Ռուբեն Առաքելյան. Հայաստանի ականազերծման համար անհրաժեշտ է մոտ 100 մլն դոլար - Mediamax.am

11935 դիտում

Ռուբեն Առաքելյան. Հայաստանի ականազերծման համար անհրաժեշտ է մոտ 100 մլն դոլար

Ռուբեն Առաքելյանը եւ Յոխանես Օդենդալը
Ռուբեն Առաքելյանը եւ Յոխանես Օդենդալը

Լուսանկարը` Ռ. Առաքելյանի արխիվից:

Լուսանկարը`


Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին

- «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2011թ. փետրվարին: Որո՞նք են եղել Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակները, եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Կենտրոնի կողմից այս 2 տարիների ընթացքում: 

 

- Կենտրոնը ստեղծվել է 2011 թ-ին ՀՀ կառավարության որոշումով: Եթե առաջ նմանատիպ կազմակերպություն գործում էր Պաշտպանության նախարարության կազմում՝ որպես ռազմական ստորաբաժանում, ապա այս որոշմամբ կառավարությունը ստանձնեց պատասխանատվությունը Հայաստանում հակաականային քաղաքականության իրականացման համար: Հումանիտար ականազերծումն ավելի լայն հասկացություն է, քան ուղղակի ականազերծումը, որով զբաղվում է բանակը: Հումանիտար ականազերծման աշխատանքների սպեկտրը ներառում է եւ ականադաշտերի համընդհանուր եւ համապարփակ մաքրումը, եւ ականայինյ վտանգերի, ռիսկերի մասին ուսուցումը, եւ ականներից տուժած մարդկանց ռեաբիլիտացիան:

 

Հումանիտար ականազերծումը բավականին ծախսատար եւ աշխատատար գործընթաց է: Թանկարժեք են թե որոնման մեխանիկական միջոցները, թե գործիքները, թե սարքավորումները: Շնորհակալությամ պետք է նշեմ, որ այս աշխատանքներն իրականանում են ԱՄՆ Պետքարտուղարության PM/WRA (The Office of Weapons Removal and Abatement) գրասենյակի օժանդակությամբ: Օգտվելով առիթից, կուզենայի նաեւ շնորհակալություն հայտնել GICHD-ին (The Geneva International Centre for Humanitarian Demining), որը մեզ նույնպես օժանդակություն է ցուցաբերում:

 

Բնական է, որ երբ երկիրը դուրս է գալիս պատերազմական իրավիճակից, ունենում է մի շարք լուրջ ու հրատապ խնդիրներ, այնպես որ, անմիջապես զբաղվել նաեւ ականազերծման հարցերով` բարդ է: Այդ իսկ պատճառով աշխարհում գոյություն ունի ականեզերծման ընդունված կարգ. նման խնդիրներն իրականացվում են միջազգային դոնոր-կազմակերպությունների օգնությամբ: Տարբեր երկրների կառավարություններ փորձում են միջազգային օգնություն ցուցաբերել ականազերծման աշխատանքներին ողջ աշխարհով մեկ, այդ թվում՝ Հայաստանում:

 

Ռուբեն Առաքելյանը, Յոխանես Օդենդալը եւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

 

Այդ կազմակերպությունները ձեռնպահ են իրենց միջոցներն ուղղել որեւէ ռազմական կառույցի: Այնպես որ, Կենտրոնի ստեղծումը պայմանավորված էր այդ թվում նրանով, որ դոնորական օգնությունը Հայաստանի հակաականային գործողություններին առավել մատչելի դառնա:

 

- Եթե խոսենք կոնկրետ ականեզերծման մասին, ապա որտե՞ղ են իրականացվում աշխատանքները:

 

- Աշխատանքներն իրականացվում են Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում, Գեղարքունիքում եւ Տավուշում: Այսինքն` բոլոր այն մարզերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ:

 

- Ի՞նչ ծավալի աշխատանք է արդեն կատարվել:

 

- 2004-2005 թթ. «Ռոնկո» կազմակերպությունը փորձ արեց իրականացնել ոչ տեխնիկական հետախուզություն, որպեսզի հասկանալի դառնա, թե ականային ինչպիսի՞ վտանգի մասին է խոսքը: «Ռոնկո»-ն աշխատել է ընդամենը մեկ տարի եւ որոշակի զեկույց ներկայացրել ՀՀ կառավարությանը, որը, սակայն, չի հաստատվել: Մինչեւ վերջերս դա էր միակ տեղեկությունը՝ կապված Հայաստանում ականային վտանգի հետ: 2005 թ-ից մինչ օրս որեւէ տվյալ չի թարմացվել: Պետք է նաեւ նշեմ, որ «Ռոնկո»-ի մի շարք տեղեկություններ թերի էին, եւ մենք չենք կարող հենվել այդ տվյալների վրա:

 

Լուսանկարը` Ռ. Առաքելյանի արխիվից:

 

FSD-ի հետ մենք սկսեցինք իրականացնել նոր ոչ տեխնիկական հետախուզություն:

2012թ. սեպտեմբերին սկսվեց ծրագրի ֆինանսավորումը եւ մեկնարկեցին ուսուցողական աշխատանքները: Հոկտեմբերից արդեն 2 խումբ սկսեց իր աշխատանքները տեղերում: Սկսեցինք Սյունիքից, քանի որ հենց այդ մարզն է «ամենավարակվածը»: Ոչ տեխնիկական հետախուզությունը Սյունիքի մարզում, բացառությամբ 2 բարձրադիր գյուղերի, որտեղ դեռ չենք հասել եղանակային պայմանների պատճառով, ամբողջությամբ ավարտած են: Հիմա աշխատանքներ են ընթանում Վայոց ձորում եւ մեկնարկում են Տավուշի մարզում:

 

Ոչ տեխնիկական հետախուզությունը Վայոց ձորում նախատեսում ենք ավարտել առաջիկա օրերին եւ անցնել Արարատի մարզ: Ինչ վերաբերում է Տավուշին, ապա այնտեղ կաշխատենք մոտ 2 ամիս:

 

- Նշեցիք, որ այս պահին ընթանում է ոչ տեխնիկական հետախուզություն: Ընդհանուր առմամբ, քանի՞ փուլից է բաղկացած ողջ գործընթացը:

 

- Հումանիտար ականազերծման աշխատանքները բաղկացած են 4 խոշոր փուլերից: Առաջինը՝ ոչ տեխնիկական հետախուզությունն է: Այդ փուլը նախատեսում է այցելություն բոլոր գյուղեր, որոնք որեւէ կերպ կարող են առնչություն ունենալ առաջին գծի կամ պատերազմական գործողությունների հետ: Զրուցում ենք տեղի բնակչության հետ, որպեսզի մոտավորապես պարզենք, թե որտե՞ղ կարող են ականներ լինել: Այդ հարցումների եւ մեր հետազոտությունների արդյունքում ուրվագծում ենք «կասկածելի տարածքները»: Ականադաշտ մտնելու իրավունք այս փուլում մենք դեռ չունենք:

 

Երկրորդ փուլը տեխնիկական հետախուզությունն է: Դրա նպատակն է «կասկածելի տարածքների» կրճատումը: Մնացած հողը հանձնվում է տեղական իշխանություններին: Սա ամենաբարդ ու ծախսատար փուլն է, քանի որ նաեւ ականազերծման մեխանիկական միջոցներ եւ ական հայտնաբերող շների կիրառում է պահանջում: 

 

Լուսանկարը` Ռ. Առաքելյանի արխիվից:

 

Երրորդ փուլը ենթադրում է զուտ ականազերծում: Դա համեմատաբար առավել դյուրին ու քիչ ծախսատար գործն է:

 

Վերջին՝ չորրորդ փուլը մարդկանց ռեաբիլիտացիան է (victim assistance):

 

Հիմա գտնվում ենք առաջին փուլում: Երբ կհասկանանք ականային վտանգի ընդհանուր ծավալը, կմշակենք ազգային չափորոշիչներն ու ՀՀ կառավարությանը կներկայացնենք ականազերծման ծրագրի նախագիծ: Կառավարությունն երբեք չի ասել, որ սա իր գործը չէ եւ վերաբերում է միայն դոնորներին: Կառավարությունը հնարավորինս օգնում է մեր աշխատանքներին:

 

Ի վերջո, պետք է հստակ հասկանանք, որ սա մեր տունն է, եւ մենք չենք սպասելու, որ ինչ-որ մեկը գա ու մաքրի այն: Ամեն դեպքում, մենք մեր տունը մաքրելու ենք: Կօգնեն մեզ՝ շատ լավ, չօգնեն՝ գուցե ավելի դանդաղ, բայց մեր գործն ավարտին կհասցնենք:

 

- Որքա՞ն են տեւելու այդ փուլերը:

 

- Չեմ կարող կանխատեսել, թե ինչքան կտեւեն աշխատանքները, մինչեւ չավարտվի առաջին փուլը, եւ մենք չպատկերացնենք, թե ի՞նչ խնդիրների են ծառացած մեր առջեւ եւ ինչպես ենք դրանք հաղթահարելու:

 

- Խոսենք ականազերծման ֆինանսավորման խնդիրների մասին: 

 

- Աշխատանքների առաջին փուլը, ինչպես արդեն նշեցի, ֆինանսավորվում են ԱՄՆ Պետքարտուղարության PM/WRA կողմից: Հիմա քննարկումներ են ընթանում, որպեսզի նրանք ֆինանսավորեն նաեւ 2-րդ փուլը: Չեմ կարող կանխատեսել, թե ե՞րբ ու ի՞նչ ծավալի կլինի այդ օգնությունը, բայց համոզված եմ, որ կլինի: Մենք շատ սերտ ու արդյունավետ համագործակցում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ: 

 

- Ի՞նչ գումարների մասին է խոսքը:

 

- Նշեմ «Ռոնկո»-ի տվյալները, որոնք հաշվարկվել են 2005 թվականին: Ըստ այդ տվյալների, Հայաստանի ականազերծման համար անհրաժեշտ է մոտ 40 մլրդ դրամ, ինչը կազմում է մոտավորապես $‌100 մլն: Միջազգային պրակտիկայում ընդունված են հետեւյալ գները՝ տեխնիկական հետախուզության մեկ քառակուսի մետրի արժեքը 5-6 եվրո է, իսկ զուտ ականազերծման արժեքը` 2-3 եվրո է:

 

Լուսանկարը` Ռ. Առաքելյանի արխիվից:

 

- Պատրաստվո՞ւմ են Հայաստան մուտք գործել այլ միջազգային դոնոր-կազմակերպություններ, բացի FCD-ից:

 

- Այս պահի դրությամբ Հայաստանում գործում է միայն FCD-ն: Մոտ ապագայում ակնկալում ենք համագործակցությունը բրիտանա-ամերիկյան «The Halo Trust»-ի հետ: Բանակցություններ են ընթանում, որպեսզի ներգրավենք նաեւ նորվեգական Norwegian People's Aid (NPA) ընկերությունը:

 

- Ձեր լիազորությունները տարածվում են միայն Հայաստանի՞ տարածքում, թե՞ նաեւ ԼՂՀ-ում:

 

- Մեր աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության վարչական տարածքում: Նաեւ դոնորները, բնականաբար, չեն խրախուսի, եթե մենք աշխատենք ազատագրված տարածքներում: Բայց, ամեն դեպքում, սխալ կլինի միանշանակ ասել, որ դա մեր հետաքրքրությունից դուրս է: Սահմանային գյուղի երեխան ի՞նչ պետք է իմանա՝ որտեղ կա վտանգավոր տարածք կամ ականադաշտ: Այս դեպքերում մենք փորձում ենք ինչ-որ լուծում գտնել, որ ազատենք վտանգից այն տարածքները, որոնք անմիջապես մոտ են գյուղերին, ականազերծելով կամ գոնե պարսպապատելով դրանք:

 

- Ո՞րոնք են Ձեր աշխատանքի հիմնական դժվարությունները:

 

- Ամենամեծ դժվարությունը կայանում է նրանում, որ չկա օրենսդրական հիմք, որը պետք է կարգավորի մեր աշխատանքի շրջանակը: Բազմաթիվ հարցեր բաց են մնում, սկսած նրանից, որ չխախտվեն մեր կողմից տեղադրված նշանները, վերջացրած նրանով, թե ինչպես պետք է փոխանցվի արդեն ականազերծված տարածքը տեղական ինքնակառավարման մարմնին եւ ինչպես կազմակերպվի այդ հողի պահպանումը հետագայում:

Երկրորդ կարեւոր հանգամանքը հասարակության անիրազեկությունն է: Առավել քիչ տեղեկացված է Երեւանը: Լրատվամիջոցները մեզ ինչ-ինչ պատճառներով շրջանցում են, մասնավոր հատվածն այս խնդիրը լուծելու համար բան չի անում: Մի կողմ դնենք այն հարցը, որ այդ հողերը դուրս են շրջանառությունից եւ գյուղացին չի կարող մշակել դրանք: Բայց մի մոռացեք նաեւ, որ ամեն ականը կարող է անմեղ զոհի պատճառ դառնալ:  

Միաժմանակ, ուրախությամբ պետք է նշեմ, որ ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության ներքո ՀՀ տարածքի հումանիտար ականազերծման գործընթացի եւ ժամկետանց ու կիրարկման ոչ ենթակա զինամթերքների եւ ռազմական տեխնիկայի ուտիլիզացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը 2013 թվականի համար ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա խնդիր: Ականապատված տարածքների հարցերն արդեն իսկ ընդգրկված են երկրի աղքատության հաղթահարման ռազմավարությունում եւ համապատասխան քայլեր են ձեռնարկվում դրանք եվրոպական նոր հարեւանություն քաղաքականության մեջ ընդգրկելու ուղղությամբ: ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիրը ճանաչում է ականների առկայության խնդիրը Հայաստանի համար, որն էլ հիմք է հանդիսանում այդ խնդիրը աղքատության հաղթահարման ծրագրում եւ հազարամյակի մարտահրավերի ծրագրում այն ընդգրկելու համար:

Ականապատված տարածքներում ականազերծման համակարգված գործողությունների շարունակական իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում չպայթած ականների քանակի նվազեցումը:

 

***

 

Մեդիամաքս-ը զրուցել է նաեւ FSD (Swiss Foundation for Mine Action) Armenia ծրագրի ղեկավար Յոխանես Օդենդալի (Iohannes Odendaal) հետ:

 

- Ե՞րբ եք սկսել աշխատանքները Հայաստանում եւ ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը:

 

- FSD-ն շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է, որն այս պահի դրությամբ աշխատում է աշխարհի 7 երկրներում, այդ թվում` Հայաստանում:

 

Ձեր երկրում մենք աշխատում ենք 2012թ. սեպտեմբերից: Մեր հիմնական նպատակն է անցկացնել ոչ տեխնիկական հետախուզություն, որպեսզի պատկերացում ստանանք, թե ինչպիսին են ականազերծման հետ կապված ռեալ պատկերը Հայաստանում: 2012 թ. հոկտեմբերին մենք անցկացրեցինք ոչ տեխնիկական հետախուզության տեսական եւ պրակտիկ դասընթացներ 10 հայ մասնագետների համար, որոնցից անմիջապես հետո սկսեցինք իրականացնել աշխատանքները:

 

FSD-ն տարբեր համայնքներում նաեւ իրականացնում է ականներից տուժած զոհերի տվյալների հավաքագրումը, որպեսզի ներկայացնի այն Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին (ICRC) հետագա գործողությունների համար:

 

- Ո՞վքեր են Ձեր գործընկերները Հայաստանում: 

 

- Մեր գործողությունների մեկնարկից մենք սերտորեն աշխատում ենք ՀՀ Պաշտպանության նախարարություն եւ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական Կենտրոն»-ի հետ: FSD-ն պարբերաբար հանդիպումներ է անցկացնում ՊՆ-ի ներկայացուցիչների հետ, եւ մենք աջակցում ենք իրենց ականազերծման գործողությունների ռազմավարության մշակման հարցում:

 

FSD-ն ամենօրյա կապի մեջ է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական Կենտրոն»-ի հետ եւ հենց այնտեղից է ստանում առաջադրանքները: Մեր կողմից հավաքված բոլոր տեղեկություններն ամեն շաբաթ փոխանցվում են Կենտրոնին: Այն նաեւ ապահովում է, որպեսզի համայնքի իշխանությունները տեղյակ լինեն FSD-ի գործունեության մասին հենց տեղերում:

 

- Ո՞րքան ժամանակ եք նախատեսում աշխատել Հայաստանում:

 

- Այս պահի դրությամբ մենք գրեթե ավարտել ենք աշխատանքները Սյունիքում, մեկ թիմ աշխատում է Վայոց ձորում, իսկ մյուսը սկսել է աշխատանքները Տավուշի մարզում: FSD-ն նախատեսում է ավարտել ոչ տեխնիկական հետախուզությունը մինչեւ ապրիլի վերջ:

 

FSD-ն աշխատում է ՀՀ կառավարության ու Կենտրոնի հետ, որպեսզի կապ հաստատի տարբեր դոնոր-կազմակերպությունների հետ, ականազերծման հետագա փուլերը ֆինանսավորման ակնկալիքով: Սակայն, անկախ դոնորների օգնության հասանելիությունից, FSD-ն հույս ունի շարունակել ցուցաբերել իր աջակցությունը ՀՀ կառավարության եւ Կենտրոնին իրենց հետագա գործողությունների մեջ այդ ասպարեզում:

 

Ռուբեն Առաքելյանի եւ Յոխանես Օդենդալի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին