Մեդիամաքսի հարցազրույցը պատմաբան, գրականագետ, Վրաստանի գրականության թանգարանի նախկին տնօրեն Լաշա Բաքրաձեի հետ:
(Հարցազրույցը ձայնագրվել է Թբիլիսիում 2024 թվականի նոյեմբերի 28-ին՝ նախքան Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկը):
- Ինչպե՞ս են Վրաստանում երկրի արտաքին քաղաքականության փոփոխությունների ֆոնին դիտարկում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի իշխանությունների որոշումը։
-Վրաստանում մեծ հետաքրքրությամբ են նայում Հայաստանի վերակողմնորոշմանը։ Եվ մեծ հույսով: Նախկինում Վրաստանն էր հանդես գալիս «դեպի Եվրոպա պատուհանի» դերում, եւ ես շատ հայերի գիտեմ, ովքեր հույսով էին նայում Վրաստանին:
Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո, երբ «Վրացական երազանքը» ցույց տվեց իր իրական դեմքը, Հայաստանն է օրինակ դառնում Վրաստանի համար՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին։ Եվ նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում դեռ ներկա են ռուս զինվորներ։
Ես շատ անկեղծ եւ առանց որեւէ պաթոսի ասում եմ, որ մենք պետք է օգնենք միմյանց, որպեսզի ձերբազատվենք ռուսական գերիշխանությունից եւ ճնշումից։ Բացի այդ, Հայաստանի համար շատ կարեւոր է, որ Վրաստանը վերադառնա եվրոպամետ ուղեծիր։
Մենք պետք է ավելի լավ սինքրոնացնենք մեր ջանքերը։ Ցավոք, այս պահին դա հնարավոր չէ, քանի որ Վրաստանն այսօր ունի խիստ հակաարեւմտյան իշխանություն։
-Հայ եւ վրացի երիտասարդները, ցավոք, քիչ են շփվում եւ քիչ բան գիտեն միմյանց մասին։ Խորհրդային տարիներին, կարծես, մեր ժողովուրդների ներկայացուցիչները ավելի շատ էին շփվում։
- Ինձ միշտ շատ է հետաքրքրել Հայաստանն ու հայոց պատմությունը։ Ես Հայաստանում շատ եմ եղել։ Միշտ ասում եմ, որ, օրինակ, Հաղպատի եւ Սանահինի վանքերը համաշխարհային նշանակության հուշարձաններ են, որոնք պետք է տեսնել:
Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ բացի նրանից, որ շատ վրացիներ երբեք չեն եղել Հայաստանում, մեր երկրում քչերը պատկերացում ունեն հայկական մշակույթի, պատմության, գրականության մասին։ Իհարկե, դա ձեռնտու է միայն մեր թշնամիներին։
Դուք նշեցիք խորհրդային ժամանակաշրջանը, բայց ես, պատմաբան լինելով, կարծում եմ, որ խորհրդային ժամանակաշրջանը իրականում խիստ պառակտել է մեր հասարակությունները։
-Բայց կան նաեւ լավ օրինակներ։ Օրինակ, այս ամռանը, երբ Վրաստանի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ խաղում էր Եվրոպայի առաջնությունում, Հայաստանում շատերն անկեղծորեն երկրպագում էին ձեր թիմին։
-Այո, իհարկե, գիտեմ այդ մասին։ Եվ ձեր այդ վերաբերմունքը այստեղ մեծ համակրանք էր առաջացրել։
Գուցե ասածս տարօրինակ թվա, բայց Վրաստանին ու Հայաստանին չի բավականացնում այն տարածքը, որտեղ մենք ապրում ենք։ Այն իմաստով, որ մեր ներուժն ավելի մեծ է, քան այն տարածությունը, որտեղ մենք կարող ենք այն իրացնել։ Մենք հաճախ էինք մեզ դրսեւորում, երբ մեր երկրները տարբեր կայսրությունների մաս էին կազմում։ Իսկ այսօր Եվրոպան եւ Արեւմուտքը մեզ ինքնադրսեւորվելու հնարավորություն են տալիս ՝ կայսրությունների մաս չդառնալով եւ մեր ինքնությունը պահպանելով։
Լաշա Բաքրաձեի հետ զրուցել Արա Թադեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: