Ալի Սալամի. «Ռուհանիի օրոք Իրան-Հայաստան հարաբերությունները շատ ավելի լավը կլինեն» - Mediamax.am

exclusive
6362 դիտում

Ալի Սալամի. «Ռուհանիի օրոք Իրան-Հայաստան հարաբերությունները շատ ավելի լավը կլինեն»

Ալի Սալամի
Ալի Սալամի

Լուսանկարը`


Հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում երկրի նախագահ ընտրվեց Հասան Ռուհանին: Նոր նախագահն արդեն իսկ հայտարարել է երկրի քաղաքական կուրսում սպասվող բարեփոխումների մասին:

 

Մեդիամաքսը զրուցել է իրանցի վերլուծաբան, Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի վերլուծաբան, քաղաքագիտության դոկտոր Ալի Սալամիի հետ:

 

- Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում է, որ նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի հանդեպ բացասական տրամադրվածություն Իրանում ընդհանրապես չկա: Արդյո՞ք նա իսկապես լայն հասարակական աջակցություն է վայելում:

 

- Այո, իսկապես այդպես է: Ռուհանին վերջերս մեծածավալ հասարակական շերտերի աջակցությունը ստացավ, եւ կարծում եմ, որ դա նրա` բոլոր ասպարեզներում չափավոր դիրքորոշում որդեգրելու արդյունքն է:

 

- Ռուհանին բավական հարուստ քաղաքական կարիերա է ունեցել մինչեւ նախագահական ընտրություններին մասնակցելը:

 

- Իսկապես, նա հիանալի քաղաքական անցյալ ունեցող գործիչ է: Տարիներ շարունակ նա հաջողությամբ առաջ է տարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջեք Սթրոուն, ով 2003-2005 թվականներին միջուկային ծրագրի շուրջ բանակցել է Ռուհանիի հետ, նրան անվանել է «մեծ փորձ ունեցող դիվանագետ եւ քաղաքական գործիչ»: Ահա թե ինչու են իրանցիներն այդքան դրական տրամադրված Ռուհանիի եւ այն կառուցողական փոփոխությունների նկատմամբ, որոնք նա պատրաստվում է իրականացել Իրանի եւ աշխարհի հարաբերություններում: 

 

- Ո՞րն էր գլխավոր պատճառը, որ մոտ 18 միլիոն իրանցիներ հենց Ռուհանիին տվեցին իրենց ձայները: Նրա անունը հավանական հաղթողների ցուցակում ոչ ոք չէր ընդգրկում:

 

- Ոմանց համար, այո, Ռուհանիի ընտրությունն անակնկալ էր: Իրականում նրա ընտրությանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ 2009-ի նախագահական ընտրությունները կեղծվել էին: Ռուհանին բաց եւ խիզախ քաղաքական գործիչ է, ահա թե ինչով է նա գրավել շարքային իրանցիների սրտերը: Ընտրություններից մի քանի օր առաջ հասարակական տարբեր հարցումները ցույց էին տալիս, որ ամենահավանական հաղթողը Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաքեր Քալիբաֆն է: Բայց իրադրությունը փոխվեց հօգուտ Ռուհանիի, երբ նա կարողացավ ապացուցել, որ քաղաքական գործիչ է, ով վճռական է իրական բարեփոխումներ կատարելու հարցում:

 

- Որքանո՞վ է իրատեսական Ռուհանիի բարեփոխական քաղաքականությունը: Արդյո՞ք նա կդառնա խաղի կանոնները 360 աստիճանով փոխողը, ինչպես որ խոստացել է:

 

- Ռուհանին, ինչպես արդեն նշեցի, նորեկ չէ քաղաքական ասպարեզում: Նա հասկանում է, որ դատարկ կարգախոսների ժամանակներն անցել են: Շատ մեծ է հավանականությունը, որ նա կկարողանա միջազգային քաղաքական ասպարեզում դառնալ խաղի կանոնները մեծապես փոխող այնքանով, որքանով դա վերաբերում է իրանական քաղաքականությանը: Սրան հասնելու համար նրան մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի փոխի Արեւմուտքի դիրքորոշումը:

 

- 2012-ի մայիսին Ռուհանին հայտարարել էր, որ Իրանի նախագահական ընտրությունների եւ ցանկացած արդյունքի դեպքում երկրի միջուկային քաղաքականությունը փոփոխություն չի կրելու, քանի որ թեկնածուների հայացքների տարբերությունները վերաբերում եմ միայն Իրանի միջուկային ծրագրի տեմպերին:  Արդյո՞ք այս հարցի շուրջ նորընտիր նախագահի հայացքներում փոփոխություն սպասելն իրատեսական է:

 

- Կարծում եմ, կառուցողական բանակցությունները կողմերի միջեւ կօգնեն վերացնել այն անհստակությունները, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին: Բայց մի բան հստակ է. Իրանը հետ չի կանգնի բանակցություններից, քանի որ փնտրում է ոչ ռազմական ամբիցիաներ իր միջուկային ծրագրում եւ հավատում, որ Արեւմուտքը չի կարող բուժել երկիրը հուզումների եւ անընդհատ հնչող մեղադրանքների ոճով: Այնպես որ, Ռուհանին ճիշտ է ասում: 

 

- Պե՞տք է որոշակի փոփոխություններ սպասել Իրանի արտաքին քաղաքական կուրսում մոտ ապագայում:

 

- Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Իրանի հարաբերություններին, ապա այլ կարծիք չկա. Իրանը դրանք կբարելավի: Փաստացի, Ռուսաստանը եւ Իրանը նախկինում եւս բարիդրացիական հարաբերություններ են ունեցել: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Իրանը հաճախ է հայտարարել, որ պատրաստ է բանակցել Վաշինգթոնի հետ, բայց բարեկամական մթնոլորտում, հավասար պայմաններով ու առանց նախապայմանների:

 

- Ի՞նչ զարգացումներ է պետք ակնկալել Իրան-Հայաստան հարաբերություններում:

 

- Իրանը միշտ էլ դրական տրամադրվածություն է ունեցել Հայաստանի նկատմամբ եւ շեշտել է երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը բոլոր մակարդակներում: Կարծում եմ, որ հարաբերությունները շատ ավելի լավը կլինեն, քան էին նախկինում: Ինչպես Ռուհանին նշել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին ի պատասխան, Իրանը Հայաստանի հետ կզարգացնի հարաբերությունները փոխըմբռնման, վստահության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա:

 

Ալի Սալամիի հետ հատուկ Մեդիամաքսի համար զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին