ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հեղափոխությունից հետո նախ ստանձնեց նախարարի առաջին տեղակալի, ապա` նախարարի պաշտոնը։ Երեք աղջիկների հայրը պաշտոն ստանալուց հետո ավելի քիչ է հանդիպում դստրերին, կարոտում է նրանց, բայց վստահ է` իրենց առաքելությունն իր նպատակին հասցնելն արդարացնում է այս բացթողումը։ Երիտասարդ նախարարը շեշտում է` պետք է հպարտ լինել հայ ծնված լինելու համար ու պայքարել երկրի լավ ապագայի համար։
Մեդիամաքսի ոչ պաշտոնական զրույցների շարքում այս անգամ հանդիպել ենք Հակոբ Արշակյանին։
Քաղաքացիական ինքնագիտակցությունս ձեւավորվեց ընտանիքիս ազդեցությամբ
Հակոբ Արշակյանի ընտանիքի անդամները երբեք անտարբեր չեն քաղաքական հարցերի հանդեպ։ Հայրը 1988-ի շարժման առաջամարտիկներից էր։
«Հայրս աշխատում էր Երեւանի ամրանների գործարանում, որի աշխատակիցների միավորման առաջնորդներից է եղել։ Մեր ընտանիքում միշտ քննարկվել են քաղաքական հարցեր։ Դա մեծ ազդեցություն է ունեցել որպես քաղաքացի իմ ձեւավորման վրա»,- ասում է Արշակյանը, որի համար շրջադարձային են եղել 2003 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները։
«Ստեփան Դեմիրճյանի մասնակցությամբ նախագահական ընտրություններից հետո 2004 թվականին բավականին լուրջ ընդվզումներ եղան։ Այդ ժամանակաշրջանում ես ծառայում էի ՀՀ Զինված ուժերում։ Մեզ շատ քիչ ինֆորմացիա էր հասնում, բայց այն, ինչ հասնում էր, ազդեցիկ էր։ Այդ ժամանակ սկսեցինք գիտակցել, որ, ըստ էության, սարքված է մի մեքենա, որը շատ լուրջ ազդեցություն է ունենալու Հայաստանի հետագա զարգացման վրա։ Իհարկե, առաջին ազդակները զգացվում էին 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, բայց այդ ժամանակ ես դպրոցական երեխա էի»- ասում է նա ու հավելում, որ բանակից զորացրվելուց հետո ընդունվել է Ճարտարագիտական համալսարան, 2-րդ կուրսի ուսանող էր, երբ սկիզբ առավ «Իմպիչմենտ» շարժումը, որին միացավ նաեւ ինքը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Կարելի է ասել, այն գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ դաշինքի առաջին համարն էր։ Ինձ համար այդ ժամանակ սկսվեց փողոցային պայքարի բուռն շրջանը եւ հասկացա, որ քաղաքացիները պատասխանատու են երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար։ Քաղաքացիական ակտիվությունը ծնվում է, երբ սկսում ես գիտակցել, որ պատասխանատվություն ես կրում երկրիդ հաջողությունների ու անհաջողությունների համար, ցանկանում ես վերցնել ավելի մեծ պատասխանատվություն, քան ուղղակի այդ տարածաշրջանում ապրելն է։ «1+1»-ի սկզբունքը սիմվոլիկ նշանակություն ուներ՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա մյուսին, մյուսին եւ դրանով ենք մենք 3 մլն, ոչ թե պարզապես բնակչության քանակով»,- ասում է նա ու հիշում, որ «1+1» շարժման շրջանակում Նիկոլ Փաշինյանի հետ շուրջօրյա նստացույցերի են մասնակցել։
2008-2012 թվականների նա եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012-ից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:
Քաղաքական կարիերա չէի սկսի, եթե երկրում ամեն ինչ լավ լիներ
Նախարարը վստահեցնում է, եթե երկրի վիճակը չպարտադրեր քաղաքացիական ակտիվություն, երբեք չէր մտածի քաղաքական կարիերայի մասին։ Առհասարակ ինքն իրեն կարիերիստ չի համարում։
«Երբեք չեմ մտածել կարիերայի մասին՝ ոչ քաղաքական, ոչ էլ ապաքաղաքական։ Եթե ամեն ինչ ընթանար այնպես, ինչպես մենք ենք երազում, ես չէի զբաղվի քաղաքականությամբ,- ասում է նա ու հավելում,- լինել ակտիվի՞ստ, որը փողոցում ցույց է անում, լինել ինժենե՞ր, որն ինչ-որ բան է ստեղծում ու արտահանում, ուրիշ ինժեներների ստեղծածը վաճառո՞ղ, թե՞ նախարար. ընտրություն անելիս միշտ առաջնորդվել եմ այն սկզբունքով, թե որ դիրքում ավելի շատ օգուտ կտամ իմ հայրենիքին։ Ի վերջո, մենք միշտ դիտարկում ենք, թե միեւնույն ծախսված ուժով ու ժամանակով ինչ արդյունքի կարող ենք հասնել»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Լինել պահանջատեր քաղաքացի մի բան է, լինել խնդիրների լուծման պատասխանատու՝ այլ։ Հիմա հասարակությունն իրենից ու իր թիմից է ակնկալում լուծումներ։ Արշակյանը շեշտում է՝ պատասխանատվությունը պարտավորեցնող է, բայց ոչ վախեցնող. «Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա միեւնույն եռանդով աշխատում ենք, ուղղակի այս դեպքում ավելի մեծ հնարավորություններ կան ինչ-որ բան փոխելու»։
Պաշտոնը չի կարող փոխել մարդու բարոյական նկարագիրը
Նախարարը համակարծիք չէ, որ պաշտոնը փոխվում է մարդուն։ Ասում է՝ պաշտոնը չի կարող փոխել մարդու բարոյական նկարագիրը, այլ հարց է, որ կարող է տեխնիկական, ժամանակային փոփոխություններ բերել կամ բացահայտել նրա բուն էությունը։
«Կարծում եմ՝ մարդը միշտ փոխվում է։ Այս կամ այն աշխատանքն ազդում է եւ՛ բնույթի, եւ՛ մտածողության վրա, սակայն հաճախ մենք լսում ենք ոչ թե աշխատանքից կախված մոտեցումների, այլ մարդու բարոյական կերպարի փոփոխության մասին։ Ես չեմ հավատում, որ մարդու բարոյական կերպարը կարող է փոխվել պայմանավորված պաշտոնով կամ դիրքով։ Նշանակում է` կամ այդ մարդուն լավ չեն ճանաչել, ինքը միշտ այդպիսին է եղել, բայց թաքցրել է իր տեսակը, կամ շրջապատի մարդիկ սխալվում են։ Այլ հարց է, որ փոխվում է աշխատաոճը, ժամանակի տրամադրման չափը, զանգերին պատասխանելու հաճախականությունը։ Դա նորմալ է, ըմբռնումով է պետք մոտենալ։ Նախարարը զբաղված է եւ չի կարող միշտ պատասխանել զանգերի։ Հնարավոր է՝ հետո հետ զանգի կամ ընկնի գործերով, մոռանա զանգել, սակայն դա չի նշանակում, որ ձեզ մոռացել է եւ վերջ»,- նկատեց նա։
Պաշտոնեական դիրքը Հակոբ Արշակյանի կյանքում մի շարք փոփոխություններ է բերել, որոնցից առանձնացրեց կոստյում հագնելը։ «Նախկինում կարող էի մի կոստյում ունենալ, որը կհագնեի շատ կարեւոր առիթի դեպքում։ Հիմա սկսել եմ սովորել այս ոճին»,- ասում է նախարարը, որի համար անսովոր է նաեւ փողոցով քայլելիս հանրության ուշադրությունը։ Ասում է՝ հազիվ թե դրան սովորի, բայց առիթից օգտվելով խնդրում է, երբ իրեն նկատում ու ուշադիր նայում են, նաեւ բարեւեն. «Այդպես ավելի հաճելի կլինի, կժպտանք իրար, կանցնենք»։
Հաջողությունն ու անհաջողությունը չչափել որպես անձնական
Հակոբ Արշակյանը շեշտում է՝ ձախողումն անձնական չի լինելու։ «Հենց դա է պետական գործչին տարբերում քաղաքական գործչից։ Կարծում եմ՝ մենք պետական գործիչներ ենք եւ մեր յուրաքանչյուր ձախողում պետական ձախողում է լինելու։ Դա է մեզ ստիպում գիշեր-ցերեկ աշխատել։ Մեր անձնական հաջողությունը շատ փոքր է կշեռքի նժարին հայտնվելու համար։ Սա պետք է ամեն օր հիշեցնես քեզ, որովհետեւ մարդուն բնորոշ է էգոիստ լինել։ Ցանկացած պահի կարող է կենտրոնանալ իր վրա, ինչն անհաջողության առաջին քայլն է։ Եթե մարդը սկսում է հաջողությունն ու անհաջողությունը չափել որպես անձնական, կձախողի»,- ասում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Դիտարկմանը, որ սա լավ թեզ է, սակայն յուրաքանչյուր մարդ ինչ-որ քայլ անում է իր անձնական հետաքրքրություններից ու ձգտումներից ելնելով, արձագանքում է․ «Դա բնական հակասություն է, որի արդյունքում ի հայտ է գալիս առաջնահերթությունը։ Պետական գործչի համար հաջողության բանաձեւը պետք է լինի ժողովրդի բարեկեցությունը, անվտանգությունը, առողջությունն ու սոցիալական ապահովությունը»։
Որպես ղեկավար` նա կարեւորում է առաջնահերթությունների ճիշտ սահմանումը։ «Ի վերջո, աշխատանքը ծավալ է եւ ժամանակ։ Եթե ժամանակդ հերիքում է այդ ծավալն իրականացնել, իրականացնում ես, եթե ոչ, իրականացնում ես ամենակարեւոր մասը։ Ժամանակն ինձ, իհարկե, չի բավականացնում։ Կարծում եմ` որեւէ նախաձեռնող մարդու ժամանակը չի հերիքում` անկախ նրանից պաշտոնավարո՞ւմ է, թե՞ ոչ։ Լավ ղեկավարը վատից տարբերվում է նրանով, որ կարողանում է առաջնահերթությունները ճիշտ սահմանել»,– ասում է նա, ապա հավելում, որ փորձում է լավ ղեկավար լինել։ – Իմ գնահատմամբ՝ կարողանում եմ, սակայն վերջնական գնահատականը կլինի արդյունքների ամփոփման ժամանակ»։
Աղջիկներիս շատ եմ կարոտում
33-ամյա քաղաքական գործիչը երեք դուստր ունի՝ Լյուսին, Լիլիթն ու Սառան, որոնց մասին խոսելիս անմիջապես ժպտում է։ Ասում է՝ հեղափոխությունից հետո սկսել է քիչ տեսնել երեխաներին, ինչն իրականում ամենամեծ փոփոխությունն էր։ Սա նաեւ իր ցավոտ թեման է, բայց կարծում է` այն, ինչով հիմա զբաղված են ինքն ու թիմակիցները, արդարացված է. «Իմ երեխաները մեր հասարակության մի մասն են։ Գիտակցելով, որ մենք շատ ավելի մեծ առաքելություն ունենք, քան ուղղակի մեր ընտանիքի բարեկեցություն ու աճն ապահովելը, մեզ թույլ ենք տալիս ստորադասել այն կարեւորությունը, որն իրականում ունի ընտանիքը»։
Այս գիտակցումը չի թեթեւացնում նախարարի կարոտը, բայց օգնում է հաղթահարել այն։ «Գիշերները գնում եմ տուն, գրկում երեխաներիս, որ կարոտս առնեմ։ Մեծ աղջիկներիս առավոտյան ես եմ տանում մանկապարտեզ ու դպրոց։ Ճանապարհին զրուցում ենք, պատմում են` ինչպես է անցել օրը, ինչ չարաճճիություն են արել։ Փոքր աղջիկս դեռ չի խոսում, «գղգղում» է, իրար հետ իր «լեզվով» ենք շփվում։ Փոքր աղջկաս այլ կերպ եմ սիրում, երբ իրեն գրկում եմ, երկնքում եմ հայտնվում։ Մեծ աղջիկներիս այդ տարիքում այդպես չեմ սիրել։ Երեւի, եւ՛ հասունությունն է պատճառը, եւ՛ այն փաստը, որ իրեն ավելի քիչ եմ տեսնում։ Մեծ աղջիկներիս այս տարիքում ավելի շատ էի տեսնում,– ասում է նա ու հավելում,– Կնոջս հերոս եմ համարում։ Նա իր հմտություններով փակում է բացակայությունս։ Երեխաներն էլ սովորել են ինձ քիչ տեսնելուն, թեեւ, երբեմն, հարցեր են տալիս։ Շաբաթ–կիրակի մեծ աղջիկս, երբեմն, ասում է` թույլ չեմ տալիս տանից դուրս գաս, բանակցում ենք, ինչ-որ բան եմ խոստանում բերել ու թույլ է տալիս դուրս գալ»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նախարարի կինն ընկերակցել է նրան տարբեր ցույցերի ժամանակ։ Հիմա էլ չի դժգոհում ընտանիքին հատկացվող ժամանակի պակասությունից։ «Կինս գիտակցում է մեր առաքելությունն ու կիսում է մեր մոտեցումները։ Գիտի, որ մեր ընտանիքի բարօրությունը, անվտանգություն ու կախված է նաեւ իմ աշխատանքից։ Աջակցում է ինձ,– ասում է նա ու հպարտությամբ հիշում, թե ինչպես էր կինը նույնիսկ հղիության վերջին եռամսյակում մասնակցում ցույցերի,– Շարժման ընթացքում` ԱԺ–ի դիմաց փշալարեր դնելու հաջորդ օրը աշխատանքային այցով ստիպված էի մոտ մեկ շաբաթով մեկնել Գերմանիա։ Կինս զանգում էր ու ասում՝ վերադարձիր, որ իջնենք փողոց փակելու։ Քանի որ արդեն հղիության վերջին եռամսյակում էր, երկու երեխայի հետ առանց ինձ չէր կարողանում իջնել։ Վերադարձիս առաջին իսկ օրը երեխաների հետ գնացինք փողոց փակելու»։
Արշակյանի կինը` Իզաբելան, ինժեներ է, մինչ փոքրիկի ծնունդն աշխատել է «Սինոփսիս» ընկերությունում։ Այժմ գտնվում է ֆիզարձակուրդում։ «Մի քանի ամսից կինս նորից կսկսի աշխատել, որովհետեւ նախարարի աշխատավարձը բավարար չէ մեծ ընտանիք պահելու համար»,– ժպիտով նկատում է նա։
Հայրական ընտանիքն ու չարաճճի պատանեկությունը
Նախարարի հայրն ինժեներ է, մայրը` մանկավարժ, երկու եղբայր ունի։ Տան կրտսեր երեխան է։ Մինչեւ 3 տարեկան ապրել է պապական բազմանդամ ընտանիքում` Մերձավանում։ Հետո տեղափոխվել են Երեւան, քանի որ որպես ինժեներ` 1988-ին հայրը բնակարան է ստացել Դավթաշեն համայնքում։
«Մանկությունս անցել է 90-ականներին։ Ինչպես իմ տարեկիցների մեծ մասը, բավականին դժվար տարիներ ենք ունեցել։ Հայրս ամիսներով աշխատավարձ չէր ստանում։ Իմ մեջ տպավորվել է, որ տուփով լուցկի էին տվել աշխատավարձի փոխարեն։ Մենք դա վաճառելով՝ 2-3 շաբաթ ապրեցինք։ Ամերիկայի բարեկամները կարող է տարին 50 դոլար ուղարկել, ինչը շատ մեծ օգնություն էր մեզ համար»,– հիշում է նախարարը, ապա հավելում, որ այդ տարիներին ծնողները զբաղված էին աշխատելով եւ ընտանիքը պահելով, ինքն ավելի շատ մնացել էր ավագ եղբայրների հսկողության տակ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Տան կրտսեր տղան հիշում է, որ դպրոցական տարիներին բավականին կռվարար ու չհարմարվող էր։ «4-5-րդ դասարանից դադարեցի ծնողներիս ասել, որ իրենց կանչել են դպրոց,– ասում է նա ու հիշում, որ հաճախ էր հայտնվում տարբեր պատմությունների կենտրոնում։ –Խնդիրների մեջ հայտնվում էի, քանի որ միշտ փորձում էի պայքարել անարդարության դեմ։ Թույլ չէի տալիս ինչ–որ մեկին նեղացնել, անարդարացիորեն ճնշել։ Խոսքը եւ՛ տղայական կռիվների, եւ՛ ուսուցիչներին հակադրվելու մասին է։ Ես միշտ փորձել եմ ընկերություն անել բարոյական լավ նկարագիր ունեցող մարդկանց հետ, անգամ, եթե վախեցել են ինչ–որ մեկին հարվածել կամ հակադրվել։ Կան մարդիկ, որոնք ուղղակի կանգնում են ուժեղների կողքին։ Նրանք վտանգավոր են։ Նույնիսկ ֆուտբոլ խաղալիս չեմ սիրում խոշոր հաշվով հաղթանակ տանել։ Սիրում եմ հավասար պայքար ու ոչ ջախջախիչ հաղթանակ»։
Հայրեր եւ որդիներ
«Հայրեր եւ որդիներ» հարցն իր դրսեւորումն է ունենում գրեթե բոլոր ընտանիքներում։ Արշակյանն առանձին հպարտությամբ ու ոգեւորությամբ է խոսում թե՛ իր ստեղծած, թե՛ հայրական ընտանիքի մասին։ Նոր կարգավիճակի բերումով ծնողներին քիչ տեսնելն էլ հիմա նրա ամենացավոտ կետերից մեկն է։ Այնուամենայնիվ, նախարարը մեկ տարի առաջ հայրական ընտանիքից առանձին ապրելու որոշում է կայացրել։ Ասում է` որոշումը հեշտ չընդունվեց, սակայն կարեւոր էր կյանքի հաջորդ էտապ անցնելու համար։
«Մենք շատ լավ ու հաշտ հարաբերութուններ ենք ունեցել, բայց պահ է գալիս, երբ երեխան պետք է ծնողից առանձին ապրի։ Դա նաեւ աստվածաշնչյան ճշմարտություն է։ Այդ պահը պետք է հաղթահարել։ Դա պայմանավորված չէ ծնողիդ չսիրելով, պարզապես հասունության հաջորդ շրջանն է։ Խոսակցություն պետք է լիներ, որեւէ ծնող չի ուզում իր երեխան առանձին ապրի։ Մայրն այնքան շատ է սիրում երեխային, որ չի ուզում հեռանալ նրանից, բայց ընկերներիցս մեկը լավ խոսք ունի` «Ես չէի լինի այն, ինչ կամ, եթե հայրս մի օր ինձ չպոկեր մորիցս եւ չնետեր աշխարհի մյուս ծայրը»։ Նա այսօր մեծ հաջողությունների է հասել, որովհետեւ ժամանակին Սիրիայից հայտնվեց Սանկտ Պետերբուրգում, ինչը ԽՍՀՄ տարիներին չլսված բան էր»,– ասում է նախարարն ու մատնանշում, որ ժամանակին ծնողների` իր պապական ընտանիքից առանձնանալն էլ հեշտ չի տրվել, բայց հաղթահարվել է։
Սեփական գումարն աշխատելու կարեւորությունը
Նախարարը վաղ տարիքից է սկսել աշխատել եւ կարեւորում է սեփական գումարը վաստակել իմանալը։ Առաջին «գործատուն» հայրն է եղել, որի մասին առանձին հպարտությամբ է խոսում։
«1997-ին հայրս դուրս եկավ աշխատանքից։ Գործարանն իր համար տան պես էր, վաղ տարիքում գլխավոր ինժեներ էր նշանակվել, բայց աշխատավարձ չէին ստանում, իսկ ընտանիքին պահել էր պետք։ Փորձեց ինքն իրենով ինչ-որ բան հիմնել։ Ես էլ սկսեցի իր հետ աշխատել։ Օրինակ` էլեկտրոնային բլոկներ կային, որոնք ես էի սարքում, հայրիկիս հետ գին էինք պայմանավորվել, վճարում էր։ Հետո սկսեցի այլ աշխատանքներ անել։ Շաքարից փոշի էի պատրաստում, փաթեթավորում ու վաճառում խանութներին։ 6-7-րդ դասարանից սկսած գումար չեմ ուզել իմ հագուստի, ուտելիքի կամ այլ կարիքի համար։ Երբ ինքդ քո ձեռքով ինչ-որ բան ես ստեղծում, քո էներգիան ես տալիս եւ մեջդ ձեւավորվում է ինչ-որ բան տալու մշակույթը։ Աշխատելն այդ մշակույթի ձեւավորման ամենակարեւոր ձեւերից մեկն է»,– ասում է նա ու նկատում, որ աշխատել դադարել է բուհ ընդունվելու փուլում, երբ սկսել է պարապել ընդունելության համար։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ուսանողական տարիներին կրկին սկսել է աշխատել։ Ամենաբարդ փուլը եղել է, երբ կանգնել է ուսման վարձ վճարելու խնդրի առաջ։ «Երբ ընդունվեցի մագիստրատուրա, փոխվեցի վճարովի համակարգ։ Ինձ համար դա անակնկալ էր։ Բավականին դժվար էր։ Այն ժամանակ ցայտնոտի մեջ էի, մտածում էի` որտեղից եմ ճարելու այդ գումարը։ 430 հազար դրամը հիմա էլ փոքր գումար չէ, իսկ 2007-ին շատ ավելի մեծ էր։ Սկսեցի գիշերներն ինտերնետ ակումբում որպես ադմինիստրատոր աշխատել։ Այդ գումարը կգտնեի, բայց ուզում էի աշխատանքով ձեռք բերել»,– հիշում է նա։
Վճարովի համակարգ անցնելը նաեւ իր դրական ազդեցությունն է ունեցել։ Խոստովանում է, որ բակալավրիատում սովորելու տարիների պարտաճանաչ ուսանող չէր, մագիստրատուրայում դարձավ այդպիսին, քանի որ նորից անվճար համակարգ անցնելը կարեւոր խնդիր էր։ «Վճարովի տեղափոխվելն ինձ ստիպել էր ներկա լինել դասերին, սկսել սովորել, որովհետեւ վճարն իսկապես ծանր բեռ էր ինձ համար։ Զգացի, որ սովորելը լավ բան է։ Մագիստրատուրայի երկրորդ կուրս էի փոխադրվում, մի քանի տեղից աշխատանքային առաջարկ ստացա»,– ոգեւորությամբ հիշում է նա։
Մասնագիտական գործունեություն սկսելը կարեւոր ու շրջադարձային փուլ էր Հակոբ Արշակյանի համար, սակայն գործի անցնելիս առաջին հերթին հասկացել է, թե որքան բան չգիտի։ Կարեւորում է այս հատկանիշի ձեւավորումը։ «Երբ սկսեցի գործունեությունս, հասկացա, թե ինչքան բան չգիտեմ։ Շատ մարդիկ գիտեն, թե ինչքան բան գիտեն, քչերը գիտեն, թե ինչքան բան չգիտեն։ Սա կարեւոր գործոն է։ Մարդը պետք է իմանա, որ ինքը շատ քիչ բան գիտի եւ ամեն օր պետք է սովորի»։
Ամալյա Հովհաննիսյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: