Թեդ Սաուդեր. Սփյուռքի օգնությամբ կարող եք կառուցել նոր «տապանը» - Mediamax.am

exclusive
1444 դիտում

Թեդ Սաուդեր. Սփյուռքի օգնությամբ կարող եք կառուցել նոր «տապանը»

Թեդ Սաուդերը
Թեդ Սաուդերը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը`


Թեդ Սաուդերը (Ted Souder)՝ Google ընկերությունում աշխատում է գրեթե 18 տարի եւ ամերիկյան ինտերնետայի հսկայում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Վերջին 7 տարիների ընթացքում նա պատասխանատու է Google-ի եւ Ամերիկայի խոշոր առեւտրային ցանցերի հարաբերությունների համար: Թեդ Սաուդերը Հայաստանում էր «Մտքերի գագաթնաժողովին» մասնակցելու համար։ Մեդիամաքսը ներկայացնում է Թեդ Սաուդերի հետ հարցազրույցից որոշ դրվագներ։

 

Ինչո՞ւ է հայտնի Թեդ Սաուդերը

 

««Google-ում երբեք չեն օգտագործում «Ես կարծում եմ» նախադասությունը՝ այն մշտապես փոխարինում են «Հիմք ընդունելով այս տվյալները» արտահայտությամբ»» միտքը պատկանում է հենց Թեդ Սաուդերին։ 

 

Վերջին 23 տարում Թեդ Սաուդերը եղել է թվային հեղափոխության «գլխավոր դերակատարներից» մեկը։ Այս պահին նա աշխատում է «America Online» եւ «Google» ընկերություններում, «1871» ընկերությունների խմբի խորհրդի նախագահն է եւ «Մտքերի գագաթնաժողովի» համահիմնադիրներից մեկը։

 

Հայաստանին ի՞նչ կտա

 

Թեդ Սաուդերի համար նորություն է հայկական ՏՏ շուկան ու Հայաստանը, բայց ոչ հայերը: Սփյուռքում ապրող հայտնի ու անհայտ հայերի հետ նա հաճախ է շփվում։ 

 

- Յուրահատուկ երեւույթ է ձեր սփյուռքը, կարծես պետություն լինի, որի տարածքներն անցնում են տարբեր երկրներով, - սուրճի բաժակը ձեռքին ժպտում է Սաուդերը։

 

Թեդ Սաուդերը Թեդ Սաուդերը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

 

Այն կարծիքին է, որ «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանին հնարավորություն տվեց դառնալ այն նորությունը, որը երկար ժամանակ փնտրում են։

 

-Հավատացնում եմ ձեզ, նույնիսկ այն մարդիկ, որոնք այս գագաթնաժողովին մասնակցում են 5-րդ անգամ, մասնակցությունից առաջ իրենք իրենց հարց են տալիս, թե սա իրենց ի՞նչ կտա։ Նույն հարցը կարող ենք բարձրաձայնել նաեւ երկրի անունից՝ «Հայաստանին սա ի՞նչ կտա»։ Պատասխանեմ՝ այստեղ հանճարեղ գաղափարներ, մեծ կապեր ունեցող մարդիկ են հավաքված, որոնք ֆանտաստիկ հետաքրքիր թեմաներ եւ գաղափարներ են քննարկում։ Միայն այդ գաղափարները յուրացնելն ու դրանց ուղղությամբ աշխատանք սկսելն արդեն հրաշալի հնարավորություն է։

 

Նոր տապա՞ն։ Համաձայն եմ

 

Սաուդերն ասում է, որ ինքն իր համար մի հետաքրքիր բան է նկատել շփումների ընթացքում՝ Հայաստանում ապրող «տեխնո-մարդիկ» շատ հետաքրքիր գաղափարներ ունեն եւ հավատում են իրենց ապագային։ Կարծում է, որ միակ բանը, ինչ պակասում է, բոլոր գաղափարները մեկ տեղում հավաքելն է։

 

-Ես դա ավելի լավ չեմ կարող ձեւակերպել, քան ձեր նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա ասաց. «Պետք է օգնել կառուցելու տապան, որտեղ հավաքենք բոլոր հանճարեղ գաղափարները, մտքերը եւ մարդկանց, որոնք կարող են իրականացնել դրանք եւ օգնենք, որ աշխարհն ավելի լավը դառնա»։ «Մտքերի գագաթնաժողովը» հնարավորություն է հասկանալու, թե  այդ տապանը կառուցելիս ում հետ կարող ես գործ բռնել։ Եթե ավելի հստակ, ապա՝ ում կարող ես դիմել, որ օգնի այն «կառուցել», եւ ում պետք է պարտադիր ներս թողնես, երբ այն պատրաստ լինի։

 

Դուք  շատ հնարավորություններ ունեք

 

Այս միտքը մի քանի անգամ է կրկնում Թեդ Սաուդերը։ Որպես ապացույց էլ հիմնավորում, որ  Հայաստանի պես գիտական եւ տեխնոլոգիական հարուստ պատմություն եւ անցյալ ունեցող երկրի հնարավորությունները չեն կարող սահմանափակ լինել։

 

-Իրականում դուք անհավանական դիրքերում եք, որովհետեւ ունեք շատ հետաքրքիր տեխնո-պատմություն, շատ լավ տեխնո-մշակույթ, եւ ինչն ինձ համար ամենահետաքրքիրն է, դուք չեք շտապում, դուք ձեզ սխալվելու եւ ձեր սխալների վրա աշխատելու հնարավորություն եք տվել, ու նաեւ դրա համար ժամանակ ունեք, ինչը  նոր ու հետաքրքիր, անսահմանափակ քանակությամբ ստարտափեր սկսելու ամենալավ հնարավորությունն է։ Դուք ստարտափեր եք մտածում ու ստեղծում առանց լուրջ ֆինանսական ներդրումների եւ հաջողում եք, սա արդեն իսկ հետաքրքիր երեւույթ է։

 

Թեդ Սաուդերը Թեդ Սաուդերը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

 

Թեդ Սաուդերը նշում է նաեւ հայկական ՏՏ կրթությունն ու ասում, որ դրանով դեռահասներին ապահովելն արդեն իսկ նոր մշակույթի հիմնադրում է ու հաջողության գրավական։

 

- Դուք շատ կարեւոր հարստություն ունեք, որից պետք է օգտվեք՝ ձեր Սփյուռքը։ Դուք շատ նման եք աշխարհով մեկ սփռված պետության, եւ ձեր ազգի շատ ու շատ ներկայացուցիչներ ցանկություն ունեն օգնելու ձեզ՝ թե ներդրումների, եւ թե ներուժի տեսքով։ Սա յուրահատուկ մի բան է, որը ժամանակակից աշխարհում ամեն տեղ ու ամենուր չես կարող տեսնել։ Շատ հետաքրքիր փուլ եք ապրում։ Մի քիչ համբերատար եղեք եւ հորիզոնն ամբողջությամբ կբացվի։

 

Աշխարհն ավելի լավը դարձրեք

 

Թեդ Սաուդերը լավատես է։ Պնդում է, որ աշխարհը փրկելու, ավելի լավը դարձնելու բազմաթիվ հնարավորություններ կան, բայց դրա համար պետք է, որ մարդիկ պատրաստ լինեն լքելու «հարմարավետության գոտիները»։

 

-Աշխարհն ավելի լավը դարձնելն անհնարին չէ, բայց դրա համար չափազանց կարեւոր է, որ մարդիկ ավելի լայն մտածեն, նայեն իրենց «կոշիկից այն կողմ», մտածեն ավելի երկարաժամկետ նախագծեր, պլանավորեն ապագան, ընդունեն «անհարմար» որոշումներ, որոնք ճիշտ են ապագա կառուցելու տեսանկյունից։ 

 

Քաղաքակրթությունը հասել է այն կետին, որ մենք պետք է մեզ ստիպենք ավելի բաց լինել եւ ավելի բաց երկխոսել, ավելի բաց, թափանցիկ, պարզ զրուցել խնդիրների մասին, չամաչել դրանք բարձրաձայնելուց։

 

Մենք պետք է ավելի բաց ու պարզ խոսենք այն մասին, թե ինչպես ենք ուզում աշխատել միմյանց հետ, իրականում ինչ ենք ակնկալում այդ համատեղ աշխատանքից։ Մենք չպետք է ամաչենք այդ հարցերը տալուց եւ դրանք քննարկելուց։

 

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին