ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին
- Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հարաբերությունները: Ինչպե՞ս է զարգանում երկխոսությունը:
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համագործակցել եւ համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Մեր երկխոսությունը կրում է պարբերական եւ արդյունավետ բնույթ: Մենք աջակցում ենք ընտրական գործընթացներին դիտորդական առաքելությունների մասնակցությամբ, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությամբ մեկնաբանություններ ենք տրամադրում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:
- Հանդես գալով Եվրոպական ժողովրդական կուսակցության հոկտեմբերյան համագումարում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս անգամ եւս ակնկալում է միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն: Դուք արդեն ստացե՞լ եք ընտրությունները դիտարկելու պաշտոնական հրավեր:
- ԺՀՄԻԳ-ը ՀՀ վարչապետից նախագահական ընտրությունների դիտորդությանը մասնակցելու հրավեր է ստացել դեկտեմբերի 8-ին՝ ընտրությունների օրը հաստատելուց անմիջապես հետո:
- Նույն ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունները հաստատակամ են ԱԺ ընտրություններում գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Նա հավելել էր նաեւ, որ այդ նպատակով ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացություններն ու առաջարկությունները: Ինչպե՞ս եք գնահատում 2012թ. մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո արված առաջարկությունների իրականացման ընթացքը:
- Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների համաձայն, կա ընդունված փորձ՝ Ընտրական օրենսգրքում արմատական փոփոխություններ չկատարել քվեարկությունից առնվազն մեկ տարի առաջ: Այսպիսով, 2012թ. մայիսին կայացած ընտրություններից ժամանակը բավարար չէր:
Ընտրությունների հետ կապված բոլոր ընթացակարգերը կգնահատվեն նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության կողմից: Դրանց ավարտից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստ է մասնակցել քննարկումներին, որոնք կվերաբերվեն 2012 եւ 2013 թվականների ընտրությունների վերաբերյալ մեր ամփոփիչ զեկույցներին: Դա կլինի մի գործընթաց, որում ներգրավված կլինեն բոլոր հիմնական շահագրգիռ կողմերը՝ կառավարությունը, քաղաքական կուսակցությունները եւ թեկնածուները, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
- Ընդդիմադիր ուժերը վերջերս փորձեցին ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու նպատակով, սակայն այդ նախաձեռնությունը տապալվեց իշխող Հանրապետական կուսակցության դիրքորոշման արդյունքում: Ընդդիմությունը հայտարարեց, որ իշխանությունները պատրաստ չեն անցկացնել ազատ ու արդար ընտրություններ: Ծանո՞թ եք նշված խնդրին, եւ ինչպիսի՞ն է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումն այդ հարցում:
- Ինչպես արդեն ասացի, ընդունված պրակտիկա է հրաժարվել ընտրական օրենսդրության մեջ արմատական փոփոխություններ կատարելուց քվեարկությունից նվազագույնը մեկ տարի առաջ: Միաժամանակ, 2012թ. խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության պատրաստած ամփոփիչ հաշվետվությունը մատնանշել է մի շարք ընթացակարգային խնդիրներ, որոնք գտնվում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության ներքո եւ կարող են լուծվել մինչեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններ:
- 2012թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հաշվետվության մեջ նշվում է, որ «վստահության բացակայությունը քաղաքական կուսակցությունների եւ ընտրական գործընթացներին ներգրավման նկատմամբ լուրջ խնդիր է»: Այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրվե՞լ է:
- Թեեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2012թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցի հրապարակման պահից ի վեր Հայաստանի մասին ոչ մի հայտարարություն չի արել, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, վերջին հրապարակումների համաձայն, հայտարարել է, որ «հասարակությունը չի վստահում ընտրական գործընթացին»:
- Ծրագրու՞մ եք այցելել Հայաստան նախընտրական գործընթացներին ծանոթանալու նպատակով:
- Ընտրություններին հետեւելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մեթոդաբանությունը ներառում է Պահանջների գնահատման առաքելության (Needs Assessment Mission) գործուղում տվյալ երկիր մինչ ընտրությունները, որպեսզի այն առաջարկներ ներկայացնի այն մասին, թե դիտորդական գործունեության որ տեսակները լավագույն արդյունք կապահովեն ժողովրդավարական ընտրությունների անցկացման տեսանկյունից:
Գրասենյակը վերջերս՝ 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ է նման առաքելություն գործուղել Հայաստան եւ անհրաժեշտություն չկա կրկին անգամ դա անել:
Հիմնվելով 2012թ. խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության եզրակացությունների վրա՝ գրասենյակը նախագահական ընտրությունների դիտորդական առաքելություն կուղարկի նույն ձեւաչափով, ինչ ԱԺ ընտրությունների դեպքում էր:
Մեր մեթոդաբանությունը ներառում է ողջ ընտրական գործընթացի գնահատում, եւ փորձագետների ու երկարաժամկետ դիտորդների հիմնական խումբը Հայաստան կժամանի ընտրությունների օրվանից 6-8 շաբաթ առաջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: