Գերմանիայում քաղաքական ապաստան գտած թուրք պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Աքչամը Հայոց Ցեղասպանության մասին գրում եւ հրապարակայնորեն խոսում էր դեռ այն ժամանակ, երբ առաջին Ղարաբաղյան պատերազմը դեռ չէր ավարտվել: Աքչամը պարբերաբար սպառնալիքներ էր ստանում «Գորշ գայլերից» եւ այլ ազգայնական խմբերից:
1997 թվականին Մոսկվայում ռուսերեն լեզվով լույս տեսավ Թաներ Աքչամի հայեցակարգային «Թուրքական ազգային «ես»-ը եւ Հայկական հարցը» աշխատությունը:
2005 թվականին նա Երեւանում մասնակցեց Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին, իսկ 2011 թվականին Միացյալ Նահանգներում լույս տեսավ ականավոր ցեղասպանագետ Վահագն Դադրյանի եւ Թաներ Աքչամի համատեղ աշխատությունը` «Դատավճիռ Ստամբուլում: Հայոց ցեղասպանության առնչվող դատավարությունները»։
2025թ․ ապրիլի 23-ին Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը Երեւանում զրուցել է Թաներ Աքչամի հետ։
- Դուք վերջերս հոդված էիք հրապարակել The Armenian Mirror Spectator-ում՝ «Մտորումներ մութ ժամանակներում․ ավանդույթի ավարտը եւ Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ճգնաժամը», որտեղ, մասնավորապես, գրում եք․ «Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրությունները խորը բարոյական եւ մտավոր փլուզում են ապրում։ Դրա հիմքում Հոլոքոստի ուսումնասիրությունների ճգնաժամն է՝ պայմանավորված Գազայում Իսրայելի գործողություններով։ Այն պայմանավորված է Հոլոքոստով զբաղվող գիտնականների եւ հաստատությունների զգալի մասի դիրքորոշում հայտնելու անկարողությամբ կամ ցանկության բացակայությամբ։ Ոմանք նույնիսկ ուղղակի կամ անուղղակի աջակցում են այդ գործողություններին»։
Արդյո՞ք սա խնդիր է միայն գիտնականների համար, թե այն պետք է անհանգստացնի նաեւ «հասարակ» մարդկանց։
- Կարծում եմ, որ սովորական մարդիկ նույնպես պետք է անհանգստանան, եւ հոդվածիս երկրորդ մասում ես անդրադարձել եմ այս խնդրին, որն անվանում քաղաքակրթության ճգնաժամ։ Մեր մոտեցումը բռնության նկատմամբ մարդկության պատմության ընթացքում կարեւոր փոփոխություններ է կրել Լուսավորության ժամանակաշրջանում։ Մինչեւ Լուսավորությունը բռնությունը, զանգվածային ոճրագործությունները եւ հարյուր հազարավոր մարդկանց սպանությունները մեծ խնդիր չէին։ Հնագույն թագավորները հուշարձաններ էին կառուցում իրենց արարքների պատվին։ Հավանաբար, գիտեք, որ Դարեհ թագավորը հուշարձան էր կառուցել շատ հայերի սպանության մասին վկայելու համար։ Լուսավորության հետ մեր վերաբերմունքը բռնության նկատմամբ լիովին փոխվեց։ Մենք սկսեցինք բռնությունը համարել աննորմալ եւ մշակեցինք որոշակի բարոյական եւ էթիկական վարքագծի կանոնագիրք։

Լուսանկարը` Մեդիամաքս
Բայց այսօր մենք վերադարձել ենք հին ժամանակաշրջան։ Ես մի քանի օրինակ եմ բերել հոդվածում։ Դրանցից մեկը ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հայտարարություններն են։ Նրանք նույնիսկ ստեղծել են Գազայի մասին կարճ տեսահոլովակ, որտեղ հպարտությամբ ներկայացրել են տեղի ունեցող ցեղասպանությունը որպես կառուցապատման ենթակա հիանալի նախագիծ։ Սա իսկապես անհանգստացնող է։
Այսօր Արեւմուտքում մարդկանց խմբի ոչնչացմանը երբեմն հետեւում են ոգեւորությամբ եւ աջակցություն ցուցաբերելով։ Սա մի բան է, որը բոլորովին նոր է եւ շատ վախենալու։ Մենք մարդկության շատ խորը բարոյական ճգնաժամ ենք ապրում։
- Շատերը կասեն, որ միամիտ է այսօր այլ վերաբերմունք ակնկալել, երբ միջազգային հարաբերությունները նման են «ջունգլիների», որտեղ ուժը ճնշում է սկզբունքները, իսկ «միջազգային իրավունքը» դատարկ խոսքեր են։ Կարո՞ղ ենք մենք բարոյական սկզբունքներ ակնկալել քաղաքական գործիչներից նման իրավիճակում։
- Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց միջազգային համակարգ, որը հիմնված էր օրենքի գերակայության վրա։ Այս ընկալումը գերիշխում էր Արեւմտյան կիսագնդում։ Երբ Եվրոպայում քննադատում են Թուրքիային, ապա խոսում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին։ Արեւմուտքը հավատում էր, որ ինքն առաջատարն է համընդհանուր բարոյական արժեքների հարցում։ Եվ այժմ հենց իրենք են վարկաբեկում դրանք։ Իհարկե, դուք կարող եք ասել, որ Արեւմուտքի նման վերաբերմունքը նոր չէ՝ նույն բանը կատարվում էր 16-րդ, 17-րդ, 18-րդ դարերում Լատինական Ամերիկայում կամ Աֆրիկայում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Բայց առնվազն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանք ստեղծեցին Ցեղասպանության կոնվենցիան, Մարդու իրավունքների կոնվենցիան, Միջազգային քրեական դատարանը։ Եվ Արեւմուտքը հավատում էր, որ կառուցել է իր լեգիտիմությունը այս միջազգային նորմերի վրա։ Այսօր նրանք իրենց իսկ ձեռքերով քանդում են այդ ամենը՝ բացահայտորեն աջակցելով ցեղասպանությանը Գազայում։ Վերցրեք Գերմանիան, որը ճնշում է Իսրայելի քաղաքականությունը քննադատող ցանկացած մոտեցում։
- Մենք զրուցում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին։ 10 տարի առաջ Ցեղասպանության հարյուրամյակը լայնորեն քննարկվում էր աշխարհում։ Այսօր ուշադրության եւ մասնակցության մակարդակը զգալիորեն նվազել է։ Կարծո՞ւմ եք, որ սա, որոշ իմաստով, բնական է։ Գուցե մարդիկ եւ քաղաքական գործիչները համարում են, որ հարգանքի տուրք են մատուցել տասը տարի առաջ եւ դա բավարար էր։
- Հայոց ցեղասպանության հարյուրամյակը կարեւոր շրջադարձային պահ էր։ 2015 թվականից հետո Թուրքիան հասկացավ, որ Հայոց ցեղասպանությունը իր համար մեծ միջազգային խնդիր չէ։ Գոնե այն պատճառով, որ Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչումը սոսկ խորհրդանշական ժեստ էր, որը որեւէ հետեւանք չունեցավ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Կա մեկ այլ գործոն։ Կա թուրքական ասացվածք, որը, ինչպես ինձ ասել են, ծագում է հայերից․ «Յուրաքանչյուր մարդ ցավում է միայն սեփական որդու համար»։ Ցավոք, մարդիկ այդքան զգայուն չեն ուրիշների հանդեպ։ Ղարաբաղյան հարցում մենակ մնացած հայերը նույն վիճակում են, ինչ պաղեստինցիները, որոնք միայնակ են մնացել իրենց իրավիճակում։ Ցավոք, գործ ունենք անտարբերության հետ։
- Կարծում եմ, այլ գործոն էլ կա․ Հայաստանի ներկայիս կառավարությունը այնքան էլ շահագրգռված չէ Հայոց ցեղասպանության հետ կապված միջազգային նախաձեռնությունների առաջմղման մեջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրապարակայնորեն հայտարարել է, որ դա այլեւս առաջնահերթություն չէ երկրի արտաքին քաղաքականության համար։ Եվ դա ազդել է այն բանի վրա, թե ինչպես է միջազգային հանրությունն այսօր արձագանքում Հայոց ցեղասպանության խնդրին։
Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ կառավարությունը սկսում է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը՝ «հանուն» Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Դրսի հայացքով նայելով, նման վտանգ տեսնո՞ւմ եք ։
- Ես կարդացել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի որոշ հայտարարությունները եւ դրանցում չեմ գտել որեւէ բան, որը կարող էր ժխտել պատմական փաստը։ Հնարավոր է, դա նոր մեկնաբանություն էր։ Եվ իմ արձագանքն այսպիսին է․ յուրաքանչյուր սերունդ իրավունք ունի վերասահմանելու իր դիրքորոշումը պատմության նկատմամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սա նորմալ երեւույթ է։ Պատմությունը չի կարող լիովին անփոփոխ մնալ։ Փաստը միշտ կա, բայց մենք կառուցում ենք պատմություններ, եւ դրանք կարող են փոխվել տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր սերունդ վերաիմաստավորում է պատմությունը՝ ելնելով նրանից, թե ինչ իրավիճակում է գտնվում, ինչպես է նայում իրեն եւ իր անցյալին։
Ուստի ինձ համար Հայոց ցեղասպանության նկատմամբ մոտեցումը վերաիմաստավորելու կոչը լեգիտիմ է։ Դուք կարող եք տարբեր մոտեցումներ որդեգրել այս հարցի վերաբերյալ, տարբեր կարծիքներ ունենալ։ Հենց այսպես եմ ես հասկանում Փաշինյանի որոշ հայտարարությունները։

Լուսանկարը` Մեդիամաքս
Թույլ տվեք ինձ նշել եւս մեկ կարեւոր ասպեկտ։ Մենք պետք է խուսափենք պատմությունը զենք դարձնելու գայթակղությունից։ Սա քաղաքականությամբ զբաղվելու շատ վտանգավոր ձեւ է։ Հայոց ցեղասպանությունից կառչելը եւ այն զենք դարձնելը փրկություն չէ։ Դա ձեզ չի փրկի սխալներ գործելուց։ Հիմնական հարցն այն է, թե ինչպես եք տեղադրում պատմական իրադարձությունն աշխարհի եւ ձեր նկատմամբ ձեր այսօրվա մոտեցման մեջ։ Այնպես որ, ես կառաջարկեի այս հարցը զենք չդարձնել՝ այն ագրեսիվորեն օգտագործելով ուրիշների դեմ, այլ իսկապես լրջորեն մտածել, թե ինչպես ենք մենք տեղադրում ցեղասպանության պատմական փաստը միմյանց հետ հարաբերություններում։
- Այո, բայց զրույցի, ինչպես եւ տանգոյի համար, երկուսն են հարկավոր։ Եվ երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, եւ Դուք դա բոլորից լավ գիտեք, այն պատրաստ չէ այս թեմայով որեւէ զրույցի, որովհետեւ նրանք ասում են՝ ցեղասպանություն չի եղել։
- Ես նկատի ունեի զրույցը Հայաստանի ներսում՝ Հայաստանի տարբեր խմբերի միջեւ։ Զրույց անցյալի մասին եւ այն մասին, թե ինչ կարող է այն նշանակել այսօրվա իրավիճակում։ Հայաստանի կառավարություններից եւ ոչ մեկը ցեղասպանության հարցը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման չի դարձրել։ Եվ դա չի փոխվել, որքանով ինձ հայտնի է։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանի հետ Թուրքիայի խնդիրը ցեղասպանության ճանաչման հարցը չէ։ Հայաստանի հետ Թուրքիայի խնդիրն այսօր միայն Ադրբեջանն է։ Թուրքիան ունի շատ ուժեղ տնտեսական եւ քաղաքական կապեր Ադրբեջանի հետ, եւ ինձ թվում է, որ այսօր հենց Ադրբեջանն է որոշում Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
Թաներ Աքչամի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: