Բերտրան Վենար. Պատերազմից հետո ավելի վճռական եմ Հայաստանին օգնելու հարցում - Mediamax.am

exclusive
22905 դիտում

Բերտրան Վենար. Պատերազմից հետո ավելի վճռական եմ Հայաստանին օգնելու հարցում

Բերտրան Վենարը
Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (Université française en Arménie, UFAR) նոր ռեկտորը՝ պրոֆեսոր Բերտրան Վենարը, Հայաստան է ժամանել Արցախյան երկրորդ պատերազմից մի քանի օր առաջ: Ֆրանսիացի պրոֆեսորը պատերազմին զուգահեռ է հասկացել, որ երկրին օգնելու իր առաքելությունն ավելի ու ավելի վճռական է դառնում: Մեդիամաքսը զրուցել է պրոֆեսոր Բերտրան Վենարի հետ՝ Հայաստանի հետ ունեցած իր կապի, նոր նախագծերի ու այն մարտահրավերի մասին, որին նա բախվեց հենց ժամանման պահին:

 

- Պրոֆեսոր Վենար, խնդրում եմ, ներկայացրեք Ձեր պատմությունը: Ինչո՞վ էիք զբաղվում մինչեւ ռեկտոր դառնալը:

 

- Երկար տարիներ եղել եմ բարձրագույն կրթության ոլորտում: Փարիզի համալսարանից ստացել եմ կառավարման դոկտորի աստիճան, Օքսֆորդի համալսարանից ստացել եմ բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման եւ ուսուցման 3-րդ ցիկլի դիպլոմ: Աշխատել եմ ֆինանսական եւ խորհրդատվական ոլորտներում:

 

90-ականների սկզբին Վիետնամ մեկնելու ու նոր բիզնես դպրոց հիմնելու հայտարարություն տեսա: Որոշեցի թողնել խորհրդատվությունը եւ անցնել ակադեմիական կյանքի: Դարձա CFVG դպրոցի հիմնադիրը եւ ռեկտորը, Վիետնամում այն այժմ առաջատար բիզնես դպրոց է: Ինձ համար մեծ ձեռքբերում էր բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելը:

 

Կարիերայիս զուգահեռ ապրել եմ շատ երկրներում՝ Վիետնամ, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա: Բարձրագույն կրթության ոլորտում ունեցել եմ տարբեր գիտական եւ վարչական պաշտոններ, եղել եմ դեկանի տեղակալ եւ դեկան այնպիսի հայտնի հաստատություններում, ինչպիսիք են Քեմբրիջի, Օքսֆորդի, Փենսիլվանիայի համալսարաններն ու Աուդենսիա բիզնես դպրոցը: Հայաստան գալուց անմիջապես առաջ ապրում էի Մեծ Բրիտանիայում, Օքսֆորդի համալսարանում կիբերանվտանգության հետազոտություն անցկացնող պրոֆեսոր էի:

 

Երբ տեսա UFAR-ի ռեկտորի պաշտոնի հայտարարությունը, մտածեցի, որ այն նման է Վիետնամի ծրագրին. շատ էթիկական նախագիծ է, որ կարող եմ իրագործել աջակցության կարիք ունեցող երկրին օգնելու համար: Այդ պատճառով էլ դիմեցի այս աշխատանքի համար:

 

- Մինչեւ այստեղ գալն ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին: Որեւէ՞ կապ ունեցել եք Հայաստանի հետ: Սա Ձեր առաջի՞ն այցն էր Հայաստան:

 

- Այո, սա իմ առաջին այցն էր:

 

Ինչ վերաբերում է կապերին, ես քրիստոնյա եմ (կաթոլիկ): Տեղյակ եմ, թե դարերի ընթացքում որքան մեծ է եղել քրիստոնեության ազդեցությունը Հայաստանի վրա: Չնայած ֆրանսիացի եմ, բայց հայկական եւ ֆրանսիական մշակույթների միջեւ նմանություններ տեսնում եմ՝ մասամբ նույն կրոնի պատճառով:

 

Մշակույթների իզոմորֆիզմի հարցում համոզվել եմ նաեւ հայերի հետ ունեցած իմ հանդիպումների արդյունքում: Հաճախ եմ շփումներ ունեցել հայկական արմատներ ունեցող գործընկերների ու ուսանողների հետ: Նրանց հետ աշխատելը միշտ եղել է ու շարունակում է հաճելի լինել. հայերը հուսալի, աշխատասեր եւ ընկերասեր են:

 

Ընտանիքիս պատմությունն էլ է կապվում Հայաստանի հետ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին, պապս կռվել է թուրքերի դեմ:

 

Պետք է նաեւ ասեմ, որ երբ նայում եմ Հայաստանի պատմությանը, ցավ եմ ապրում հայերի համար: Դարեր շարունակ որոշ երկրներ նույն կերպ տառապել են ու հարձակումների ենթարկվել: Նման իրավիճակներում շատ մարդիկ կբողոքեն եւ կհուսահատվեն, բայց ոչինչ չեն ձեռնարկի: Իմ փիլիսոփայությունը հետեւյալն է՝ փորձել հնարավորինս խուսափել բարոյական ելույթներից կամ դատողություններից ու իրական գործողություններ ձեռնարկել: Ես որոշել եմ գործել ի օգուտ Հայաստանի:

 

- Պատերազմը կապել է Ձեր ընտանիքի պատմությունը Հայաստանի հետ: Ի վերջո, Հայաստանի հետ Ձեր անձնական պատմությունն էլ սկսվեց պատերազմով. Դուք Հայաստան ժամանեցիք Արցախյան պատերազմի բռնկումից անմիջապես առաջ:

 

- Մեր համալսարանը զարգացնելով՝ ես պատրաստվում եմ օգնել երկրին (իհարկե, իմ կարողությունների սահմաններում): Բայց, երբ պատերազմի ես բախվում, զգում ես՝ այստեղ գտնվելու պատճառն ավելի կարեւոր է դառնում:

 

Հակամարտության ընթացքում որոշ մարդիկ կռվում էին, մյուսներն էլ կատարում էին իրենց պարտականությունները՝ անկախ ամեն ինչից: Հացթուխները լավաշ էին թխում, մսագործները միս էին վաճառում, բուժքույրերը հիվանդներին էին բուժում, ինձ պես ռեկտորն էլ  հետևողական էր, որ ուսանողները լավ սովորեն ու աշխատանք գտնեն:

 

Պատերազմի ժամանակ ես երբեւէ չեմ մտածել փախչելու մասին: Գիտեմ՝ որոշ օտարերկրացիներ այդ ընթացքում հեռացել են Հայաստանից: Ես կարծել եմ, որ իմ պարտքն է մնալ այստեղ եւ հնարավոր ամեն ինչ անել ուսանողների, անձնակազմի ու դասախոսների համար: Պարզ է, որ իմ գալը համընկել է Հայաստանի համար ծայրաստիճան խնդրահարույց ժամանակաշրջանի հետ: Այդ պատճառով էլ երկրին օգնելու պարտականության զգացումս ավելի է ուժեղանում:

 

- Հայաստանում Ֆրանսիական համալսարանն առաջին էր, որ վերաինտեգրման նախագիծ առաջարկեց պատերազմին մասնակցած ուսանողների համար:

 

- Պատերազմի տասնհինգերորդ օրը բավականին շուտ արթնացա ու սկսեցի մտածել հորեղբորս, պապիկիս եւ հայրիկիս մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հորեղբայրս սպանվել է 1943-ին, պապս սպանվել է 1944-ին, իսկ հայրս վիրավորվել է 1945-ին: Պապս եւ հայրս սպաներ են եղել:

 

Պատերազմը ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի վերքեր է թողնում (հոգեբանական վնասվածք, որ ստանում ես պատերազմում): Հիշում եմ՝ հայրս, երբեմն, գիշերները երազում խոսում ու բղավում էր. «Առա՛ջ», «Հարձակո՛ւմ»:

 

Գիտակցեցի, որ ունենք ուսանողներ, որ ծառայում են երկրին, ու մենք պետք է նրանց համար ինչ-որ բան անենք, երբ վերադառնան: Հաջորդ օրը մեր ուսումնական գծով տնօրենին ասացի, որ պետք է մտածենք ուսանող-զինվորների վերաինտեգրման մասին: Ինչ գնով էլ լինի, մենք պարտավոր ենք օգնել նրանց: Ցավոք, մեր ուսանողներից տասը զոհվեցին, ունենք նաեւ վիրավոր ուսանողներ:

 

Մենք առաջին համալսարանն էինք, որ նման ինտեգրացիոն նախագիծ պատրաստեց: Կազմակերպել ենք անհատական ու խմբակային դասընթացներ, խորհրդատվություններ: Յուրաքանչյուր ամիս հանդիպում ենք այս ուսանողների հետ եւ քննարկում՝ ինչի կարիք ունեն, եւ մենք ինչ կարող ենք անել իրենց համար: Բացի այդ, եթե ցանկանում են, անցկացնում ենք նաեւ անհատականացված հանդիպումներ՝ անձնական հույզերը քննարկելու համար. դրանք միշտ գաղտնի են մնում:

 

Ավելին՝ մենք որոշել ենք փոխհատուցել այդ ուսանողների մեկ տարվա ուսման վճարը: Նույնքան գումար տվել ենք իրենց տղաներին կորցրած ընտանիքներին: Դրանով փորձել ենք մեր աջակցությունը ցույց տալ այդ ընտանիքներին: Ես հանդիպել եմ այդ մարդկանց, մասնակցել եմ հուղարկավորություններին: Մենք ուշադիր ենք նրանց նկատմամբ, քանի որ բոլոր ուսանողներին մեր ընտանիքի մաս ենք համարում:

 

- Դուք արդեն կես տարի աշխատում եք այս համալսարանում: Ձեզ համար UFAR-ի ի՞նչն եք եզակի համարում:

 

- Երբ մուտք գործեցի համալսարան, առաջին քայլս ամբողջական գնահատում եւ ռազմավարության մշակում անելն էր: Չորս ամիսների ընթացքում՝ 2020-ի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր, 55 հարցազրույց եւ 45 հանդիպում եմ անցկացրել ու հսկայական քանակությամբ տվյալներ հավաքել: Միտքս հետեւյալն էր՝ ծանոթանալ այն խնդիրներին, որոնք պետք է բարելավել: Այս գործընթացը շատ ինտենսիվ էր. ինձ համար կարեւոր էր այդքան մարդու հանդիպելը, ապագայում նույնպես կշարունակեմ հանդիպումները:

 

Մի քանի բան կա, որ կցանկանայի նշել՝ պատասխանելու հարցին, թե ինչն է ինձ համար եզակի եւ առանձնահատուկ UFAR-ում: Առաջինը բարեվարքությունն է, հատկապես եթե UFAR-ը համեմատում եք այլ երկրների համալսարանների հետ: Որոշ երկրներում դուք կարող եք առանց կրթություն ստանալու դիպլոմ գնել, ու դա հնարավոր է անգամ զարգացած երկրներում: Մինչդեռ եթե UFAR-ում ես, աշխատանքը կարեւոր է, պետք է քրտնաջան սովորես:

 

Երկրորդը՝ մասնագիտական հմտությունների փոխանցումն է: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ուսանողների աշխատանքային կարիերային: Ուսումնական պլանները կազմում ենք՝ ըստ շուկայի պահանջարկի: Ունենք հատուկ դասընթացներ, որոնք ուսանողներին ուղղորդում են աշխատանք գտնելու հարցում:

 

Երրորդը՝ կանանց ներգրավվածությունն է: Մեր ուսանողների 70%-ից ավելին իգական սեռի են: Վերցնենք, օրինակ, համակարգչային գիտությունների բաժինը, որի ուսանողների 56%-ը աղջիկ է. անգամ զարգացած երկրներում նման ցուցանիշներ երբեւէ չես հանդիպի:

 

Չորրորդը՝ UFAR-ը դուռ է բացում դեպի Եվրոպա: Օրինակներից մեկն այն փաստն է, որ մեր ուսանողները պետք է տիրապետեն չորս լեզուների: Կարեւոր է իմանալ, որ ուսանողների մեծ մասը համալսարան ընդունվելիս ֆրանսերեն չի խոսում, մենք ենք նրանց սովորեցնում: Օրինակ, 2020-ի սեպտեմբերին մեր առաջին կուրսի ուսանողների 92%-ը ֆրանսերեն բառ անգամ չգիտեր: Բացի ֆրանսերենից, ուսանողներն այստեղ պետք է նաեւ տիրապետեն հայերենին, ռուսերենին եւ անգլերենին: Որքան շատ եք մարզում ուղեղը, այնքան շատ բան եք ի վիճակի անել: Մենք հավատում ենք, որ շատ լեզուների տիրապետումը զարգացնում է մեր ուսանողների ուղեղը եւ մի շարք հնարավորություններ է ստեղծում:

 

Մենք Հայաստանում նաեւ միակ համալսարանն ենք, որ ուսանողներին տալիս ենք եվրոպականդիպլոմ: UFAR-ի շնորհած դիպլոմները  հավասարապես ճանաչված են Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Գերմանիայում…

 

- Լրանում է նաեւ կես տարին, ինչ ապրում եք Հայաստանում: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում՝ հայերով շրջապատված:

 

- Հայաստանը չունի ծով, նավթ, տարածքով փոքր է. ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է:

 

Մարդկության պատմության ընթացքում, երբ մի ժողովուրդ հայերի նման տառապանքներ է կրում, նկատում ես, որ այդ տառապանքները մարդուն ավելի ուժեղ են դարձնում: Դիմացկունությունն է հայերի այն կարեւորագույն որակը, որ զարգացել է դարերի ընթացքում: Հայաստանի ոսկին ձեր ժողովուրդն է: Քանի որ դա է ձեր լավագույն ռեսուրսը, պետք է այն ավելի բարելավեք: Իմ նպատակն է, UFAR-ում երիտասարդներին կրթություն տալով, զարգացնել այդ կարեւոր ռեսուրսը:

 

Բերտրան Վենարի հետ զրուցել է Ամալի Խաչատրյանը

 

Լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին