Քինգա Գոնց. «Սաֆարովի էքստրադիցիան Հունգարիայի վարչապետի անձնական որոշումն էր» - Mediamax.am

11289 դիտում

Քինգա Գոնց. «Սաֆարովի էքստրադիցիան Հունգարիայի վարչապետի անձնական որոշումն էր»

Հունգարիայի նախկին արտգործնախարար Քինգա Գոնցը
Հունգարիայի նախկին արտգործնախարար Քինգա Գոնցը

Լուսանկարը`


Հունգարիայի նախկին արտգործնախարար Քինգա Գոնցի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

Ռամիլ Սաֆարովի ներման շուրջ ստեղծված իրավիճակի մասին Մեդիամաքս-ը զրուցել է Հունգարիայի նախկին արտգործնախարար (2006-2009թթ.), Եվրախորհրդարանի պատգամավոր, Հունգարիայի նախկին նախագահ Արփադ Գոնցի դուստր Քինգա Գոնցի հետ:

- Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնման ենթարկեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը հարցի շուրջ:

 

- Ես դա համարում եմ լուրջ սխալ: Սաֆարովի հնարավոր արտահանձնման հարցը բարձրացվում էր նաեւ այն ժամանակ, երբ ես Հունգարիայի արտգործնախարարն էի: Այն ժամանակ մենք մերժեցինք ադրբեջանական կողմին, քանի որ չէինք ցանկանում ավելի մեծ լարվածություն առաջացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որոնց հարաբերություններն առանց այն էլ տասնամյակներ շարունակ լարված են ԼՂ հակամարտության պատճառով: 

 

Էքստրադիցիան սխալ որոշում էր: Որոշումը կայացվեց առանց հաշվի առնելու հնարավոր հետեւանքները, փորձագետներից էլ խորհրդատվություն չհարցրեցին որոշում կայացնելուց առաջ: Իսկ եթե հունգարական կառավարությունը, այնուամենայնիվ, տեղյակ էր հնարավոր հետեւանքների մասին, ապա պետք է ասել, որ գործել է էթիկայի կանոններին ընդդեմ: Երկու դեպքում էլ հարցը շատ խնդրահարույց է:

- Բազմաթիվ միջազգային փորձագետներ պնդում են, որ Ադրբեջանն ու Հունգարիան գաղտնի գործարք են կնքել, ըստ որի Ադրբեջանը Սաֆարովի էքստրադիցիայի դիմաց համաձայնել է գնել հունգարական կառավարության պարտատոմսերը:

 

- Մենք չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել:  Գիտենք, որ վարչապետ Օրբանը հայտարարել է «դեպի արեւելք» բացվելու քաղաքականության մասին, այսինքն` հեռացում եվրոպական արժեքներից: Եվ դրանով իսկ իր կառավարության վրայից հանել է արտաքին վերահսկողությունը: Նա փորձում է Արժույթի միջազգային հիմնադրամին փոխարինող այլ ֆինանսական աղբյուրներ գտնել, որպեսզի ֆինանսավորի բյուջեի դեֆիցիտը, եւ դրան հասնելու համար ոչ մի գին չափազանց բարձր չի համարում:

- Երկու օր առաջ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հայտարարություն տարածեց այն մասին, որ չի պատրաստվում որեւէ ֆինանսական ներդրում կատարել Հունգարիայում: Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը խաբեց Հունգարիային: 

 

- Չեմ կարող պատասխանել այս հարցին, քանի որ չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Գիտենք միայն, որ Սաֆարովի էքստրադիցիայի որոշումը Հունգարիայի վարչապետի անձնական որոշումն է:

- Ի՞նչ կորցրեց կամ շահեց Հունգարիան Սաֆարովին ադրբեջանական կողմին հանձնելու արդյունքում:

 

- Հունգարիան ոչինչ չշահեց. միեւնույն ժամանակ, միջազգային ասպարեզում վնասեց իր հեղինակությունը: Կապ չունի՝ դա թերի դիվանագիտություն էր, թե էթիկայից զուրկ վարքագիծ. երկու դեպքում էլ այն շատ վնասակար է Հունգարիայի միջազգային հեղինակության համար:

-Ովքե՞ր են, ըստ Ձեզ, կատարվածի գլխավոր մեղավոր կողմերը:

 

- Ադրբեջանի նախագահը, Հունգարիայի կառավարությունը եւ անձնապես վարչապետ Վիկտոր Օրբանն են կրում պատասխանատվությունը ստեղծված իրադրության համար:

- Ի՞նչ կարծիք ունի Սաֆարովի էքստրադիցիայի մասին  Ձեր` Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը:

 

- Հունգարիայի Սոցիալիստական կուսակցությունը խստորեն քննադատել է հունգարական կառավարության` Սաֆարովին էսքտրադիցիայի ենթարկելու քայլը: Կուսակցությունը խնդրում է խորհրդարանական հետաքննություն անցկացնել եւ կոչ է անում վարչապետ Օրբանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Հայաստանից:

 

- Հնարավո՞ր է, որ տեղի ունեցածից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրաժարական տա:

 

- Հունգարիայում դեմոկրատական հավասարակշռության համակարգի ապամոնտաժումից հետո վարչապետ Օրբանն իր կուսակցության խորհրդարանական մեծամասնություն կազմելու շնորհիվ անում է այն, ինչ ուզում է: Նրա վարած քաղաքականության պատճառով բազմաթիվ ներքին եւ արտաքին կոնֆլիկտներ են ծագում, առանց քաղաքական հետեւանքների:

- Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Ի՞նչ զարգացումներ եք ակնկալում Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կասեցման արդյունքում:

 

- ԵՄ Արեւելյան Գործընկերությունը շատ կարեւոր է Հունգարիայի արտաքին քաղաքականության համար: Մեր երկրի հարաբերությունները Հայաստանի հետ ավանդաբար հրաշալի են եղել: Հունգարացիները միշտ խորապես համակրել են հայ ժողովրդին եւ հարգանք ցուցաբերել նրա պատմության նկատմամբ: Ես ցանկանում եմ հուսալ, որ այս միջադեպը չի կարող եւ չի սեւացնի մեր հարաբերությունները եւ ապագա համագործակցությունը: Այս օրերին Հունգարիայում շատ շատերն են խոսում ձեր երկրի եւ ժողովրդի հանդեպ իրենց համերաշխության, ներողության եւ կարեկցության մասին: 

 

- Տիկին Գոնց, ըստ Ձեզ, ե՞րբ եւ ինչպե՞ս է հնարավոր Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունների վերականգնումը:

 

- Կարծում եմ, մեր ավանդական լավ հարաբերությունները կվերականգնվեն ավելի շուտ, քան շատերը կարծում են: Ես նաեւ հույս ունեմ, որ  հայերը չեն խառնի մեր ավտոկրատ կառավարությունը եւ քաղաքական մյուս դերակատարներին հունգար  ժողովրդի հետ: 

 

Հատուկ Մեդիամաքս-ի համար Քինգա Գոնցի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին