Լարիսա Հովհաննիսյան. Ուրախ ենք հյուրընկալել Teach For All-ի համաժողովը - Mediamax.am

exclusive
17431 դիտում

Լարիսա Հովհաննիսյան. Ուրախ ենք հյուրընկալել Teach For All-ի համաժողովը

Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Հոկտեմբերի 20-ից 23-ը Երեւանում կկայանա «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային ցանցի ամենամյա համաժողովը։

 

Եռօրյա համաժողովի ընթացքում 400 մասնակիցները խոսելու են «Ինչպե՞ս նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը» թեմայով:

 

Միջոցառման նախօրեին Մեդիամաքսը զրուցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի հետ։

 

- Պատմե´ք կոնֆերանսի մասին. ովքե՞ր են մասնակիցները, քանի՞սն են եւ ո՞ր երկրներից:

 

- «Դասավանդի′ր, Հայաստան» հիմնադրամը «Կրթություն բոլորի համար» համաշխարհային ցանցի անդամ կազմակերպություն է։ Ամեն տարի «Կրթություն բոլորի համար» ցանցի կողմից կազմակերպվող համաժողովը միավորում է ցանցի անդամ բոլոր կազմակերպություններին, ցանցի գործընկերներին, միջազգային փորձագետներին, աջակիցներին, գործընկեր համայնքների ներկայացուցիչներին եւ, իհարկե, տեղացի ու արտասահմանցի աշակերտներին՝ միմյանց լսելու, միմյանցից սովորելու եւ քննարկելու կրթության զարգացման ոլորտում արդիական թեմաներ՝ ընկղմվելով նաեւ կազմակերպող երկրի տեղական համատեքստում։ 

 

Նախորդ տարիներին համաժողովը անց է կացվել ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում, Չիլիում։ Ի ուրախություն մեզ՝ այս տարի հենց Հայաստանն ընտրվեց որպես կազմակերպիչ երկիր։

 

Մոտ 75 երկիր ներկայացնող ավելի քան 450 հյուրեր ենք սպասում աշխարհի տարբեր մասերից։ Նախատեսվում է, որ բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակներ, նրանց թվում՝ Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուցիչ-2019» տիտղոսակիր Փիթեր Թաբիչին Քենիայից եւ Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Հարրի Փաթրինոսը:

 

- Որո՞նք են լինելու կոնֆերանսի հիմնական թեմաները:

 

- Այս տարվա համաժողովի քննարկման հիմնական խնդիրը կլինի այն, թե ինչպես նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը, այսինքն` ինչպիսի մեթոդներ կամ կրթական գործիքներ է հարկավոր կիրառել, որպեսզի աշակերտը հետագայում թե՛ գիտելիքով, թե՛ հմտություններով պատրաստ լինի մարտահրավեր նետելու առկա գլոբալ խնդիրներին եւ ընդունակ՝ կայացնելու գիտակից որոշումներ, գտնելու լուծումներ՝ հանուն վաղվա ավելի բարեկեցիկ աշխարհի։

 

Համաժողովի եռօրյա ուսումնական ուղին կընդգրկի աշխատարաններ եւ քննարկումներ ինչպես «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի, այնպես էլ դրանից դուրս գործող մասնագետների, զանազան խմբերի մասնակցությամբ։ Այստեղ գտնվելու ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմությանը, հայկական մշակույթին, Հայաստանում առաջնորդության ու զարգացման հեռանկարներին եւ, բնականաբար, ավելի լավ կհասկանան տեղի կրթության խնդիրները, առաջընթացի ուղիները եւ հետագա զարգացման հնարավոր հեռանկարները։ Համաժողովի շրջանակներում կազմակերպվելու են նաեւ այցելություններ Հայաստանի այն համայնքներ, որտեղ գործում են մեր Ուսուցիչ-առաջնորդները։ Այսպես մեր հյուրերը կծանոթանան համայնքային կյանքին եւ ապրելակերպին, կտեսնեն, թե ինչպես են համայնքները փորձում գտնել առկա խնդիրներն  եւ մարտահրավերները հաղթահարելու լուծումներ։ Այս այցելությունները հիանալի հնարավորություն են ընձեռում մեր հյուրերին՝ ավելի լավ պատկերացնելու համայնքներում առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները։

 

- Ինչպես ստացվե՞ց հասնել նրան, որ հենց Հայաստանն ընտրվեց որպես համաժողովի անցկացման վայր:

 

- «Դասավանդի′ր, Հայաստան»-ը գործում է արդեն հինգ տարի՝ ջանալով Հայաստանի բոլոր երեխաներին ընձեռել ժամանակակից եւ գերազանց դպրոցական կրթություն ստանալու հնարավորություն՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական վիճակից կամ գտնվելու վայրից։

Լարիսա Հովհաննիսյանը Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իր գոյության կարճ ժամանակահատվածում իր ջանքերի, կատարած աշխատանքի եւ նկատելի փոփոխությունների շնորհիվ «Դասավանդի′ր, Հայաստան»-ը ճանաչվեց որպես վստահելի գործընկեր՝ գրավելով «Կրթություն բոլորի համար» ցանցի ուշադրությունը իբրեւ ցանցի հաջողակ եւ մեծ հեռանկարներ ունեցող անդամ կազմակերպություն։ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու եւ «Կրթություն բոլորի համար» ցանցի հետ կապերն ավելի ամրապնդելու եւ զարգացնելու նպատակով որոշեցինք հայտ ներկայացնել ամենամյա համաժողովն այս տարի Հայաստանում անցկացնելու համար։ Մեզ համար անչափ մեծ պատիվ է, որ հենց Հայաստանին ընձեռվեց համաժողովը հյուրընկալելու հնարավորությանը։ Այժմ օրնիբուն նախապատրաստվում ենք համաժողովի շրջանակներում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելուն, որպեսզի հյուրերին ցույց տանք, թե ինչքան մեծ հնարավորություններ եւ հսկայական ներուժ ունի Հայաստանի նման փոքր երկիրը։ Սա հնարավորություն է՝ ամբողջ աշխարհին պատմելու հայաստանյան կրթական համակարգի եւ դրանում տեղի ունեցող ուշագրավ փոփոխությունների մասին, ինչպես նաեւ պարզելու այն ուղիները, որ դեռ պետք է անցնենք, որպեսզի իսկապես կարողանանք Հայաստանում բնակվող յուրաքանչյուր երեխայի ապահովել որակյալ եւ հասանելի կրթությամբ:

 

- Ի՞նչ առավելություն կտա «Դասավանդի′ր, Հայաստան»-ին կոնֆերանսի անցկացումը Հայաստանում:

 

- Սա լինելու է Հայաստանում երբեւէ անցկացված ամենամեծ կրթական համաժողովը։ Մեզ համար այն հիանալի հնարավորություն է՝ ցույց տալու աշխարհին, որ, չնայած իր աշխարհագրական փոքր չափերին, Հայաստանն ունի մարդկային ռեսուրսների, կրթական եւ համայնքային զարգացման բազում ծրագրերի իրականացման ահռելի ներուժ։ Այս համաժողովի շնորհիվ՝ Հայաստանի կերպարը, հայկական կրթական բարեփոխումների գործընթացը հասանելի եւ ճանաչելի կդառնան առավել լայն լսարաններին։ Մեր երկրի անունը կարծարծվի կրթական այնպիսի հսկաների կողքին, ինչպիսիք են Արգենտինան, Մեծ Բրիտանիան կամ Շվեդիան։ Սա հիանալի հնարավորություն է Հայաստանի դիրքը կրթական համատեքստում աշխարհի քարտեզի վրա ամրապնդելու համար։ Սա հնարավորություն է, որպեսզի աշխարհի տարբեր կազմակերպությունների  եւ ներդրողների ուշադրությունը սեւեռենք Հայաստանի վրա՝ մեր երկրում ավելի մեծ ու նշանակալի կրթական կամ զարգացման ծրագրեր իրականացնելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին