Արտակ Ապիտոնյան. Ավելի համարձակ ենք խոսում մարդու իրավունքների մասին - Mediamax.am

exclusive
52016 դիտում

Արտակ Ապիտոնյան. Ավելի համարձակ ենք խոսում մարդու իրավունքների մասին

Արտակ Ապիտոնյանը
Արտակ Ապիտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


2019թ. հոկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանը ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թթ. համար: Թեմայի շուրջ Մեդիամաքսը զրուցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հետ։

 

- Մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալու համար Հայաստանն իր թեկնածությունն առաջադրել էր դեռեւս 2012 թվականին՝ սկսելով լուրջ ու երկարատեւ նախապատրաստական աշխատանք։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմնի անդամ Հայաստանը վերջին անգամ եղել է 2002-2006 թվականներին, (Նախկինում այն կոչվում էր Մարդու իրավունքների հանձնաժողով եւ ընտրվում էր ՄԱԿ-ի Տնտեսական-սոցիալական խորհրդի 54 անդամների կողմից - խմբ.) ցուցաբերելով ակտիվ մասնակցություն՝ հանդես գալով որպես արեւելաեվրոպական տարածաշրջանային խմբի համակարգող եւ ապա զբաղեցնելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

 

2006 թվականին Մարդու իրավունքների հանձնաժողովը վերափոխվեց Մարդու իրավունքների խորհրդի: Կարգավիճակը բարձրացավ եւ այն դարձավ մարմին, որը ընտրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից եւ հաշվետու է նրան։

 

2019թ. հոկտեմբերին Հայաստանը առաջին փուլով ընտրվեց արդեն Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 144 ձայնով (մեր մրցակիցներից Լեհաստանը ստացավ 124, իսկ Մոլդովան` 103 ձայն)։ Քվեարկությանը մասնակցած 193 երկրների կողմից ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրությունը մեր դիվանագիտական համակարգված աշխատանքի արդյունքն է, բայց առաջին հերթին Հայաստանում ժողովրդավարական վերափոխումների եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում գրանցված առաջընթացի ճանաչման վկայությունն էր:

 

- 2020թ. հունվարից սկսվել է Հայաստանի անդամությունը Մարդու իրավունքների խորհրդում։ Որոնք ե՞ն Հայաստանի կողմից բարձրացվելիք խնդիրները։ 

 

- Մարդու իրավունքների ոլորտի Հայաստանի օրակարգը շատ լայն է եւ նախատեսում ենք ապահովել շատ ակտիվ ներգրավվածություն՝ այն միջազգային ասպարեզում առաջ տանելու նպատակով։

 

Մեզ համար մարդու իրավունքների միջազգային օրակարգի կարեւորագույն խնդիրներից է ցեղասպանությունների կանխարգելումը։ Հայաստանը այս խնդրով ակտիվորեն զբաղվում է դեռեւս 1998 թվականից` նախ ՄԻՀ-ում, իսկ այնուհետեւ արդեն ՄԻԽ-ում ներկայացնելով համապատասխան բանաձեւեր: 

Արտակ Ապիտոնյանը Արտակ Ապիտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե սկզբնական շրջանում այն առավել կենտրոնացած էր Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի առաջ մղման վրա, ապա արդեն 2005թ-ից բանաձեւը արմատապես փոխվեց` տարեցտարի համալրվելով նորանոր տարրերով։ Այսօր այն պարտավորեցնում է երկրներին ցեղասպանությունները կանխարգելելու նպատակով օգտագործել եւ ընդլայնել առկա միջազգային իրավական, ինստիտուցիոնալ գործիքակազմը, համագործակցել համապատասխան մեխանիզմների հետ՝ առաջին հերթին արձագանքելով մարդու իրավունքների լրջագույն եւ զանգվածային խախտումների վաղ նախազգուշացման նշաններին: 

 

Հայաստանի նախաձեռնած բանաձեւերը նաեւ հանձնարարում են պետություններին իրականացնել մարդու իրավունքների կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն ցեղասպանությունների կանխարգելմանը եւ ժխտողականության դեմ պայքարին, սահմանել ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օրեր եւ այլն: Ի դեպ, հիշարժան է նաեւ, որ 2015 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձեւով դեկտեմբերի 9-ը (1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունվել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիան-խմբ.) սահմանվել է որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 

 

Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ մեր նախաձեռնությունների շնորհիվ է սահմանվել համագործակցություն ՄԱԿ-ի մարդու իրավունքներով զբաղվող մեխանիզմների եւ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի միջեւ: Վերջինիս նաեւ լիազորվել է ներկայացնել զեկույց ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի վերաբերյալ: Սա մեզ հնարավորություն է տալիս գնահատել, թե ինչ միջոցներ են երկրները ձեռնարկում այդ ուղղությամբ, որն է լավագույն փորձը եւ ինչպիսին են առկա մարտահրավերները:

 

Կարեւոր եմ համարում ընդգծել, որ միջազգային ասպարեզում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերը լինելու են շարունակական: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն վերոնշյալ բանաձեւի բովանդակային լրամշակմանն ու Մարդու իրավունքների խորհրդում ներկայացմանը, այլեւ Ցեղասպանության հանցագործության դեմ Գլոբալ ֆորումների կազմակերպմանը, որոնք հանդիսանալով ոլորտում հայտնի գիտնականներին ու գործիչներին համախմբող պլատֆորմ, նպաստում են այդ հանցագործության դեմ պայքարող գլոբալ համայնքի ձեւավորմանը:

 

- Հայաստանը իսկապես շատ ակտիվ է ցեղասպանությունների կանխարգելման հարցում, սակայն ինչպես շատ այլ երկրներ, թերեւս, չի կարող մոռանալ նաեւ քաղաքական նպատակահարմարության մասին: Մասնավորապես, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը Մյանմարում (Բիրմայում) ռոհինջաների ցեղասպանության վերաբերյալ։ 

 

- Ինչպես նշեցի, մենք հետեւողականորեն աշխատում ենք ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։ Իհարկե, ցեղասպանությունների ճանաչումը հանդիսանում է կանխարգելման կարեւոր կոմպոնենտ։ Հայաստանն, օրինակ, ճանաչել եւ դատապարտել է եզդի ժողովրդի հանդեպ 2014 թվականին իրականացված ցեղասպանական գործողությունը եւ միջազգային հարթակներում ակտիվորեն բարձրացնում է Մերձավոր Արեւելքում փոքրամասնությունների իրավունքների պահպանման հրամայականը։ 

 

Սակայն մենք առավել կարեւորում ենք նոր բռնությունների եւ հանցագործությունների կանխարգելումը եւ, առաջ տանելով մեր օրակարգը, փորձում ենք սահմանել այն մեխանիզմները, որոնք թույլ կտան կանխել դրանք։

Արտակ Ապիտոնյանը Արտակ Ապիտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոնկրետ ռոհինջաների պարագայում մենք գտնում ենք, որ բռնությունը պետք է  դադարեցվի եւ դատապարտվի, մեղավորները պետք է պատժվեն, իսկ մարդիկ պետք է իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանան: Այս տրամաբանությամբ է, որ Հայաստանը կողմ է քվեարկում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացվող բանաձեւերին, որոնցում դատապարտվում են Մյանմարում ռոհինջաների եւ այլ փոքրամասնությունների մարդու իրավունքների խախտումները, նրանց նկատմամբ իրականացվող բռնություններն ու հանցագործությունները:

 

- Բացի ցեղասպանության կանխարգելման խնդրից, ի՞նչ այլ հարցեր է նախատեսում բարձրացնել Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդում։

 

- Մարդու իրավունքների միջազգային օրակարգային հարցերի շուրջ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական եւ ակտիվ դիրքերից: Մեր նախաձեռնությունները, բնականաբար, մեկ ուղղությամբ չեն սահմանափակվում: Օրենքի գերակայության, դատարանների անկախության, հավաքների եւ մամուլի ազատության ապահովման հարցերում Հայաստանը սահմանել է իր չափանիշները, եւ մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը կառուցվում է դրանց համահունչ։ Միջազգային համապատասխան կառույցների հետ սահմանել ենք սերտ համագործակցություն այդ ոլորտներում բարեփոխումների եւ ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու նպատակով։

 

Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին խոսելիս՝ որպես Մարդու իրավունքների խորհրդում մեր օրակարգի առաջնային հարցերից մեկը կարելի է նշել կանանց հզորացումը, նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում: Հայաստանի համար այս հարցի արդիականությունը է՛լ ավելի ակնհայտ դարձավ 2018թ. ժողովրդավարական գործընթացներում կանանց, հատկապես երիտասարդների վճռորոշ դերի, նրանց ներուժի բացահայտման շնորհիվ: Նշեմ նաեւ, որ այս տարի Հայաստանը նախագահում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովը, ինչը մեր արտաքին քաղաքականության մեջ այս ուղղությանը տրվող կարեւորության եւս մեկ ապացույց է։

 

Քաղաքացիական հասարակության հզորացումը եւս դիտարկվում է որպես կայուն զարգացման նախապայման, որը վերահսկիչ գործառույթ կարող է ստանձնել մարդու իրավունքներին առնչվող միջազգային պարտավորությունների իրականացման գործում: Հայաստանը հանձնառու է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ի դեմս արտահայտման, կարծիքի, հավաքների ազատության իրավունքների պաշտպանության: Այսօր կարող ենք փաստել, որ տարբեր հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից արձանագրվել է այս ազատությունների ապահովման գործում Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը:

Արտակ Ապիտոնյանը Արտակ Ապիտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանը նաեւ մեծագույն կարեւորություն է տալիս բոլոր հիմքերով խտրականության բացառման խնդրին: Այս հարցը մենք դիտարկում ենք նաեւ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում՝ ծանոթ լինելով ու քաջ գիտակցելով այն մարտահրավերները, որոնց նրանք առերեսվում են, հատկապես հակամարտային գոտիներում կամ պատերազմական պայմաններում:

 

Այս կապակցությամբ ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել միջազգային հանրության «որեւէ մեկին չանտեսելու» կոլեկտիվ հանձնառության կարեւորությունը, որը հիմնված է մարդու իրավունքների համընդհանրականության սկզբունքի վրա, այսինքն, որ ցանկացած անձի անհատական եւ կոլեկտիվ իրավունքները՝ անկախ իր կարգավիճակից եւ ապրելու վայրից, պետք է պաշտպանված լինեն: Սա այն սկզբունքն է, որի մեծագույն ջատագովն է հանդիսանում Հայաստանը՝ այն ընդունելով որպես միջազգային ասպարեզում իր գործունեության հիմնասյուն:

 

Այս ուղղությամբ մեծ ուշադրություն ենք դարձնելու նաեւ ատելության խոսքի, ազգային եւ կրոնական խտրականության դեմ պայքարի միջազգային ջանքերի էլ ավելի ակտիվացմանը։

 

- Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշվեց, որ մարդու իրավունքները պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչը։ Կարո՞ղ ենք ասել, որ նախկինում նման մոտեցում չի եղել: 

 

- Պետք է նշեմ, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականության գերակայություններում մշտապես առկա է եղել մարդու իրավունքների բաղադրիչը՝ լինի դա ղարաբաղյան հիմնահարցի թե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասով: 

 

Այնուհանդերձ, որպես արտաքին քաղաքականության ամբողջական եւ կարեւոր բաղադրիչ այն ձեւակերպվել է ներկա կառավարության օրոք՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ հստակ դարձավ, որ այս ուղղությունը մենք կարող ենք շատ ավելի համարձակ առաջ մղել, լինել ոչ թե գործընթացի հետեւից գնացող, այլ դառնալ դրա  առաջամարտիկ։

 

Այս ուղղությունը ձեւակերպվել է կառավարության ծրագրով եւ դարձել է մեր արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը: Սա նաեւ իր արտացոլումն է գտել արտգործնախարարության կառուցվածքում։ Եթե նախկինում ունեինք մարդու իրավունքների հարցերով զբաղվող մեկ բաժին՝ Միջազգային կազմակերպությունների վարչության կազմում, ապա այսօր գործում է Մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի առանձին մեծ վարչություն:

 

Այսօր ավելի համարձակ ենք խոսում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի եւ քաղաքացիական հասարակությունն այդ հարցերում ներգրավելու մասին։ Բայց պետք է նաեւ ֆիքսել, որ նախկինում եւս մենք փորձել ենք, պատկերավոր ասած, «ժամանակից առաջ ընկնել»՝ արտաքին քաղաքական լծակներն օգտագործել երկրում ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով։ Նման օրինակ էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներին երկիր այցելելու բաց հրավերի ընձեռումը դեռեւս 2006թ-ին։ Կարծում եմ, Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին ժամանակին եւս ավելի շատ արտաքին քաղաքական նախաձեռնություն էր, քան ձեւակերպված հասարակական պահանջ։

 

- Մենք նաեւ ԵԱՏՄ անդամ ենք, որի անդամ երկրները մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկների համբավ չունեն:

 

- Հայաստանն իր քաղաքական առաջնահերթությունները հստակ տարանջատում է, քանի որ ունենք անվտանգության, զարգացման, մարդու իրավունքների ոլորտի խնդիրներ։

Արտակ Ապիտոնյանը Արտակ Ապիտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առկա մարտահրավերները փորձում ենք կարգավորել՝ ելնելով մեր շահերից։ Անվտանգային խնդիրների լուծման համար աշխատում ենք գոյություն ունեցող ձեւաչափերով եւ լինելով ՀԱՊԿ անդամ` առաջ ենք տանում ՀԱՊԿ-ի անդամների հետ համատեղ ձեւակերպված օրակարգը։

 

Ինչ վերաբերվում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ապա մեզ համար դա սոսկ արտաքին քաղաքական գործիք չէ: Մարդու իրավունքները մեր պետության հիմնասյունն են, կայունության եւ զարգացման անհրաժեշտ պայման։ Փորձը ցույց է տալիս, որ երբ դրանք անտեսվում են, հասարակության մեջ վստահության լուրջ խնդիր է առաջանում, իսկ դա անթույլատրելի է, հատկապես, սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար։

 

Արտակ Ապիտոնյանի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին