Թոմաս Գրեհեմ. Ուկրաինան կազդի ռուս-թուրքական հարաբերությունների ողջ համալիրի վրա - Mediamax.am

exclusive
23092 դիտում

Թոմաս Գրեհեմ. Ուկրաինան կազդի ռուս-թուրքական հարաբերությունների ողջ համալիրի վրա

Թոմաս Գրեհեմը
Թոմաս Գրեհեմը

Լուսանկարը` Council on Foreign Relations

Լուսանկարը`


2022թ. հունվարին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի հարցերով նախկին ավագ տնօրեն, ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Թոմաս Գրեհեմը (Thomas E. Graham) կարծիք էր հայտնել, որ Կովկասում հակամարտությունների կարգավորումը պետք է ներառվի եվրոպական անվտանգության խնդիրների համապարփակ քննարկման գործընթացում։

 

Մեդիամաքսը Թոմաս Գրեհեմի հետ զրուցել էր փետրվարի 23-ին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից մեկ օր առաջ:

 

- Հունվարին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում դուք առաջարկել էիք Կովկասում հակամարտությունների կարգավորումը ներառել եվրոպական անվտանգության խնդիրների համապարփակ քննարկման գործընթացում։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ Ադրբեջանը ծավալում է ռազմական գործակցությունը Թուրքիայի հետ, որքանո՞վ է իրատեսական ակնկալել, որ տարածաշրջանի երկրները կկարողանան ընդհանուր մոտեցումներ ձեւավորել անվտանգության ոլորտում։

 

-Հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը կցանկանան մասնակցել ավելի լայն եվրոպական անվտանգության համակարգում, ինչպես դա եղել էր նախկինում։ Մասնակցությունը կպահանջի այն սկզբունքների ընդունումը, որոնց վրա հիմնված կլինի նոր համաձայնությունը, որը, ինչպես ես եմ առաջարկում, կներառի սառեցված հակամարտությունների կարգավորման սկզբունքներ։ Ավելին, ՆԱՏՕ-ի երկրները, Թուրքիան եւ Եվրոպայում ՀԱՊԿ-ի անդամ երկրները կդառնան այս ավելի լայն կարգավորման մասը։ Այսպիսով, այն փաստը, որ կովկասյան երեք երկրները փնտրում են անվտանգության տարբեր գործընկերություններ, չի բացառում նրանց մասնակցությունը ՆԱՏՕ-ի անդամների, ՀԱՊԿ-ի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված անվտանգության ընդհանուր մոտեցման մեջ:

 

- Համաձա՞յն եք այն տեսակետին, որ 2020 թվականի պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը շատ է փոխվել, եւ Թուրքիան հնարավորություն է ստացել ուղղակիորեն գործել տարածաշրջանում՝ խախտելով Ռուսաստանի հեգեմոնիան։

 

- Թուրքիան Հայաստանի հետ հակամարտությունում կարեւորագույն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին եւ շարունակում է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանում։ Ոչինչ չի վկայում այն մասին, որ Անկարան ծրագրում է նահանջել մի վայրից, որը համարում է իր կենսական շահերի տարածաշրջան: Դա նշանակում է, որ Ռուսաստանն այլեւս հեգեմոն չէ Կովկասում։

 

- Ե՛վ 2020 թվականի պատերազմի ժամանակ, եւ՛ դրանից հետո Վլադիմիր Պուտինն ամեն կերպ խուսափում էր ռուս-թուրքական հնարավոր առճակատումից հարավկովկասյան տարածաշրջանում եւ, ոմանց կարծիքով, նույնիսկ «Հայաստանը զոհաբերեց դրա համար»։ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների սրումը այլ «ճակատներում», օրինակ՝ Ուկրաինայի շուրջ, կարո՞ղ է ազդել Հարավային Կովկասում նրանց փոխգործակցության վրա։

 

-Ուկրաինայի շուրջ աճող առճակատումը կազդի ռուս-թուրքական հարաբերությունների ողջ համալիրի վրա։ Կարծում եմ, որ դա կբարդացնի երկկողմ հարաբերությունները կառավարելու ջանքերը բոլոր մյուս ոլորտներում, որտեղ երկու երկրների շահերը տարբերվում են, ներառյալ Լիբիան, Սիրիան եւ Հարավային Կովկասը: Եվրոպական անվտանգության համապարփակ կարգավորումը կօգնի նվազեցնել Հարավային Կովկասում արտաքին ուժերի միջեւ մրցակցության բացասական հետեւանքները՝ այդ մրցակցությունը ռազմականից տեղափոխելով քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներ:

 

- «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում դուք նաեւ ասել էիք, որ հանրաքվեները կարող են դառնալ հակամարտությունների կարգավորման կարեւոր մասը։ «Դրանք հնարավորություն կտան վստահորեն հասկանալ, թե ինչ են ուզում վիճելի տարածքներում ապրող մարդիկ։ Այնուհետեւ անհրաժեշտ է մշակել մի շարք քաղաքական եւ տեխնիկական պայմանագրեր, որոնց համաձայն կկարգավորվեն հիմնական եւ հեռացող մասերի միջեւ առկա խնդիրները», - ասել էիք դուք։ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեն վերջին 2 տասնամյակների ընթացքում եղել է միջազգային միջնորդների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին արված տարբեր առաջարկների առանցքային բաղադրիչներից մեկը։ Եթե Ադրբեջանը հրաժարվեց հանրաքվեի գաղափարից պատերազմից առաջ, ապա ի՞նչը կդրդի նրան համաձայնվել հանրաքվեի պատերազմից հետո, որում նա ոչ միայն վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր շրջանները, այլեւ վերահսկողության տակ առավ բուն Արցախի մի մասը։

 

- Մասնակցությունն ավելի լայն եվրոպական անվտանգության կարգավորմանը կպահանջի Ադրբեջանից հարգել հիմնական սկզբունքները: Եթե կարգավորումը ներառեր սառեցված հակամարտությունները լուծելու իմ կողմից արված առաջարկը, ապա Բաքուն ստիպված կլիներ գնալ հանրաքվեի, այլապես դուրս կմնար այս ավելի լայն կարգավորումից։ Դա նրան անվտանգության առումով շատ ավելի խոցելի կդարձներ: Այնպես որ, Բաքուն ստիպված կլինի բարդ ընտրություն կատարել։ Սակայն եվրոպական անվտանգության համակարգին միանալու գինը կլինի Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու համաձայնությունը։

 

Թոմաս Գրեհեմի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին