Ավետիք Էլոյան. «Եթե հիմա չանենք, էլ ե՞րբ ենք անելու» - Mediamax.am

exclusive
11851 դիտում

Ավետիք Էլոյան. «Եթե հիմա չանենք, էլ ե՞րբ ենք անելու»

Ավետիք Էլոյանը
Ավետիք Էլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ սկսեց աշխատել՝ կառուցելով նոր կյանք: Ասում է՝ 73 դոլար ուներ, երբ ոտք դրեց Միացյալ Նահանգներ: Տարիների ընթացքում ձեռք բերեց ֆինանսական կայունություն, համբավ, ստեղծեց իր ճարտարապետական արվեստանոցը, որն ԱՄՆ-ում զբաղվում է խոշոր ենթակառուցվածքների նախագծմամբ: Ապրիլյան հեղափոխության օրերին նա զգաց, որ Հայաստան վերադառնալու ժամանակն է, իսկ հայրենիքում նոր աշխատանքի առաջարկը ստիպեց արագ որոշում կայացնել: 

Ավետիք Էլոյանին հանդիպեցինք Սարյան փողոցում գտնվող իր արվեստանոցում: Սա ճարտարապետի ամենասիրելի անկյունն է Երեւանում:

 

Մեկնարկային 73 դոլարը

 

Էլոյանների ընտանիքը 2-ամյա որդու հետ տեղափոխվեց ԱՄՆ, երբ ճարտարապետի կինն աշխատանքային առաջարկ ստացավ: Ժամանակին ամերիկյան կյանքին ադապտացիոն փուլը ճարտարապետը բարդությամբ չի հիշում: Ասում է՝ դժվարությունները հաղթահարելուց հետո դադարում ես դրանք հիշել:

 

«Երբ 2002-ի ապրիլին հասանք ԱՄՆ, ընդամենը 73 դոլար ունեի։ Միակ առավելությունն այն էր, որ երկրում գտնվում էինք օրինական հիմքերով, եւ կինս ուներ պայմանագրային աշխատանք։ Փաստացիորեն 0-ից ենք սկսել։ Անսովոր է խոսել հաջողությունների մասին, սակայն հիմա մեզ բավականին հարմարավետ ենք զգում»,- ասում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, որը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է հինգ անշարժ գույք, երկու ավտոմեքենա եւ նկատելի գումար բանկային հաշվի վրա: 

 

Նա ընտանիքի հետ ԱՄՆ մի նահանգից մյուսն է տեղափոխվել, աշխատել տարբեր կառույցներում, իսկ 2012-ին՝ Ամերիկա մեկնելուց 10 տարի անց, հիմնադրել իր ճարտարապետական արվեստանոցը՝ «Էլոյան արքիթեքթս Ինք.»-ը: Նրան են վստահվել «Սան Ֆրանցիսկո Բեյ բրիջ» կամուրջի մատույցները, «Պորտլանդ Միլուոկե» կամուրջը, Չիկագոյում` «Ալտա Քեյ» բազմահարկ բնակելի շենքը եւ այլ կարեւոր կառույցների նախագծումը:

 

Հեղափոխությունից հետո ճարտարապետը վերադարձել է Հայաստան՝ իբրեւ պաշտոնյա, սակայն եկամտի հիմնական աղբյուրը շարունակում է գոյանալ ԱՄՆ-ում: Երբեմն ստիպված է լինում մի քանի օրով մեկնել ԱՄՆ, որտեղ ղեկավարում է մոտ 15 նախագիծ: Ասում է՝ սկսած աշխատանքը կիսատ թողնել չի կարող, դա թե՛ պատասխանատվության, թե՛ հեղինակության հարց է։ Այնուամենայնիվ, նախկին տեմպով աշխատել չի կարող, ծրագրում է էապես կրճատել ամերիկյան նախագծերի քանակը:

 

Ավետիք Էլոյանը Ավետիք Էլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Փորձելու եմ պահել մի քանի նախագիծ, որպեսզի ընտանիքիս կյանքի որակը մնա նույն մակարդակին։ Քանի որ հասել եմ մի կետի, երբ կարողանում եմ ինքս ընտրել նախագծերը, փորձելու եմ պահել մասնագիտական ու ստեղծագործական առումով առավել հետաքրքիր 2–3 նախագիծ։ ԱՄՆ–ում երկու աշխատակից ունեմ, Հայաստանում էլ ներգրավվել եմ ճարտարապետական երկու կազմակերպություն։ Մնում է նորմալ կառավարել, ինչը 2-3 նախագծի դեպքում հանգիստ կարելի է անել»,- ասում է նա:

 

Հեղափոխությունը՝ հեռվից

 

Ավետիք Էլոյանի ժամանակին ԱՄՆ տեղափոխվելը քաղաքական որեւէ պատճառ չի ունեցել: Հայաստանում լավ աշխատանք ուներ` Թուֆենկյան կենտրոնի հետ համագործակցող «Պողոսյան Հրաչ ճարտարապետական արվեստանոցի» ճարտարապետ էր: 

 

«Թեեւ Հայաստանում չէինք ապրում, հասկանում էինք, որ այլեւս հնարավոր չէ այսպես շարունակել, երկիրը սկզբունքորեն սխալ ուղղությամբ է գնում` առանց որեւէ հեռանկարի։ «Մենք» ասելով՝ ի նկատի ունեմ նաեւ սփյուռքում ապրող բազմաթիվ մարդկանց»,- շեշտում է նա ու վստահեցնում՝ հեղափոխության օրերին սկսել էին ապրել Հայաստանի ժամանակով՝ չնայած 12 ժամվա տարբերությանն ու ուշի ուշով հետեւում էին իրադարձությունների զարգացմանը:

 

 

«Ֆիզիկապես Միացյալ Նահանգներում էի, հոգեպես՝  Հայաստանում: Չէի կարող մասնակցել ցույցերին, սակայն հստակ գիտեի` որտեղ կգտնվեի, եթե լինեի Երեւանում։ Մտածում էինք գալ Հայաստան։ Անսպասելի էր, որ ամեն ինչ այդքան արագ հանգուցալուծվեց, թվում էր՝ ավելի երկարատեւ պայքար է լինելու: Ապրիլի 23-ին ծննդյանս օրն էր։ Ընկերներս զանգում էին, շնորհավորում ու ասում` տեսա՞ր Սերժ Սարգսյանն ինչ նվեր արեց քեզ»,- հիշում է նա:

 

«Վերադարձս պայմանավորված էր աշխատանքային առաջարկով։ Ինքս էլ եմ քայլեր ձեռնարկել, որ այդ առաջարկը լինի։ Քաղաքաշինության զարգացման վերաբերյալ մտորումներս ուղարկեցի վարչապետի ֆեյսբուքյան էջին եւ կառավարություն։ Մինչեւ այսօր չգիտեմ` այդ նամակը հասե՞լ է վարչապետին, թե ոչ։ Երբ Նարեկ Սարգսյանը թողեց պաշտոնը, ընկերներս՝ Սարհատ Պետրոսյանը (Կադաստրի պետական կոմիտեի ներկայիս ղեկավարը) եւ Արսեն Կարապետյանը  (Երեւանի ավագանու Քաղաքաշինական հանձնաժողովի նորընտիր նախագահը) ծանոթ լինելով իմ մասնագիտական մոտեցումներին, առաջարկել էին իմ թեկնածությունը։ Նախկինում էլ կարող էի անել այդ քայլերը եւ հնարավոր է՝ հաջողության հասնեի, սակայն հեղափոխությունից հետո ոգեւորությունը մեծ էր: Ընտանիքում բոլորս հասկանում էինք, որ սա լուրջ քայլ է լինելու։ Որոշիչն այն պահն էր, երբ հասկացանք, որ եթե հիմա չանենք, ե՞րբ ենք անելու կամ ի՞նչպես ենք հետո պատճառաբանելու չանելը»,- ասում է նա:

 

Ընտանիքի վերադարձն ու բարդությունները

 

Ճարտարապետը հասկանում է, որ ընտանիքի վերադարձը որոշակի բարդություններ է ենթադրում, սակայն նկատում է, որ տարիներ առաջ ԱՄՆ չէին մեկնել մշտական բնակություն հաստատելու նպատակով, ուստի` մի օր պետք է վերադառնային: 

 

Ասում է՝ ընտանիքն էլ սատարում է իրեն այս որոշման մեջ, սակայն վերադառնալու ընթացքն ավելի երկար է, քան պատկերացնում էին: Ընտանիքի վերադարձը նախատեսվում է 2019 թվականին:

 

Ավետիք Էլոյանը Ավետիք Էլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Տարիներ առաջ կնոջս աշխատանքի բերումով տեղափոխվեցինք ԱՄՆ, ժամանակն է, որ նա «պարտքերը վերադարձնի»,- ժպիտով ասում է նա, ապա նկատում, որ Հայաստանում կինն իր մասնագիտությամբ աշխատանք կգտնի: «Կինս գիտնական է, զբաղվում է աուտոիմմուն հիվանդությունների ուսումնասիրություններով: Կարծում եմ` ինքն էլ հետաքրքիր առաջարկներ կունենա Հայաստանում։ Քննարկում ենք տարբերակներ, որոնք թույլ կտան նրան վերադառնալուց հետո չկտրվել գիտական աշխատանքից»:

 

Ավետիք Էլոյանը երեք երեխա ունի՝ 18-ամյա Կարենը, 14-ամյա Միքայելը եւ 7-ամյա Արփին: Միջավայրի փոփոխությունը հեշտ չէ, հատկապես, միջնեկ որդու համար, սակայն ընտանիքի հայրը խնդիրը հաղթահարելի է համարում։

 

«Ավագ որդիս ԱՄՆ–ում ճարտարապետական հեղինակավոր համալսարան է ընդունվել, եւ նման բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Ուստի առաջիկա 5 տարին նա կշարունակի ուսումն այնտեղ: Դուստրս 7 տարեկան է։ Իր կապը շրջապատի հետ դեռ լիարժեք չի ձեւավորվել, իր դեպքում շատ ավելի հեշտ է վերադարձը։ Միջնեկ որդուս հարցն ամենաբարդն է՝ 14 տարեկան է, ընկերները, կապը դպրոցի հետ շատ է կարեւորում։ Բայց վերջին  ամիսներին բոլորիս միտքը վերադարձի ուղղությամբ է աշխատում»,- ընդգծում է ճարտարապետը:

 

Ճարտարապետների չորս սերունդ

 

Ավետիք Էլոյանի ավագ որդին եւս ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը, ինչպես ժամանակին ինքն ու եղբայրն էին ընտրել ծնողների մասնագիտությունը:

 

«Սա արդեն ճարտարապետների չորրորդ սերունդն է մեր ընտանիքում: Հատուկ չեմ էլ ընտրել ճարտարապետի մասնագիտությունը, ինքնըստինքյան ստացվեց ամեն ինչ: Ավագ եղբայրս էլ է ճարտարապետ: Հայրս ու մայրս հատուկ չեն ուղղորդել մեզ»,- ասում է Ավետիք Էլոյանը։ 

 

Հիմա նա ամեն օր աշխատանքի է գնում Քաղաքաշինության կոմիտե, որի կայացման հարցում ժամանակին մեծ ներդրում է ունեցել իր հայրը՝ Լեւոն Էլոյանը: Ասում է` սա հետաքրքիր զգացողություններ է առաջացնում: «Միշտ կա հարցը, իսկ ի՞նչ կմտածեր հայրս, եթե տեսներ այս ամենը: Հետաքրքիր զգացմունք է, որն ամեն դեպքում խթան է ավելի լավ ու իմաստուն գործելու համար»:

 

Քաղաքաշինության խնդիրները Հայաստանում

 

«Որքան էլ տիրապետեի ոլորտին, շատ լուծումներ կախված են իրավիճակից: Ունեի հայեցակարգային մոտեցումներ, սակայն թե ինչ քայլերով էր պետք հասնել դրանց, թողել էի հետագային,- ասում է նա ու հավելում, որ Հայաստանում ամենաբարդ խնդիրը համարում է երկրի անհամաչափ զարգացումը: «Հայաստանի կենտրոնական հատվածը գերխտացած է, իսկ սահմանամերձ գոտիները շարունակում են դատարկվել: Կարծում եմ` սա ռազմավարական խնդիր է, որը համակարգային լուծում է պահանջում: Քաղաքաշինությունը, որպես առանձին ոլորտ, ամենաարդյունավետ միջոցը չէ դրա դեմ պայքարելու համար: Պետք է լինի միջոցառումների համախումբ, որի մաս է կազմում քաղաքաշինությունը: Զուտ մասնագիտական հեռանկարով հատակագծերի զարգացման միտումները պետք է այնպես մշակել, որ սահմանամերձ գոտիները գերակայություն ունենան՝ լավ զարգացած ճանապարհային ցանց, ենթակառուցվածք, որոնք կապահովեն հարմարավետ կյանք»:

 

Ամալյա Հովհաննիսյանը զրուցում է Ավետիք Էլոյանի հետ Ամալյա Հովհաննիսյանը զրուցում է Ավետիք Էլոյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ավետիք Էլոյանը շեշտում է՝ ունեն առաջարկներ, որոնք իրենց դաշտում չեն, օրինակ, հնարավորություն տալ գյուղացիներին իրենց արտադրանքը անմիջապես վաճառել  բանակին, ինչը կբարելավի մարդկանց կենցաղը, կանխելով արտագաղթը: Նման առաջարկներն իրենց մտքում չեն պահում, քանի որ բոլորը մի գործի են լծված, նպատակը մեկն է՝ աջակցել պետության ամրապնդմանը:

 

Ինչ վերաբերում է բուն քաղաքաշինությանը` անելիքները շատ են: Ավետիք Էլոյանն ահազանգում է, եթե չկանգնեցնենք այն, ինչ վերջին 20 տարում տեղի է ունենում Երեւանում, շատ կարճ ժամանակում կոլապս կլինի:

 

«Հնարավոր չէ անվերջ խտացնել քաղաքը: Երբ մարդիկ խոսում են Նյու Յորքի կամ Սան Ֆրանցիսկոյի գերխտացվածության մասին, առաջարկում եմ մի անգամ մեքենա վարել այնտեղ, կհասկանան, որ կյանքն ուղղակի կանգ է առնում: Անհնարին մի բան է: Որպեսզի չհասնենք այդ կետին, պետք է այլեւս կենտրոնը չխտացնենք, բարձրահարկեր չկառուցենք: Առնվազն մոտ ապագայում կենտրոնում նոր բարձրահարկեր չեն կառուցվի, դա ոչ միայն էսթետիկական, այլեւ անվտանգության հարց է: Քաղաքական դիրքորոշումն այն է, որ մենք սահմանափակում ենք Երեւանի քաոտիկ աճը: Սահմանափակելով կենտրոնի կառուցապատումը` կխթանենք նաեւ արվարձանների զարգացմանը, կառուցապատողներ կսկսեն ուշադրություն դարձնել Ավանում, Աջափնյակում, Շենգավիթում կառուցապատում անելուն»,- ընդգծում է ճարտարապետը:

 

Ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցումը առաջին հայացքից քաղաքի գերխտացվածության դեմ պայքարի արդյունավետ միջոց է թվում, սակայն ճարտարապետն այս հարցում այլ մոտեցում ունի, որը հիմնավորված է մի շարք մասնագետների կողմից եւ արտասահմանյան փորձով։

 

«Տրանսպորտային քաղաքաշինության հարցում համաշխարհային միտումն այն է, որ սահմանափակում են մեքենայով կենտրոն գալու հարմարավետությունը: Իսկ երբ մենք առաջարկում ենք կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր, ապահովել մեծ քանակությամբ ավտոմեքենաների կայանատեղի, հեշտացնում ենք մեքենայով կենտրոն գալը: Առաջին հայացքից թվում է՝ հարցը լուծում ենք, սակայն դա ունենում է հակառակ էֆեկտ՝ հեշտացնելով կայանատեղին, խրախուսում ենք նոր մեքենաների ներհոսքը, իսկ մեր փողոցային ցանցը այդքան մեքենայի հոսք ապահովելու հնարավորություն  չունի»,- ասում է նա:

 

Դիտարկմանը, որ մեծ քաղաքներում գերխտացված երթեւեկությունից փրկում է մետրոն, որը սփռված է ամբողջ քաղաքով, իսկ Երեւանում մետրոն բավականին քիչ տարածք է սպասարկում, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը պատասխանում է, որ եթե անգամ առաջիկա 10 տարում մետրոյի 4-5 կայան ավելանա, ինչը բավականին ծախսատար է, հարցը չի լուծվի, փոխարենն առաջարկում է լուծել տրանսպորտի խնդիրը։ «Մետրոյի կայանների ավելացումը կարող է լոկալ լուծում առաջարկել մի խումբ մարդկանց համար: Սակայն հնարավոր է լուծել տրանսպորտի հարցը, օրինակ` մեծացել ավտոբուսների չափը, օպտիմալացնել երթուղիները։ Պետք է համակարգային խնդիր լուծել ։ Աշխարհի շատ երկրներում տրանսպորտային խնդիրների լուծումը գտնված է, դա հնարավոր է նաեւ մեր դեպքում»,- նկատում է նա:

 

Հին ու նոր Երեւան

 

Երեւանի արտաքինը տարիներ շարունակ լայն քննարկումների առիթ է։ Պատմական նշանակություն ունեցող մի շարք շենքերի քանդումը, նոր շենքերի կառուցումը, գովազդային վահանակները աղավաղել են Երեւանի երբեմնի դեմքը։ Ավետիք Էլոյանն ասում է, որ երբեք չի կտրվել Երեւանից, հաճախ է եկել Հայաստան եւ փոփոխություններն իր համար կտրուկ չեն եղել։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նա մեծացել է Երեւանի կենտրոնում։ Ասում է` ամեն անկյան մասին հիշողություն ունի: Մանկուց հիշողության մեջ մնացած Երեւանը հիմա արտահայտվում է քաղաքի փողոցներում` քաղաքի զգացողության տեսքով։ Ափսոսում է, որ Օղակաձեւ այգին չունի նախկին տեսքը: «Դա նաեւ մասնագիտական մոտեցում է։ Առաջնային հարց է, որին պետք է փորձենք լուծում տալ: Այդ կանաչ գոտին փրկություն էր քաղաքի բնակչության համար»:

 

Միաժամանակ ծայրահեղական մոտեցում չունի փոփոխությունների հանդեպ։ Ըստ նրա` քաղաքի զարգացումը բնականոն գործընթաց է, այլ հարց է, որ այն պետք է վերահսկելի լինի։ 

 

«Քաղաքը պետք է զարգանա։ Օրինակ, Սարյան փողոցն ինքնաբուխ ձեւով ձեւավորվեց շատ հետաքրքիր ոճով եւ յուրահատուկ գաստրոնոմիկ ուղղվածություն դարձավ: Մեր աշխատանքը պետք է լինի, որ ոչ միայն թողնենք, որ բիզնեսները հավաքվեն եւ միասին ինչ-որ բան ստեղծեն, այլեւ ղեկավարենք պրոցեսը, պայմաններ առաջարկենք, որ օրինակ, Սարյանի երկայնքով շարունակվի այդ բացօթյա ռեստորանային հատվածը, որը չափազանց գրավիչ է զբոսաշրջիկների համար: Դա կյանք է բերում քաղաք։ Միգուցե կորցրել ենք հին Երեւանը, բայց միեւնույն է, այն յուրահատուկ քաղաք է իր ձեւով, ոճով: Այստեղ ավելի կարեւոր է հասկանալ, թե ո՞ր ուղղությամբ ենք շարժվում: Պետք է հարմարեցնենք քաղաքը եւ՛ բնակիչներին, եւ՛ զբոսաշրջիկներին։ Բազմաթիվ եվրոպական քաղաքներ քանդվել, նորից կառուցվել են, ձեւափոխվել են, վերակառուցվել: Ինչ կորել, կորել է: Բոլորս գիտենք, թե քանի շենք է քանդվել հին Երեւանից: Հստակ կարող եմ ասել, որ այն, ինչը չի քանդվել, այլեւս չի քանդվի։ Գուցե ինչ-որ բաներ կարողանանք վերականգնել, սակայն դա չի լինելու այն Երեւանը, որը հիշում ենք: Երբ Երեւանը համեմատում ես մյուս քաղաքների՝ Գյումրու, Վանաձորի հետ, Երեւանը զիջում է, որովհետեւ Գյումրին, Վանաձորը եւ մի քանի այլ քաղաքներ ընդունվել էին որպես քաղաքաշինական հատուկ կառավարման գոտի, ինչի հետեւանքով այդ քաղաքների կառուցապատման գործընթացը եղել է ավելի վերահսկելի: Երեւանը շատ ավելի անկառավարելի է զարգացել: Քաոս է, երբ 20 հարկանի երկու շենք գտնվում են միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա»։

 

Քաղաքի արտաքին տեսքի հարցում Ավետիք Էլոյանը կարեւորում է ապօրինի կրպակների եւ աղավաղված մայթերի հարցը, օդափոխիչների՝ շենքերի արտաքին պատերին կախված չլինելը եւ մի շարք այլ հարցեր, որոնց պետք է լուծում տալ:

 

Ավետիք Էլոյանը Ավետիք Էլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Եթե կառուցում ենք մի քաղաք, որում զբոսաշրջությունը համարում ենք գերակայություն, պետք է ուշադրություն դարձնենք այդ ամենին։ Լուծումները կարող են լինել ոչ հեշտ, ոչ էլ էժան, սակայն վիզուալ մեծ փոփոխություն կլինի, ինչը  կարեւոր է: Գովազդները, հայտարարություններն ամենուր փակցնելը գիտակցության հարց է։ Մարդիկ պետք է հասկանան, որ շատ ավելի գրավիչ է, երբ փողոցը մի ոճով է մշակված։ Դա անմիջականորեն կապված է երկրի բրենդավորման հետ։ Չունենք արտահայտված բրենդ՝ չունենք վերադարձող զբոսաշրջիկ»։

 

Օրենքը պետք է մշակվի

 

«Քաղաքաշինական օրենսդրությունը հստակեցնելու անհրաժեշտություն կա: Կան դրույթներ, որոնք վերցված են սովետական կամ Ռուսաստանի ներկայիս օրենսդրությունից: Դրանք պետք է հարմարեցվեն տեղական պայմաններին: Մենք փորձում ենք կատարելագործել համակարգը: Իմ կարծիքով, գլխավոր ճարտարապետի ինստիտուտն իրեն սպառել է, որովհետեւ չի կարող մի ճարտարապետ որոշել՝ այս  շենքը կառուցվի՞, թե՞ ոչ: Դա սուբյեկտիվ մոտեցում է։ Պետք է լինի ճարտարապետական խորհուրդ եւ զոնավորման նախագիծ, ըստ որի կառուցապատման համար կսահմանվեն հստակ չափանիշներ` այսքան հեռավորություն, այսքան ծառ եւ այլն: Դա պետք է լինի թափանցիկ ինֆորմացիա՝ հասանելի բոլորին: Սակայն այս պահին անհրաժեշտ է ունենալ ուժեղ անձնավորություն որպես գլխավոր ճարտարապետ, ով կկարողանա ուղղորդել գլխավոր ճարտարապետի ինստիտուտի վերացման գործընթացը առանց վնաս տալու քաղաքներին »,- առաջարկում է Ավետիք Էլոյանը:

 

Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին