Եգոր Զայցեւ. «Հիմա պայքարելու եւ կյանքեր փրկելու ժամանակն է» - Mediamax.am

exclusive
55091 դիտում

Եգոր Զայցեւ. «Հիմա պայքարելու եւ կյանքեր փրկելու ժամանակն է»

Եգոր Զայցեւը
Եգոր Զայցեւը

Լուսանկարը`


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւի հարցազրույցը Մեդիամաքսին:

 

- Պարոն Զայցեւ, շատերը մեղադրում են ԱՀԿ-ին այս համավարակի կառավարման հարցում լուրջ թերությունների համար: Կարո՞ղ էր ԱՀԿ-ն ավելի լավ գործել: Ներկայիս կառույցները համապատասխանո՞ւմ են այս համավարակի խնդիրներին:

 

- Հենց սկզբից ԱՀԿ-ն ամբողջ ուժով պայքարել է համավարակի դեմ: Մենք կշարունակենք այդպես պայքարել մինչեւ վերջ: Դա ամբողջ աշխարհի նկատմամբ ստանձնած մեր պարտավորությունն է: Մենք կշարունակենք աշխատել յուրաքանչյուր երկրի եւ յուրաքանչյուր գործընկերոջ հետ՝ ծառայելու ողջ աշխարհի մարդկությանը՝ գիտության, լուծումների եւ համերաշխության նկատմամբ նվիրվածությամբ:

 

Ավելի ուշ այս համավարակի դեմ պայքարում ԱՀԿ-ի աշխատանքի արդյունավետությունը կվերանայվի ԱՀԿ-ի անդամ պետությունների եւ այն անկախ մարմինների կողմից, որոնք ստեղծված են թափանցիկություն եւ հաշվետվողականություն ապահովելու համար: Սա մեր անդամ պետությունների կողմից ներդրված սովորական գործընթացի մի մասն է: Հավանական է, որ կսահմանվեն բարելավման ենթակա ոլորտները, եւ բոլորս դասեր կքաղենք դրանից: Մենք մեծ ցանկություն ունենք, որ գործողությունների արդյունքների վերլուծություն կատարվի, բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա վիրուսի դեմ պայքարելու եւ կյանքեր փրկելու ժամանակն է:

 

- Որո՞նք են ԿՈՎԻԴ-19-ի բուժում եւ (կամ) պատվաստանյութ գտնելուն ուղղված ԱՀԿ գործողությունները:

 

- «Համերաշխություն» անվանումը կրող հետազոտությունը միջազգային կլինիկական փորձարկում է, որը մեկնարկել է ԱՀԿ-ի եւ անդամ պետությունների կողմից՝ 2020 թվականի մարտին՝ ԿՈՎԻԴ-19-ի արդյունավետ բուժում գտնելու նպատակով: 

 

«Համերաշխություն» հետազոտությունից բացի՝ աշխարհում այլ փորձարկումներ էլ են կատարվում: Հուլիսի 1-ի դրությամբ ԱՀԿ բոլոր 6 տարածաշրջաններում մոտ 100 երկիր միացել է այս նախաձեռնությանը կամ գտնվում է միանալու փուլում: 39 երկրի մասնակցությունը հաստատվել է, որից 21-ն արդեն 351 հիվանդանոցում ակտիվորեն հավաքագրել են հիվանդներ՝ ներգրավելով ավելի քան 1200 կլինիկական հետազոտողների:  Ընդհանուր առմամբ, պատահական բաշխմամբ ընտրվել է ԿՈՎԻԴ-19-ով հոսպիտալացված շուրջ 5500 հիվանդ:

 

Կկատարվի փորձարկման միջանկյալ վերլուծություն, որը կվերահսկվի փորձագետների անկախ խմբի կողմից, ինչպիսին Տվյալների եւ անվտանգության մոնիտորինգի համաշխարհային կոմիտեն է:

 

Դեղամիջոցների փորձարկումից բացի՝ «Համերաշխություն» հետազոտությունը սկսել է նաեւ պատվաստումների մշակման գործընթաց: Այս խոշոր, միջազգային, բազմաթիվ վայրերում տեղաբաշխված, անհատականացված պատահական բաշխմամբ վերահսկվող կլինիկական հետազոտությունը հնարավորություն կտա միաժամանակ գնահատել պատվաստանյութի յուրաքանչյուր հավակնորդի առավելություններն ու ռիսկերը՝ այն փորձարկման ներկայացնելուց հետո 3-6 ամսվա ընթացքում:

 

Ներկայում կլինիկական փորձարկում է անցնում 19 պատվաստանյութ: Ակնկալում ենք, որ այդ թիվը կավելանա, քանի որ ընդհանուր առմամբ կա պատվաստանյութի մոտ 150 հավակնորդ:

 

Հուլիսի 1-2-ին կայացած Հետազոտությունների եւ նորարարության երկրորդ ֆորումից հետո փորձարկմանը նախապատրաստվելու փուլում ունենք 4 տեսակի պատվաստանյութերի հավակնորդներ՝ կենդանի թուլացած վիրուսի օգտագործմամբ վիրուսային պատվաստանյութեր, վիրուսային վեկտորային պատվաստանյութեր, նուկլեինաթթուների հիմքով պատվաստանյութեր (ԴՆԹ/ՌՆԹ պատվաստանյութեր) եւ սպիտակուցային պատվաստանյութեր: Պատվաստանյութերի այս ուժեղ շարքը մեզ հույս է ներշնչում, նույնիսկ եթե կան բազմաթիվ անկանխատեսելի գործոններ, որոնցից կախված կլինի դրանց հաջողությունը:

 

Կլինիկական փորձարկում անցնող 15 պատվաստանյութերի մշակողներն իրենց 3-րդ փուլի նախագծերը ներկայացրել են հուլիսի 1-2-ին ԱՀԿ-ի կողմից հրավիրված ֆորումում: ԱՀԿ-ն պահպանում է պատվաստանյութերի հավակնորդների նախնական տարբերակները: Կան նաեւ ԿՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի թիրախային արտադրատեսակների նկարագրություններ, որոնք մշակվել են համաշխարհային փորձագետների հետ խորհրդակցության արդյունքում: Մենք նաեւ հրապարակել ենք կլինիկական փորձարկումների համար պատվաստանյութերի առաջնահերթության չափանիշները:

 

- Պատվաստանյութը պատրաստ լինելուց հետո ովքե՞ր պետք է առաջինը պատվաստվեն:

 

- Պատվաստանյութերի բաշխումը շատ կարեւոր թեմա է, որի շուրջ ԱՀԿ-ն աշխատում է անդամ պետությունների հետ: ԱՀԿ-ն, «Գավի»-ի [Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինք] եւ «CEPI»-ի [Դաշինք՝ համաճարակներին պատրաստվածության գործում նորարարությունների համար] հետ միասին «ACT Accelerator»-ի շրջանակում ներկայում աշխատում է արդար եւ հավասար բաշխման մեխանիզմի վերաբերյալ առաջարկի շուրջ, որը կքննարկվի անդամ պետությունների կողմից: Սա անդրադառնում է այն խնդրին, թե պատվաստանյութերի հասանելիության հարցում ում է տրվելու առաջնահերթություն (օրինակ՝ առողջապահության ոլորտի աշխատողներ, կենսական նշանակության ոլորտների աշխատողներ եւ բնակչության այլ խոցելի խմբեր), եւ թե ինչպես է առաջնահերթությունը հետզհետե տարածվելու այլ խմբերի վրա՝ ավելի շատ դեղաչափեր ի հայտ գալուն զուգահեռ:

 

- Կարո՞ղ է ԱՀԿ-ն ազդել ազգային իշխանությունների վրա՝ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու հարցում:

 

- ԱՀԿ-ն առաջարկում է մի շարք միջոցառումներ՝ ներառյալ թեստավորում, ֆիզիկական հեռավորության պահպանում, դրական դեպքերի մեկուսացում եւ որակյալ հիվանդանոցային բուժօգնություն նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: 

 

Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչ գործողություններ ձեռնարկի՝ ելնելով իր սեփական իրավիճակից եւ վարակի բռնկման տարբեր փուլերից, որոնց բախվում է: Այս որոշումները կայացնելիս պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ ռեսուրսներ ու կարողություններ, ինչպես նաեւ համայնքի ներգրավվածություն ու վստահության մակարդակը։

 

- Ի՞նչ կասեք Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: Ո՞րն է պատճառը, որ փոքր երկրում այդքան շատ դեպք կա:

 

- Հայաստանում իրավիճակը մոտ է կրիտիկականին, բայց, կարծես, վերահսկելի է: Երկրում համաճարակային իրավիճակի զարգացման վրա ազդող բազմաթիվ փոփոխականներ կարող են լինել: Այս իրավիճակում շատ կարեւոր է համագործակցություն ապահովել երկրի բոլոր ոլորտների եւ շահագրգիռ կողմերի միջեւ, քանի որ մենք նույն նավում ենք եւ միասին պետք է հաղթահարենք այս մարտահրավերը:

 

ԱՀԿ-ն համագործակցում է կառավարության հետ՝ ջանքերը համախմբելու եւ ավելի լավ արդյունքների հասնելու համար: Օրինակ՝ մենք ունենք ԱՀԿ-ի կողմից որպես այդպիսին դասակարգված շտապ բժշկական օգնության խմբեր Իտալիայից, Գերմանիայից եւ Լեհաստանից: Այժմ նրանք աշխատում են կամ պատրաստվում են աշխատել Հայաստանի հիվանդանոցներում, որտեղ բուժում են ստանում ԿՈՎԻԴ-19-ով հիվանդներ: Վերջերս նաեւ ունեցել ենք ԱՀԿ առաքելություն, որն ուսումնասիրում էր տարբեր կետեր, որոնք կարելի է ուժեղացնել կորոնավիրուսային հիվանդությանն արձագանքելու գործում՝ այդ թվում՝ համաճարակաբանական հսկողություն, թեստավորում, ռիսկերի մասին իրազեկում, առողջապահական համակարգի հզորացում:

 

- Աշխարհում կա՞ որեւէ երկիր, որը համավարակի դեմ պայքարի առումով ունի «լավագույն փորձը»:

 

- Այս իրավիճակն ավելի շուտ նման է մարաթոնի, քան սպրինտի: Մենք դեռ հեռու ենք այն կետից, որ համարենք, թե համավարակն ավարտվել է, ուստի դեռեւս վաղ է գնահատել որեւէ կոնկրետ երկրի գործողություններն ու ձեռքբերումները: Իհարկե, կան երկրներ, որոնց հաջողվել է համավարակի այս փուլում ավելի լավ արդյունքների հասնել, բայց հաշվի առնելով, որ մենք դեռ շատ մարտահրավերներ ունենք հաղթահարելու, ինչպես, օրինակ, վարակման երկրորդ ալիքը, դեռ վաղ է խոսել «լավագույն փորձի» մասին: 

 

Իրականում, այժմ դատելու փոխարեն շատ ավելի կարեւոր է կենտրոնացնել մեր ջանքերն առողջապահական ենթակառուցվածքների ամրապնդման, մարդկանց սոցիալական պատասխանատվության եւ պատրաստվածության մակարդակի բարձրացման վրա՝ այս համավարակի հետեւանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին