Վահագն Մելիքյան. «Միշտ անուղղելի լավատես եմ» - Mediamax.am

exclusive
6533 դիտում

Վահագն Մելիքյան. «Միշտ անուղղելի լավատես եմ»

Վահագն Մելիքյանը
Վահագն Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն աշխատել է անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների հետ։ 1991-ին, երբ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտն եկավ ԱԳՆ, այն նոր էր կազմավորվում։ Սկսել է ամենացածր պաշտոնից՝ ռեֆերենտից, վեց ամիս անց դարձել է ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականը։ Այն ժամանակ 23 տարեկան էր՝ հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ու բարձրացել կարիերային սանդուղքով։

Իր ճանապարհին վայրիվերումներ շատ է ունեցել, սակայն երբեք չի գահավիժել։ Վահագն Մելիքյանն ասում է՝ գահավիժում են նրանք, ովքեր գնում են կարճաժամկետ հաջողության հետեւից։ 

Մեդիամաքսի ոչ պաշտոնական զրույցների շարքում այս անգամ հանդիպել ենք Վահագն Մելիքյանին։

 

Թավշյա հեղափոխության ժամանակ ես նախարարությունում էի, զավակներս՝ փողոցում

 

Հեղափոխության ժամանակ Վահագն Մելիքյանն աշխատում էր Սփյուռքի նախարարությունում՝ նախարարի տեղակալն էր։ Թեեւ ընդհանուր մոտեցում կա, որ պետական աշխատողների զգալի մասը, մասնավորապես, պաշտոնյաները դեմ էին հեղափոխությանը, Վահագն Մելիքյանը շեշտում է, որ իր երեխաները՝ 28-ամյա Դանիելլան եւ 19-ամյա Դավիթը, եղել են ժողովրդի կողքին, եւ ինքը չէր կարող բռնանալ նրանց ազատ կամքին։

 

«Այդ օրերին ես աշխատավայրում էի, զավակներս՝ դրսում։ Մի օր նույնիսկ եկել էի աշխատանքի, ցույցի մասնակիցներն ինձ թույլ չտվեցին շենք մտնել, մոտակա սրճարանում նստեցի, մինչեւ դռները բացեցին։ Սակայն երեխաներիս արգելել-չարգելելու խնդիր չեմ ունեցել, իրենց իրավունքն է որոշել, թե որտեղ պետք է լինեն։ Միայն խնդրել էի զգույշ լինել։ 

 

Շատ փորձագետներ պետք է փորձեն հասկանալ այս թավշյա հեղափոխության հիմքերը։ Մենք ունենք դրա գնահատականը, սակայն հետագայում այն էլի քննարկվելու եւ վերլուծվելու է,- ասում է նա ու շեշտում՝ ամենակարեւորը, ինքը մինչեւ վերջ անկեղծ էր,- փորձել եմ նաեւ ներսում ասել, որ այն, ինչ կատարվում է դրսում եւ այն, ինչ մտածում են ներսում, անհամատեղելի է։ Մենք բազմիցս զրուցել ենք նաեւ Հրանուշ Հակոբյանի հետ։ Նախարարը ժողով էր անում, կարծիքներ, տրամադրություններ էր հարցնում։ Ցավում եմ, որ նախարարությունում որոշ աշխատակիցներ իրականության զգացումը կորցրել էին, փորձում էին պիտակավորել փողոց դուրս եկած մարդկանց»։

 

Վահագն Մելիքյանը Վահագն Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ըստ Մելիքյանի՝ մտավախություն չուներ, որ կարող է կորցնել աշխատանքն այն պատճառով, որ իր երեխաները ցույցերի են մասնակցում։ Հետաքրքրվեցինք, թե անձամբ ինքը որքանո՞վ անհրաժեշտ էր համարում իշխանափոխությունը. 

 

«Ես զգում էի, որ այսպես շարունակվել չի կարող։ Իշխանության մեջ մարդկանց հետ շատ երկար զրույցներ ենք ունեցել։ Մարդը պետք է կարողանա իր կարծիքը հայտնել։ Մոտեցում կա՝ եթե այդպես էիր մտածում, դուրս գայիր համակարգից, ինչո՞ւ էիր մնում ներսում։ Ես կարծում եմ, որ եթե զգում ես, որ պետք ես, պետք է մնաս։ Ես ինձ համարում եմ պետականամետ,- ասում է նա ու զուգահեռ անցկացնում խրամատի հետ,- Եթե քեզ վստահել են դիրքը, պարտավոր ես մինչեւ վերջ մնալ եւ չլքել այն, ինչպես խրամատը, որովհետեւ քո՝ դիրքից հեռանալը կարող է շղթայական ռեակցիայով ազդել մյուս դիրքերի վրա»։

 

ԱԳՆ գլխավոր քարտուղարը երեխաներին չի արգելել լինել այնտեղ, որտեղ ուզում են, որովհետեւ 1988-ին էլ ինքն էր Օպերայի հրապարակում։ Իր երիտասարդության ու կայացման կարեւորագույն փուլն է համարում 1988-ի Շարժումը․ «Դա բոլորիս ծաղկման շրջանն էր։ Մեր ֆակուլտետի եւ Կոնսերվատորիայի ուսանողներն առաջնագծում էին, հետո մեզ միացան մյուսները։ Մենք հրապարակում էինք դաս սովորում, պարապում։ Գուցե, դասացուցակային ինչ-որ դասեր բաց թողեցինք, բայց կոփվելու կարեւոր փուլն այնտեղ անցանք»։

 

Այլեւս չէինք ուզում Հայաստանից հեռու ապրել

 

Տարիներ շարունակ արտերկրում աշխատելուց հետո չորս տարի առաջ դիվանագետը որոշեց ընտանիքի հետ վերադառնալ Հայաստան՝ վաղաժամ հրաժարվելով Արգենտինայում ՀՀ դեսպանի պաշտոնից։

 

«Ամեն մարդու կյանքում որոշակի փուլ փակվում է։ Արգենտինայում ես որոշեցի, որ այս փուլը փակվել է։ Բացի այդ, որդիս մեզ համար անակնալ որոշում ուներ։ Ասում էր, ե՞րբ պետք է դառնամ 18 տարեկան, որ գնամ բանակ։ Որոշումն անակնկալ էր ոչ թե այն պատճառով, որ դեմ էինք, ուղղակի մեծ ցանկություն ունեինք, որ ինքնակամ գա դրան եւ շատ ուրախացանք։ Աղջիկս էլ «անուղղելի» հայրենասեր է։ Նա էլ միշտ ասում էր, որ ուզում է վերադառնալ Հայաստան։ Ընտանեկան խորհրդով վերադառնալու որոշում կայացրեցինք»,- հիշում է նա: Արգենտինայում երկու տարի աշխատելուց առաջ Վահագն Մելիքյանը վեց տարի պաշտոնավարեց որպես Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան:

 

Ըստ նրա՝ հայրենիքից դուրս 9 տարուց ավել գտնվելն արդեն շատ էր, ինքն ու կինը չէին ցանկանում, որ երեխաները կտրվեն Հայաստանից, հատկապես որդին անցումային տարիքում էր։

 

Վահագն Մելիքյանը Վահագն Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Դիվանագետի կյանքը ենթադրում է միշտ «անիվների վրա» լինել, բայց ընտանիքը ամենաշատն է տուժում դրանից։ Կինդ այստեղ կարող էր աշխատել, արտերկրում այդ հնարավորությունը կարող է չլինել։ Զավակներդ տարբեր երկրների դպրոցներում սովորելով, շրջապատ ու միջավայր փոխելով, որոշակի սթրեսի են ենթարկվում։ Ես իսկապես երախտապարտ եմ իմ լավագույն կեսին՝ կնոջս, որ ճիշտ ձեւով տարավ իր դերակատարումը։ Երկար տարիներ կտրված եմ եղել տանը շատ ժամանակ անցկացնելուց, երեխաներին մեծացնելուց եւ ամբողջ ծանրությունը մնացել է կնոջս ուսերին։ Երկրներ փոխելու հետ երեխաներդ նոր լեզուներ են սովորում, բայց հայերենն ու ռուսերենը չպիտի անտեսվեն, որովհետեւ գիտես, որ իրենք վերադառնալու են Հայաստան։ Տանը զուգահեռ կրթությամբ զբաղվել է կինս, եւ ես շատ հանգիստ եմ երեխաներիս կրթվածության համար»,- ասում է Վահագն Մելիքյանը, ապա հպարտորեն նշում, որ դուստրը տիրապետում է 7, որդին՝ 5 լեզվի։ 

 

ԱԳՆ գլխավոր քարտուղարն իր տիկնոջը «քայլող հանրագիտարան» է անվանում։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց նաեւ լավ է տիրապետում բժշկական գաղտնիքներին։ Ամուսինը շատ է ափսոսում, որ ժամանակին նա բժշկուհի չի դարձել։

 

Չէի ցանկանա, որ երեխաներս կտրված լինեն երիտասարդությունից

 

Չնայած որդին ձեւավորման, դուստրը՝ կայացման փուլում արտերկրում են եղել, հայրը կարեւորում է, որ կարողացել են նրանց մեջ պահպանել հայկականը։ Որդին հիմա ծառայում է բանակում, ընդունվել է Ամերիկյան համալսարան, որտեղ ուսումը կշարունակի զորացրվելուց հետո։ 

 

Ըստ Մելիքյանի՝ երեխաների հետ չի կարելի խոսել արգելանքների լեզվով, քանի որ դրանք կարող են ցավոտ հետեւանք ունենալ․ «Պետք է բացատրել ու վստահել։ Իհարկե, դժվար է, երբ օտար միջավայրում ես, առավել եւս ոչ անվտանգ միջավայրում, բայց փառք Աստծո, կարողացել ենք հասնել երեխաների հետ զրույցների միջոցով հարց լուծելուն։ Կարծում եմ, որ խիստ ծնող եմ, սակայն դա բարձր գոռալով չէ որոշվում։ Խստությունդ կարող է սաստող հայացքիդ մեջ լինել: Այդուհանդերձ, աշխատել ենք հնարավորինս ազատ թողնել իրենց։ Ի վերջո, ժամանակները, մոտեցումները, երիտասարդությունը փոխվում են։ Նրանք երիտասարդության մի մասն են։ Ազգայինն ընդգծված պահելով՝ պետք է կարողանաս ներկայանալ աշխարհին»,- շեշտում է նա։

 

«Կռվով» ընդունվեցի Արեւելագիտության ֆակուլտետ

 

Ժամանակին հայրն էլ՝ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն էլ, իր հանդեպ է խիստ եղել, բայց եւ զիջումների է գնացել։ 

 

Արեւելագիտության ֆակուլտետ ընդունվելու որոշումը Մելիքյանը միանգամից չի կայացրել: Հայրը դեմ էր, որդուն տեսնում էր որպես բժիշկ կամ ճարտարապետ։

 

«Ուզում էի իրավաբան դառնալ, հայրս ասում էր՝ բացառված է, չեմ ուզում դատախազ դառնաս։ Դպրոցն ավարտելու տարին Ուկրաինայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը մեկ տեղ էր տվել Հայաստանին։ Գերազանց էի ավարտել դպրոցը, մեկ-երկու քննություն պետք է տայի, որպեսզի ընդունվեի, սակայն հայրս թույլ չտվեց, ասում էր՝ չեմ ուզում տղաս գնա Ուկրաինա եւ այնտեղից հարս բերի։ Ես էլ ասացի, ուրեմն Արեւելագիտության ֆակուլտետ կընդունվեմ։ Մինչեւ այդ չէր ուզում, բայց համաձայնեց,- պատմում է ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու հիշում, թե ինչպես է «կռվով» ընդունվել համալսարան, որպեսզի իրեն հոր անվան համար գնահատական չշռայլեն,- Ընդունելության քննության ժամանակ նստած էին մարդիկ, որոնք մանուկ հասակից ճանաչել են ինձ, մեր տանն են եղել։ Սկսեցի պատասխանել, առաջին հարցի կեսից ասացին՝ անցիր հաջորդին, երկրորդի կեսից ասացին՝ անցիր հաջորդին, նեղվեցի, ասացի, որ երկրորդ դեպքն է, ինձ ընդհատում են եւ թույլ չեն տալիս պատասխանել։ Այնքան կտրուկ էի, որ սկսեցին ավելի շատ հարցեր տալ»։

 

Վահագն Մելիքյանը Վահագն Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Վահագն Մելիքյանը հիմա հպարտությամբ է հիշում, որ վերջում հայրիկին շնորհակալություն են հայտնել այսպիսի տղա դաստիարակելու համար։ Ինքը խնդիր ուներ ապացուցելու, որ իրեն, որպես Գուրգեն Մելիքյանի որդու, գնահատական չեն շռայլում։ «Հորս՝ այդ ժանամակ փոխդեկան լինելն ինձ մոտիվացրել է, որ լինեմ լավագույնը։ Ապացուցելու խնդիր ունեի, որ իմ տեղում եմ,- ասում է նա ու պատմում, որ հոր ազդեցությունը միայն այն էր, որ չէր կարողանում կուրսի հետ փախչել դասերից,- եթե մյուսներն ընդհանուր նկատողություն էին ունենում եւ վերջ, ես տանը դեռ պետք է հանդիպեի Գուրգեն Մելիքյանին։ Կուրսընկերներս ըմբռնումով էին մոտենում հարցին, ասում էին՝ դու հանգիստ մնա»։

 

«Կարիերիստ» լինելն իրականում բարձր գնահատական է

 

Վահան Մելիքյանն ԱԳՆ առաջին անգամ ոտք է դրել 1991-ին։ Այն ժամանակվանից ի վեր զբաղեցրել է այս կառույցի տարբեր պաշտոններ, աշխատել է Հունաստանում եւ Գերմանիայում ՀՀ դեսպանություններում, ղեկավարել է Պետական արարողակարգի ծառայությունը, դեսպան է եղել Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում, Քուվեյթում, Բահրեյնում (նստավայրը՝ Աբու Դաբի), ինչպես նաեւ Արգենտինայում, Ուրուգվայում, Պարագայում, Չիլիում (նստավայրը՝ Բուենոս Այրես): Հետո տեղափոխվել է Սփյուռքի նախարարություն, սակայն հեղափոխությունից հետո վերադարձել է «հայրենի տուն», ինչպես ինքն է անվանում ԱԳՆ-ն։ Մելիքյանն իրեն կարիերիստ է համարում բառիս դրական իմաստով։ 

 

«Սկսել եմ ամենացածր աստիճանից, որը նույնիսկ դիվանագիտական պաշտոն չէ՝ ռեֆերենտից։ Համալսարանն ավարտելուց հետո նախարարությունում աշխատանքի անցա եւ հասկացա, որ կարիերիստ բառը, որն իր մեջ բացասական երանգ է պարունակում, իրականում բարձր գնահատական է, որը կարող է ունենալ դիվանագետը։ Ես կարիերային աճ եմ ունեցել առանց թռիչքների։ Սա ինձ համար շատ հարազատ կառույց է՝ 4-րդ շենքն ու 8-րդ նախարարն է փոխվում ԱԳՆ-ում,- ասում է  նա։

 

Մասնագիտական գործունեության ընթացքում վայրիվերումներ ունեցել է, բայց երբեք չի գահավիժել։ «Գահավիժում են նրանք, ովքեր գնում են կարճաժամկետ հաջողության հետեւից։ Վերջին 20 տարում եղել են նաեւ հիասթափությունների պահեր, բայց ես միշտ տեսնում եմ թունելի վերջի լույսը, միշտ «անուղղելի» լավատես եմ»,- նկատում է նա: Հավելում է, որ միշտ պատրաստ է եղել նրան, որ պաշտոն չունենալու դեպքում իր հեռախոսազանգերին կարող են չպատասխանել։ 

 

Պաշտոնի նույնիսկ հարաբերական իջեցումն ազդում է մարդու հոգեբանական վիճակի վրա։ Վահագն Մելիքյանն ասում է՝ անցել է դրա միջով․ «Ես երբեք չեմ ուզել լինել գերագնահատված, պարզապես ցանկացել եմ տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ձեռք բերածս ռեսուրսը ճիշտ ձեւով օգտագործելու հնարավորություն ունենալ»։

 

Ամենադժվարը Վահագն Մելիքյանը բաժանվել է Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի  պաշտոնից։ Թեեւ ներկայիս  պաշտոնն ավելի բարձր է, կարոտում է այդ տարիները։ Առանձնակի հպարտությամբ է շեշտում, որ այդ կառույցը ողնաշարային դեր է ունեցել բազմաբնույթ պետական միջոցառումների կազմակերպման հարցում․ 

 

«Թերեւս կարեիրայիս լավագույն տարիներն էին։ Ամբողջովին կարողացել եմ ինքնադրսեւորել։ Ավելի քան համոզված եմ, որ յուրաքանչյուր դիվանագետ  պարտադիր պետք է անցնի արարողակարգի դպրոցով։ Ունեինք հրաշալի թիմ եւ աշխատում էինք մեծ սիրով ու նվիրվածությամբ։ Ինձ վստահվել էր մի կառույց, որն իմ նախորդները բերել էին ինչ-որ տեսքի, գործընկերներիս ու տվյալ օրվա իշխանությունների շնորհիվ այդ կառույցը լրջագույնս կայացավ, ամրապնդվեց եւ այսօր շարունակում է իր հաղթական երթը։ Վառ ապացույցը Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ժամանակ երիտասարդների ու ներկայիս ղեկավարի՝ Լեւոն Մինասյանի դրսեւորած բարձր պատասխանատվությունն էր։ Ֆրանկոֆոնիայի ժամանակ երբեմն ինձ արարողակարգի աշխատակցի պես էի պահում, հետո մեր տղաները, Լեւոն Մինասյանն ինձ հիշեցրին, որ ԱԳՆ գլխավոր քարտուղարն եմ, գնամ զբաղվեմ իմ գործով (ծիծաղում է-հեղ.)»,- ասում է նա, ապա նկատում, որ կարոտն առնում է ուսանողների համար «Պետական արարողակարգ ու էթիկետ» թեմայով դասախոսություններ կարդալով։

 

Վահագն Մելիքյանը Վահագն Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

ԱԳՆ տարբեր նախարարների հետ աշխատելու ընթացքում համեմատել է նրանց, սակայն ասում է՝ համեմատությունն աշխատանքի ճիշտ ընկալման, կոմֆորտի տիրույթում էր, իսկ ընդհանուր առմամբ, յուրաքանչյուրն իր ձեւով տարել է նախարարության ղեկը։ Վահագն Մելիքյանը հաճույքով է աշխատում երիտասարդների հետ, ասում է՝ հիմա նախարարությունում է, որպեսզի իր փորձը ներդնի եւ աջակցի երիտասարդներին։

 

Մարդը չի փոխվում, պաշտոնը նրա դիմակն է պատռում

 

Պաշտոնը ենթադրում է որոշակի դիրք, որն էլ կենսակերպ է թելադրում։ Ամենացածր դիրքից ղեկավար կազմ հասնելը, ըստ Մելիքյանի, իր կենսակերպը չի փոխել. «Ես հանգիստ եմ քնում։ Ինձ ամենամոտ մարդիկ ասում են, որ «Մելիքյան Վահագնը 8-րդ դասարանից հետո չի փոխվել»։ Պաշտոնը երբեք չի փոխել ինձ։ Պաշտոնն ինձ համար լրացուցիչ միջոց է կյանքի կոչելու այն գաղափարները, որոնք իմ երկրին, գործընկերներին միայն լավն են բերում։ Շատ կարեւոր է, երբ քո անձի առաջնայնությունը չես շեշտում։ Չեմ կարծում, որ պաշտոնը կարող է փոխել մարդուն։ Դու կաս այնպիսին, ինչպիսին կաս։ Եթե պաշտոնը քեզ պետք է փոխի, ուրեմն ի սկզբանե այդպիսին ես եղել, դիմակդ է պատռվել, երբ գայթակղիչ իրավիճակում ես հայտնվել։ Չի կարող մարդը պաշտոն ստանալ եւ փոխվել, այլապես նա թույլ մարդ է»։

 

Հասարակության մեջ ձեւավորված կարծիք կա, որ պաշտոնյան պետք է թաթախված լինի մութ գործերի մեջ։ ԱԳՆ գլխավոր քարտուղարի խոսքով, պաշտոնի շնորհիվ ֆինանսական ավելի մեծ հնարավորությունների չի հասել։ «Ես գլուխս բարձր կարող եմ ասել, որ պաշտոնս երբեք չի օգտագործվել, որ լրացուցիչ եկամուտ ունենամ»։

 

Դիվանագիտությունն ու անկեղծությունը

 

Կան մասնագիտություններ, որոնք շատ են օգնում նաեւ առօրյայում։ Հարաբերություններ հաստատելիս դիվանագետ լինելու մասին շատերն են երազում։ Թվում է՝ սա լավագույն մասնագիտությունն է, որը կարող է մեծ նպաստ բերել մարդուն՝ իր տեղը գտնելու ճանապարհին։ Ըստ Մելիքյանի՝ դիվանագիտությունն իրեն օգնում է, բայց դրան որոշակիորեն հակադրվող մի հատկանիշ է շատ կարեւորում՝ անկեղծությունը․«Երկու Վահագնը միշտ կռվի մեջ են իրար հետ, դա նաեւ նրանից է, որ համատեղության նշանս Երկվորյակն է։ Բնականաբար, մասնագիտականդ եւ արյանդ մեջ եղածը խառնվում են իրար։ Ասում են՝ դիվանագիտությունը առավելագույնը «պոկելու» եւ քիչ տալու արվեստն է։ Այստեղ բախում ունեմ, որովհետեւ ինձ անկեղծ մարդ եմ համարում, ատում եմ սուտը։ Դիվանագիտությունը ստելով չէ առաջ գնում, բայց պետք է խորամանկությունների պատրաստ լինես։ Ես կարողացել եմ այդ շաղախը լավ ստանալ։ Ըստ իս՝ ինձ մոտ շատ լավ է ստացվում մարդկանց հետ հարաբերություններ հաստատելը անկեղծության եւ դիվանագիտության համադրման շնորհիվ»։

 

Անկախ Հայաստանի ամենամեծ միջոցառումը՝ «Ֆրանկոֆոնիա 2018»

 

Այս տարի կայացավ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որն իր ծավալով անկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենամեծ միջոցառումն էր։ Վահագն Մելիքյանը գագաթնաժողովի անցկացման ԱԳՆ աշխատանքային հանձնախմբի  համակարգողն ու ղեկավարն էր եւ մի շարք դրվագներ գիտի, որոնք մնացել էին կուլիսներում։ Ասում է, գուցե մի օր գրի առնի այդ հիշողությունները։

 

Վահագն Մելիքյանը Վահագն Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Սկզբում մտածում էինք, թե ինչպե՞ս պետք է դուրս գանք այդ ծանրության տակից, բայց նվիրման եւ ճանապարհը սկսելուց առաջ հաղթանակի հավատի շնորհիվ դա հնարավոր եղավ։ Մենք նշաձող էինք դրել գագաթաժողովը կազմակերպել այնպես, որ ցայսօր եղածների մեջ լինի լավագույնը, ապագայում էլ հիշեն երեւանյան գագաթաժողովը»,- ասում է Վահագն Մելիքյանն ու հավելում, որ ստացվել է, թե ոչ, գնահատում են հյուրերը, իսկ բարձր գնահատականներն արդեն հնչել են։ 

 

Երկու ոչ աշխատանքային օր հայտարարելն էլ հենց այնպես կայացված որոշում չէր։ Հակառակ դեպքում քաղաքը կաթվածահար էր լինելու։ «Արել էինք առավելագույնը, որպեսզի քաղաքացիների անդորրն ու հանգիստը հնարավորինս քիչ խախտենք։ Հասկացանք, որ փողոցների փակումը կաթվածահար կանի քաղաքը, չփակելու տարբերակ էլ չկար։ Առավոտյան նույն ժամին 40 հյուրանոցից մեքենաների 84 շարասյուն պետք է ժամաներ միեւնույն տեղը ճիշտ այն ժամին, երբ մարդիկ շտապում են աշխատանքի։ Դա կոլապս էր նշանակելու։ Սկզբում մտածում էինք միայն դպրոցներում ու բուհերում ոչ աշխատանքային օրեր հայտարարել, սակայն հասկացանք, որ քիչ կշահենք»,- պարզաբանում է նա։

 

Այս միջոցառման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ իշխանությունների օրոք։ Մելիքյանը կարեւորում է փոխանցելիության ու շարունակականության գործոնը, որ առկա էր այս դեպքում․ «Ամենաբարձր մակարդակով խոսվել է, որ այս ամենը սկսվել է նախորդ իշխանությունների օրոք, եւ՛ նախկին արտգործնախարարի՝ Էդվարդ Նալբանդյանի, եւ՛ իմ նախորդի՝ Շահեն Ավագյանի մեծ ջանքերով»։ 

 

Ֆրանկոֆոնիան՝ նոր հարաբերությունների հարթակ

 

Գագաթաժողովի շրջանակում կազմակերպված ճաշի ժամանակ պետական այրերի պարն ու ոչ ֆորմալ շփումը մի քանի օր լայն քննարկումների առարկա էր։ Սա քննարկվեց թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։ Թեեւ շատերը համարում են, որ դիվանագիտության մեջ միայն շահերն են առաջնորդող, Վահագն Մելիքյանը մասնագիտական այլ մոտեցում ունի։

 

«Դիվանագիտության մեջ շատ կարեւոր են միջանձնային հարաբերությունները։ Անմիջականությունը գալիս է նաեւ դրանից։ Պետությունների ղեկավարներն էլ սովորական մահկանացուներ են։ Որպես Պետական արարողակարգի նախկին ղեկավար՝ շատ լավ գիտեմ, որ օդանավակայանն արարողակարգի ամենակարեւոր կետն է։ Ինչպես դիմավորեցիր, այդպես էլ շարունակվում է այցը։ Շատերը մտածում են՝ այցը վերջացավ, դե օդանավակայան տանել է, կանենք։ Այդպես չէ։ Մինչեւ վերջին պահը, երբ հյուրը սանդուղքով բարձրանում է օդանավ, շատ կարեւոր է։ Օդակայանի երկու կետն են ամենակարեւորը։ Մնացյալը քո պրոֆեսիոնալիզմի, պատրաստակամության ու պատասխանատվության մասն են»,- ասում է նա։ 

 

«Կա հստակ սահմանված արարողակարգ։ Ես դրա ջատագովն եմ։ Կան ղեկավարներ, որոնք հստակ հետեւում են այդ կանոններին, կան նաեւ այնպիսիք, որոնք հստակ գիտեն այդ կանոնները, չեն մերժում դրանք, բայց պատեհ առիթի դեպքում անմիջական շփում են մտցնում։ Դա գալիս է մարդու կերպարից։ Շատ երկրների ղեկավարներ, տարիներ շարունակ լինելով այդ ամենի մեջ, հոգնում են, ավելի շատ գրավվում են անմիջական, բարեկամական, ընկերական ջերմ մթնոլորտով։ Հայաստանն ունի այդ ջերմությունը։ Երեւանն իր էներգետիկայով ֆենոմեն է։ Գործի բերումով տասնյակ երկրներում եմ եղել եւ կարող եմ վստահ ասել, որ մենք իսկապես հյուր ընդունել գիտենք»,- ասում է նա։

 

Դիվանագետի համար անհասկանալի է քննարկումը, թե ինչու են երկրի առաջին դեմքերը սելֆի անում, ինչու են պարում, ասում է՝ իսկ ինչո՞ւ չպետք է անեն։ 

 

Վահագն Մելիքյանը Վահագն Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Հոկտեմբերի 11-ը շատ ծանրաբեռնված օր էր։ Պատվիրակությունները նախորդ գիշեր էին ժամանել, շատերը բավականին երկար թռիչք էին ունեցել, այդ օրը խիտ գրաֆիկով էր անցել, շատերը հոգնած էին։ Մարդու հանգստանալու լավագույն ձեւն այն է, որ առանց փողկապի հանգիստ շփվի։ Եթե նույն պրոտոկոլային ձեւով գնան ճաշելու, վերադառնան հյուրանոց քնելու, բան չի մնա, որ մարդը տանի իր հետ։ Ես վստահ եմ, որ Հայաստանից շատ մեծ ջերմություն տարան։ Մենք մինչեւ հիմա նամակներ ենք ստանում, պետությունների, պատվիրակությունների ղեկավարներից, նախարարներից, հյուրերից՝ կատարյալ կազմակերպվածության, ջերմության մասին։ Դրանք արհեստական նամակներ չեն, բովանդակությունից կարող ես հասկանալ՝ շաբլո՞ն է ուղարկել, թե՞ փորձել է ջերմություն դնել նամակում, որովհետեւ ինքն էլ ստացել է այդ ջերմությունը»,- ընդգծում է Վահագն Մելիքյանը։ Ասում, որ եթե Հայաստանի վարչապետն իր անմիջականությանը համապատասխան արձագանք չստանար, այդպիսի մթնոլորտ չէր ձեւավորվի։

 

«Դու կարող ես անմիջական վերաբերմունք ցույց տալ, բայց դիմացինից համապատասխան արձագանք չստանալ։ Դա երկուստեք է ստացվել, ինչն այնքան տեսանելի էր։ Ոչինչ չենք թաքցրել, ընդհակառակը, կարծում եմ, առաջին անգամ ամեն ինչ այսքան բաց էր, որովհետեւ վերջին 26-27 տարվա ընթացքում պաշտոնական բաժակաճառերից բացի մարդիկ ոչինչ չէին տեսել։ Այս անգամ տեսան այն, ինչ կատարվում է նաեւ ներսում։ Իհարկե, ոչ բոլոր ճաշերն են այդպես անցնում։ Կարող էր եւ այդպես չլինել, բայց վարչապետը որեւէ բան չի պնդել։ Նա ստացել է մի մթնոլորտ, որ լարված օրվա ավարտին մարդիկ մի քիչ հանգիստ լինեն։ Ընդ որում՝ միայն Ֆրանսիան, Կանադան չէին, շատ  երկրների ներկայացուցիչներ կային, որոնց հետ նույն հարաբերությունները ստեղծվեցին»,- պատմում է Վահագն Մելիքյանը: Նկատում է, որ մարդկային ջերմ հարաբերությունները կարող են դեր ունենալ, որպեսզի հյուրերը հետագայում նաեւ մասնավոր այցով էլ մեր երկիր գալու ցանկություն ունենան։

 

Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին