Ուիլյամ Պարկերը ամերիկյան EastWest ինստիտուտի նախագահն է եւ գործադիր տնօրենը: Նա ԱՄՆ Ազգային պաշտպանության համալասարան հիմնադրամի նախկին գործադիր տնօրենն է:
- Դոկտոր Պարկեր, «Ապահովելով Ամերիկայի անվտանգությունը 21-րդ դարում» գրքում Դուք սպառնալիքը սահմանում եք որպես ռազմական կարողություն եւ ռազմական գործողություններ իրականացնելու մտադրություն: Ըստ այս սահմանման, ի՞նչն եք Դուք դիտարկում որպես սպառնալիք գլոբալ անվտանգությանը:
- Ամենամեծ սպառնալիքն այն է, երբ համադրվում են ռազմական կարողությունն ու վնաս հասցնելու մտադրությունը: Ընդհանրապես, գլոբալ անվտանգության սպառնալիքների մասին խոսելիս, պետք է տարբերակենք պետություններին եւ ո՛չ պետական դերակատարներին: Օրինակ, հայտի է, որ Հյուսիսային Կորեան ունի ռազմական մեծ կարողություն եւ, հավանաբար, նաեւ այն կիրառելու մտադրություն: Այսպիսով, Հյուսիսային Կորեան կշարունակի համարվել սպառնալիք աշխարհի համար, քանի դեռ լուծված չէ նրա միջուկային ծրագրի հարցը: Մի քանի երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, թեեւ ունեն հզոր ռազմական կարողություն, այնուամենայնիվ, չեն հայտարարել միջուկային զենք կիրառելու մտադրության մասին: Այսպիսով, նրանք ավելի քիչ վտանգ են ներկայացնում, բայց այդ վտանգը կարող է մեծանալ, քանի որ մտադրությունները, ի տարբերություն կարողության, կարող են արագ փոխվել:
Ինչ վերաբերում է ոչ պետական դերակատարներին, ապա Իսլամական Պետության եւ այլ ահաբեկչական խմբերի կողմից զանգվածային ոչնչացման զենքերի հնարավոր ձեռքբերումը մեծ վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգությանը: Թեեւ ISIS-ը պարտության է մատնվել եւ զգալիորեն թուլացել է, այնուամենայնիվ, վտանգը դեռ առկա է:
Ներկայում աշխարհին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը փախստականների խնդիրն է: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, աշխարհում կա մոտ 70 միլիոն փախստական: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի նրանք ապրեն մարդկային պայմաններում եւ կարողանան վերադառնալ իրենց երկրները, ինչպես նաեւ պետք է կանխենք հետագա հնարավոր միգրացիոն ճգնաժամները, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում մի քանի մակարդակներում:
- Արդյո՞ք մենք շարժվում ենք դեպի երկբեւեռ աշխարհ: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան ուժային հարաբերակցությունը ապագայում:
- Ներկայիս իրադարձությունները հուշում են, որ աշխարհը, հավանաբար, նորից կդառնա երկբեւեռ, դժբախտաբար: Սակայն, այս անգամ, մի բեւեռում կլինի ԱՄՆ-ը, իսկ մյուսում, նախկին խորհրդային դաշինքի փոխարեն՝ Չինաստանը: ԱՄՆ-ի տնտեսական եւ ռազմական հզորությունը հիմա մեծանում է: Չինաստանն, իր հերթին, կառուցում է նոր եւ զարգացած բանակ, միեւնույն ժամանակ՝ մեծացնում է իր ազդեցությունն աշխարհում տնտեսական, ֆինանսական եւ այլ միջոցներով, ինչպիսիք են՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ 5G ցանցերի զարգացումը:
Եթե Չինաստանը օգնի Հյուսիսային Կորեայի միջուկազերծման հարցում, ապա դա դրական նախանշան կլինի: Եթե ո՛չ, ապա ռիսկ կա, որ որպես հետեւանք Ճապոնիան, Իրանը եւ Միջին Արեւելքի մյուս երկրները նույնպես կշարժվեն միջուկային զենքի ձեռքբերման ճանապարհով: Սա շատ վատ սցենար է: Անկայուն Կորեական թերակղզու պարագայում, Չինաստանը ամենաշատը կտուժի (անվտանգության եւ տնտեսական առումով):
Ռուսաստանը մնում է խոշոր խաղացող, սակայն հիմա փոփոխությունների է ենթարկվում տնտեսության եւ ժողովրդագրության առումով: Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Չինաստանի համար կարող է հանդես գալ կամ որպես մրցակից, կամ՝ որպես հակառակորդ: Առաջին դեպքում ողջ աշխարհը կշահի, քանի որ մենք կարող ենք զարգացնել տեխնոլոգիաներն ու առեւտրային կապերը:
Երկրների միջեւ մրցակցությունն, իհարկե, կշարունակվի: Պարզապես, յուրաքանչյուր երկրի ղեկավարության վրա դրված է երկխոսությունը շարունակելու պատասխանատվություն, գտնելու համագործակցության եզրեր եւ կառուցելու առողջ, այլ ոչ թե՝ թշնամական հարաբերություններ:
- Ձեր ղեկավարած EastWest ինստիտուտը զբաղվում է հակամարտությունների կանխարգելմամբ եւ կարգավորմամբ: Ինչպիսի՞ մոտեցումներ եք կիրառում:
- Հակամարտությունը կանխարգելելու համար պետք է նախ հասկանալ դրա հիմնական պատճառները, ինչպես նաեւ՝ կողմերի մոտեցումները: Հաջորդ քայլը՝ կողմերի միջեւ վստահության մեխանիզմների ստեղծումն է, ինչի համար հարկավոր է դիտարկել խնդրի տարբեր բաղադրիչներ, գտնել ընդհանուր եզրեր եւ գնալ այնպիսի լուծման, որը շահեկան կլինի բոլոր կողմերի համար: Մենք այդպես ենք հավասարակշռում հակադիր կողմերին:
Ամենակարեւորը՝ բաց երկխոսություն վարելն է, որտեղ հաշվի կառնվեն ներգրավված բոլոր կողմերի մտահոգությունները, կամրապնդվի վստահությունը եւ կորոնվեն համատեղ լուծումներ:
- Դուք վերջերս այցելել էիք Հայաստան, մասնակցելու «Մտքերի գագաթնաժողովին», որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաեւ Հայաստանում ներդրումային դաշտը: Ի՞նչ ներդրումային հեռանկարներ եք տեսնում այստեղ?
- Կարծում եմ, որ մոտ ապագայում Հայաստանը, որը նոր ղեկավարություն ունի, կարող է ունենալ զգալի աճ: Իհարկե, Հայաստանի տնտեսության համար բարենպաստ կլիներ, եթե փակ սահմաններից գոնե մեկը բացվեր:
Եթե Հայաստանում ներդրումներ կատարելու առումով ինձ խորհուրդ տալ վերապահեի, ապա շեշտը կդնեի մարդկային կապիտալի վրա: Ճիշտ է, Հայաստանում կան մի շարք արագ զարգացող ճյուղեր, ինչպիսիք են՝ գինեգործությունը, տեքստիլ արդյունաբերությունը, ՏՏ ոլորտը, արհեստական բանականությունն ու այլ ոլորտներ, որոնց զարգացմանն է ուղղված հիմնական շեշտը, բայց այս ամենը կախված են կարեւորագույն գործոնից՝ տաղանդավոր աշխատուժից: Հայերը կրթված են, խելացի եւ հետեւում են բարոյականության ու էթիկայի նորմերին: Իհարկե, ներդրումները սպեցիֆիկ են յուրաքանչյուր ոլորտի համար, բայց կարեւորը հայերի խելքն է եւ ունակությունները:
Երբ նայում եմ Հայաստանի կրթական հաստատություններին, ինչպիսին է օրինակ UWC Դիլիջան քոլեջը, տեսնում եմ, թե ինչ տպավորիչ աշխատանք է արվում այստեղ. ավելի քան 70 երկրներից ուսանողներ են գալիս Հայաստան, սովորելու միջմշակութային միջավայրում: Կարծում եմ, որ կրթությունը այն ոլորտն է, որտեղ ներդրումներն առավել շոշափելի արդյունք կտան:
Կարեւոր է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շատ լավ են ընդունում ԱՄՆ-ում: Նա շատ խելացի եւ լավատեղյակ անձնավորություն է, ինչն իր հերթին եւս գործոն է, որը վստահություն է ներշնչում Հայաստանում ներդրումներ անելու տեսակետից:
Ուիլյամ Պարկերի հետ զրուցել է Նվարդ Չալիկյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: