Վիլհելմ Հուգո. հզորանանք միասին - Mediamax.am

exclusive
26305 դիտում

Վիլհելմ Հուգո. հզորանանք միասին

Վիլհելմ Հուգոն
Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` ITTD

Լուսանկարը`


Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ- Deutsche Gesellschaft für Internationalle Zusammenarbeit) Հայաստանում սկսել է ծրագրեր իրականացնել 1990-ականների սկզբին: Այն ընդլայնել է ծրագրերը 1996 թվականին եւ 2002 թվականին Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) անունից բացել իր առաջին գրասենյակը Երեւանում:

 

ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը համատեղ նախագիծ է, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից եւ իրականացվում GIZ-ի կողմից: Ծրագիրը գործելու է մինչեւ 2023 թվականի մարտը: Ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 15 մլն եվրո: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը:

 

2020թ. ընթացքում ծրագիրը 45 ընկերությունների տրամադրել է կորոնավիրուսով պայմանավորված վերականգնման դրամաշնորհներ: Դրա շնորհիվ պահպանվել է ավելի քան 350 աշխատատեղ, ստեղծվել է 50 նոր աշխատատեղ, իսկ տեխնոլոգիական ոլորտում ստեղծվել է 13 ստարտափ: Նորարարական տուրիզմի 50 ձեռնարկություն այժմ պայմանագրային փուլում է:

 

Մենք զրուցել ենք ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի հետ:

 

Վիլհելմ Հուգոն, ով ավելի քան 5 տարի ապրում է Հայաստանում, ղեկավարում է ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար » (ITTD) նախագիծը 2020 թվականի հունիսից: Նախագիծն ընդլայնում է GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում եւ տեխնիկական մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (PSD TVET) ծրագրի նախորդ փորձը տեղական տնտեսական զարգացման եւ մասնավոր հատվածի աջակցության, ինչպես նաեւ տեխնոլոգիական եւ կրթական նախագծերի ոլորտներում:

 

«Հայաստանն ունի մեծ ներուժ՝ զարգացնելու նորարարական զբոսաշրջությունը եւ ուշագրավ ձեռքբերումներ ունենալ տեխնոլոգիայի ոլորտում: Մենք այստեղ ենք՝ աջակցելու երկու ոլորտների ձեռնարկատիրական լանդշաֆտին, կապ ստեղծելու  նրանց միջեւ եւ բարձրացնելու տնտեսության մակարդակը վերականգնման ճանապարհին»:

 

Հասնել կայուն արդյունքների

 

«Երբ տարիներ առաջ սկսեցինք այս նախագծի կոնցեպտուալացումը, հասկացանք, որ տեխնոլոգիայի եւ զբոսաշրջության ոլորտներն ունեն մեծ ներուժ եւ մեծ դեր են խաղում Հայաստանի տնտեսական աճի մեջ: Դրանք նաեւ քաղաքական գերակայություն են կառավարության համար:

 

Մեր ծրագրի մի մասը՝ «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» հատվածը, կենտրոնացած է ՓՄՁ-ների տրանսֆորմատիվ ստեղծման եւ զարգացման վրա` տնտեսական աճի դիվերսիֆիկացում ապահովելու համար: Այն աջակցում է ձեռնարկատիրական էկոհամակարգին եւ տեխնոլոգիական ձեռնարկություններին՝ ուղիղ դրամաշնորհների, ինչպես նաեւ գիտության, կրթության եւ բիզնեսի միջեւ նորարարական գործընկերության հաստատման միջոցով: Մենք հավատում ենք, որ դա կավելացնի տնտեսության նորարարությունը եւ կնպաստի բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը», - ասում է Վիլհելմ Հուգոն:

 

«Զբոսաշրջության բաղադրիչը նոր է ամփոփել դրամաշնորհային սխեմայի արդյունքները`1,5 մլն եվրո ընդհանուր բյուջեով: Այժմ զբոսաշրջության 50 նորարար ձեռնարկություն պայմանագրային փուլում է: Նրանցից յուրաքանչյուրն առաջարկելու պրոդուկտ ունի, որը կհարստացնի Հայաստանի զբոսաշրջային շուկան՝ այն դարձնելով ավելի նորարար եւ կայուն»:

 

Վերադարձ դեպի վերականգնման ուղի

 

«Հայաստանն իր այցելուներին շատ բան ունի առաջարկելու: Մինչեւ 2020 թվականի սկիզբը Հայաստանը գրավում էր միջազգային այցելուներին, հատկապես Եվրոպայից, որոնց թիվը կայուն կերպով աճում էր: Ցավոք, COVID-19-ը ծանր հարված հասցրեց երկրին եւ մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա, հատկապես՝ զբոսաշրջության ոլորտի: Այժմ մեզ պետք է արագ վերականգնվել, պետք է առաջ շարժվել, լավագույնս հարմարվել նոր իրականությանը, դառնալ ճկուն ու արագաշարժ եւ փնտրել նոր հնարավորություններ ու շուկաներ: Այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում», - նշում է Վիլհելմ Հուգոն:

Լուսանկարը` ITTD

ITTD-ն, ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, կազմակերպել եւ իրականացրել է մի շարք միջոցառումներ` միջազգային շուկայում Հայաստանի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Բոլորովին վերջերս, Զբոսաշրջության պետական կոմիտեն, ITTD-ի աջակցությամբ, կազմակերպեց «fvw DRV Destination Forum Armenien» միջոցառումը: Գերմանիայից Հայաստան էր եկել տուրօպերատորներ, տուրիստական գործակալներ, ավիաընկերություններ եւ մեդիա ընկերություններ ներկայացնող շուրջ 70 մասնակից:

 

Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնելու Հայաստանի մասին իրազեկվածությունը՝ որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն Գերմանիայում, ինչպես նաեւ ստեղծել տեղական զբոսաշրջության ոլորտի եւ պետական հաստատությունների հետ քննարկումների հարթակ ՝ գերմանական շուկայում Հայաստանի ներկայացվածությունը բարելավելու համար:

 

Միջոցառումը մեծ հաջողություն ունեցավ, եւ Վիլհելմ Հուգոն լիահույս է, որ դրա ազդեցությունը շուտով տեսանելի կլինի:

 

«Յուրաքանչյուր ճգնաժամ նոր մեծ հնարավորություններ է բերում: Երբ մենք սկսեցինք այս նախագիծը, չէինք կարող պատկերացնել, որ զբոսաշրջության եւ տեխնոլոգիայի համադրությունն այդքան արդիական կլիներ: Բայց ինչպես տեսնում եք հիմա, տեխնոլոգիաներն այնպես են ներթափանցել զբոսաշրջության ոլորտ, որ դարձել են դրա անբաժան մասը: Այսպիսով, հղում անելով մեր ծրագրի անվանը, նորարարական զբոսաշրջությունն ու տեխնոլոգիաների զարգացումը վճռորոշ նշանակություն ունեն: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք վերափոխվող եւ նորարարական զբոսաշրջության ձեռնարկությունների ու բարձր տեխնոլոգիաների եւ նորարար ձեռներեցների աջակցության ուղղությամբ:

 

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) եւ SAP-ի հետ համագործակցելով՝ ITTD-ն հիմնել է SAP Startup Factory-ն, որն արդեն հայտարարել է 51 դիմումներից 10 B2B թիմ ընտրելու մասին: Այժմ թիմերը 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագրի փուլում են եւ SAP-ի հետ ինտեգրվելու հիանալի հնարավորություն ունեն:

Վիլհելմ Հուգոն Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` ITTD

«ITTD-ն բերում է միջազգային ներդրողների՝ բարելավելով էկոհամակարգի որակը տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության զարգացման համար: Սա այն մոտեցումն է, որին մենք հետեւում ենք»,- ասում է Վիլհելմ Հուգոն:

 

Ներգնա զբոսաշրջությունը կարող է աճել

 

«Վստահ եմ, որ Հայաստանի զբոսաշրջության ներուժը դեռ լիովին բացահայտված չէ: Ինչպես ասացի, կորոնավիրուսը մարտահրավեր է, բայց նաեւ հնարավորություն: Այս առումով ես շատ ուրախ եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք ունեցանք ներգնա զբոսաշրջության զգալի աճ: Սա շատ կարեւոր է: Ընտանիքիս հետ միասին ես նույնպես շատ եմ ճանապարհորդում Հայաստանով եւ ուրախ եմ տեսնել տարբեր գյուղերում զբոսաշրջային նոր ձեռնարկություններ եւ նոր ծառայություններ: Մեր նախագիծը աջակցել է զբոսաշրջության բազմաթիվ նորարարական ձեռնարկություններին, որոնք այժմ մատուցում են շատ ավելի որակյալ ծառայություններ: Կարեւոր է նաեւ ապահովել անհրաժեշտ անվտանգության միջոցառումները կորոնավիրուսից պաշտպանվելու համար»:

 

«Հայաստանը կատարյալ վայր է արկածային զբոսաշրջության համար, քանի որ ֆանտաստիկ լեռներ ունի: Հենց հիմա մենք աշխատում ենք արկածային զբոսաշրջության նախագծի վրա: Գերմանական սերտիֆիկացման գործակալությունը կփորձարկի արկածային տուրիզմի ենթակառուցվածքները եւ կվավերացնի դրանք, ինչը կարեւոր պայման է միջազգային զբոսաշրջիկների  համար: Զբոսաշրջիկները պետք է վստահ լինեն, որ սա ապահով վայր է, եւ որ նրանք կարող են այստեղ հանգիստ նստել, քեմփինգ անել, սար բարձրանալ», - ասում է Վիլհելմ Հուգոն:

 

Ի՞նչն է ապագան

 

«Այժմ ITTD-ն Creative Armenia հիմնադրամի եւ Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիայի հետ համատեղ մշակում է զբոսաշրջության զարգացման նորարարական ուղիներ: Խթանելով արվեստի եւ ստեղծագործական ոլորտի բիզնեսի բաղադրիչը՝ մենք կարող ենք նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Ստեղծագործական ոլորտը երկիր է բերում արվեստի տոնավաճառներ, ցուցահանդեսներ, տարբեր փառատոններ եւ զանգվածային այլ միջոցառումներ, ինչն իր հերթին ապահովում է նոր զբոսաշրջիկների հոսք եւ գրավում նոր շուկաներ:

Վիլհելմ Հուգոն Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` ITTD

ITTD-ն նաեւ աջակցում է Զբոսաշրջության պետական կոմիտեին՝ Հայաստանի նոր պաշտոնական կայքը որպես զբոսաշրջության ուղղություն եւ Հայաստանի բրենդավորումը զարգացնելու գործում: Համագործակցության ծրագրեր են իրականացվում Հայաստանի զբոսաշրջության եւ քաղաքաշինության հիմնադրամի (TUF) հետ՝ Գյումրիում եւ ՔՈԱՖ-ի (COAF) հետ Լոռիում:

 

«Հայաստանն ունի գաստրո եւ գինու տուրիզմի մեծ ներուժ, որը շատ հայտնի է աշխարհում: Ի՞նչն է ամենակարեւորը գինու զբոսաշրջության մեջ: Գինու որակը: Եթե ունեք բարձրորակ ապրանք, կարող եք այն վաճառել, եւ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ կգան Հայաստան: Զբոսաշրջության մեկ այլ կարեւոր բաղադրիչը սպասարկումն է: Այս առումով մենք այն քչերից ենք, ովքեր որդեգրել են ամբողջական մոտեցում: Մենք կենտրոնանում ենք եւ՛ որակի, եւ՛ սպասարկման վրա՝ ապահովելով, որ դրսից եկող զբոսաշրջիկը գտնի ոչ միայն ամենաորակյալ գինին, այլեւ հիանալի ծառայություն»,- նշում է Վիլհելմ Հուգոն:

 

Վիլհելմ Հուգոն կարծում է, որ ճգնաժամը ճիշտ ժամանակ է ապագան ուսումնասիրելու համար: «Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա կրթական հարթակի միջոցով աջակցում ենք զբոսաշրջության ոլորտի բոլոր խանդավառ ձեռնարկատերերին, որպեսզի նրանք կարողանան բարձրացնել իրենց ձեռնարկությունների որակը եւ կյանքի կոչեն նորարարական գաղափարներ: «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի մասը կենտրոնացած է զբոսաշրջության ընդլայնված առաջարկների զարգացման վրա, հատկապես՝ հյուսիսային շրջաններում, ինչը բերում է լավ աշխատատեղերի եւ կայուն բիզնեսի ստեղծմանը»:

 

Վիլհելմ Հուգոյի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին