոնավոր դառնալ: Արդյո՞ք դա կապված է այն հանգամանքի հետ, որ քրիստոնյաները մասնակցել են Մորսիի դեմ կազմակերպված բազմահազարանոց ցույցերին, որոնք ի վերջո հանգեցրեցին նրա պաշտոնաթողությանը:
- Ակնհայտ է, որ «Մահմեդական եղբայրները» իրենց աջակիցների շրջանում սկսել են քրիստոնյաների նկատմամբ կրոնական ատելություն սերմանելու փորձեր անել, ու դա սկսվել էր հունիսի 30-ի հեղափոխությունից դեռ շատ առաջ: Փորձել են վախեցնել քրիստոնյաներին, որպեսզի նրանք չմասնակցեն հունիսի 30-ի ցույցերին՝ սպառնալով բռնություններ սկսել քրիստոնյաների նկատմամբ: Մորսիին աջակցող ահաբեկիչները մահվան սպառնալիքներ էին ուղղում քրիստոնյաների առաջնորդներին, այդ թվում եւ ինձ, որ եթե ես մասնակցեմ հունիսի 30-ի ցույցերին, կամ էլ եթե կոչ անեմ քրիստոնյաներին մասնակցել դրանց, ապա ինձ համար վատ կլինի:
Հիմա «Մահմեդական եղբայրները» կորցրել են իշխանությունը, բայց շարունակում են դիմել բռնությունների, հարձակումներ են գործում քրիստոնյաների վրա, նպատակ ունենալով պատժել նրանց ու քաղաքացիական պատերազմ հրահրել: Նրանք Սինայում եւս մեկ քրիստոնյա են սպանել ու գլխատել: Այրել են 4 եկեղեցիներ, Լուքսորում 5 քրիստոնյաների են այրել սեփական տներում: Եգիպտոսի հարավում վերջին օրերին եւս 4 քրիստոնյաներ են սպանվել: Այս բոլոր քայլերը մեկ նպատակ ունեն. Եգիպտոսում քաղաքացիական պատերազմ հրահրել, բայց Եգիպտոսի ժողովուրդը բավական խելացի է ու հասկանում է, թե ինչի են փորձում հասնել «Մահմեդական եղբայրները»:
- Հունիսի 30-ի ցույցերի ընթացքում հաղորդվում էր, որ «Մահմեդական եղբայրները» անընդհատ փորձել են ներկայացնել, թե իբր Մորսիի դեմ ուղղված ցույցերը հենց քրիստոնյաներն են կազմակերպել: Չնայած հայտնի է, որ ոչ միայն Եգիպտոսի քրիստոնյաներն են դրանց մասնակցել, այլեւ մահմեդական բնակչությունը: Որո՞նք են իսլամիստ ծայրահեղականների իրական նպատակները:
- Ինչպես նշեցի, սկզբում նրանք փորձում էին վախեցնել քրիստոնյաներին, որ փողոց դուրս չգան: Հետո սկսեցին ցույցերը ներկայացնել որպես միայն քրիստոնյաների կողմից կազմակերպված ակցիաներ: Այս քայլով փորձում էին մոբիլիզացնել հասարակության ֆանատիկ հատվածին եւ ուղղել այն ցույցերի մասնակիցների դեմ: Այս մարտավարության միջոցով իսլամիստները նաեւ փորձում էին կանգնեցնել Մորսիին չհամակրող սովորական մահմեդականներին, որպեսզի չմասնակցեն այդ ցույցերին: Բոլոր այս փորձերն ի վերջո ձախողվեցին, ու թե քրիստոնյաները, թե մահմեդականները դուրս եկան փողոցներ ու հասան Մորսիի պաշտոնաթողությանը:
- Ի՞նչ պայմաններում են ապրել Եգիպտոսի քրիստոնյաները եւ, մասնավորապես, հայերը, Մորսիի պաշտոնավորման մեկ տարվա ընթացքում:
- Այդ ժամանակահատվածում բոլոր եգիպտացիներն էին հալածվում Եգիպտոսում: Հայերն Եգիպտոսում այնքան էլ շատ չեն ու չեն տարբերվում մեր մյուս քրիստոնյաներից: Որքան տեղյակ եմ, հայերը ակտիվորեն չեն մասնակցում այստեղի քաղաքական գործընթացներին: «Մահմեդական եղբայրները» ցանկանում Եգիպտոսը դարձնել կրոնական պետություն, որտեղ քրիստոնյաները եւ այն մահմեդականները, որոնք իրենց կլանի մասը չեն կազմում, իրավունքներ չունեն: Նրանք այդ նպատակին հասնելու համար փոփոխության ենթարկեցին Սահմանադրությունը, որը քրիստոնյաներին զրկում էր հավասար իրավունքներից: Քրիստոնեական եկեղեցիները հարձակումների էին ենթարկվում: Քրիստոնյաներին դուրս էին մղել հասարակական կյանքից եւ զրկել քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքից: Սա բերեց նրան, որ բազմաթիվ քրիստոնյա գործարարներ փակեցին իրենց բիզնեսը Եգիպտոսում եւ արտագաղթեցին:
- Ինչպիսի՞ն է Եգիպտոսն այսօր առանց Մորսիի` նոր ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի օրոք:
- Ամենակարեւոր քայլը, որ արվել է, ճանապարհային քարտեզի մշակումն է: Հիմա մենք ժամանակավոր կառավարություն ձեւավորելու ճանապարհին ենք, որը Եգիպտոսը կտանի սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ, որից հետո կկայանան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Այս ուղով մենք պետք է գնայինք դեռեւս երկու տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո, բայց «Մահմեդական եղբայրները» խափանեցին ծրագիրը:
- Բրիտանական Civitas հետազոտական կենտրոնի նախորդ տարվա զեկույցը ահազանգում էր, որ ողջ Մերձավոր Արեւելքում քրիստոնեությունը կանգնած է անհետացման եզրին` քրիստոնյաների հանդեպ աճող հարձակումների ու հետապնդումների պատճառով:
- Դա շատ ճիշտ նկատառում է, հատկապես այն բանից հետո, երբ առանց տեղի քրիստոնյա փոքրամասնություններին պաշտպանություն տրամադրելու ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք ու այլ երկրներ: Քրիստոնյաները արտագաղթում էին Եգիպտոսից, բայց հուսամ` հեղափոխությունից հետո կկարողանանք նրանց հետ վերադարձնել: Այսօր Եգիպտոսում 18 միլիոն քրիստոնյա է ապրում, եւ քրիստոնյաները ուժեղ կլինեն Մերձավոր Արեւելքում այնքան ժամանակ, քանի դեռ ղպտիների գործերը Եգիպտոսում լավ են: Քրիստոնյաները այս հողի բնիկներն են: Մենք բոլորս ունենք հստակ նպատակ՝ մնալ Եգիպտոսում եւ այն դարձնել բոլոր եգիպտացիները երկիրը: Մենք ցանկանում ենք դառնալ այս երկրի առաջին կարգի քաղաքացիներ ու ծնկի չենք գա իսլամիստ ջիհադականների ու ահաբեկիչների առջեւ:
Միշել Մոնյերի հետ հատուկ Մեդիամաքսի համար զրուցել է Նարինե Դանեղյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: