Օլիվեր Վոլինիեցը Յեյլի համալսարանի մագիստրոս է եւ ռուսական, արեւելաեվրոպական եւ եվրասիական ուսումնասիրությունների բաժնի հետազոտող։ Նրա հետազոտությունների առանցքում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում եւ հակամարտությունները հետխորհրդային տարածքում։ Օլիվեր Վոլինիեցի թեզը վերնագրված է «Երեւանը խաչմերուկի վրա՝ Հայաստանը Ռուսատստանի եւ Արեւմուտքի միջեւ»:
Օլիվեր Վոլինիեցը նախկինում աշխատել է Վաշինգտոնում՝ Եվրասիա հիմնադրամում։
- Հայաստանի կառավարությունը կարծես որդեգրել է «շրջադարձ դեպի Արեւմուտք» մոտեցումը իր արտաքին քաղաքականության մեջ։ Սակայն Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո հավաքական «Արեւմուտք» եզրույթը հնացած է թվում ։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը այս համատեքստում։ Ի՞նչ է իրականում ենթադրում Հայաստանի «շրջադարձը դեպի Արեւմուտք»։
- Թրամփի նոր նախագահական ժամկետի սկսվելուց ընդամենը երեք ամիս է անցել, եւ հաշվի առնելով նրա վարչակազմի որոշումների կայացման անկանխատեսելիությունը, դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի մոտեցումը Հայաստանի եւ ավելի լայն՝ Հարավային Կովկասի նկատմամբ, եւ արդյոք նա կպարտավորվի հետեւել Ռազմավարական գործընկերության խարտիային, որը Բայդենի հեռացող վարչակազմը հունվարին ստորագրեց Հայաստանի հետ։
Սակայն, անկասկած է, որ Թրամփի վերադարձը պաշտոնին նշանակում է ԱՄՆ-ի ավելի լայն նահանջ համաշխարհային բեմից՝ համահունչ իր «Ամերիկան առաջինը» քաղաքականությանը։ Ուստի ակնկալում եմ, որ Հայաստանը կփորձի շրջադարձ կատարել ավելի շատ դեպի Եվրոպական Միություն, քան ԱՄՆ եւ հենվել Ֆրանսիայի վրա։
- Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության նոր սրացումն անընդունելի է Միացյալ Նահանգների համար։ Կարծու՞մ եք, որ ԱՄՆ-ը կարող է ակտիվ դեր խաղալ որպես միջնորդ խաղաղության գործընթացում եւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Որքանո՞վ է հավանական, որ մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել։
- Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ը կպաշտպանի պետքարտուղար Ռուբիոյի խոսքերը որեւէ նշանակալի գործողությամբ։ Քանի որ Թրամփի վարչակազմը իր հայացքը ուղղում է դեպի ներս՝ չհաշված բազմաթիվ երկրների դեմ ուղղված մաքսատուրքերը, այն քիչ հետաքրքրություն կցուցաբերի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում ակտիվորեն ներգրավվելու հարցում։ Եվ պատմությունը ցույց է տվել, որ Երեւանի եւ Բաքվի ղեկավարության շրջանում քիչ ցանկություն կա արտաքին դերակատարներին թույլ տալու կարեւոր միջնորդի դեր խաղալ։ Չնայած, հույս ունեմ, որ խաղաղության պայմանագիրը վերջապես կստորագրվի գրեթե 40 տարվա հակամարտությունից հետո։
- Հարավային Կովկասի վրա ազդող մեկ այլ առանցքային գործոնն ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններն են։ Թրամփի վարչակազմը Իրանի վերաբերյալ հստակ ռազմավարություն ունի՞։ Թրամփը ինչպե՞ս կնավարկի Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, եթե ցանկանա բարելավել հարաբերությունները Իրանի հետ։
- Թրամփն Իրանի դեմ սպառնալից հռետորաբանության պատմություն ունի: Վերջերս նա սպառնաց Թեհրանի դեմ ռազմական գործողություններով, եթե պայմանագիր չկնքվի, որը կսահմանափակի Իրանի միջուկային ծրագիրը։
Սակայն վերջին օրերին առաջընթաց է նկատվել ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնյաների միջեւ բանակցություններում։ Ես կասկածում եմ, որ Թրամփը հաշվի կառնի թուրքական խնդրանքները, քանի որ նա ձգտում է դիվանագիտական հաղթանակի՝ Իրանի հետ պայմանագիր կնքելով: Անցյալում Թրամփը հատկապես զգայուն է եղել իսրայելական խնդրանքների նկատմամբ, այնպես որ Իսրայելը կարող է ազդել ցանկացած հնարավոր արդյունքի վրա։
- Ներկայում ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Ռուսաստանը շարունակում են գերզբաղված լինել ուկրաինական պատերազմով՝ Հարավային Կովկասը որոշակիորեն անտեսված թողնելով։ Կարծո՞ւմ եք, որ այս «անուշադրությունը» կարող է ավարտվել, երբ ուկրաինական հակամարտությունը որեւէ հանգրվանի հասնի։ Ի՞նչ ձեւով «կվերադառնա» Ռուսաստանը Հարավային Կովկաս եւ ինչպիսի՞ վերադասաորում կարելի է ակնկալել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարածաշրջանում։
- Կարծում եմ, շատ բան կախված կլինի նրանից, թե Մոսկվայի եւ Կիեւի միջեւ գործարքը որքանով շահավետ կլինի Ռուսաստանի համար։ Եթե Մոսկվան կարողանա իր տիրապետության տակ պահել ուկրաինական տարածքի այն հսկայական հատվածը, որը ներկայում վերահսկում է, եւ թուլացնել ուկրաինական ղեկավարության կարողությունը՝ սահմանափակելու Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը երկրում, Կրեմլը գուցե ավելի քիչ մտահոգվի Հարավային Կովկասի զարգացումներով։ Սակայն, եթե Պուտինը այդ բանակցություններից դուրս գա իրեն խոցելի զգալով, կարող է հուսահատության զգացում ունենալ եւ ավելի ագրեսիվ գործել՝ Հայաստանը եւ տարածաշրջանի մնացած մասը իր ազդեցության գոտում պահելու համար։ Քանի դեռ ԱՄՆ-ը հետեւում է իր ներկայիս արտաքին քաղաքականության մոտեցմանը եւ շարունակում է «ներս նայել», տարածաշրջանային հավասարակշռությունը թեքված կլինի Ռուսաստանի օգտին։
- Հայաստանը անմասն չմնաց ԱՄՆ-ի կողմից պարտադրված փոխադարձ մաքսատուրքերից։ Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտել 10% -անոց մաքսատուրքերը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար։ Այս որոշումը ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսական եւ արտաքին քաղաքականության վրա։
- Տնտեսագետ չեմ, բայց պատկերացնում եմ, որ դա հավանաբար Հայաստանին կմղի ավելի մերձենալ ԵՄ հետ։ Սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերը, այնպես որ ԱՄՆ սակագների ազդեցությունը հավանաբար շատ նշանակալի չի լինի։
- Ձեր թեզի վերնագիրն է՝ «Երեւանը խաչմերուկի վրա՝ Հայաստանը Ռուսատստանի եւ Արեւմուտքի միջեւ»: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը մոտ ապագայում, ի՞նչ գործոններ կազդեն դրա վրա։
- Որքան էլ ուղին քարքարոտ լինի, կարծում եմ, որ Հայաստանը հասել է մի կետի, որտեղից չկա վերադարձ դեպի Ռուսաստան, եւ այն կշարունակի իր ջանքերը՝ ձգտելով ավելի մեծ ինտեգրման Արեւմուտքի հետ։ Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու Մոսկվայի բազմակի ձախողումները, գագաթնակետին հասնելով 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ամբողջական գրավմամբ, երբ ռուսական խաղաղապահները ոչինչ չարեցին, պաշտոնական եւ հասարակական կարծիքը Հայաստանում հստակորեն Ռուսաստանի դեմ շրջեցին։
Բայց այն փաստը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը դեռ չեն կնքել, խոչընդոտում է Արեւմուտքի հետ ավելի խոր կապերին, ինչպես նաեւ պահպանում է Երեւանի գերկախվածությունը Ռուսաստանից իր տնտեսական եւ էներգետիկ կարիքների ապահովման հարցերում։ Միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կգտնի այս երկու առանձնապես փշոտ խնդիրները այս կամ այն չափով լուծելու ճանապարհը, այն կկարողանա անխախտ շարժվել արեւմտյան ուղղությամբ։
Օլիվեր Վոլինիեցի հետ զրուցել է Մարիամ Գալստյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: