Նիկոլայ Սիլաեւ. Մոսկվան չի ուզում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին - Mediamax.am

exclusive
13538 դիտում

Նիկոլայ Սիլաեւ. Մոսկվան չի ուզում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին

Նիկոլայ Սիլաեւը
Նիկոլայ Սիլաեւը

Լուսանկարը` Վալդայի ակումբ

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Ռուսաստանի ԱԳՆ ՄՀՊԻ (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ИМИ) առաջատար գիտաշխատող, Միջազգային գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւի հետ

 

-Վերջին ամիսներին հաճախ են ստեղծվում իրավիճակներ, երբ Ռուսաստանն ու Հայաստանը այս կամ այն ձեւով մատնանշում են հարաբերություններում առկա որոշ խնդիրները։ Միեւնույն ժամանակ, մնում է որոշակի թերասություն։ Քաղաքական կոռեկտության տեսանկյունից դա գուցե եւ լավ է, սակայն ինձ թվում է, որ հարաբերությունների որակի եւ անկեղծության տեսակետից դա իրականում ոչ թե օգնում, այլ խանգարում է։

 

-Իմ կարծիքով, պետությունների միջեւ հարաբերությունները չի կարելի նույնացնել մարդկանց հարաբերություններին։ Եթե մարդիկ որոշ անձնական հարաբերություններ ունեն, ապա կարեւոր է անկեղծ լինել: Եթե նրանք զուտ գործնական հարաբերությունների մեջ են, բավական է, որ ազնիվ լինեն իրենց մոտեցումներն ու շահերը ներկայացնելիս։ Ինչ վերաբերում է երկրների միջեւ հարաբերություններին, որոշակի կեղծավորությունը կարող է նույնիսկ օգտակար լինել, քանի որ եթե երկու երկրների քաղաքական դասերը սկսեն անկեղծորեն արտահայտել այն ամենը, ինչ մտածում են միմյանց մասին, ապա կարող են ասել այնպիսի բաներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեն զղջալ։

 

Չեմ կարող պնդել, որ ամբողջական պատկերացում ունեմ այն մասին, թե Ռուսաստանը հիմա ինչպես է նայում Հայաստանի հետ հարաբերություններին։ Այն կազմվում է գործընկերների, միջազգային հետազոտողների հետ զրույցների արդյունքում:   

 

Նախ՝ Ռուսաստանը ցանկանում է խուսափել Հայաստանում ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշվելուց։ Երկար տարիներ ռուսաստանյան քաղաքական շրջանակները եւ դիվանագետները ելնում էին նրանից, որ Մոսկվան ոչ մի դեպքում չպետք է ներգրավվի ներքաղաքական գործընթացներում։ Ինձ թվում է, որ այս դիրքորոշումը ճիշտ է։ Հայ հասարակության զգալի մասի աչքում մենք արդեն իսկ մեղավոր ենք Հայաստանում տեղի ունեցողի համար, ուստի ցանկություն չկա նոր փաստարկներ ավելացնել։

 

Երկրորդը՝ իհարկե, դրա հետ մեկտեղ կա որոշակի հիասթափություն առ այն, որ Հայաստանը, կոնսենսուսային գնահատմամբ, կարող է վերանայել իր արտաքին քաղաքական ուղենիշները։ Մոսկվայի տեսանկյունից, Արեւմուտքի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ հարաբերությունները Հայաստանի համար հիմա ավելի կարեւոր են, քան Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Միեւնույն ժամանակ, չկա զգացողություն, որ պետք է արագ ինչ-որ բան անել, ամեն գնով շտկել իրավիճակը։ Որոշակի հոգնածություն կա։ 2021 թվականի ամռանը-աշնանը կարծիք էի լսել, որ ռուս-հայկական հարաբերություններում բավարար չեն շփումները աշխատանքային մակարդակով։ Որքան հասկանում եմ, Հայաստանի ղեկավարության՝ նման շփումները նվազեցնելու կուրսը շարունակվում է։ Պայմանական ասած, փոխվարչապետերի մակարդակով կարող են լինել հիանալի զրույցներ, սակայն արդյունավետ աշխատանքի համար պետք է ստեղծվեն շփումներ աշխատակազմերի, այս կամ այն թեմայում անմիջականորեն առնչվող մարդկանց մակարդակով։

 

- Պատերազմից հետո Ռուսաստանի համար Հայաստանի դերի վերաբերյալ երկու տեսանկյուն կա։ Առաջինի համաձայն՝ Հայաստանի կարեւորությունը Ռուսաստանի համար նվազել է։ Դուք հակառակ տեսակետի կողմնակից եք եւ հայտարարել էիք, որ Հայաստանի դերը Ռուսաստանի համար մեծացել է։ Եթե փորձենք ձեւակերպել, ո՞րն է այսօր Հայաստանի հիմնական նշանակությունը Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությունները։

 

-Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որը Ռուսաստանի դաշնակիցն է՝ բառի բուն իմաստով։ Ես չեմ մոռացել 2022 թվականին ստորագրված Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը, բայց բովանդակային առումով Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն կարող համեմատվել Հայաստանի հետ հարաբերությունների հետ, քանի որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազան, մենք ունենք ՀՕՊ ընդհանուր համակարգ, ՀԱՊԿ եւ շատ ավելին։

 

2020 թվականի նոյեմբերից հետո Ռուսաստանը ավելի շատ է ներգրավված ղարաբաղյան հակամարտության մեջ, քան երբեւէ։ Ռուսաստանի հեղինակությունը կախված է նրանից, թե ինչպես կշարունակվի կարգավորումը, ինչպես կպահպանվի խաղաղությունը եւ որքանով արդյունավետ կլինեն ռուսական խաղաղապահ ջանքերը։ Ռուսական խաղաղապահ առաքելության ջանքերով Ղարաբաղում խաղաղություն պահպանելն անհնար է, եթե չես հիմնում Հայաստանի հետ լավ հարաբերությունների վրա։ Մյուս կողմից, թե որքանով է Հայաստանն ինքը պատրաստ աջակցելու այս խաղաղապահ ջանքերին, ոչ միայն առաքելությանը, այլ ընդհանուր առմամբ խաղաղապահ ջանքերին, դեռ բաց հարց է, եւ դա այն անորոշության աղբյուրներից մեկն է, որն առկա է ռուս-հայկական հարաբերություններում։

 

- Վերջերս նշել էիք, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը փորձում են այնպես անել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ պայմանավորվեն ինչ-որ բանի շուրջ՝ դրանով Ռուսաստանին դուրս մղելով գործընթացից: Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ տեխնիկապես:

 

-Այո, կարծում եմ, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դիրքորոշումն այն է, որ ինչ-որ բան պետք է հնարավորինս շուտ ստորագրվի։ Եթե այն արագ ստորագրվի, ապա այդ «ինչ-որ բանը» կլինի Ադրբեջանի համար ավելի շահեկան պայմաններով՝ պարզապես այն պատճառով, որ հիմա այդպիսին ուժերի հարաբերակցությունը։ Եվ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ ԵՄ-ն, չնայած Հայաստանին աջակցելու մասին Ֆրանսիայի հայտարարություններին, մտադիր չեն Ադրբեջանից պահանջել Լեռնային Ղարաբաղի հայերի շահերի ապահովումը։

 

Ինչպե՞ս է Ադրբեջանը տեսնում խաղաղության պայմանագիրը եւ ընդհանրապես կարգավորման գործընթացը։ Ստորագրվում է փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում։ Ըստ էության, դրանով ամեն ինչ ավարտվում է. Ադրբեջանին այլ բան պետք էլ չէ։

 

Վարչապետի կողմից հայտարարված Երեւանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման պայմանով։

 

- Դուք քննադատաբար եք արտահայտվել այս երաշխիքների մասին։

 

- Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանց բոլոր իրավունքները երաշխավորված են Ադրբեջանի Սահմանադրությամբ։ Դրան կարելի է ավելացնել մի փոքր «կոսմետիկա», օրինակ, որ Ադրբեջանը միանում է փոքրամասնությունների իրավունքների միջազգային կոնվենցիաներին եւ այլն։ Իսկ հետո՞։

 

Ռուսաստանն իր նորագույն պատմության ընթացքում բախվել է անջատողականության խնդրին։ Մենք մի երկիր ենք, որը պատերազմել է իր տարածքային ամբողջականության համար։ Մյուս կողմից, Ռուսաստանը փրկվել է էթնիկ ազգայնականության հետխորհրդային անեծքից, որն առկա է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ, երեւի, Բելառուսի: Չի կարելի ասել, որ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ մեզ համար բացարձակապես անհնար է։ Տեսականորեն Բաքուն կարող է պայմանավորվել Ղարաբաղի հայերի քաղաքական ներկայացուցիչների հետ, թե ինչպես են նրանք ապրելու մեկ պետության մեջ։ Այսինքն՝ ռուսական տեսանկյունից բացառիկ ու ցնցող բան չէ, երբ տարբեր էթնիկ խմբեր գոյակցում են մեկ պետության մեջ։ Բայց երբ Ադրբեջանի ամենաբարձր ամբիոններից ասում են, որ այստեղ երբեք հայեր չեն ապրել, հայկական եկեղեցիներ ու գերեզմաններ չեն եղել, այդ ամենը հորինված է, ինչպե՞ս կարող են մարդիկ արձագանքել։ Արդյո՞ք կուզենան նույն պետությունում ապրել։ Բնականաբար, չեն ուզենա։

 

-Միեւնույն ժամանակ, տեսնում ենք փոքր-ինչ իրարամերժ պատկեր՝ բանակցությունների որոշ փուլերը տեղի են ունենում Մոսկվայում, որոշները՝ Վաշինգտոնում կամ Բրյուսելում։

 

- Եկեք դիտարկենք, թե ինչպես էր զարգանում իրավիճակը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվում է եռակողմ հայտարարությամբ, տարածքներ թողնելով եւ խաղաղապահների տեղակայմամբ։ Հետագա մեկուկես տարին բանակցություններում զարգացում չի գրանցվում։ Մեկուկես տարի անց սկսվում է ՀՌԳ-ն («հատուկ ռազմական գործողություն». այսպես են պաշտոնապես անվանում ուկրաինական պատերազմը Ռուսաստանում -խմբ.), քիչ հետո Ղարաբաղում սրացում է լինում՝ Փարուխի դեպքերը, եւս վեց ամիս հետո՝ Ջերմուկի վրա հարձակումը, որից հետո գործընթացին միանում են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը։ Դրան հետեւում է հայտարարություն, որ հայերը պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ երաշխիքների դիմաց, եւ կրկին՝ լռություն: Եթե փորձենք ինչ-որ տրամաբանություն գտնել այս իրադարձությունների միջեւ, ապա ի՞նչ կտեսնենք։ Ակնհայտ է, որ բանակցությունները կանգ էին առել 2022 թվականի սկզբին։ ՀՌԳ-ի պայմաններում Բաքուն որոշեց, որ հնարավոր է մեծացնել ուժային ճնշումը Հայաստանի վրա։ Մեծացրեցին. Փարուխը, Հայաստանի տարածքի վրա հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը։

 

Մեծացրեցին եւ ի՞նչ ստացան: Ստացան Հայաստանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագրի հետ, եւ Փաշինյանի հայտարարությունը, բայց միայն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը իրավունքների երաշխավորման դիմաց։ Այսքանը: Հետո տեսնում ենք, որ բանակցությունները կրկին կանգ են առել։ Գուցե լավատես եմ, բայց ենթադրում եմ, որ ուժային ճնշման ազդեցությունը, որը կար նախկինում, սպառվել է, եւ արդեն անհնար է ստիպել Հայաստանին գնալ որեւէ զիջման։ Հարց է առաջանում՝ կլինի՞ ճնշումների հերթական փուլ։ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների վերջին բանակցությունների ամենակարեւոր թեման, իմ կարծիքով, վերաբերում էր հենց այն բանին, թե ինչ է լինելու հետո՝ Հայաստանի վրա Ադրբեջանի ուժային ճնշման տեսանկյունից։ Եվ Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացման մասին հայտարարությունը որոշակի ազդանշան էր։

Լուսանկարը` Վալդայի ակումբ

Դժվար է լուծել մի մեծ տերության սահմանների մոտ երկար տարիներ գոյություն ունեցող հակամարտությունը, եթե կարգավորմամբ զբաղված են եւս մի քանի այլ մեծ տերություններ՝ որոնք առաջինին ոչինչ չեն հարցնում եւ ընդհանրապես անտեսում են նրա մոտեցումները։ Իսկ նրանք հենց դա են անում։ Նրանք ցանկանում են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը՝ շրջանցելով Ռուսաստանը։ Տեսնենք, թե ինչ կստացվի։

 

- Համաձա՞յն եք այն թեզի հետ, որ Հարավային Կովկասում հետագա զարգացումները մեծապես կախված են նրանից, թե ինչպես կավարտվեն պատերազմն Ուկրաինայում եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի դիմակայությունը։

 

-Այդ դիմակայությունը գլոբալ բնույթ է կրում։ Այն զարգանում է տարբեր տարածաշրջաններում, եւ, ցավոք, այն, ինչ տեղի է ունենում վերջին ամիսներին՝ բանակցությունների այս մրցակցությունը, ընդամենը փորձ է Արեւմուտքի կողմից շարունակել այս դիմակայությունը՝ տեղափոխելով այն Հարավային Կովկաս։ Այստեղ հայտնվել է դիմակայության եւս մի օջախ, որն այնքան սուր չէ, բայց կա։

 

Պետք է ընդունել, որ ՀՌԳ-ն մեծապես փոխել է հակամարտության կարգավորման պայմանները եւ Ռուսաստանի հնարավորությունների կառուցվածքը։ Բայց ես չէի ասի, որ դրա ավարտով ամեն ինչ կկարգավորվի։ Դա այդպես չէ։ Այո, ՀՌԳ-ն մի օր կավարտվի Ռուսաստանի հաղթանակով եւ իր նպատակների իրագործմամբ, սակայն իրավիճակը Հարավային Կովկասում ավտոմատ կերպով ավելի կայուն չի դառնա։

 

Նիկոլայ Սիլաեւի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Հարցազրույցը պատրաստվել է Tufenkian Foundation-ի հետ համատեղ նախագծի շրջանակներում։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին