Մայքլ Ռուբին. «Իլհամ Ալիեւը վերածվում է Սադամ Հուսեյնի» - Mediamax.am

exclusive
24227 դիտում

Մայքլ Ռուբին. «Իլհամ Ալիեւը վերածվում է Սադամ Հուսեյնի»

Լուսանկարը`


2021թ. սեպտեմբերի վերջին Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը The National Interest կայքում հրապարակեց «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում Ամերիկայի ձախողման մեկ տարին» հոդվածը, որում քննադատության ենթարկեց ամերիկյան վարչակազմի գործողությունները:

 

Նախկինում Մայքլ Ռուբինը աշխատել է Պենտագոնում, եղել է Իրաքի անցումային կառավարության քաղաքական խորհրդականը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մայքլ Ռուբինի հետ հարցազրույցը:

 

- Ամենայն հավանականությամբ, ամերիկյան հետախուզությունը տեղյակ էր 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի եւ Թուրքիայի մտադրության մասին: Արդյոք ամերիկյան կողմն իրական հնարավորություններ ունե՞ր կանխելու այդ պատերազմը:

 

- Կոնգրեսը չի հաստատել՝ արդյո՞ք ԱՄՆ հետախուզությունը տեղյակ էր պատերազմ սկսելու Ադրբեջանի եւ Թուրքիայի մտադրության մասին: Կարծում եմ, դա ավելի շուտ հետախուզության ձախողում էր, քան հարձակումը անտեսելու կանխամտածված միտումնավոր որոշում: Եթե ամերիկյան կողմն ունենար համապատասխան տեղեկատվություն, ժամանակին արված մերկացումը կարող էր կանխել հարձակումը: Ամեն դեպքում, Թուրքիան ու Ադրբեջանն անսպասելի հարձակում ձեռնարկեցին: Եթե Հայաստանն ու Արցախը նախապես իմանային այդ մասին, ապա կարող էին քայլեր ձեռնարկել հարձակումը կանխելու կամ սաստելու համար:

 

- Ի՞նչ կարող էր անել, սակայն չարեց ԱՄՆ-ն, որպեսզի պատերազմը հնարավորինս շուտ դադարեցվեր։

 

- Պատերազմում որոշիչ դեր ունեցան ԱԹՍ-ները: Ամերիկան կարող էր օգնել ԱԹՍ-ների դեմ որոշ տեխնոլոգիաներով, սակայն եկեք իրատես լինենք. Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտպանական հարաբերությունները բացառում են նման զգայուն տեխնոլոգիաներ փոխանցելու հնարավորությունը: Իհարկե, ԱՄՆ-ը կարող էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ: Էրդողանը, անշուշտ, գերպարծենկոտ է, սակայն, երբ Թրամփը պատժամիջոցներ կիրառեց, նա ազատ արձակեց ամերիկացի բողոքական քահանա Էնդրյու Բրենսոնին, որին որպես պատանդ էր պահում:

 

- Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներն ասում էին, որ չնայած բազմաթիվ տարաձայնություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այն ձեւաչափն է, որտեղ նրանք իսկապես արդյունավետ համագործակցում են: Որքանո՞վ էին այդ հավաստիացումները անկեղծ:

 

- Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ավելի անկեղծ էր, քան Մոսկվան, քանի որ Ռուսաստանը միակողմանիորեն չեղյալ հայտարարեց համաձայնագրերը: Մինսկի խումբը ստեղծվել էր բարի մտադրություններով եւ վերջին տարիներին որոշակի առաջընթաց էր գրանցել, բայց այն ԱՄՆ քաղաքականության առաջնահերթություններից չէր: Եթե Ռուսաստանը եւ Ֆրանսիան համանախագահները դեսպաններ էին, ԱՄՆ-ն այդ պաշտոնում նշանակում էր ավելի ցածր դասի դիվանագետների:

 

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը մնո՞ւմ է արդյունավետ գործիք, թե՞ աշխատում է իներցիայով ու վաղ թե ուշ կկորցնի իր նշանակությունը:

 

- Ես կասեի, որ այն կորցրեց իր նշանակությունն անցյալ տարի:

 

- Երեւանում կան ուժեր, որոնք համարում են, որ, չնայած Ռուսաստանից կախվածության աճին, Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Բայց արդյո՞ք ամերիկյան կողմը մտադրություն ունի ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ: Ինչո՞վ կարող է Հայաստանը գրավիչ լինել:

 

- Ոչ մի պատճառ չկա, որը կարող է խանգարել Հայաստանին լավ հարաբերություններ ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչպես դա անում են Ղազախստանը կամ Եգիպտոսը: Չնայած ԱՄՆ-ում շատերը կասկածանքով են վերաբերվում Հայաստանի կապերին Ռուսաստանի եւ Իրանի հետ, Երեւանը պետք է հակադարձի՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են` հաշվի առնելով թուրք-ադրբեջանական շրջափակումը: Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա՝ Հայաստանի եւ Արցախի ապօրինի շրջափակումը վերացնելու համար: Հայաստանը կարող է նաեւ օգտագործել Մեծ Բրիտանիայում, Իրանում եւ Ռուսաստանում իր սփյուռքի կապերը եւ իրեն դիրքավորել որպես դիվանագիտության հանգույց:

 

- Դուք Ձեր հոդվածը եզրափակում եք Իլհամ Ալիեւի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Բայց արդյո՞ք պատրաստ կլինեն պատժամիջոցներ կիրառել մի նախագահի նկատմամբ, որը փաստացի ձեռնտու է բոլորին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ եվրոպացիներին, որոնք այսօր էներգիայի այլընտրանքային մատակարարների խիստ կարիք ունեն:

 

- Նախ՝ հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելքից, առավել եւս՝ Ադրբեջանից էներգետիկ ռեսուրսներ չի ստանում: Մենք օգտագործում ենք Ալյասկայի, Մեքսիկական ծոցի կամ Բրազիլիայի ռեսուրսները: Ադրբեջանը կարեւոր չէ այնքան, որքան իրեն թվում է՝ հատկապես հաշվի առնելով Արեւելյան Միջերկրական ծովի հանքավայրերի զարգացումը: Բայց խնդիրն իրականում տնտեսական չէ, այլ այն է, որ Ալիեւը վերածվում է Սադամ Հուսեյնի: British Petroleum-ը եւ Լոնդոնը կարող են ունենալ իրենց քաղաքականությունը, սակայն ԱՄՆ-ը պետք է անհանգստացնող ազդակներ տեսնի եւ հրաժարվի իր կապերից, քանի դեռ նա [Ալիեւը] չի հրահրել իրադարձությունների շղթա, որը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին