«Վրաստանին պետք են ավելի շատ հայազգի քաղաքական գործիչներ» - Mediamax.am

7245 դիտում

«Վրաստանին պետք են ավելի շատ հայազգի քաղաքական գործիչներ»

Վրացական «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան
Վրացական «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան

Լուսանկարը`


Վրացական «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

Իրակլի Ալասանիան 2002թ. նշանակվել էր Վրաստանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ, 2004թ.` պաշտպանության փոխնախարար եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ: 2004թ. սեպտեմբերին Ալասանիան դարձել էր «Աբխազիայի վտարանդի կառավարության» նախագահ եւ Վրաստանի նախագահի` վրաց-աբխազական բանակցությունների գծով հատուկ ներկայացուցիչ: 2006թ. Իրակլի Ալասանիան նշանակվել էր ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ եւ այդ պաշտոնը թողեց 2008թ. դեկտեմբերին: 2009թ. հուլիսին նա հիմնեց «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունը: Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը զրուցել է Իրակլի Ալասանիայի հետ ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված Բրյուսելյան Ֆորումի ընթացքում:

 

- Ինչպե՞ս կգնահատեք հայ-վրացական հարաբերությունները:

 

- Հայաստանը ոչ միայն լավ հարեւան է, այլեւ պատմականորեն եղել է Վրաստանի ռազմավարական գործընկերը: Ներկայիս հարաբերությունները շատ բարձր մակարդակում են, եւ վերջին տարիներին հարաբերությունների բարելավումը տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում զգալի է եղել: Չնայած ես ընդդիմադիր եմ ներկայիս վրացական կառավարությանը, դա այն սակավաթիվ հարցերից է, որոնց շուրջ մենք համակարծիք ենք: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի հետ մեր հարաբերությունները դառնան ավելի ամուր եւ ուժեղ: Մենք գիտակցում ենք, որ այդ հարաբերությունները կարեւոր են ոչ միայն երկկողմ համատեքստում, այլեւ` ողջ տարածաշրջանի համար: Մենք ցանկանում ենք Հայաստանին ավելի ներգրավված տեսնել տարածաշրջանային էներգետիկ ու ենթակառուցվածքային նախագծերում:

 

Վիրահայերը մեր երկրի ամենամեծ համայնքներից մեկն են, եւ մեզ համար այդ հարաբերությունները շատ թանկ են: Սակայն ես ցանկանում եմ, որպեսզի վրացական կառավարությունը եւ քաղաքական գործիչները ավելին անեն Թբիլիսիում եւ Սամցխե-Ջավախեթիում ապրող հայերի համար, որպեսզի վերջիններս իրենց ավելի ներգրավված զգան Վրաստանի կառուցման գործընթացում: Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն ձեռնարկվել են ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, ճանապարհների վերականգնման միջոցով: Սակայն պահանջվում է շատ ավելին: Քանի որ մենք պատրաստվում ենք հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, ես կցանկանայի, որպեսզի մեր երկրում լինեն ավելի շատ հայազգի քաղաքական գործիչներ, Վրաստանի համար դա միայն շահավետ է:

 

- Ոմանք պնդում են, որ Վրաստանի վերնախավը կասկածանքով է վերաբերում Հայաստանին Ռուսաստանի հետ նրա ամուր կապերի լույսի ներքո, իսկ հայաստանյան վերնախավը եւս կասկածամիտ է Վրաստանի նկատմամբ` Ադրբեջանի հետ նրա սերտ հարաբերությունների պատճառով:

 

- Նման ֆոբիաներն ու կասկածանքները անհիմն են: Նույնիսկ ամենածանր ժամանակահատվածում` 2008թ. օգոստոսին Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում, Հայաստանի հետ մեր հարաբերությունները հրաշալի էին, եւ Հայաստանում մեր եղբայրները հասկանում էին, թե ինչի միջով ենք մենք ստիպված անցնել: Եվ մենք ունեինք Հայաստանի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում, ինչը մեզ համար այդ ժամանակահատվածում շատ զգայուն խնդիր էր:

 

- Հակամարտությունների խնդիրն այլ գործոն է, որն ազդում է վրաց-հայկական հարաբերությունների վրա: Օբյեկտիվ պատճառներով Հայաստանը սատարում է ինքնորոշման իրավունքի սկզբունքին, իսկ Վրաստանի համար առաջին տեղում է տարածքային ամբողջականության սկզբունքը:

 

- Կարծում եմ, որ Թբիլիսիի ու Երեւանի իշխող վերնախավերը հասկանում են, որ մենք պետք է շատ զգույշ լինենք այդ հարցերում` երրորդ կողմերին ոչ մի առիթ չտալով մեր դիրքորոշումներն օգտագործել միմյանց դեմ: Մեր բախտը բերել է, որ ռազմավարական լավ գործընկերություն ունենք Հայաստանի, ինչպես եւ Ադրբեջանի հետ: Մենք գիտակցում ենք, որ Երեւանի ու Բաքվի միջեւ բանակցությունները դժվարին են, եւ Վրաստանը պատրաստ է հաշտարարի դեր կատարել այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ լինի: Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հայերն ու ադրբեջանցիները դա հարկավոր համարեն:

 

- Ի՞նչ եք մտածում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերի մասին:

 

- Մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ տնտեսության, անվտանգության եւ ռազմական ոլորտներում: Մենք միայն ուրախ կլինենք հաշտության նշաններ տեսնել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Ես հատուկ հայտարարություն եմ արել հայ-թուրքական գործընթացի մեկնարկի ժամանակ եւ խրախուսել այն` որպես շատ կարեւոր զարգացում ամբողջ տարածաշրջանի համար: Շատ կարեւոր է հասկանալ, որ առանց փոխադարձ օգնության տարածաշրջանը չի կարող զարգանալ: Հուսով եմ` գործընթացը կշարունակվի եւ կհանգեցնի կոնկրետ արդյունքների:

 

- Ներկայումս ինչպիսի՞ն է Վրաստանի ներքին քաղաքական իրավիճակը: Ժամանակին ընդդիմությունը շատ ակտիվ էր եւ պահանջում էր իշխանությունների հրաժարականը: Այսօր իրավիճակն ավելի հանգիստ է թվում:

 

- Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված առաջիկա ընտրությունների նկատմամբ: Մենք բանակցություններ ենք վարում կառավարության հետ ընտրությունների համար լավագույն պայմաններ ու միջավայր ստեղծելու համար: Միջազգային հանրությունը խրախուսում է այդ գործընթացը, եւ մենք հուսով ենք առաջիկա ամիսներին համաձայնեցնել խաղի կանոնները: Դա մեզ հնարավորություն կտա ընտրություններին մասնակցել արդար մթնոլորտում: Ես լավատես եմ իմ կուսակցության հնարավորությունների հարցում, քանի որ Թբիլիսիի տեղական ընտրություններում մենք ստացել ենք ձայների 20%-ը. դա նշանակում է, որ մենք ունենք լավ հիմք: Վրաստանի ութ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները տարբեր գաղափարախոսություններով ու ընտրազանգվածով այսօր գործում են միասնական ճակատով, որպեսզի հասնեն փոփոխությունների ընտրական միջավայրում:

 

- Այսինքն, վրացական ընդդիմության եւ կառավարության միջեւ առկա է երկխոսություն խաղի կանոնների ամրագրման վերաբերյալ:

- Այո, եւ դա լավ է: Դա հեշտ չէ, մենք բանակցությունների ընթացքում անցնում ենք բազմաթիվ խնդիրների միջով, սակայն իշխանություններն ու ընդդիմությունը հասկանում են, որ այժմ Վրաստանը հնարավորություն ունի ապացուցել իրեն եւ միջազգային հանրությանը, որ մենք կարող ենք փոփոխությունների հասնել ժողովրդավարական ինստիտուտների ու ընթացակարգերի միջոցով:

Մեր ընտրանին