Տիգրան Հակոբյան. Նոր նախաձեռնությունը լուրջ քննարկման առարկա է - Mediamax.am

exclusive
9806 դիտում

Տիգրան Հակոբյան. Նոր նախաձեռնությունը լուրջ քննարկման առարկա է

Տիգրան Հակոբյանը
Տիգրան Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանի հետ

 

- Պարոն Հակոբյան, ռադիոհեռուստատեսային ոլորտում վերջին մեկ ու կես տարում ի՞նչ փոփոխություններ կան եւ ի՞նչ միտումներ են նկատվում։ 

 

- Սխալ կլինի մեր աշխատանքները կամ հեռարձակող ընկերությունների կարգավորման խնդիրները պայմանավորել միայն հեղափոխությամբ, քանի որ տասնյակ այլ գործոններ կան։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող  փոփոխությունները ոչ պակաս մեծ ներգործություն են ունենում այս դաշտի վրա, քան քաղաքական փոփոխությունները։ Քաղաքական փոփոխությունները, տվյալ դեպքում՝ հեղափոխությունը, լավ է այն ժամանակ, երբ իշխանության եկած  ուժը չի շեղվում իր հռչակած սկզբունքներից։ Իսկ այդպես միշտ չէ, որ լինում է:  

 

Այդ առումով այս մեկ ու կես տարին հնարավորություն է տալիս պնդել, որ նոր իշխանությունների հռչակած սկզբունքները համընկնում են նրանց գործելաոճի հետ: Վարչապետը հայտարարում է, որ խոսքի ազատությունն արժեք է ու պաշտպանվելու է  նոր իշխանությունների  կողմից, եւ դա գործնականում տեսնում ենք մեր կողմից կարգավորվող ոլորտում։ Հանձնաժողովի վրա որեւէ ճնշում, պարտադրանք չկա եւ չի կարող լինել։ Ուստի կխնդրեմ բոլորին գիտակցել՝ որոշումները կայացնում եւ դրանց համար պատասխանատվությունը կրում են հանձնաժողովի նախագահն ու անդամները։ 

 

Սահմանադրությամբ ամրագրված հեռարձակվող լրատվամիջոցների ազատությանն ու անկախ գործելու իրավունքի ապահովումը ՀՌՀ աշխատանքների բաղադրիչներից մեկն է միայն։ 21-րդ դարում, երբ հեռարձակման տեխնիկական հնարավորությունները «պայթյունային» զարգացում են ապրում, խոսքի ազատությունը գրեթե նվաճած «տարածք է»: Այսօր նույնիսկ մեծ ցանկության ունենալու դեպքում այն սահմանափակելը շատ դժվար է: 

 

Այսօր հասարակությունը այլ մարտահրավերների հետ է բախվում: Հսկայական տեղեկատվական հոսքերը կիրառվում են նաեւ որպես զենքի նոր տեսակ: Եվ խնդիր է առաջանում, թե ինչպես պաշտպանել քաղաքացիներին ապատեղեկատվությունից,  «ատելության խոսքից», արտաքին ազդեցություններից, կեղծ օրակարգերի թելադրանքից: Պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն խոսքի ազատությունը, այլեւ անկողմնակալ, ճշգրիտ, կրթող տեղեկատվություն ստանալու սպառողի իրավունքը։  

 

Այս նոր իրականությունը, նոր մարտահրավերների չեզոքացման մեխանիզմները, տեխնոլոգիաների ներկա հնարավորությունների օգտագործումը պետք է տեղ գտնի  Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նոր օրենքում։ 

 

- Մեդիա ոլորտի ներկայացուցիչների մի մասը բարձրաձայնում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վտանգների մասին: Մասնավորապես, նախագիծը նախատեսում է, որ ներկայիս հանրային մուլտիպլեքսից կարող են օգտվել միայն Հանրային հեռուստաընկերության 5 ալիքներ: Ո՞րն է նախագծի փիլիսոփայությունը, Դուք ի՞նչ վտանգներ եք տեսնում։ 

 

- Մի ճշտում. երեք հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված օրենքի նախագիծը դեռ շրջանառության մեջ չի դրվել խորհրդարանում, եւ այս պահին այդ նախագիծը կարելի է դիտարկել որպես ոլորտում իրավական կարգավորումների հայեցակարգային առաջարկ, որը վերլուծության եւ մասնագիտական քննարկումների առարկա պետք է դառնա: Ներկայացված առաջարկում չէի առանձնացնի միայն հանրային մուլտիպլեքսի խնդիրը, որովհետեւ տեսաձայնային հոսքերի համագումարը բաղկացած է տարբեր մրցակցող հարթակներից՝ կաբելային ցանցերից, հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսներից, արբանյակային հեռարձակողներից եւ այլն։ Նախագծի հեղինակները ներկայացրել են  իրենց տեսլականը, թե ինչպես առողջացնել դաշտը, արտոնյալ վիճակ տրամադրել  այն հեռարձակողին (տվյալ դեպքում՝ Հանրայինին), որն իր կարգավիճակին համապատասխան պարտավոր է հեռարձակել որակյալ, անկողմնակալ, բազմազան, հանրօգուտ բովանդակություն։ Եվ հենց այստեղ են բախվում երկու տարբեր մոտեցումները, եթե կուզեք, փիլիսոփայությունները: Ներկայացված նախագիծը նախատեսում է նվազագույն սոցիալական փաթեթում (որի հեռարձակումը հանրային թվային մուլտիպլեքսում ամբողջ հանրապետությունով կերաշխավորի պետությունը) ներգրավել միայն Հանրայինի տարբեր ուղղվածության հինգ հեռուստաալիքներ: Այսինքն՝ հանրային հեռարձակողը պետք է բավարարի բնակչության տարբեր տեղեկատվական կարիքները՝ լրատվականից մինչեւ սպորտային եւ մանկական։ 

Տիգրան Հակոբյանը Տիգրան Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուս բոլոր մասնավոր հեռուստատեսությունները ստիպված կլինեն կամ  տեղափոխվել  կաբելային ցանցեր, կամ նորաստեղծ մասնավոր մուլտիպլեքսներ: Մեր մոտեցումն այլ է. նվազագույն սոցիալական փաթեթը պետք է կազմված լինի ոչ միայն հանրային հեռարձակողից, այլեւ մասնավոր հեռուստաընկերություններից, որոնք ըստ օրենքի իրենց վրա հավելյալ պարտավորություններ կվերցնեն, կունենան կրթական, դաստիարակչական, մանկական եւ այլ հաղորդումներ։ Այսպիսի մոտեցումը կապահովի բովանդակության եւ տեսակետների բազմազանությունը, մրցակցությունը: Նման փորձ կա տարբեր երկրներում։ Հարաբերությունները կկարգավորվեն օրենքով եւ պայմանագրերով։ Դրանով նաեւ մասնավոր կապիտալը կարող ենք բերել հանրային դաշտ, այլ ոչ հանրային մուլտիպլեքսով հեռարձակումը ծանրացնենք պետական բյուջեի վրա։ 

 

Կարծում եմ՝ սխալ է գերիշխող դիրք հատկացնել Հանրային հեռուստաընկերությանը:  Հայաստանը դեռ չունի խորը ժողովրդավարական ավանդույթներ, հասուն քաղաքացիական հասարակություն, որի պայմաններում Հանրայինը իսկապես անկախ կլիներ: Այս նախագիծը սիտուատիվ բնույթ է կրում, հիմնված է այսօրվա իշխանությունների ժողովրդավարական բնույթի վրա: Իսկ եթե իշխանությունները փոխե՞ն իրենց բնույթը կամ հետագայում ընտրությունների արդյունքում իշխանության գան  այլ արժեքներ դավանող քաղաքական ուժե՞ր:  Նրանք կկենտրոնացնեն իրենց ձեռքում հեռարձակման ամենախոշոր ցանցը՝ առանց որեւէ այլընտրանքային տեղեկատվության: Կան այլ բազմաթիվ մտահոգություններ, որոնք կներկայացնենք հանրային քննարկումների ժամանակ:

 

- Ոլորտի փորձագետները դժգոհում են, որ թվային հեռարձակման անցումից հետո նոր խնդիրներ առաջացան եւ 10-ից ավելի հեռուստաընկերություն դուրս մնաց գործընթացից։ Նրանք պնդում են, որ հարկավոր է մասնավոր մուլտիպլեքս ունենալ։ Մյուս կողմից, մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթը չի կայանում։ Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի կարգավորումը։ 

 

-  Մենք էլ պնդում, որ մասնավոր մուլտիպլեքսը անհրաժեշտ է, եւ՞: Խնդիրները պնդելով չեն լուծվում: Հանրապետական սփռում ունեցող մասնավոր մուլտիպլեքսի կառուցման համար խոշոր ներդրումներ են հարկավոր, որոնք չեն երաշխավորում բիզնեսի համար ընկալելի եկամտաբերություն, ուստի դժվար է կանխատեսել, որ այն կստեղծվի մոտ ապագայում: Նախագծի հեղինակները դա շատ լավ գիտակցում են եւ այլընտրանքային մոտեցում են առաջարկում՝ օրենսդրությամբ հնարավորություն տալ ստեղծել փոքր մուլտիիպլեքսներ նույնիսկ մեկ համայնքի ծածկույթով:  Այսինքն՝ մեկ առանձին գյուղ կարող է իր մուլտիպլեքսն ունենալ եւ գյուղի տարածքում սփռել տարբեր հեռուստածրագրեր: Մենք այստեղ նույնպես վտանգներ ենք տեսնում: Ո՞վ հնարավորություն կունենա ստեղծել համայնքային մուլտիպլեքս: Իհարկե, փող, քաղաքական կամ այլ հավակնություններ ունեցող անձը կամ կազմակերպությունը (օրինակ, գյուղապետը կամ տեղի գազալցակայանի սեփականատերը), քանի որ բոլորին պարզ է, որ այդ մուլտիպլեքսները չեն կարող դիտարկվել որպես եկամտի աղբյուր: Եվ բացառված չէ, որ կունենանք ընդամենը ամբիցիաներ բավարարող,  որպես նախընտրական ռեսուրս օգտագործվող եւ քաղաքական նպատակներ հետապնդող տասնյակ մասնավոր կառույցներ, որոնց համագումարում անկառավարելի, անորակ բովանդակությամբ սոցիալական ցանցերի կվերածվեն: Նրանց գործունեության կարգավորումը մեր հանձնաժողովը չի կարողանա ապահովել:  Տասնյակ այսպիսի խութեր կան այս նախագծում։     

 

- 2020 թ. դեկտեմբերին եւ 2021 թ. հունվարին սպասվում են լիցենզավորման մրցույթներ, եւ ակնկալվում է, որ այդ մրցույթների միջոցով նոր գործընթաց տեղի կունենա։ Ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվելու հանձնաժողովը։ 

 

- Տեսե՛ք, այստեղ ինչ խնդիր կա։ Մինչ մրցույթի մեկնարկը պետք է ընդունվի այս ոլորտը կարգավորող  նոր օրենքը: Ձեր հիշատակած նախագծով մրցույթներ ընդհանրապես չպետք է լինեն։ Մենք կարծում ենք, որ մրցույթների ինստիտուտը պարտադիր  պետք է պահպանվի: Հեռուստատեսություն հիմնելը եւ աշխատացնելը անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել չէ, այն ենթադրում է համապատասխան ֆինանսական եւ ստեղծագործական ռեսուրսներ, տեխնիկական միջոցներ, պատասխանատվություն քաղաքացիների առջեւ: Այլ խնդիր է, թե ինչ չափորոշիչներ ես դնում այդ մրցույթում հաղթելու համար։ Հեռուստաընկերությունների համար այսօր չկան այն չափորոշիչները, որոնց համաձայնելով միայն նրանք հնարավորություն կստանան հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում։ Այդ չափորոշիչները պետք է տեղ ունենան նոր օրենքում կամ Հանձնաժողովի կողմից մշակված մրցութային կարգերում:

Տիգրան Հակոբյանը Տիգրան Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե թվային հանրային մուլտիպլեքսն անվճար է ու հասանելի բոլոր քաղաքացիների համար, դրանում հեռարձակվող հեռուստատեսությունները պետք է ունենա հանրօգուտ հաղորդումների պարտադիր նվազագույն շեմ։ Մյուսները, որոնց դա չի հետաքրքրում, կարող են ընտրել մասնավոր մուլտիպլեքսներ, կաբելային ցանցեր, ինտերնետ տիրույթ: Թվային մուլտիպլեքսում պետք է լինեն միայն այն հեռուստաընկերությունները, որոնք, իմ պատկերացմամբ, նաեւ ինչ-որ չափով հանրայինի դեր են կատարում: Այդպիսի չափորոշիչների վրա Հանձնաժողովը արդեն սկսել է աշխատել:

 

- Լիցենզավորման գործընթացի նկատմամբ որոշակի թերահավատություն կա։ Որքանո՞վ է անկախ ՀՌՀ-ն որոշումներ ընդունելիս:

 

- Ցանկացած մրցույթ ենթադրում է մեկի հաղթանակն ու մյուսների պարտությունը: Ուստի մրցույթի արդյունքները չեն կարող  բոլորին գոհացնել: Օգտագործելու ենք մրցույթների հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու ամբողջ գործիքակազմը՝ օրենսդրական հստակ կարգավորում, թափանցիկ ընթացք, ՀՌՀ-ի կողմից մշակված մանրամասն ընթացակարգեր, չափորոշիչներ, մասնագիտական կառույցների կարծիք եւ այլն: Իսկ  հանձնաժողովն այժմ անկախ է եւ անկախ է մնալու:  

 

- Վերջերս  հանձնաժողովը տուգանեց  հեռուստաընկերություններից մեկին՝ եթերում հեռարձակվող սերիալում առկա բռնության տեսարանների համար։ Ի՞նչ դեր ունի ՀՌՀ-ն բռնությունը եւ անորակ բովանդակությունը եթերում նվազեցնելու գործում։ Որո՞նք ենք գործուն մեխանիզմները։

 

-  Մեկ շատ խոսուն փաստ բերեմ: 2019թ. ինը ամիսների ընթացքում Հանձնաժողովը ավելի շատ է տուգանել հեռուստա եւ ռադիոընկերություններին, քան նախորդ ութ տարիների ընթացքում: Իրավախախտումները տարբեր են. հեղինակային իրավունքի, գովազդի մասին օրենքի խախտումներ, բռնության տեսարաններ, երեխաների հոգեկան առողջության վրա ազդող բովանդակություն եւ այլն:   

Տիգրան Հակոբյանը Տիգրան Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք երաշխավորում ենք հեռուստաընկերությունների ազատությունը, հասկանում ենք որոշ սոցիալական խավերի պահանջարկը դիտել «ցածր մշակույթի» բովանդակություն: Գիտենք նաեւ, որ վերջին 6  տարվա ընթացքում հեռուստագովազդի շուկան կրճատվել է մոտ 2.5 անգամ, ինչը դժվարացնում է որակյալ կոնտենտի պատրաստումը կամ գնումը: Որակի չափորոշիչները շատ դժվար է մշակել, իրավական նորմերի վերածել: Այնուամենայնիվ, հեռուստառադիոընկերությունների ղեկավարների հետ համատեղ ուրվագծել ենք  այն «կարմիր գծերը», որոնց հատելը  հետեւանքներ կարող է առաջացնել: Խնդիրը միայն տուգանելով չի լուծվում: Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի գոնե հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները արտադրեն հանրօգուտ կոնտենտ: Այս ամենը ժամանակ է պահանջում, բայց անելու ենք առավելագույնը, որպեսզի  անորակ կոնտենտի քանակը՝ բռնությունը, երեխաների հոգեւոր զարգացման վրա ազդող դրվագները եթերում նվազեն:

 

- Մարզային հեռուստաընկերություններում կան  մի շարք խնդիրներ՝ կապված լեզվի, սեփական արտադրության հետ։ Մարզային հեռուստաընկերությունների վերահսկման եւ կարգավորման ի՞նչ ուղիներ եք տեսնում։ 

 

- Այսօր գրեթե բոլոր մարզային հեռուստատեսությունները ծանր վիճակում են: Մի քանիսը կան, որ ֆինանսավորվում են խոշոր ընկերությունների կողմից, կամ հմուտ եւ բանիմաց ղեկավարներ ունեն, օրինակ՝ Սյունիքի, Արմավիրի, Գեղարքունիքի  թվային տիրույթում գործող հեռուստաընկերությունները, եւ այնտեղ վիճակը բարվոք է: Որտեղ խոշոր ինստիտուցիոնալ հիմնադիրներ չկան, հեռուստաընկերությունները նոմինալ են կատարում մարզային հեռարձակողի դերը՝ չունեն որակյալ բովանդակության արտադրության ռեսուրսներ, չեն պահպանում հեղինակային իրավունքը, մեծ է օտար լեզվով հեռարձակվող հաղորդումների քանակը եւ այլն: 

Տիգրան Հակոբյանը Տիգրան Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարզերում չկա գովազդային այն դաշտը, որը կսներ հեռուստաընկերություններին, չկա մեդիամենեջմենթի ունակությունները, որի շնորհիվ կարողանային գումար աշխատել: 

 

Այս տարի մեր աշխատակիցները այցելել են բոլոր մարզային հեռուստաընկերություններ, ուսումնասիրություններ են կատարել: Այդ հեռուստաընկերությունների բնականոն զարգացման համար պետք է օրենսդրական բազա ստեղծել եւ մշակել մարզային հեռարձակողներին պետական աջակցության ծրագիր: Ողջ տեղեկատվական հոսքը մարզի բնակիչը չպետք է ստանա երեւանյան մեկնաբանմամբ: Տեղական հեռարձակողները շատ կարեւոր առաքելություն ունեն.  բարձրացնել տեղական խնդիրներ, հանրային քննարկումներ կազմակերպել եւ այլն: Կարծում եմ, պետությունը պետք է ինչ-որ միջոցներ նախատեսի մարզային հեռարձակման կայացման  համար:  

 

- Արդյո՞ք պետք է կարգավորվեն ինտերնետ հեռուստաընկերությունները, հնարավո՞ր է դա տեխնիկապես:

 

- Կարծում եմ, կարգավորման ինչ-որ մեխանիզմներ հարկավոր են, քանի որ հենց կարգավորումից դուրս համացանցային տեսաձայնային ֆորմատներն են հիմնականում տարածում ապատեղեկատվություն, բռնության տեսարաններ, ծառայում են որպես պրոպագանդայի եւ տեղեկատվական պատերազմների բութ գործիք: Եթե կա այդ խնդիրը, ապա պետք է նաեւ գտնվեն տեխնիկական եւ ֆինանսական միջոցներ երկրի տեղեկատվական անվտանգությունը ապահովելու համար: 

 

Տիգրան Հակոբյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին