Դավիդ Ապրասիձե. «Ռուսական ազդեցության աճը Վրաստանում դժվար գոհացնի Ադրբեջանին եւ Թուրքիային» - Mediamax.am

exclusive
1156 դիտում

Դավիդ Ապրասիձե. «Ռուսական ազդեցության աճը Վրաստանում դժվար գոհացնի Ադրբեջանին եւ Թուրքիային»

Դավիդ Ապրասիձեն
Դավիդ Ապրասիձեն

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Իլիայի պետական համալսարանի (Ilia State University) քաղաքական գիտությունների պրոֆեսոր Դավիդ Ապրասիձեի հետ:

 

(Հարցազրույցը ձայնագրվել է Թբիլիսիում 2024 թվականի նոյեմբերի 25-ին՝ նախքան Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկը):

 

- Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ այսպես կոչված «ռազմավարական շրջադարձն» ավարտված գործընթաց է, թե՞ դեռ կարելի է վերադառնալ նախկին ուղուն:

 

- Կարծում եմ, որ հնարավորություն դեռ կա: Բայց՝ ռացիոնալ դատելով, ի՞նչ կարող ենք սպասել: Իրականում, շանսերը բավական փոքր են:

 

«Վրացական երազանքը» հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին, բայց բողոքի ցույցերը եւ դիմադրությունը համեմատաբար թույլ են: Չեմ ցանկանում մեղադրել ընդդիմությանը՝ նրա թույլ եւ բաժանված լինելը ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ:

 

Վրաստանը նախկին ուղուն վերադարձնելու միակ շանսը շատ ուժեղ պատժամիջոցների կիրառումն է, արտաքին ճնշման գործադրումը, նոր իշխանություններին չճանաչելը, առանց վիզայի ռեժիմի դադարեցումը եւ այլն: Բայց ես չեմ ակնկալում, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, քանի որ աշխարհում առանց մեզ էլ բավականին շատ խնդիրներ կան: Մենք սիրում ենք մտածել, որ աշխարհի կենտրոնն ենք, բայց դա այդպես չէ:

 

Մեկ այլ տարբերակ կարող է լինել այն, որ «Վրացական երազանքը» եվրոպացիներին ասի. «Եթե ուզում եք, կարող ենք վերսկսել գործընթացը, բայց մեր պայմաններով»:

 

Այսպիսով, կարծում եմ, որ մենք կմնանք անորոշության վիճակում: Եվ սա հենց այն է, ինչը ցանկանում է Բիձինա Իվանիշվիլին: Այնպես որ, եթե ցնցող աշխարհաքաղաքական փոփոխություններ չլինեն, Վրաստանը կմնա որոշ իմաստով բուֆերային տարածք Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ:

 

- Հարավային Կովկասը այսօր շատ ավելի պառակտված է, քան 20-25 տարի առաջ: Այն ժամանակ Վրաստանը բացահայտորեն արեւմտամետ երկիր էր, թվում էր, որ Ադրբեջանն ավելի արեւմտամետ էր, քան ռուսամետ, իսկ Հայաստանը ռուսամետ էր համարվում: Այսօր կարծես Վրաստանն է դառնում ավելի ռուսամետ, Ադրբեջանն իրեն ինքնաբավ պետություն է համարում՝ նախագահ Ալիեւը քննադատում է Արեւմուտքին, ԵՄ-ին եւ Ֆրանսիան: Հայաստանը փորձում է ավելի եվրոպամետ դառնալ եւ նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: Որքա՞ն կարող է շարունակվել այս իրավիճակը:

 

- Ամբողջությամբ կիսում եմ Ձեր գնահատականը: Մտածում եմ, որ հնարավոր է՝ հենց աշխարհաքաղաքական սահմանափակումներն են «Վրացական երազանքին» դրդել նման որոշումների: Մյուս կողմից, դիտարկելով ներքաղաքական զարգացումները ժամանակի մեջ՝ մնում եմ այն համոզման մեջ, որ իրականում ամեն ինչ հանգում է իշխանությունը պահելու ցանկությանը: Այլապես Վրաստանի՝ Հայաստանի հետ «նույն ճամբարում» գտնվելը էապես կփոխեր տարածաշրջանի տրամաբանությանը:

 

Չեմ կարծում, որ այսօր մենք հնարավորություն ունենք ինքնուրույն որոշելու մեր ապագան կամ տեղը: Իսկ դա նշանակում է, որ որքան ավելի շատ ենք կտրում կապերը Արեւմուտքի հետ, այդքան ավելի շատ ազդեցություն է ստանալու Ռուսաստանը տարածաշրջանում: Ուստի, եթե իրավիճակը չփոխվի, ռուսական ազդեցությունն աճելու է:

 

Վրաստանը, թերեւս, ուղղակիորեն կմիանա ոչ թե ԵԱՏՄ-ին, բայց 3+3 ձեւաչափին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան-Մեդիամաքս), եւ աստիճանաբար կտեղափոխվի դեպի այդ ուղեծիր:

 

- Կա մեկ այլ գործոն՝ ոչ ոք չգիտի, թե որքան հեռու կգնան Հայաստանի իշխանությունները իրենց եվրոպամետ դիրքորոշմամբ: Ռուսական ազդեցությունը դեռեւս մեծ է. Հայաստանում կա ռուսական ռազմական բազա, շարունակվում է տնտեսական եւ էներգետիկ կախվածությունը: Բացի այդ, ինչպես նշեցիք՝ այսօր մեր տարածաշրջանը ԵՄ-ի առաջնահերթությունների թվում չէ, քանի որ ԵՄ-ն ունի բազմաթիվ այլ խնդիրներ, մասնավորապես, ԱՄՆ-ում Թրամփի մոտալուտ նախագահությունը:

 

Ի՞նչ եք կարծում, կարող է այս իրավիճակը խնդիրներ առաջացնել հայ-վրացական երկկողմ հարաբերություններում:

 

- Ես Հայաստանի արտաքին քաղաքականության փորձագետ չեմ, բայց բազմիցս նկատել եմ, որ Հայաստանը Վրաստանի նկատմամբ միշտ վարել է շատ ռացիոնալ քաղաքականություն: Անկախ նրանից, թե Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ ինչ փոփոխություններ են եղել, Հայաստանը միշտ ունակ է եղել հարմարվել դրանց:

 

Կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերություններում լարվածություն չի լինի: Որքան հասկանում եմ, երկու երկրների ղեկավարների միջեւ նաեւ անձնական կապեր կան, եւ դա կօգնի հարթել հնարավոր հարցերը:

 

- Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի վարչապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսել են մեր երկրների միջեւ ոչ միայն բարիդրացիական եւ բարեկամական, այլեւ ռազմավարական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին: Բայց տպավորություն ունեմ, որ դրանք ընդամենը հայտարարություններ են, որոնք իրական բովանդակությամբ չեն հիմնավորվում:

 

- Եթե երկու երկրները շարունակեն արեւմտյան ինտեգրման ճանապարհը, դա հիմք կդնի ռազմավարական հարաբերությունների համար, քանի որ ռազմավարական նպատակ կլինի, որին պետք է հասնել: Եթե ինչ-որ պահի արտաքին գործոնները թույլ տան Վրաստանին շարունակել արեւմտյան ուղին, ռազմավարական հարաբերությունների կարիք կառաջանա:

 

- Տնտեսապես եւ քաղաքականապես Ադրբեջանն ու Թուրքիան շատ կարեւոր են Վրաստանի համար: Կարո՞ղ է Վրաստանի կողմնորոշման փոփոխությունը ինչ-որ կերպ ազդել այդ երկրների հետ հարաբերությունների վրա:

 

- Կարելի է ասել, որ դա ավելի շատ ամրապնդող ազդեցություն կունենա: Դա էլ ավելի կամրացնի հարաբերությունները Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ հիմնական ուղերձը կլինի՝ «Արեւմուտքը հեռու պահենք տարածաշրջանի գործերից»: Այդուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն ողջունելու ռուսական ազդեցության աճը Վրաստանում: Ուստի, նրանք կաջակցեն Վրաստանին՝ որոշակի հավասարակշռություն պահպանելու հարցում: Իմ կարծիքով, երբ Վրաստանի իշխանությունները դիտարկում էին Եվրոպայից հեռանալու հնարավորությունը, նրանք, հավանաբար, հույս ունեին, որ Թուրքիան կլցնի առաջացող վակուումը:

 

- Իհարկե, լավ է, երբ Հայաստանի եւ Վրաստանի կառավարություններն ու քաղաքական գործիչները լավ հարաբերություններ ունեն: Բայց այսօր մեզ պակասում են շփումները մարդկանց միջեւ: Հայերը հաճախ են այցելում Վրաստան ակնհայտ պատճառներով՝ զբոսաշրջություն եւ տրանզիտ: Բայց շատ վրացիներ Հայաստանում: երբեք չեն եղել: Երբեմն թվում է, որ նրանք քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտեն: Ի՞նչ եք կարծում, կառավարությունները պե՞տք է որոշակի դերակատարություն ստանձնեն մարդկանց շփումները խրախուսելու համար:

 

- Համաձայն եմ Ձեր դիտարկման հետ: Շատ տարիներ մենք կարծես անտեսել ենք մեր աշխարհագրությունը: Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է տեղի ունենում Ադրբեջանում: Կարծում եմ, սա կարելի է փոխել:

 

Ես աշխատում եմ համալսարանում, եւ կարծում եմ, որ կրթական հաստատությունները կարող են համագործակցել եւ, օրինակ, փոխանակման ծրագրեր կազմակերպել: Դա մեծ ծախսեր չի պահանջում: Կարելի է նաեւ փոխայցելություններ եւ փոխանակումներ նախաձեռնել նաեւ ավագ դպրոցի աշակերտների համար՝ դա նույնպես հնարավոր է:

 

Դավիդ Ապրասիձեի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին