Օլեգ Ստորոժենկո. Հոգեկան առողջության խնդիրները պետք է բարձրաձայնվեն - Mediamax.am

exclusive
18614 դիտում

Օլեգ Ստորոժենկո. Հոգեկան առողջության խնդիրները պետք է բարձրաձայնվեն

Օլեգ Ստորոժենկոն
Օլեգ Ստորոժենկոն

Լուսանկարը`


Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 10-ը նշվում է ոչպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: Այդ առիթով զրուցել ենք Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոյի հետ:

 

- Ի՞նչ խորհուրդ ունի Հոգեկան առողջության համաշխարհային օրը։

 

- Նպատակը ամբողջ աշխարհում հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու ներուժի կենտրոնացումն  է` ի աջակցություն հոգեկան առողջության:

 

Այն հնարավորություն է ընձեռում հոգեկան առողջության խնդիրներով զբաղվող բոլոր շահագրգիռ կողմերին խոսել իրենց աշխատանքի եւ հետագա ծրագրերի մասին, որոնք կբարձրացնեն հոգեկան առողջության ծառայությունների որակն ու հասանելիությունը ամբողջ աշխարհում:

 

Այս միջոցառումը համախմբում է կառավարությունների, որոշում կայացնողների, հոգեկան առողջության առաջնորդներն, ծառայություն մատուցողների, ծառայություններից օգտվողների եւ այլ գործընկերների ջանքերը `բարելավելու հոգեկան առողջության ոլորտի քաղաքականությունն ու գործելակերպը ամբողջ աշխարհում:

 

- Ինչո՞ւ է այդքան կարեւորվում հոգեկան առողջությունը։ Կարծես թե մենք հիմա ավելի լուրջ ու գլոբալ մարտահրավերներ ունենք առողջապահության ոլորտում։

 

- Հոգեկան առողջությունը կենսական խնդիր է մեր փոփոխվող աշխարհում։ Այսօր մեր տվյալները փաստում են, որ հաշմանդամությամբ ապրած 5 տարիներից 1-ի  պատճառը հոգեկան առողջության խնդիրներն են:

 

Հոգեկան առողջության հարցը ավելի կենսական է դառնում, երբ մարդիկ բախվում են արտակարգ իրավիճակների, ինչպիսիք են COVID-19 համավարակը կամ զինված հակամարտությունները: Շատ գործոններ կարող են ազդել անհատների, ընտանիքների եւ համայնքների հոգեկան բարեկեցության վրա: Դրանք ներառում են սոցիալական զրկանքներն ու աղքատությունը, գործազրկությունը, միգրացիան, հակամարտությունները եւ, ինչպես շատ ցայտուն կերպով երեւաց COVID-19 համավարակի ընթացքում, հիվանդությունների բռնկումները եւ դրանց հետ կապված հակազդեցությունները:

 

- Ինչո՞ւ է կարեւոր խոսել հոգեկան առողջության մասին հատկապես Հայաստանում։

 

- Հայաստանի համար 2020 թվականը ճգնաժամային տարի էր, եւ մենք դեռեւս պայքարում ենք COVID-19 համավարակի եւ Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության սրման հետեւանքով առաջացած բացասական հետեւանքներից շատերի դեմ:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը հետեւեցին տեղահանված բնակչության թվի զգալի աճ, զոհեր եւ վիրավորներ, ինչպես զինծառայողների, այնպես էլ  քաղաքացիական անձանց շրջանում: Այս ամենը, անշուշտ, տագնապի, լարվածության եւ վշտի մեծ ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։  Այս ամենը  զուգորդվել եւ զուգորդվում է COVID-19 դեպքերի եւ  COVID-19 հետեւանքով մահացության աճի հետ:

 

Արտակարգ իրավիճակներում շատ բարդ է ապահովել բնակչության հոգեկան բարեկեցությունը: Հայաստանը բախվեց բազմաթիվ արտակարգ իրավիճակների եւ այդ արտակարգ իրավիճակներից քաղված դասերը մեզ ցույց տվեցին, որ հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը պետք է լինեն աղետներին պատրաստվածության եւ արտակարգ իրավիճակների արձագանքման անբաժանելի մասը:

 

- Հայաստանի կառավարությունը տարբեր միջոցառումներ է ձեռնարկել ինչպես համավարակի, այնպես եւ ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ինչպե՞ս  է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աջակցում ՀՀ կառավարությանը։

 

- Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՝ սկսած COVID-19 համավարակից եւ դրան հաջորդած զինված հակամարտությունից, շարունակաբար աջակցել է Հայաստանի կառավարությանը հետեւյալ գերակա ոլորտներում.

 

•    COVID-19 կորոնավիրուսային վարակից տուժած անձանց հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության հասանելիության խթանում,

 

•    հաշմանդամություն եւ երկարաժամկետ խնամքի կարիք ունեցող անձանց համար արտակարգ իրավիճակների արձագանքման ուղեցույցների մշակում, իրազեկում եւ գործարկում,

 

•    հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ամրապնդումն ու զարգացումը `որպես արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մի մաս։

 

•    հոգեկան առողջության ծառայությունների ծածկույթի բարելավում ՝ պատերազմից եւ COVID-19- ից տուժած ավելի բնակչության համար:

 

Մեր պատկերացմամբ ՝ հոգեկան առողջության ոլորտում երկարաժամկետ ռազմավարությունը պետք է կենտրոնացած լինի հոգեկան առողջության ծառայությունների վերափոխման մեկնարկի վրա՝ անցում կատարելով հոգեկան առողջության եւ խնամքի կենտրոնացված ծառայություններից դեպի ավելի համայնքային ծառայություններ՝  հոգեկան առողջության բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, ոլորտային ֆինանսավորման բարձրացմամբ եւ հոգեկան առողջության ոլորտի համապատասխան քաղաքականության մշակմամբ:

 

Այսօր, երբ շատերն ակնհայտորեն տեսան արտակարգ իրավիճակների ազդեցությունը անձի հոգեկան առողջության վրա, լավ պատմական պահ է ստեղծվել հոգեկան առողջության նկատմամբ ունեցած խարանի դեմ պայքարի համար։

 

Հարկավոր է բարձրաձայնել, որ ամաչելու ոչինչ չկա, եթե մարդը միշտ լավ եւ դրական տրամադրություն չունի, որ պետք չէ անհարմար զգալ օգնություն խնդրելու եւ մասնագետների հետ կիսելու հոգեկան առողջության հետ կապված մտահոգությունների համար: Բացի այդ, ճիշտ ժամանակն է խոսել հոգեկան առողջության ծառայությունները դեպի համայնք բերելու եւ բոլորի համար մատչելի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա հիմնված ծառայություններ մատուցելու մասին: Հոգեկան առողջության ոլորտում ներդրումները միշտ շահութաբեր են՝ ոչ միայն մարդկանց ծայրահեղ վշտից եւ դժվարություններից դուրս գալու ճանապարհը հարթելու, այլեւ ազգի վերականգնմանը աջակցելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին