Լենա Նազարյան. «Եթե կարող ես, ուրեմն պարտավոր ես» - Mediamax.am

exclusive
5428 դիտում

Լենա Նազարյան. «Եթե կարող ես, ուրեմն պարտավոր ես»

Լենա Նազարյանը
Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Լենա Նազարյան, 35 տարեկան, ԱԺ փոխխոսնակ, որը շփվում է այն մարդկանց հետ, որոնք հավատում են իր ուժերին ու հեռանում է նրանցից, ովքեր կարծում են, որ ոչինչ չի ստացվի։ Նա քաղաքականություն մտավ 2013-ին` իշխանափոխության օրակարգով։ 2014-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին ներկայացնող հատուկ շարքում Մեդիամաքսն անդրադարձավ նաեւ նրան։ 5 տարի առաջ Լենա Նազարյանն այն երիտասարդներից մեկն էր, որոնք հավակնում էին դառնալ նոր առաջնորդներ, 2017-ին ընտրվեց ԱԺ պատգամավոր, սակայն բավականին ընկճված եկավ ԱԺ, 2 տարի անց ընդդիմադիր պատգամավորն ԱԺ փոխնախագահի պաշտոնում է։

Մեդիամաքսի ոչ պաշտոնական զրույցների շարքում Լենա Նազարյանին անդրադարձը լի է բացահայտումներով։

 

2014-ին մեզ տված հարցազրույցում նա ասել էր`քաղաքականության մեջ չկան մշտական դաշնակիցներ: Համագործակցությունը պետք է լինի կոնկրետ նպատակի շուրջ։ 5 տարի անց տեղի ունեցած զրույցի ընթացքում նրան նույն հարցը տվեցինք` առանց հիշեցնելու նախորդ պատասխանը։ Այս տարիների իրադարձությունները Լենա Նազարյանի կարծիքը չեն փոխել. ասում է` հենարանը ոչ դաշնակիցներն են, ոչ էլ շահերը, հենարանն արժեքներն են, որի շուրջ էլ ձեւավորվում կամ ընդհատվում է դաշնակցությունը։

 

7 քաղաքացիները` Լենա Նազարյան

 

Չքաղաքականացված ընտանիքի քաղաքական գործիչը

 

Լենա Նազարյանի ծնողներն ապրում են Նորք Մարաշի իրենց տանը։ Մայրը «Մանկան տանն» աշխատում է որպես դայակ, հայրը թոշակառու է։ Ապագա քաղաքական գործչի ընտրանքն ամենեւին քաղաքականացված չի եղել։ Նրա մանկությունն անցել է Երեւանում` Նորք Մարաշում` սեփական տան փոքրիկ բակում։ Ինչպես ինքն է նկատում, բազմաբնակարան շենքերում ապրող երեխաների պես մեծ բակ չունեին։ 

 

Մանկության ամենավառ հիշողությունները կապված են մորական տատի հետ, որի մասին առանձին քնքշանքով է խոսում։ «Մորական տատիկս ռուս է։ Պատահական չէ, որ ես հայկական անուն չունեմ։ Մինչեւ ԽՍՀՄ փլուզումն ամեն ամառ տատիկիս հետ գնում էի Ռուսաստան` իր հարազատների մոտ։ Ինձ համար դա նոր միջավայր ու հետաքրքրություն էր`իմ ամառային ուրախությունը,- ասում է նա ու նկատում, որ այս փաստն էական ազդեցություն է ունեցել իր տեսակի ձեւավորման վրա,- Ուրախ եմ, որ իմ ընտրանքում կա այլազգի մարդ։ Մշակույթների տարբերություն տեսնելը շատ բան է փոխում։ Երեխաներն ավելի բաց ու հանդուրժող են լինում «այլ»-ի հանդեպ։ Պատահական չէ, որ իմ ընկերների շրջանակում կան տարբեր գաղափարներ ունեցող մարդիկ։ Ես երբեք չեմ փակվել իմ շրջապատի մեջ, բոլորի հետ շփվում եմ` ունենալով իմ գաղափարները, սկզբունքների առանցքը եւ հավատարիմ մնալով դրանց»։

 

Նրա դպրոցական տարիները համընկել են հետպատերազմյան շրջանի հետ, երբ Հայաստանում գրեթե բոլորը կարիքի մեջ էին։ Ասում է` այդ տարիներին սոցիալական առումով բոլորի համար էր բարդ, նույնիսկ զարմանում, թե ծնողներն ինչպես էին ապրուստի միջոց հայթայթում` չունենալով հիմնական աշխատանք։ «Ծնողներս շատ զբաղված էին առօրյա հոգսերով եւ ինչ-որ առումով ազատության էինք մատնված։ Դա էլ էր կարեւոր փուլ, ես չունեի լուրջ վերահսկողություն ընտանիքի կողմից եւ ազատ էի ուսումնասիրելու շրջապատը, մի փոքր հեռանալու դպրոցից։ Բայց շատ կարգապահ երեխա եմ եղել եւ ծնողներիս տհաճություն չեմ պատճառել` հականալով, որ իրենք շատ ծանրաբեռված են»,- հիշում է նա։

 

Լենա Նազարյանը Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Արդեն ուսանողական տարիներին Լենան աշխատել է տարբեր խմբագրություններում, որպես կամավոր ներգրավված է եղել տարբեր նախաձեռնություններում։ 

 

Չքաղաքականացված ընտանիքի անդամները չեն փորձել նրան հետ պահել քաղաքական ուղուց եւ վտանգներից, թեեւ որոշակի անհանգստություն միշտ ունեցել են, հիմա էլ ունեն. «Ուսանողական տարիներից սկսած ծնողներս այլեւս չէին միջամտում իմ մասնագիտական ընտրությանը։ Ես ազատ էի որոշելու փոխել մասնագիտությունս կամ աշխատանքս։ Իհարկե, հետեւել են գործունեությանս, խորհուրդներ տվել, հիմա էլ անհանգստանում են, բայց երբեւէ իրենց թույլ չեն տվել միջամտել»։

 

Լրագրող, ակտիվիստ, ընդդիմադիր պատգամավոր, իշխանության ներկայացուցիչ

 

Լրագրող, ակտիվիստ, ընդդիմադիր պատգամավոր, իշխանության ներկայացուցիչ. սրանք այն ամպլուաներն են, որոնցում Լենա Նազարյանը հասցրել է ներկայանալ հանրությանը։ Որպես լրագրող աշխատել սկսել է ուսանողական տարիներից, թեեւ խոստովանում է` մասնագիտական ընտրությունը գիտակցված չէր, պարզապես 90-ականներին դպրոցում ոչ բոլոր առարկաներն ուսուցիչներ ունեին, ֆիզիկայի, քիմիայի դասերը բաց էին թողնում, հայոց լեզուն ու գրականությունը լավ էին սերտել, ուստի` համալսարան ընդունվելիս պետք է հումանիտար ուղղություն ընտրեր։

 

«Մայրս շատ էր ուզում, որ սովորեի համալսարանում։ Դպրոցական տարիներս փայլուն չեն անցել։ Ամիսներով չունեինք, օրինակ, Ֆիզիկայի կամ Քիմիայի ուսուցիչ, որովհետեւ արտագաղթել էին։ Ուսանողական տարիներին ես դպրոցական դասագրքեր էի կարդում` այդ բացը լրացնելու համար։ Ընդունվելիս ընտրեցի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը` հասկանալով ու գնահատելով այդ պահին ունեցածս ուժերը։ Մասնագիտական ընտրությունս գիտակցված չէր»,- հիշում է քաղաքական գործիչը, որի համար լրագրությունը հարթակ դարձավ բացահայտելու իր համար ավելի հետաքրքիր ուղղություն։

 

«Շատ չեմ խորացել այդ մասնագիտության մեջ՝ բացահայտելու առաքելությունը։ Հիմա ավելի լավ եմ հասկանում` ինչ է լրագրությունը, հատկապես, հետաքննական լրագրությունն ինչ նպատակի է ծառայում։ Այն ժամանակ չունեի այդքան հասունություն, հասկանալու աշխատանքի կարեւորությունը։ Այդ աշխատանքն ինձ համար հնարավորություն էր շփվելու մարդկանց հետ, որոնք տարբերվում էին իմ շրջապատից,- հիշում է ԱԺ փոխնախագահը, որի համար լրագրողից ակտիվիստ դառնալու ճանապարհին կամուրջ դարձավ Թեղուտի պայքարը,- Ինձ գրավեց այն փաստը, որ մարդիկ զբաղվում էին խնդիրներով, որոնք անմիջականորեն իրենց չէին վերաբերում։ Խնդիրն իրենց տանից 300 կմ հեռու էր, բայց մտահոգ էին»։ 

 

Ամալյա Հովհաննիսյանը զրուցում է Լենա Նազարյանի հետ Ամալյա Հովհաննիսյանը զրուցում է Լենա Նազարյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ըստ նրա` լրագրողը չի կարող չեզոք լինել, պետք է բացահայտի իր օրակարգը։ Ինքն այդպես էլ արել է` դառնալով բնապահպանական խնդիրներով զբաղվող ակտիվիստ։ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձավ նրա քաղաքական ուղու սկիզբը։

 

Ամենաբարդ փուլը հիմա է

 

Ակտիվիստից ընդդիմադիր գործիչ ու իշխանության ներկայացուցիչ. ամեն փուլն իր բարդությունն ուներ, սակայն նա խոստովանում է`ամենաբարդը հիմա է. «Բարդ է ոչ այն պատճառով, որ պետք է լուծումներ գտնել եւ զբաղվել դրանով, պարզապես, երբ քաղաքացիական նախաձեռնությունների անդամ ես, ցանկացած պահի կարող ես ասել` ես հոգնեցի։ Քեզ այդտեղ պահում է ընկերներիդ միայնակ չթողնելու պատասխանատվությունը, սակայն իրենց կարող ես բացատրել, որ ուզում ես այլ գործունեությամբ զբաղվել։ Հիմա իրավունք չունես հոգնելու։ Ստանձնել ես պատասխնատվություն, ունես 5 տարի ժամանակ եւ ամեն օր պետք է աշխատես լուծելու խնդիրներ, որոնց համար ընտրողները պատվիրակել են քեզ»։

 

ԱԺ փոխխոսնակը վստահեցնում է` պատասխանատվությունն իրեն չի վախեցնում, որովհետեւ ունի լավ թիմ։ «Եթե մենք շատ լավ աշխատենք, կկարողանանք բարձրաձայնել բոլոր խնդիրները եւ մեր մեծաթիվ լինելը կդարձնենք առավելություն»,- ասում է նա, իսկ դիտարկմանը, որ իշխող ուժի շուրջ համախմբվելը հատուկ է քաղաքականությամբ զբաղվող մարդկանց, իրենք մեծաթիվ դարձան իշխանության գալուց հետո, արձագանքում է. «Ես չեմ համարում, որ մեր խմբակցության մեջ կան պատահական մարդիկ, որոնք պատեհապաշտ են։ Մեծ մասին ճանաչում եմ, նրանք հանրային գործունեություն են ծավալել եւ եկել են այստեղ հստակ գիտակցմամբ, որ անելիք ունեն։ Պատգամավորի կարգավիճակը շատ կարեւոր հանրային ռեսուրս է։ Կարծում եմ` մարդիկ, որոնք դարձել են պատգամավոր, շատ լավ գիտակցում են, որ այդ կարգավիճակը սահմանափակ հանրային ռեսուրս է եւ պետք է օգտագործել ի նպաստ հանրային շահի։ Իմանալով, որ իրենք ունեն այդ գիտակցումը` ինձ ապահովագրված եմ զգում եւ գիտեմ, որ շատ կարեւոր գործեր կկարողանանք ավարտել»։

 

Պաշտոնը եւ մարդը

 

Հանրության ուշադրությունն այժմ նոր գործիչների վրա է, արդեն ծանոթ գործիչների ամեն քայլն էլ խոշորացույցի տակ է։ Յուրաքանչյուր քայլ կարող է դիտարկվել որպես փոփոխության նշան։ Դեռ որեւէ պաշտոնյա չի խոստովանել, որ պաշտոնն իրեն փոխել է, սակայն պաշտոնյաներին շրջապատող մարդիկ, որպես կանոն, նկատում են նման փոփոխություններ։ Իշխանության նոր ներկայացուցիչներն էլ հաճախ ասում են, որ իրենք ժողովրդի միջից դուրս եկած գործիչներ են, սակայն փաստ է, որ պաշտոնի գայթակղությանն ամեն մեկը մի կերպ է դիմանում, կամ չի դիմանում։

 

Լենա Նազարյանը Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լենա Նազարյանը վստահեցնում է` կուսակից ընկերների վարքագծում փոփոխություններ չի նկատել պաշտոն ստանձնելուց հետո։ «Ես եղել եմ նաեւ 6-րդ գումարման ԱԺ-ում եւ տեսնում եմ, թե, օրինակ, որքան պարզ են հագնվում մեր խմբակցության կանայք, որքան հեշտ են շփվում հանրության հետ։ Ես ուրախ եմ, որ մարդիկ իրենց ապրելակերպով այնպիսին են, ինչպիսին առաջ էին։ Մեր չփոխվելու հարցում հանրության դերը շատ մեծ է։ Մարդիկ մանրամասն հետեւում են ամեն քայլին։ Հեղափոխության ձեռքբերումներից մեկն այն է, որ մարդիկ առաջին անգամ մտածում են, որ քննադատությունն իմաստ ունի եւ կարող է ինչ-որ բան փոխել։ Ես ուրախ եմ դրա համար։ Իհարկե, կան այնպիսիք, որոնք չարախնդում են, սակայն կան մարդիկ, որոնք սրտացավորեն են մոտենում հարցին։ Գիտեն, որ իրենց խոսքը լսելի կլինի։ Ուզում եմ այդ կապը միշտ պահպանվի, որովհետեւ քաղաքականությունը պիտի պաշտպանված լինի հանրային մասնակցությամբ»,- շեշտում է նա։

 

Իր փոխվել-չփոխվելու մասին իշխանություն եկած ընդդիմադիր գործիչը մտածել է։ Ասում է` հույսն  ընկերներն են. «Օրինակ` ընկերներիցս մեկին դուր չէր եկել, որ խոսել էի հեռախոսային տարբերակով տեսագրություն չանելու մասին, թեեւ խոսքս միայն ծավալուն հարցազրույցների մասին էր։ Միշտ պատրաստ եմ հարցազրույցներ տալ, պարզապես նախորդ տարիների փորձս ցույց տվեց, որ հաճախ որակի խնդիր է առաջանում։ Շնորհակալ եմ իրեն` անկեղծ կարծիքի համար»։

 

Լենա Նազարյանը վստահեցնում է` հնարավորությունների ընդլայնումը մեծացնում է պատասխանատվությունը, ոչ թե ծառայում է անձնական շահերին։ «Որքան բարձր է կարգավիճակը, այնքան շատ են հնարավորությունները։ Ես այսպիսի սկզբունք ունեմ. «Եթե կարող ես, ուրեմն պարտավոր ես»։ Իմ ազդեցության լծակը մեծացել է, ես էլ ավելի ուշադիր պետք է լինեմ իմ խոսքին, վարքագծին, մարդկանց հետ շփումներին, կարծիք հայտնելուն»։ 

 

Գործիչը վստահ է` չփոխվել իրենց կօգնեն քաղաքացիների հետ շփումները, որոնք չպետք է սահմանափակեն։ Ասում է` աշխատանքի բերումով շատ հանդիպումներ եմ ունենում տարբեր մարդկանց հետ, սակայն քաղաքացիների հետ շփման կարիք է զգում, ամսվա ընթացքում 1-2 ընդունելիություն է կազմակերպում։ «Քաղաքացիների հետ շփումը հնարավորություն է տալիս ավելի մոտ լինել իրական կյանքին, որովհետեւ իրենք խոսում են իրենց առօրյա խնդիրների մասին»,- ասում է նա։

 

Սխալները ներդրում են զարգացման համար

 

«Ես ամեն օր ինչ-որ բան գտնում եմ ինձ քննադատելու համար։ Հանրության արդարացի  քննադատություններն էլ հաշվի եմ առնում։ Եթե քննադատությունը համոզիչ է, գոնե, ինքս իմ մեջ կարող եմ դա խոստովանել։ Խնդիր չունեմ նաեւ հանրային ձեւով դա խոստովանելու»,- ասում է նա, սակայն քննադատության արդյունքում եղած մեծ փոփոխություն չի մտաբերում։ Ասում է` մանրուքներ են եղել, պարզապես ինքը կարեւորում  է նաեւ մանրուքները. «Կարող է լինել անզգույշ խոսք, որն օրվա մի քանի ժամվա լրահոսում կերեւա եւ կանցնի։ Բոլորը կմոռանան միջադեպը, ես`ոչ»։

 

Լենա Նազարյանը Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Որպես կանոն` կանայք ավելի խոցելի են։ Քաղաքականության մեջ գտվող կանայք բացառություն չեն։ Քննադատությունները կարող են բերել տրամադրության անկման եւ ճգնաժամային վիճակի, սակայն ԱԺ փոխնախագահը կարեւորում է այդ իրավիճակները. «Այդ ամենի արդյունքում կարող է տրամադրության անկում լինել, սակայն հանրային կարգավիճակ ունեցող մարդու դեպքում քննադատությունը նորմալ է։ Ես լուրջ եմ վերաբերում դրան։ Կարող է եւ սթրեսային վիճակի հասցնել, բայց ճգնաժամային պահերը կարեւոր են, որպեսզի հասկանաս սխալդ։ Սխալները շատ կարեւոր ներդրում են զարգացման համար։ Ես արժեւորում եմ սխալները ինչ-որ բան փոխելու, վերանայելու, այլ կերպ գործելու համար»։

 

2017-ի ընտրություններից հետո ընկճված եկա Ազգային ժողով

 

Հեղափոխությունից մեկ տարի առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լենա Նազարյանը ստացավ պատգամավորական մանդատ, սակայն ԱԺ եկավ ընկճված։ Քարոզարշավի ընթացքում մարդկանց անտարբերությունն ու հուսահատությունը հիասթափեցրել էին նրան։ Այն ժամանակ չէր էլ պատկերացնում, որ մեկ տարի անց հեղափոխություն կլինի եւ կդառնա իշխող ուժի ներկայացուցիչ։ 

 

«Կարծում եմ` վերջին տարվա ընթացքում Հայաստանում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Արձանագրվեց, որ մարդիկ կարող են ազդել քաղաքական գործընթացների վրա։ Քարոզարշավի ընթացքում (ես առաջադրված էի II-րդ ընտրատեղամասում` Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն), երբ մարդկանց մեկնում էի մեր բուկլետը, շատ դեպքերում կարող էին հրել ձեռքս` ի նշան անհետաքրքրության, անհավատության։ Շատ էի հիասթափվել, ԱԺ եկա շատ ճնշված եւ ընկճված։ Երբ այդ մասին կարճ զրուցեցի Նիկոլ Փաշինյանի հետ, գուցե մի քիչ էլ բարկացած ասացի` մենք այսքան աշխատեցինք, չեմ պատկերացնում` էլ ինչ պետք է անել, նա ասաց, որ մարդիկ հուսալքված են, մեզ չի հաջողվել նրանց մեջ հույս արթնացնել։ Ինձ օգնեց այդ խորհուրդը։ Ես հասկացա, որ խնդիրն իմ անձով չէ պայմանավորված, մարդիկ հուսահատված են։ Պատկերացնել անգամ չէի կարող, որ մեկ տարի անց այսպիսի փոփոխություն կլինի։ Քայլերթի առաջին օրերին մարդիկ տարակուսանքով էին վերաբերում մեր նախաձեռնությանը, սակայն արդեն Սեւանի ճանապարհին զգում էինք տրամադրության փոփոխությունները, մարդիկ ազդանշաններ էին տալիս, սնունդ ուղարկում»,- հիշում է նա ու դա պայմանավորում այն փաստով, որ իրենց քայլերը բոլորին տեսանելի էին։ 

 

Լենա Նազարյանը Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հեղափոխության պայքարի ամենահուզիչ պահը ԱԺ փոխնախագահն ապրել է նույն Դավթաշենում քայլերթի ժամանակ, երբ նկատել է, որ մարդկանց աչքերում հավատ կա, այնքան գոհունակ էին, որ անծանոթներն իրար են ժպտում։ «Այդ պահին հասկացա, որ հեղափոխությունն անդառնալի է։ Այլեւս կարեւոր չէ` ես կլինե՞մ շարժման մեջ, թե՞ չէ։ Մենք մարդկանց մեջ ճեղքել ենք հուսահատության պատը»,- ասում է նա ու նկատում, որ հանրության աջակցությունն իրեն ավելի ինքնավստահ է դարձրել։

 

Հիմա էլ նուրբ է չհիասթափեցնելու սահմանը։ Դիտարկմանը, որ որքան էլ իշխող ուժը կարող է փոփոխությունների շատ օրինակներ բերել, հանրության որոշ շերտեր ակնկալում են փոփոխություն կոնկրետ իրենց ապրելակերպում, նա արձագանքում է. «Կարծում եմ` կառավարությունը պետք է մոտենա այն մարդկանց, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։ Պետք է «Շտապ օգնության» մեխանիզմը գործի։ Իհարկե, այդ միջակայքում կլինեն բազմաթիվ հարցեր, որոնք ավելի կարեւոր կթվան, բայց պետք է փորձենք հնարավորություններ ստեղծել սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Օրինակ` փողոցային առեւտրով զբաղվող մարդիկ, բնականաբար, մեծ գումարներ աշխատելու նպատակ չունեն, օրվա ապրուստ են ապահովում։ Քաղաքապետարանը հայտարարեց, որ շուկայում անվճար տաղավարներ կտրամադրի այդ մարդկանց, բայց կարծում եմ` այլ լուծում է պետք։ Մարդիկ հիմա քիչ են առեւտուր անում շուկաներից, մոտակա սուպերմարկետներ ու խանութներն ավելի հարմար են։ Այդ մարդկանց օգնելու համար վարչական շրջանների ղեկավարներն իրենց համայնքների կենտրոններում գոնե շաբաթ-կիրակի օրերին կարող են տոնավաճառ կազմակերպել։ Այդպես վաճառողներն ավելի մոտ կլինեն բնակավայրերին»։

 

Բարդ էր ներկայացնել փոքրաթիվ ընդդիմադիր ուժ, որտեղ կա Նիկոլ Փաշինյան

 

«Իմ քայլը» հաճախ դիտարկվում է ոչ թե ուժի, այլ անձի կուսակցություն։ Լենա Նազարյանը սա բնական է համարում , կարծում է` ժամանակի խնդիր է։ Հիշում է, երբ եկավ Ազգային ժողով, իր համար բավականին բարդ էր խոսել ամբիոնից. կար Նիկոլ Փաշինյան, որը, թվում էր, ամեն ինչի մասին արդեն խոսել է։

 

«Մոտենալով ԱԺ ամբիոնին` չունեի զգացողություն, որ իմ ասածը կարեւոր է մարդկանց համար։ Դա պայմանավորված էր քարոզարշավի ընթացքում ունեցածս հիասթափությամբ։ Բարդ էր նաեւ ներկայացնել փոքրաթիվ ընդդիմադիր ուժ, որտեղ կա Նիկոլ Փաշինյան, որն արդեն  ամեն ինչի մասին խոսել է։ Նիկոլ Փաշինյանը երբեք չի փորձել որեւէ մեկին ստվերել, սահմանափակել։ Իր շուրջ գտնվող բոլոր մարդկանց համար միշտ հնարավորություն է ստեղծել, որպեսզի դառնան առաջնորդ։ Պարզապես իմ զգացողությունն էր, որ խնդրի մասին վստահաբար իրենից ավելի լավ բան չես ասելու։ Հետո նոր խորհրդարան մտանք նոր կարգավիճակով` մարդկանց աջակցությամբ, բացվեցին այլ հնարավորություններ»,- ասում է նա։

 

Լենա Նազարյանը Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Առաջին հայացքից Լենա Նազարյանը խիստ առաջնորդ չէ, նա առաջնորդ լինելու իր տեսլականն ունի. «Առաջնորդությունն ինձ համար պատասխնատվություն ստանձնելն է։ Իմ կյանքի տարբեր փուլերում որոշումներ կայացնելիս երկար չեմ մտածել` համարելով, որ բարդ իրավիճակներում չես կարող մանրակրկիտ վերլուծել, թե որ քայլն ինչ հետեւանքի կհանգեցնի։ Ինքս ինձ համար որոշել եմ, որ երկընտրանքի առաջ կանգնելով կընտրեմ բարդ ճանապարհը, որովհետեւ միայն դա է հնարավորություն տալիս հաղթահարել դժվարությունները։ Այդ ընթացքում ուզած-չուզած դառնում ես առաջնորդ»։

 

ԱԺ փոխխոսնակը վստահեցնում է` կառավարությանը քննադատելու հարցում կաշկանդված չեն լինելու։ Դիտարկմանը, որ արդեն եղել են նախադեպեր, երբ հանդես են եկել միասնական քվեարկությամբ, թեեւ խմբակցության ոչ բոլոր անդամներն են կողմ եղել որոշմանը, արձագանքեց, որ  քննարկումները տեղի են ունենում խմբակցության ներսում։ «Մենք ունենում ենք բավականին սուր քննարկումներ եւ գալիս ենք կոնսենսուսի։ Եթե ես համաձայն չեմ ինչ-որ հարցի հետ, բայց խմբակցության մեծ մասը կողմ է, համարում եմ, որ այդ որոշման մեջ եմ, որովհետեւ քաղաքական թիմի մաս եմ։ Լիագումար նիստերի դահլիճը որոշումների կայացման տեղ չէ, քաղաքական կամքի դրսեւորման տեղ է։ Որոշումները կայացվում են հանձնաժողովներում եւ խմբակցությունում։ Հասկանալու, թե որքանով է մեր խմբակցությունը անկախ, պետք է հետեւել հանձնաժողովների եւ խմբակցության նիստերին։ Եթե դեմ ենք նախագծին, այն չի հասնում լիագումար նիստերի դահլիճ, որպեսզի սուր հարցեր տանք եւ դեմ քվեարկենք։ Դրա համար եմ կարեւորում, որ խմբակցության նիստերը լինեն հնարավորինս բաց եւ նիստից հետո լրագրողներին ներկայացնենք` ինչ ենք քննարկել, ինչ հարցերում համաձայն չենք կառավարության հետ, ինչ փոփոխություններ ենք առաջարկում։ Կլինեն հարցեր, որոնց դեպքում կլինի ազատ քվեարկություն, բայց հանրային հնչեղություն թեմաների վերաբերյալ միասնական կարծիք պետք է արտահայտենք, որովհետեւ քաղաքական պատասխանատվության հարց կա»,- ասում  է նա։

 

Կայացմանս փուլը շարունակվում է

 

Լենա Նազարյանը համարում է, որ իր կայացման փուլը դեռ շարունակվում է` շատ անելիք ունի` պիտի կայանա որպես քաղաքական եւ պետական գործիչ։  Հիմա փորձում է լրացնել իր գիտելիքները։ Աշխատասեղանը ողողված է Արցախյան հակամարտության մասին փաստաթղթերով։ Ի պաշտոնե` պետք է պատրաստ լինի խոսել յուրաքանչյուր խնդրի մասին։ 

 

Հեղափոխությունից հետո նա չի ցանկացել գնալ կառավարություն։ Ազգային ժողովում իր առաքելությունն ավարտված չի համարում։ «Այն 1-2 տարին, որ ես ԱԺ պատգամավոր էի, ինձ բավարար չէին իսկապես զբաղվելու պատգամավորական աշխատանքով։ Դեռ կայացման փուլ էր»։

 

Իշխանափոխությունից հետո դերերի վերաբաշխման ժամանակ իրեն բաժին հասած տեղից գոհ է։ Խոստովանում է` գուցե,  ամուսինն էլ (Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը-Մեդիամաքս) ցանկանար լինել ԱԺ-ում, բայց մի տեղում աշխատել չեն ցանկացել։ «Թիմից մեր մոտ ընկերները գիտեն, որ կաշկանդված չենք միմյանցով, իրար շահեր պաշտպանելու խնդիր չունենք, կարող ենք հակառակ դիրքորոշումներ ունենալ։ Սակայն հանրությանը գուցե հնարավոր չլիներ բացատրել, որ մենք այստեղ իրար պաշտպանելու, առաջ մղելու համար չենք»,- կարծում է նա։

 

 

Առօրյաս ծայրից ծայր փոխվել է

 

Որպես տանտիկին` Լենա Նազարյանը շատ բան չունի մեզ պատմելու։ Առօրյան հագեցած է աշխատանքով։ Ամուսինը չի դժգոհում, երկուսն էլ լծված են նույն գործին։ «Օրս հագեցած է աշխատանքով։ Ես շատ քիչ եմ զբաղվում տնային գործերով։ Գուցե տարօրինակ հնչի, բայց ամուսինս է զբաղվում, օրինակ, վերանորոգման համար տան պատերի գույնի կամ կահույքի ընտրությամբ։ Նա հաճույքով է անում դա։ Իմ առօրյան ծայրից ծայր աշխատանքային է։ Առավոտյան դուրս եմ գալիս տանից ու անցնում աշխատանքի։ Երեկոյան հաճախ գործնական հանդիպումներ եմ ունենում, որովհետեւ անելիքներն անսպառ են։ Երբ քո էմոցիաները, հմտությունները, ապրումները, երազանքներն աշխատանքի հետ են կապված, այլ ոլորտ չի մնում։ Իմ դեպքում անձնականն ու գործնականը տարանջատելը բարդ է։ Մեր ընտանիքը քաղաքականացված է։ Ամուսինս էլ հաճախ աշխատում է մինչեւ ուշ երեկո։ Երբեմն, երեկոյան միասին տուն ենք գալիս ու ինչ-որ բան պատրաստում, բայց ժամանցի համար շատ ժամանակ չի մնում»,- ասում է նա։

 

Կյանքում ամեն ինչ կարելի է հասցնել

 

Կանանց դեպքում ընտանեկան կյանքի նվիրվելու, երեխա ունենալու ցանկությունը հաճախ բնազդային մակարդակում է։ Այս փուլում, սակայն, նա ստանձնել է կարեւոր պատասխանատվություն։ «Ես համարում եմ,  որ կյանքում ամեն ինչ կարելի է հասցնել։ Չեմ բաժանում ընտանիքի, անձնականի, աշխատանքի ժամերը։ Հիմա մի քիչ հավասարակշռությունը խախտված է, աշխատանքը գերակշռում է, բայց ես դրանից չեմ սրտնեղում։ Անձնական կյանքի համար ինձ բավարար է մի պահ կտրվել լրահոսից, Ֆեյսբուքից, զանգերից, որոշակի ժամանակ անցկացնել ինձ համար հարմարավետ, հաճելի տարածքում ու նորից վերադառնալ աշխատանքի։ Կարիք չունեմ հատուկ ընտանեկան միջավայրի։ Հանրային վայրերում լինել չեմ սիրում: Որպես կանոն` հանգստիս ժամերին տանն եմ լինում, թեեւ կարող եմ իմ անձնական տարածքում լինելու համար օրինակ 15-20 րոպեով զբոսնել ԱԺ այգում եւ  բավարարված լինել»,- ասում է նա ու բացահայտում, որ տանը քչախոս է։

 

Լենա Նազարյանը Լենա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ամուսնու հետ ընդհանուր թեմաներ ու հետաքրքրություններ շատ ունեն, ամենասիրելին` քաղաքականությունն է, որի վերաբերյալ բանավեճերը երբեմն վեճերի էլ են վերածվում, հետո հանդարտվում։ Այնուամենայնիվ, հանգիստի ժամերը հաճախ նախընտրում է լռության մեջ անցկացնել։ «Ես իրականում քչախոս եմ։ Իմ հարազատ մարդիկ` ամուսինս, ծնողներս գիտեն, որ անպայման չէ, ես իրենց հետ շփվեմ, որպեսզի մենք զգանք այդ ընտանեկան մթնոլորտը։ Հաճախ մեկուսանալու կարիք եմ ունենում, որը հանգստի ամենալավ միջոցն է ինձ համար։ Ամուսինս չի դժգոհում, թեեւ ինքն ավելի շփվող է, կարիք ունի ընկերներին հանդիպելու, երեկոյան զբոսնելու։ Ոչ միշտ եմ ընկերակցում իրեն։ Ինձ  համար կարեւոր է, որ մենք ընդունում ենք միմյանց հանգստի տարբերակները,- ասում է նա ու ծիծաղելով հավելում,- Ավելի լավ ինձ համար, երբ ինքը նախընտրում է գնալ ընկերների հետ հանդիպման, ես մեկուսանում եմ ու այդպես հանգստանում»։ 

 

Ամալյա Հովհաննիսյան

 

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին