Հարալդ Զուր Հաուսեն. Հասկացեք, որ պատվաստումներն իրոք կարեւոր են - Mediamax.am

exclusive
3736 դիտում

Հարալդ Զուր Հաուսեն. Հասկացեք, որ պատվաստումներն իրոք կարեւոր են

Հարալդ Զուր Հաուսենը
Հարալդ Զուր Հաուսենը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


Գերմանացի վիրուսաբան, բժիշկ եւ գիտնական Հարալդ Զուր Հաուսենը 2008 թվականին բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ բացահայտելու համար։ Նրա բացահայտումը բժիշկներն ու գիտնականները բեկումնային են որակել։ Հենց նրա շնորհիվ 2006-ին սկսեցին կիրառել մարդու Պապիլոմավիրուսի (HPV) պատվաստանյութը։

 

Գիտնականը Հայաստանում էր Երեւանի պետական բժշկական համալսարանի հրավերով։ Նա արժանացել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման։

Լուսանկարը` Yerevan State Medical University

Մեդիամաքսը բացառիկ ու կարճատեւ հնարավորություն է ունեցել ուղեկցելու գիտնականին եւ նրա տիկնոջը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում, թռիչքից ժամեր առաջ։

 

Որտե՞ղ է Արարատը

 

-Բժիշկ Հաուսեն, մի քանի հարց կարելի է՞։

 

-Հիմա՞։ Այստե՞ղ։

 

- Ոչ, միայն ոչ այստեղ, խնդրում եմ։ Ես եւ ամուսինս՝ Հարալդը, մի ամբողջ կյանք սպասել ենք այստեղ այցելելու համար։ Գուցե հուշակոթողին մոտենալուց հետո խոսենք։ Չգիտեմ։ Իսկ որտե՞ղ է Արարատը։

 

Կինն ամենուր ուղեկցում է  մեծ դժվարությամբ քայլող Հարալդ Զուր Հաուսենին։ Թեեւ թեւի տված ամուսիններն ուսումնասիրում են մարդկանց, շարունակ հարցեր տալիս հուշակոթողի ու ցեղասպանության մասին։

Լուսանկարը` Yerevan State Medical University

-Իսկ Արարատը ե՞րբ կտեսնենք։ Որտե՞ղ է։ Ափսոս որ եղանակն այսպիսինն է, Արարատը ամպերի տակ է։ Օհ, տեսեք, մի քիչ երեւաց։

 

Հուշակոթողի մոտ հասնելուն պես բժիշկն ու կինը մի քանի րոպեով առանձնանում են հավերժության տաճարի աստիճանների մոտ։ Հաուսենը չի կարողանում իջնել աստիճաններով, որոշում են հարգանքի տուրք մատուցել հենց այդտեղ՝ դեպի կենտրոն խոնարհված մույթերի մոտ։

 

- Օհ, ինչ հետաքրքիր են այս աստիճանները։ Շատ անսովոր են։ Դրանք կառուցված են այնպես, կարծես պարտադրում են խոնարհվել զոհերի առջեւ, այո՞։ Այո, հաստատ։

 

- Բժիշկ Հաուսեն, իսկ ինչո՞ւ էր Ձեզ համար այդքան կարեւոր Ծիծեռնակաբերդ այցելելը։

 

- Այստեղ գալն ավելի քան կարեւոր էր ինձ համար։ Նախ որովհետեւ սա չափազանց տպավորիչ ու տխուր վայր է։ Դուք գիտեք, թե ինչ են արել գերմանացիները նախկինում եւ դուք գիտեք, թե ինչի միջով են անցել գերմանացիները։ Բայց այն անհամեմատելի է այն ամենի հետ, ինչ կատարվել է այստեղ։ Սա չափազանց ցավոտ է։ Հենց հիմա մտածում եմ այն մասին, որ այս տեսարանը եւ այս հուշակոթողը տեսնող մարդը երբեւէ չի կարող անտարբեր լինել ձեր պատմության եւ այն ամենի շուրջ, ինչ կատարվել է։

Լուսանկարը` Yerevan State Medical University

Կյանքը փոխած Նոբելյան մրցանակը

 

83-ամյա Հարալդ Զուր Հաուսենի ընտանիքը թեեւ փրկվեց համաշխարհային պատերազմում, բայց շատ երկար տարիներ զրկվեց կրթություն ստանալու հնարավորությունից։ Կենսաբանությամբ հետաքրքրվող Հարալդին հաջողվեց դպրոց հաճախել միայն 10 տարեկանում, սովորել մեծ դժվարությամբ՝ դպրոցական ծրագիրը բաց թողնելու պատճառով։ Հարալդը դպրոցն ավարտեց 1955-ին, երբ ընտանիքը տեղափոխվեց Հյուսիսային Գերմանիա։ Բոնի, Համբուրգի եւ Դյուսելդորֆի բժշկական համալսարաններում սովորելուց, մի քանի թեզ պաշտպանելուց հետո նրան հաջողվեց արժանանալ «դոկտոր»-ի կոչման։

 

-Եվ չնայած կրթական այս ամբողջ դժվարություններին, Ձեզ հաջողվեց դառնալ գիտնական, արժանանալ Նոբելյան մրցանակի…

 

-  Օհ, այդ Նոբելյան մրցանակը։ Այն իմ կյանքը բազմակողմանի փոխեց։ Տեսեք, մի կողմից այն ինձ ազատություն տվեց  եւ ճանապարհորդելու հնարավորություն, բայց մյուս կողմից էլ այն կարծես ինձ բանտարկած լինի։ Ամեն օր ինձ դիմում են բազմաթիվ խնդրանքներով, բազմաթիվ դիմում-հայտեր են ինձ ուղարկում, իմ աջակցությունը ստանալու բազմաթիվ նախաձեռնություններով են դիմում։ Սկզբում ոչ ոքի չէի կարողանում մերժել, հիմա սկսել եմ երբեմն նաեւ «ոչ» ասել։ Բայց մի բան կարող եմ հստակ արձանագրել՝ Նոբելյան մրցանակն իսկապես փոխեց իմ կյանքը։

 

10-ամյա տղան, որն ի սկզբանե փոխեց կյանքը

 

-Իսկ ո՞վ փոխեց հրթիռակոծված դպրոցներով քաղաքում ապրող 10-ամյա տղայի կյանքը, որ նա դարձավ գիտնական։

 

- Հենց այդ 10-ամյա տղան էլ փոխեց։ Երբեք չեմ մոռանա այդ օրը։ 10-ամյա տղայի ձեռքին էր Ռոբերտ Կոխ-ի կենսագրության մասին պատմող գիրքը։ Գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության եւ համաճարակաբանության հիմնադրի կենսագրության վերջին էջին էր հասել այդ 10 տարեկան տղան եւ կազմը փակելուց հետո հասկացավ, որ այնքան է ազդված, որ Կոխի ճանապարհով գնալու համար այլեւս երբեք կանգ չի առնի։

 

(Ռոբերտ Կոխը բացահայտել է վարակիչ հիվանդությունների հարուցիչները եւ մշակել դրանց դեմ պայքարի միջոցները։ Նա առաջինն է ստացել սիբիրախտի բացիլի մաքուր մանրէախումբը, 1882-ին հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը, իսկ 1890-ին ստացել է տուբերկուլյոզը բուժող՝ տուբերկուլին բակտերիային պատրաստուկը-խմբ

 

Պապիլոմա վիրուսը

 

Գիտնականն ասում է, որ մարդու պապիլոմավիրուսով հատուկ չի հետաքրքրվել, քաղցկեղի ինֆեկցիոն կոդերն է ուսումնասիրել, պարզապես մարդու պապիլոմա վիրուսը ամենաշատն է հավակնել իր կանխատեսումներին։

 

Հարցազրույցներում հաճախ է պնդում, որ գիտնականները պետք է ««հաստ կաշի»  ունենան եւ վստահեն սեփական եզրակացություններին»։

 

1960-ականներին գիտնականների մեծ մասը ենթադրում էր, որ արգանդի վզիկի քաղցկեղը հերպեսի 2-րդ տեսակի վիրուսի հետեւանքն է։ Սակայն ուսումնասիրելով արգանդի վզիկի քաղցկեղային բջիջները, նրանք հայտնաբերեցին վիրուսի հետքը, եւ միայն  Հարալդ Զուր Հաուսենն էր, որը վստահաբար պնդեց, որ քաղցկեղի այդ տեսակի համար պատասխանատու է ոչ այլ բան, քան պապիլոմա վիրուսը։ Սակայն այս պնդումն ապացուցելու համար գիտնական-բժշկից պահանջվեց եւս 10 տարի եւ հետազոտությունների 70 տոկոսը պնդեց, որ գիտնականը չի սխալվել։ 2008-ին նրա այս բացահայտումը՝ Նոբելյան մրցանակի շնորհիվ, ընդունվեց աշխարհի կողմից։

 

Կյանքի այս փուլը՝ երազանքի հետքերով

 

-Բժիշկ, իսկ ինչո՞վ եք զբաղվում ձեր կյանքի այս փուլում։

 

-Այս պահին ես գիտական կյանքով այլեւս չեմ զբաղվում։ Կարող եմ այսպես ձեւակերպել՝ դադար եմ վերցրել։ Ես հոգով-սրտով բժշկության մարդ եմ, եւ իմ սիրտը շարունակում է բաբախել բժշկական նորագույն հայտնագործությունների եւ ուսումնասիրությունների համար։ Բայց ուզում եմ նշել, որ պապիլոմա վիրուսի հետազոտությունները շարունակելու համար, ամենակարեւորն այս պահին բուժման կոնկրետ միջոցներ գտնելն է այն անձանց համար, ովքեր արդեն վարակվել են այս վիրուսների կողմից: Իմ կարծիքով, ավելի շատ ջանքեր պետք է գործադրվեն հասկանալու, թե ինչպես պետք է միջամտել E6 եւ E7 գեների պոտենցիալ օնկոգենային գործառույթներին։ Հիմա որոշակի մասնակցություն ունեմ գլխուղեղի քաղցկեղի եւ վաղ մանկության քաղցկեղի զարգացման մեջ՝ վարակիչ վիրուսների ներգրավվածության ուսումնասիրությունների մեջ։

Լուսանկարը` Yerevan State Medical University

Հաուսենը թեեւ լռում է, սակայն գիտական աշխարհը արդեն երկու տարի է պնդում է, որ տեւական ժամանակ է, բժիշկն ուսումնասիրում է քաղցկեղի առաջացման եւ կարմիր մսի հնարավոր կապը։ Բժիշկը հարցազրույցներից մեկում նույնիսկ փակագիծ է բացել, որ դեռեւս պաշտոնապես չի պնդում, սակայն մոտ է այն եզրահանգմանը, որ տավարի մսի եւ մարդու հաստ աղու քաղցկեղի միջեւ ուղից կապ կա, եւ դրա միակ լուծումը նորածին կենդանուն հատուկ պատվաստանյութով պատվաստելն է։

 

- Իսկ ինչի՞ մասին եք երազում այս պահին, բժիշկ։

 

- Երազում եմ, որ մարդիկ վերջապես հասկանան, որ պատվաստումներից հրաժարվելու պատճառով է, որ այսքան շատացել են հիվանդության տեսակները եւ բարդությունները, որ մոմ վառելը կամ աղոթելը գուցե օգտակար լինի, բայց այն չի կարող պայքարել այն վիրուսների դեմ, որոնք հազար ու մի հիվանդություն են առաջացնում, որոնք հայտնվում են օրգանիզմում, եւ երբեք չգիտես, երբ, ինչպես եւ որ՞ պահին են արթնանալու ու սկսելու անել իրենց սեւ գործը։ Երազում եմ, որ մարդիկ հասկանան, որ պատվաստումներն իսկապես չափազանց կարեւոր են։

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին