Կան արտիստներ, որոնց ֆիլմերում, հաղորդումներում, բեմի վրա տեսնելիս հասկանում ես, որ նրանց դեռ պետք է բացահայտել, որ նրանց հնարավորությունների սահմանը այդքանով չի վերջանում…Դերասան, երգիչ, հաղորդավար Խորեն Լեւոնյանը թվում է, թե հաճախ է երեւում ֆիլմերում եւ բեմերում, այնինչ թե՜ թատրոնում, թե՜ կինոյում, կարծում եմ, կան դերեր, որ պետք է ավելի լիարժեք բացահայտեն դերասանի հնարավորությունները: Հիմա, սակայն, իր ապրումներն ու մտահոգությունները դերասանը փորձում է ներկայցնել երգով:
- Վերջերս թատերական ներկայացումներում հանդես չեք գալիս, ավելի շատ հեռուստատեսությունում եք, կամ սերիալներում եք նկարահանվում: Չե՞ք ուզում թատրոն վերադառնալ:
- Սունդուկյանի թատրոնում էի աշխատում, հետո ժամանակի սղության պատճառով դուրս եկա: Իսկ սերիալներում արդեն երկու տարի է չեմ նկարահանվել: Դեռ հետաքրքիր առաջարկներ չկան: 2020 թվականից հետո ինձ համար շատ բան է փոխվել: Հիմա ինչով էլ որ զբաղվեմ, ուզում եմ նվիրված լինի մեր պայքարին`այն խնդիրներին, որ մեր երկրում առկա են: Ուզում եմ այդ ուղղությամբ շարունակել, մնացած բաներն այս պահին ինձ խորթ են թվում: Չեմ կարողանում ուրիշ բանի վրա կենտրոնանալ:
-Այնուամենայնիվ, թատրոն վերադառնալու մասին մտածո՞ւմ եք եւ կա՞ դեր, որ կուզեիք խաղալ:
- Նախ, թատրոնները պետք է պետական պատշաճ հովանավորություն ստանան: Ամոթ է, երբ ամենացածր աշխատավարձը ստանում են դերասանները: Դերասաններն էլ երեխաներ ունեն, որոնց կարիքները պետք է հոգան, այնինչ ստանում են 90-120 հազար դրամ աշխատավարձ: Ցանկացած ֆուտբոլային ակումբի պահեստային խաղացող 4 անգամ ավելի շատ է ստանում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Բավականին շատ դերեր կան, որ կուզեի խաղալ թատրոնում: Եթե Աստված հաջողի եւ ֆինանսական ներդրում կամ հովանավորություն լինի, այդ դեպքում կփորձեմ մի քանի բան անել թատրոնում: Բայց այս պահին չեմ կարող ոչինչ հստակ ասել, ոովհետեւ հիմա իմ մտքում ուրիշ բան է: Ես նպատակ եմ դրել իմ առաջ, եւ ուրիշ բան աչքիս չի գալիս:
-Ո՞րն է այդ նպատակը:
- Մեր խմբի տղաների` Տիգրան Աթայանի, Իշխան Ղարիբյանի հետ ստեղծել ենք երգեր, որոնք ես փորձեցի ի մի բերել: Ընթացքում հասկացա, որ ասելիք շատ կա, որ այդ ամենը իրոք իմն է: Մեկ տարվա երկար աշխատանքից հետո ալբոմ թողարկեցինք, որը լույս տեսավ հոկտեմբերի 27-ին: Այժմ տեսահոլովակների եւ համերգների վրա ենք աշխատում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխատում ենք նաեւ փաստավավերագրական ֆիլմի վրա, որը կոչվելու է «Հույս»: Ֆիլմն այն 6 տղաների մասին է, որոնք շրջափակման մեջ էին մնացել եւ մյուս 6-ի, որոնք զոհվեցին: Հետաքրքիր բաներ ենք մտածել, ուզում ենք մեր ասելիքը ներկայացնել: Այդ երգերն էլ կլինեն ֆիլմում:
- «Հույս» երգը մեծ արձագանքներ ունի:
- «Հույսը» երեւի ամենամեղմ տարբերակն է, մնացածը ավելի չոր են եւ ավելի պինդ. ոչ մի նվնվոց:
Վերջերս նկատում եմ, որ դեպի լաց տանող երգեր են ծնվում եւ ես որոշեցի այլ ճանապարհ ընտրել, որպեսզի բացը լրացնեմ: Պետք է ուժեղ ու պինդ երգեր լինեն, որոնք գուցե մտածելու եւ տխրելու տեղիք տան, բայց նաեւ ոգի բարձրացնեն ու ամրացնեն:
Ալբոմը սկսում է մեր մանկությունից` 1992 թվականից: Դրանք ուղղակի երգեր չեն, նրանցում գեղարվեստական ֆիլմին բնորոշ գծեր կան: Երգերն էնպես եմ հավաքել, որ ունենան սկիզբ, ընթացք եւ զարգացում: Պետք է առաջինից մինչեւ ութերորդը լսես այդ երգերը, որ մտքիդ թելը չկտրվի եւ հասկանաս, թե ինչ ենք ուզում ասել:
- 2020 թվականը անդառնալի փոխեց բոլորիս՝ դո՞ւք ինչպես անցակացրեցիք այդ տարին:
- Տարվա առաջին կեսը՝ նորմալ, երկրորդ մասից հետո բոլորիս կյանքը փոխվեց: Ես նման վատ տարի չեմ ապրել: Փորձել եմ չհանրայնացնել, չբարձրաձայնել այն, ինչ իմ ուժերի ներածին չափով արել եմ այդ ընթացքում: Մենք անցանք այդ ամենի միջով եւ հիմա ժամանակն է, որ դասեր քաղենք եւ հասկանանք՝ մենք ինչ ենք ուզում, ինչ սերունդ ենք ուզում դաստիարակել, ինչպես մարդկանց սփոփենք: Պետք է շարունակել ապրել, բայց ո՞նց ապրել, ի՞նչ ուղղություն բռնել, ո՞ւր գնալ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ պիտի գտնենք:

Լուսանկարը` Մեդիամաքս
Չսպիացած վերքերով հանդերձ պետք է շարունակենք անել այն գործը, որը մեր հայրերն ու պապերն են սկսել. չթողնել այս երկիրը օտարանա: Մենք ինքներս մեզանից` մեր տեսակից չօտարանանք: Իրապես հայ լինենք ու մի մեծ ամուր ընտանիքի նման ապրենք:
- Երգում անկե՞ղծ եք, իրո՞ք հույս ունեք: Իրավիճակը երբեմն այնպիսին է, որ հույսի տեղ չի մնում:
- Ես իրապես ունեմ հույս, երգի մեջ այդ մասին հենց էնպես չի երգվում: Սա մի փուլ է, որը պետք է հաղթահարենք: Բառերը քիչ են ասելու, թե իմ հոգում ինչ կա այս պահին:
- Դերասաններ կան, որոնք հաճախ են հանրայնացնում իրենց տեսակետը ներքաղաքական իրավիճակի մասին: Երբեւէ չեմ լսել, որ դուք որեւէ տեղ արտահայտվեք:
- Ես փորձում եմ դա ավելի շատ գործով անել: Չգիտեմ, եթե ես խոսեի, դա ինչո՞վ կօգներ: Փոխարենը շատ ուրիշ բաներ եմ կարողացել անել: Դա է իմը:
- Ինչո՞ւ է հիմա միմյանց վիրավորելը այդքան հեշտ դարձել:
- Որովհետեւ մենք միշտ մի բան անում ենք` հետո ենք մտածում: Պետք է հերթականությունը փոխել: Հասկանալի է, բոլորն են հիմա վատ վիճակում, բոլորն էլ ավելի էմոցիոնալ են: Մի մասը փորձում է ելք գտնել, մի մասը՝ հանգիստ ապրել եւ ընդհանրապես բանի տեղ չդնել տեղի ունեցող իրադարձությունները, մի հատված էլ կա, որ նույնիսկ փորձում է օգտվել այս իրավիճակից: Այսօր համախմբվածության պակաս կա: Երեւի համախմբող միտքը չկա` միտք, որը բոլորին իր շուջը կհամախմբի: Մենք վերածվել ենք պառակտված մասսաների: Ցավոք, այս ամենը մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում արդեն տեսել ենք եւ անհրաժեշտ պահին չենք կարողացել մեկ բռունցք դառնալ:
- Ամեն ժամանակ իր պահանջներն ունի: Հիմա ի՞նչ ֆիլմի, ի՞նչ երաժշտության պահանջարկ եւ պակաս կա: Արդեն կարո՞ղ ենք 2020 թվականի պատերազմի մասին ֆիլմ նկարել:
- Երբ 2006 թվականին «Մի վախեցիր» հեուստասերիալում նկարահանվեցի, սկզբում ուրախացա, որ նման ֆիլմ կա պատերազմի մասին: Արձագանքները շատ էին: Հետո տխրեցի, որովհետեւ անցանք տասնամյակներ ու մենք 2 կամ 3 ֆիլմ ունեցանք պատերազմի մասին: Չկարողացանք մեր հերոսների մասին ֆիլմ նկարել, չկարողացանք սովորական երիտասարդ տղայի մասին պատմել, ով սխրանք է գործել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Ոչինչ չարեցինք:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք կարող էինք մշակույթով` թատրոնով, ֆիլմերով դաստիարակել լավ քաղաքացի, լավ հայ, լավ ծնող: Բայց մենք շարունակում ենք ոչինչ չանել:
Երեւի պատճառը խորը չմտածելու հետեւանք է: Մենք պետք է շատ ավելի հեռահար մտածենք, քան երկու-երեք ամիսն է: Գոնե 20-30 տարի պետք է աչքի առաջ ունենանք: Հրեաները մշակում են 100 տարվա ծրագիր, եւ երբ մեկը մահանում է, մյուսը գալիս է ու նրա կիսատ թողած տեղից շարունակում է առաջ տանել այդ գործը: Մենք կարճ ենք մտածում, այս ամենը նաեւ կարճ մտածելու հետեւանք է: Դա վերաբերվում է նաեւ հեռուստատեսային ոլորտին. այս պահին լավ է, ռեյտինգները բարձր են, փողը շատ է, մյուս անգամ հովանավորը ավելի շատ կտա: Իսկ թիրախը ովքե՞ր են, ովքե՞ր են նայում այդ հեռուստասերիալները` տնային տնտեսուհիները, որոնք այդ հոգեբանությամբ էլ երեխա են դաստիարակելու: Տարիներ անց նրանք այդ երեխաներին հասարակությանն են տալու:
Մենք ոչ մի բան չունենք: Չգիտենք՝ 15-րդ դարի հայը ի՞նչ միտք է ունեցել, չգիտենք՝ նրա գլխում ինչ է կատարվել, շարժուձեւը, հագ ու կապը ինչպիսին են եղել: Իսկ այդ ամենը կարելի է ներկայացնել ֆիլմերով: Իրականում մենք չգիտենք, թե ո՞վ ենք մենք: Մենք միայն 20-րդ եւ 21-րդ դարի հայն ե՞նք: Այնքան հիանալի ֆիլմեր կարելի էր նկարել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հաճախ եմ գնում Կոմիտասի անվան պանթեոն, ամենաթանկ տեղն է ինձ համար: Այնտեղ ննջում են մարդիկ, որոնք բազմաթիվ խնդիրներ են ունեցել միայն այն պատճառով, որ սիրել են իրենց հայրենիքը: Տառապել կամ պատժվել են միայն հայրենիքը սիրելու համար: Նրանցից յուրաքանչյուրի մասին գոնե մի գործ նկարված լիներ, մեր ուղեղները, ճաշակը, մեր վարքն ու բարքը այսօր հաստատ ուրիշ կլինեին:
- Մեր հասարակությունը գիտակցում է՝ ո՞վ էր Խորեն Աբրահամյանը, ինչ մասշտաբի դերասան էր:
- Ես հաճախ եմ մտածել այդ մասին: Մեր հասարակությունը ավելի շատ սիրում է այնպիսի արտիստի, ում կկարեկցի, կցավի նրա համար: Մենք չենք սիրում ուժեղ, վառ անհատականությունների, որոնք առաջնորդ են եւ որոնց ասածը պետք է ընկալենք եւ հետեւենք նրանց: Մեծ մասը մտածում է, որ ինքն էլ է արժանի, որ իր հետեւից գնան, իրեն լսեն: Մենք չենք կարողանում համախմբվել առաջնորդի, նրա մտքերի շուրջ:
Եթե ուշադիր նայենք Խորեն Աբրահամյանի ստեղծած կերպարներին, նրա ապրած կյանքին, նրա մտքերին, կտեսնեք, որ նա մեր ազգի մեծ առաջնորդներից մեկն էր:
- Ձեր միջեւ նմանություն տեսնո՞ւմ եք:
- Շատերն են ասում, որ նմանություն կա, բայց ես կարծում եմ, որ ասողներից շատերը նաեւ ուզում են, որ այդ նմանությունը լինի (ժպտում է-խմբ): Իրականում ես չեմ կարող իր պես լինել, որովհետեւ ինքը հզոր անհատ էր, ես ուրիշ տեսակ մարդ եմ: Ես դեռ ճանապարհ ունեմ անցնելու եւ այդ ճանապարհի վերջում, երբ շուռ գամ եւ հետ նայեմ` այդ ժամանակ կտեսնեմ՝ ո՞վ էի, ում էի նման, կամ նման չէի, ի՞նչ արեցի, ի՞նչ թողեցի ինձանից հետո:
- Ո՞րն է իսկական հայ տղամարդու տեսակը, որը կարելի է համարձակ ներկայացնել ֆիլմերում:
- Երեւի, դա այն մարդն է, ով անվերապահորեն սիրում է այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ, բարի է, ներողամիտ է, լավ քաղաքացի է: Գուցե դա է հայ տղամարդու լավագույն կերպարը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմա ամեն ինչ խառն է, մենք կարծես տասնյակ տարիներ հետ ենք գնացել, նորից շփոթվում ենք, նորից կորցնում ենք մեր ինքնությունը: Նորից մեզ կորցնում ենք, չենք հասկանում, թե ազգովի մեզ ինչպես պահենք: Սա էլ դաս է, որ մենք պետք է քաղենք եւ գուցե այդ պարագայում ձեւավորվի մեր ազգային դեմքը:
Կուզեի ֆիլմ նկարել սովորական երիտասարդ զինվորի մասին, ով հայտնի ընտանիքից չէ, մեծ անուն չունի, հասարակ տղա է` ավտոմատը ձեռին: Այդ տղերքին մենք չենք կարող մոռանալ: Դա նրանց հետ չի բերի, բայց գուցե հետ բերի մեր ազգային ինքնությունը: Ո՞վ ենք մենք, ո՞նց կարող էր 18-19 տարեկան տղան ավտոմատով զինվորական մեծ արսենալի դեմ կռվել: Մենք պետք է մտածենք ապագա սերունդների մասին: Գուցե հիմա ամեն ինչ խարխլված է, բայց եթե չենք ուզում, որ այդպես մի 20 տարի եւս շարունակվի, պետք է մտածենք՝ ովքեր ենք լինելու եւ ուր ենք գնալու:
Զրուցեց` Լենա Գեւորգյանը
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: