Անահիտ Անտոնյան. Yandex.Taxi-ն «հայկական կղզի» է - Mediamax.am

exclusive
6814 դիտում

Անահիտ Անտոնյան. Yandex.Taxi-ն «հայկական կղզի» է

Անահիտ Անտոնյանը
Անահիտ Անտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


1988թ․ Երեւանի կենտրոնական փողոցները լի էին մարդկանցով, որոնք, բռունցքն օդում պարզած, Արցախի անկախության համար էին պայքարում։ Նույն այդ օրերին Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ կանգառի վրա «կախված» պատշգամբում, օդում օրորվող եւս մեկ բռունցք էր երեւում։ Պատշգամբում կանգնած աղջնակն իր փոքր տարիքի պատճառով տեսանելի չէր։ Երկու տարեկան երեխան լավ չէր պատկերացնում, թե ինչու են մարդիկ փողոցներն անցնում «միացե՛ք» վանկարկումներով, բայց միանում էր կոչերին։ 

 

«Կանգնում էի պատշգամբում՝ ձեռքս բռունցք արած։ Երբ մարդիկ անցնելիս բղավում էին՝ «Հայե՜ր, միացե՛ք, հայե՜ր, միացե՛ք», ես բարձրացնում էի ձեռքս ու նրանց հետ բղավում՝ «Հայե՜ր, միացե՛ք։ Ո՞ւր եք գնում։ Գնո՜ւմ ենք պաղպաղակ ուտելու» (ծիծաղում է - Մեդիամաքս),- տարիներ անց Մեդիամաքսին պատմում է պատշգամբի աղջնակը՝ Անահիտ Անտոնյանը, ում կյանքը հետո տարբեր երկրներով է տարել, բայց Հայաստանի հետ թելերը չեն կտրվել։ Այժմ նա աշխատում է Yandex.Taxi-ում` որպես Մարդկային ռեսուրսների ներգրավման միջազգային բաժնի ղեկավար (Head of international recruitment) եւ ասում, որ այնտեղ աշխատելն արդեն իսկ ինչ-որ իմաստով նշանակում է հայրենադարձվել։ 

 

Հայաստանն այն ժամանակ եւ հիմա

 

Անահիտը ծնվել է Խորհրդային Հայաստանում՝ 1986թ.: Թեեւ ընտանիքի հետ Մոսկվա է տեղափոխվել 5 տարեկանում, բայց լավ է հիշում «մութ ու ցուրտ» տարիները՝ առանց լույսի, ջրի եւ անգամ սննդի։ Անահիտի հիշողության մեջ լավ տպված է նաեւ 1988-ի երկրաշարժը։ Մյուս հիշողությունները՝ հանրահավաքներն են, հեռուստացույցով խոսող Գորբաչովը, Խորհրդային միության փլուզումն ու պատերազմը։ 

 

Մոսկվա տեղափոխվելուց հետո հաճախ են Երեւան այցելել, տատիկն ու քույրն այստեղ էին մնացել։ 

 

«Ես տեսնում էի աղքատությունը, անելանելիությունը, երբ մարդիկ ստիպված էին փայտի փշուրներ հավաքել փողոցներից բնակարանը ջեռուցելու համար»,- ասում է Անահիտը։

 

Ինչ վերաբերում է այսօրվա Հայաստանին, ապա ըստ նրա՝ նախորդ տարի Հայաստանը հսկայական վերելք է ապրել։ 

 

Անահիտ Անտոնյանը Անահիտ Անտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

 

«Ես եկել էի Հայաստան հեղափոխության օրերին, հնարավորություն ունեցա այստեղ շատ շաբաթներ անցկացնել, մասնակցել ցույցերին։ Իրականում, իմ շատ ընկերներ նույնպես եկել էին հեղափոխության համար։ Ես այդ օրերին տեսնում էի ապահովություն, հույս եւ ուժ։ Այժմ դա չկա։ Այժմ ես տեսնում եմ, որ մարդիկ պատրաստ են ավելի լավ ապրելու համար քայլեր ձեռնարկել, բայց դա հեղափոխության հետեւանքը չէ, դա ավելի շուտ պատճառն է, ինչի համար եղավ հեղափոխությունը։ Այժմ, այո՛, փոփոխություններ կան։ Մարդիկ ձգտում են Երեւանը դարձնել եվրոպական քաղաք. դա, իհարկե, լավ է, բայց ինձ դուր չի գալիս այն, որ օրինակ՝ Երեւանում քանդվում են պատմական հուշարձանները, եւ չի պահպանվում պատմական, մշակութային ինքնությունը»,- ասում է Անահիտը։  

 

Կյանքն արտասահմանում եւ մասնագիտական որոնումները

 

Մոսկվայում դպրոցն ավարտելուց հետո Անահիտը կրթություն է ստացել Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ 

 

«Կարծում էի, թե դա կրթության համար շատ հետաքրքիր վայր է, բայց պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ։ ՄՊՀ-ն հրաշալի բուհ է, ես տարբեր կուրսերի էի հաճախում, բայց ոչ սոցիոլոգիայի ֆակուլտետում։ 4-րդ կուրսում տեղափոխվեցի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց, այդտեղ արդեն մասնագիտացա տնտեսական ուղղվածությամբ սոցիոլոգիայում»։ 

 

Ավարտելուց հետո Անահիտը մագիստրոսական կրթությունը շարունակել է Լոնդոնում. ցանկանում էր սոցիոլոգ դառնալ եւ զբաղվել գիտությամբ։ 

 

Անահիտ Անտոնյանը Անահիտ Անտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Սովորեցի Բիբեքի համալսարանում եւ Լոնդոնում մի քանի տարի աշխատեցի ակադեմիական ոլորտում։ Ինչ-որ պահից հասկացա, որ այդ ոլորտը, այն էլ՝ արտասահմանում, ինձ համար այնքան էլ գրավիչ չէ։ Այդ պատճառով 2011-ին տեղափոխվեցի Մոսկվա եւ կարիերաս շարունակեցի բիզնեսում՝ զբաղվելով մարդկային ռեսուրսների կառավարմամբ, քանի որ դա ամենամոտն էր այն հետազոտություններին (մասնագիտական դաշտ էր), որ արել էի գիտական ոլորտում։ 

 

Yandex.Taxi-ում՝ ինչպես տանը

 

Yandex.Taxi-ում աշխատելն Անահիտը մասնակիորեն համարում է հայրենադարձություն։ Ասում է՝ իրեն զգում է ինչպես տանը, քանի որ շատ հայեր են աշխատում այս կազմակերպությունում։ 

 

«Մենք այնտեղ այնքան շատ ենք, որ կարծես հայկական կղզի լինի։ Մենք բոլորս պրոֆեսիոնալներ ենք, շատ եւ ծանր ենք աշխատում, կենտրոնացած ենք արդյունքի վրա»,- ասում է Անահիտը՝ հավելելով, որ այդ ամենն իրեն շատ հոգեհարազատ է։ 

 

Yandex.Taxi-ի եւ իր՝ միմյանց գտնելու մասին խոսելիս Անահիտն ասում է, որ «ընկերության եւ մասնագետի համար դժվար է միմյանց չգտնել, երբ ոլորտում լավ մասնագետ ես, իսկ Մոսկվայում՝ պրոֆեսիոնալ դաշտում բոլորը բոլորին գիտեն»։ 

 

Անահիտ Անտոնյանը Անահիտ Անտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ես Yandex.Taxi-ի աշխատակիցներին գիտեի, այդ մարդիկ բարձր որակավորում ունեն։ Ավելի քան 2,5 տարի շփվում էինք։ Որոշեցի աշխատել այնտեղ, որովհետեւ ինձ դուր է գալիս միջազգային բիզնեսը։ Մենք աշխատում ենք տարբեր հետաքրքիր երկրների հետ, եւ դա ինձ համար շատ գրավիչ է։ Բացի այդ, մայրիկին կարելի է ասել՝ որտեղ ես աշխատում, եւ նա միանգամից կճանաչի ընկերությունը (ծիծաղում է - Մեդիամաքս)»։

 

Անահիտը չի հավատում օֆլայնի ապագային։ 7 տարի աշխատել է վենչուրային կազմակերպությունում, որը ներդրումներ է անում օնլայն ստարտափներում։ 

 

«Այդ ստարտափները բառացիորեն սպանում են օֆլայնը։ Դեմոգրաֆիական առումով էլ ապագայում կլինեն մարդիկ, ովքեր նախընտրում են օնլայն ծառայությունները։ Օֆլայն կմնան տաքսիների միայն որոշ տեսակներ, օրինակ՝ Հնդկաստանի ռիկշաները, որովհետեւ մարդկանց ուղղակի զվարճալի է դրանցով երթեւեկելը»,- ասում է նա։

 

«Ուղեղների որսը» եւ մարդկային արժեքը Yandex.Taxi-ում

 

Անահիտ Անտոնյանի հիմնական փորձառությունը ՏՏ, ստարտափների եւ վենչուրային բիզնեսի ոլորտներում է, որտեղ զբաղվել է մարդկանց ընտրությամբ՝ headhunting-ով։ Այս ոլորտներում «ուղեղների որսը», ինչպես ասում է Անահիտը, մի փոքր այլ է, դա ավելի շուտ «նեթվորքինգ» է:

 

«Մարդուն ոչ այնքան իր CV-ով են գնահատում, որքան նրա մարդկային տեսակով եւ այն գաղափարով, բիզնեսով, որին նա ձգտում է։ Դա, իհարկե, շատ հետաքրքիր է, որովհետեւ բիզնեսի գնահատում է՝ թիմի տեսանկյունից»։ 

 

Մարդկանց որակները գնահատելիս Անահիտը կարեւորում է մարդու՝ մասշտաբային մտածելու ունակությունը։ 

 

Անահիտ Անտոնյանը Անահիտ Անտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Միեւնույն ժամանակ մասշտաբային մտածողությունը չպետք է շփոթել «մեծ-մեծ» խոսելու հետ։ Մարդը պետք է կարողանա մասշտաբայնացնել գաղափարը, երբ այն դեռ իր գլխում է։ Դա մարդու այն որակն է, որը տարածվում է ամեն ինչի վրա։ Այդ մարդիկ արդյունավետ են մտածում։ Ես այս որակներով եմ առաջնորդվում եւ կարծում եմ՝ Yandex.Taxi-ում դա նույնպես շատ է կարեւորվում։ Yandex.Taxi-ն սիրում է շատ ակտիվ մարդկանց, իրենց բնույթով, այսպես ասած, «շարժիչներին», որոնք չեն կարող հանգիստ նստել, այլ սիրում են նպատակասլաց եւ լավ իմաստով «ագրեսիվ» գործել»,- ասում է Անահիտ Անտոնյանը։ 

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին