Մայիսին տեղեկացրել էինք, որ Մոսկվայի պետական համալսարանի (МГУ) Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը (Институт стран Азии и Африки-ИСАА) հայտարարել է ընդունելություն բակալավրիական ծրագրով՝ հայագիտության խորացված ուսումնասիրությամբ։
Մեդիամաքսը Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ալեքսեյ Մուրավյովին խնդրել է ավելի մանրամասն պատմել ծրագրի մասին։
- Մեր ամբիոնը հիմնադրվել է 2008 թվականին։ Այդ ժամանակ առաջին ընդունելությունն էր կատարվել հայկական խմբում։ Մոսկվայում շատ բարդ չէր
մասնագետներ գտնել, որոնք ժամանակակից հայերեն կդասավանդեին։ Սակայն խնդիրներ կային գրաբարի, հայկական մշակույթի՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրեր, քաղաքական գործընթացների մասնագետներ գտնելու հետ։ Ուստի հիմնական շեշտը դրվում էր լեզվի ուսումնասիրության վրա։ Ի դեպ, առաջին շրջանավարտ Անուշ Մարգարյանն այժմ աշխատում է մեզ մոտ։
Երկու տարի առաջ, երբ սկսեցի ղեկավարել Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների ամբիոնը, ինձ մոտ գաղափար առաջացավ լիարժեք հայագիտական ուղղություն հիմնել։ Ինձ հետաքրքիր էր համալիր ծրագիր ստեղծել, քանի որ ինքս քրիստոնեական Արեւելքի պատմության մասնագետ եմ։
Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի ղեկավարությունը, ի դեմս տնօրեն Ալեքսեյ Մասլովի, մեծ ոգեւորությամբ ընդունեց գաղափարս, եւ հիմա մենք փորձում ենք այն կյանքի կոչել։
- Կարծում եմ, Ձեր նախաձեռնությունը շատ տեղին է, քանի որ ԽՍՀՄ փլուզումից անցել է գրեթե 35 տարի, որի ընթացքում Հայաստանում եւ Ռուսաստանում ծնվել եւ մեծացել են սերունդներ, որոնք «ընդհանուր խորհրդային անցյալ» չունեն։ Եվ ինձ թվում է, որ շատերի համար Ռուսաստանում ժամանակակից Հայաստանը «terra incognita» է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը էական փոփոխությունների է ենթարկվել 2020 թվականի պատերազմից հետո։
- Նախ՝ մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ միայն ընդհանուր խորհրդային անցյալի վրա հիմնված քաղաքականությունը արդյունավետ լինել չի կարող։ Իսկապես, նոր սերունդները շատ բաներ այլ կերպ են ընկալում, իրավիճակը փոխվում է։
Դուք իրավացի եք․Երկրորդ Ղարաբաղյան պատերազմն հեռու գնացող հետեւանքներ ունի եւ ազդել է նաեւ մեր երկրների հարաբերությունների վրա։ Միգուցե, հայ-ռուսական հարաբերությունները պայմանական «վերագործարկման» կարիք ունեն։
Երրորդ կետը, որը կցանկանայի ընդգծել. երբ մենք խոսում ենք հայագիտության մասին, նկատի ունենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ հայկական սփյուռքի ուսումնասիրությունը, հատկապես այն համայնքների, որոնք կարեւոր դեր ունեին եւ ունենում Արեւելքի եւ, մասնավորապես, Մերձավոր Արեւելքի երկրներում։
- Ո՞վքեր են ձեր հավանական դիմորդները։
- Առաջին «մակարդակը», իհարկե, ռուսաստանահայության ներկայացուցիչներն են, ովքեր այս կամ այն չափով կորցրել են կապը մայրենի լեզվի, արմատների հետ։ Մենք սրա մասին խոսել ենք Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրասի հետ։
Բայց մենք, իհարկե, ցանկանում ենք ռուսների կողմից հայագիտության ուսումնասիրության ավանդույթ ստեղծել։ Հիշեցնեմ, որ 1815 թվականին Լազարյան եղբայրները Մոսկվայում հիմնադրեցին Արեւելյան լեզուների ինստիտուտը (Լազարյան ճեմարան), որտեղ սովորում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, որոնցից շատերը ականավոր արեւելագետներ դարձան։ Այս ավանդույթի լույսի ներքո մենք ցանկանում ենք, որ հայագիտությունը լավ իմաստով նորաձեւ, հեղինակավոր եւ կարեւոր ուղղություն դառնա, որը երիտասարդներին կգրավի նույն կերպ, ինչպես գրավում են, օրինակ, իրանագիտությանը կամ ճապոնագիտությանը: Ճապոնագիտության նկատմամբ մեծ հետաքրքրությունը, որը կար Խորհրդային Միությունում եւ մասամբ շարունակվում է այսօր, ինչ-որ իմաստով որոշակի մտավոր նորաձեւության պտուղ էր: Իմ կարծիքով, հայկական մշակույթն ու պատմությունը իրենց խորությամբ ոչ միայն չեն զիջում ճապոնականին, այլեւ գերազանցում են:
Հայագիտությունը կարող է Արեւելքի ուսումնասիրության առաջատար ուղղություն դառնալ։ Ես միշտ ընդգծում եմ, որ չնայած հայկական եւ վրացական մշակույթները, անկասկած, մեծ եվրոպական քրիստոնեական կոնտինիումի մեջ են, դրանք հենց քրիստոնեական Արեւելքի մաս են կազմում։
- Ենթադրում եմ, որ համագործակցելու եք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի գիտնականների եւ դասախոսների հետ։
- Այո, անշուշտ։ Արդեն պայմանավորվածություններ ունենք Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի համակարգում աշխատող հայագետների հետ։ Մենք գործընկերության համաձայնագիր ենք կնքել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ եւ վերջերս հանդիպել ենք ԵՊՀ ռեկտորի եւ Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի հետ։

Լուսանկարը` ԵՊՀ
ԵՊՀ-ն մեր հիմնական գործընկերն է Հայաստանում, եւ մենք ակնկալում ենք, որ նրա դասախոսները այս կամ այն ձեւով ներգրավված կլինեն մեր կրթական եւ հետազոտական գործընթացներում։
Ալեքսեյ Մուրավյովի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: