Ավետիք Էլոյան. Այսօր կարող ենք խուսափել վաղվա միջակությունից - Mediamax.am

exclusive
15989 դիտում

Ավետիք Էլոյան. Այսօր կարող ենք խուսափել վաղվա միջակությունից

Ավետիք Էլոյանը
Ավետիք Էլոյանը

Լուսանկարը` Ավետիք Էլոյանի արխիվից

Լուսանկարը`


Արամի 30 շենքի քանդումը, Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածի ապագա կառուցապատումը, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագիրը հերթական անգամ սրեցին քննարկումները հին ու նոր Երեւանի, քաղաքի ապագայի եւ առհասարակ՝ ճարտարապետության եւ քաղաքաշինական խնդիրների մասին: Դրանց մասին Մեդիամաքսը զրուցել է ճարտարապետ Ավետիք Էլոյանի հետ, որը ներկայում ապրում է ԱՄՆ-ում:

 

- Քանի՞ տարի եք արդեն ապրում ԱՄՆ-ում եւ ո՞րտեղ եք աշխատել այդ ընթացքում:

 

- Բավական անսովոր է, երբ հարցնում են, թե որքան ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում են, քանի որ դեռ չեմ համակերպվել այն մտքի հետ, որ ապրում եմ Ամերիկայում:

 

Երբ 2002-ին գնացի Միացյալ Նահանգներ, մտքովս չեր անցնում, որ 14 տարի անց դեռ աշխատելու եմ այնտեղ։ Այդպես ստացվեց` նոր աշխատանքային հնարավորությունները ինձ եւ կնոջս անընդհատ տեղափոխում նահանգից նահանգ։

 

Անկեղծ ասած, աշխատավայրերիս հաշիվն արդեն կորցրել եմ։ Եղել են «անցողիկ հիմնարկներ», բայց եւ այնպիսի ճարտարապետական ընկերություններ, որտեղ աշխատելն ու փորձ կուտակելը գերագույն հաճույք էր։ Դրանք սփռված են ԱՄՆ Արևելյան ափից մինչեւ Կալիֆոռնիա։ Իսկապես երախտապարտ եմ ճակատագրին, քանի որ բախտ ունեցա փորձ ձեռք բերել ամենատարբեր նախագծերում` առանձնատներից եւ երկրաքերներ, լայնածավալ քաղաքաշինական նախագծեր եւ կամուրջներ։

 

- Գիտեմ, որ վերջին տարիներին զբաղվել եք խոշոր ենթակառուցվածքների նախագծմամբ:

 

- Սկզբնական փուլում լավ չէի պատկերացնում, թե ինչ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա։

 

2007-ին Չիկագոյից տեղափոխվեցի Սան Ֆրանցիսկո՝ ՄակԴոնալդ Արքիթեքտս ընկերություն, որտեղ եւ սկսեցի նախագծել կամուրջներ։ Աշխատանքը անսովոր էր, բայց շատ գրավիչ ու պատասխանատու։ Գործ ունեի ահռելի ծավալի կառույցների ու դրանից բխող յուրահատկությունների հետ: Ինձ գրավում էր այն միտքը, որ կարող ես նախագծել հարյուրավոր մենատներ ու շենքեր, եւ ոչ ոք չիմանա դրա մասին, իսկ մի փոքր կամուրջը ամեն օր տեսնում ու օգտագործում են հազարավոր մարդիկ։ Նաեւ շատ ոգեւորիչ էր գիտակցությունը, որ նախագծում ես մի բան, որը կանգուն կլինի առնվազն 150 տարի։

Չիկագոյում Ավետիք Էլոյանի նախագծով կառուցված բնակելի շենքերը Չիկագոյում Ավետիք Էլոյանի նախագծով կառուցված բնակելի շենքերը

Լուսանկարը` Ավետիք Էլոյանի արխիվից

Միեւնույն ժամանակ, այս դեպքում մասնագիտական պատասխանատվության աստիճանն անհամեմատ ավելի մեծ է: Ենթակառուցվածքների ու, մասնավորապես, կամուրջների նախագծման ժամանակ ոչ մի փոխզիջում չկա եւ լինել չի կարող:

 

Կառույցը պետք է լինի ամուր, կայուն եւ ֆունկցիոնալ եւ այս դեպքում ճարտարապետն իր զինանոցում չունի բոլոր այն միջոցներն ու գործիքները, որոնք օգտագործում է բնակելի շենքեր նախագծելիս։ Դեկորացիա չկա կամ այն հասցված է նվազագույնի, քանի որ արտահայտչական միջոցներն առաջին հերթին պետք է համապատասխանեն ինժեներական նպատակահարմարությանը։ Ճարտարագետի գծագիրը մի փոքր փոխելու համար պետք է համառորեն պայքարես` ունենալով շատ ծանրակշիռ փաստարկներ: Խնդիրը նաեւ այն է, որ ճարտարապետի միջամտությունը կարող է ավելացնել կառույցի առանց այն էլ մեծ արժեքը։

Պորտլենդի կամուրջը Պորտլենդի կամուրջը

Լուսանկարը` Ավետիք Էլոյանի արխիվից

2015թ. աշնանը բացվեց Պորտլենդի կամուրջը Օրեգոն նահանգում, որի գլխավոր ճարտարապետն էի` ներկայացնելով ՄակԴոնալդ Արքիթեքթս ընկերությունը։

 

Եվս մի հետաքրքիր կամուրջ Դուբայում, որի նախագիծը ավարտեցի 2010 թվականին, չկառուցվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, բայց խոսակցություններ կան, որ հնարավոր է նախագիծը վերսկսվի։

 

Շուտով կբացվի Րիվերսայդ կամուրջը Լոս Անջելեսում: 2016-ին սպասվում է նաեւ Սան Ֆրանցիսկոյի Բեյ Բրիջ կամրջին ավելացվող հսկայական զույգ պանդուսների բացումը, որոնք կմիացնեն այն Ուերբա Բուենա կղզուն: Ես այս կառույցի նախագծման եւ կոորդինացման պատասխանատուն էի։

Բեյ Բրիջ կամրջին ավելացվող պանդուսները Բեյ Բրիջ կամրջին ավելացվող պանդուսները

Լուսանկարը` Ավետիք Էլոյանի արխիվից

Հիմա համագործակցում եմ մեկ ուրիշ ճարտարապետի հետ շատ հետաքրքիր նախագծի շրջանակում`հետազոտում ենք տարբերակներ 1938 թվականին կառուցված Սան Ֆրանցիսկոի Բեյ Բրիջ կամրջին կցակառուցել մի նոր գիծ, որը կմիացնի մայրցամաքը Սան Ֆրանցիսկոի հետ հեծանվորդների համար։

 

Աշխատում ենք նաեւ մի քանի բարձրահարկ շենքերի նախագծերի վրա Սան Ֆրանցիսկոյում, որոնց շինարարությունը նախատեսված է 2016-2017 թթ։

 

- Որո՞նք են ԱՄՆ-ում եւ նախկին ԽՍՀՄ-ում ճարտարապետի աշխատանքի հիմնական տարբերությունները:

 

- Իմ ու մի ամբողջ տաղանդավոր սերնդի աշխատանքային գործունեության սկիզբը համընկավ շինարարության առումով, երևի թե, Հայաստանի վերջին 100 տարվա ամենավատ ժամանակաշրջանի հետ։

 

Ինձ համարում եմ ամերիկյան ճարտարապետ` չնայած մասնագիտական ակունքներով ու սրտով շատ խորն եմ կապված Հայաստանին։ Սակայն մասնագիտական առումով ես հասունացա ԱՄՆ-ում։ Մի կողմից, դա երբեմն խանգարում է, բայց առավելություններն ավելի շատ են, քանի որ կարողանում եմ այլ կերպ նայել ոլորտի խնդիրներին։

 

Չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա Հայաստանի եւ ԱՄՆ-ի (կամ` որեւէ այլ երկրի) ճարտարապետի աշխատանքի միջեւ։ Բոլորն էլ աշխատանքի ընթացքում նույն հարցերի լուծումներն են փնտրում։ Համակարգերը, պայմանները եւ միջոցները կարող են տարբերվել, բայց մտածելակերպը ու մոտեցումները նույնն են ամբողջ աշխարհում: Այդպես եղել է մարդկության ողջ պատմության ընթացքում` սկսած Քարահունջից։

 

Տարբերություններ կան նախագծման տեխնոլոգիաների եւ ոլորտի կառավարման մեջ, որն, իմ կարծիքով, Հայաստանում դեռ կայացած չէ։ Դա վերաբերում է թե բուն մասնագիտական ոլորտին, որտեղ նկատվում են ենթակառուցվածքային բացեր, թե օրենսդրական դաշտին, որտեղ առկա են խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված բազմաթիվ սկզբունքներ, որոնք փորձում ենք համապատասխանեցնել շուկայական հարաբերությունների պայմաններին։ Բնական է, որ այդ փորձերն անարդյունք են մնում:

Ավետիք Էլոյանի հեղինակած բնակելի շենքի նախագիծը Բերքլիում (շինարարության ավարտը՝ 2017-ին) Ավետիք Էլոյանի հեղինակած բնակելի շենքի նախագիծը Բերքլիում (շինարարության ավարտը՝ 2017-ին)

Լուսանկարը` Ավետիք Էլոյանի արխիվից

Ճարտարապետությունը` սոցիալական մասնագիտություն լինելով, ԽՍՀՄ փլուզումից հետո եւ Հայաստանի անկախության առաջին ամենադժվարին տարիների ընթացքում ամենաշատը տուժեց։ Եթե վերլուծենք այն, թե ինչ տեղի ունեցավ, կհասկանանք նաեւ ի հայտ եկած խնդիրների պատճառները։ Խորհրդային ժամանակ կար միայն մեկ պատվիրատու` պետությունը։ Նախագծման ոլորտում ամեն ինչ մշակված էր եւ բխում էր այդ տրամաբանությունից։ Հետո հասարակարգը պլանայինից փոխվեց շուկայականի, առաջացան բազմաթիվ պատվիրատուներ` իրենց շահերով ու հավակնություններով։ Իսկ նախկին միասնական պետական պատվիրատուն տրոհվեց բազմաթիվ ավելի մանր սուբյեկտների (օրինակ` քաղաքապետարանները կամ թաղապետարանները)։ Սակայն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չփոխվեց ոչ նախագծման մեթոդիկան, ոչ օրենսդրական դաշտը եւ ոչ էլ նախագծողի ու պատվիրատուի հարաբերությունները կարգավորող դաշտը։

 

- Ի՞նչ խնդիրներ է դա առաջացնում:

 

- Օրինակ բերեմ նախագծման ոլորտից, որը ոչ միայն չի համապատասխանում այսօրվա պահանջներին, այլեւ առաջ է բերում բազմաթիվ կոռուպցիոն վտանգներ։

 

Եթե ներդրողը կամ կառուցապատողը ցանկանում է հող գնել եւ այն կառուցապատել` պետք է դիմի պետությանը, որպեսզի ստանա նախագծման առաջադրանքը։ Սա մի գործընթաց է, որ ժառանգել ենք ԽՍՀՄ-ից եւ որն արդարացված էր այն դեպքում, երբ միակ կառուցապատողը պետությունն էր։ Այսօր սա անհեթեթություն է, որը վանում է քաղաքակիրթ երկրների ներդրողներին։ Երբ նրանք իրենց երկրում որոշում են հող գնել, ապա նախապես կարող են մանրամասն ուսումնասիրել` ի՞նչ եւ ինչպես է թույլատրվում կառուցել այդ հողում։ Այդ տեղեկատվությունը տեղադրված է քաղաքապետարանի կայքում` մուտքագրում ես հողակտորի հասցեն եւ անմիջապես պարզում ես` քանի հարկանի շենք կառուցելու իրավունք ունես, որքան ծառ ու ավտոկայանատեղի պետք է ապահովես եւ այլն։ Այսինքն, հավանական գնորդը իր հաշվարկներն անում է ոչ թե հողը գնելուց հետո, ինչպես Հայաստանում է, այլ նախապես։

 

Երբ այն նույն մարդը գալիս է Հայաստան, նրան փաստացի ասում են` դու ներդրումն արա, հողը գնիր, հետո մենք քեզ կասենք, թե քանի հարկ կամ քանի բնակարան կկարողանաս կառուցել։ Մինչեւ այս գործելաոճը չփոխվի, այս ոլորտում արեւմտյան կապիտալ չենք ունենա։

 

- Իսկ ինչո՞ւ Հայաստանում անկախության տարիներին, ի տարբերություն խորհրդային շրջանի, հիշարժան կառույցներ չկառուցվեցին:

 

- Նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ ենք հասկանում` հիշարժան ասելով։ Վստահ եմ, որ Հայաստանում ստեղծվել են կառույցներ, որոնք ճարտարապետական առումով հիշարժան են։ Իսկ եթե խոսում ենք մեծածավալ կառույցների մասին, ապա պատասխանելով ձեր հարցին, շատերը կասեն`փող չկար, աղքատ երկիր էր։

 

Ինձ թվում է, որ իրական պատճառները շատ ավելի խորն ու համակարգային են, հաճախ` քաղաքական։ Իսկ ին՞չ, եթե փող լիներ, այսօր լավ կառույցներ կունենայի՞նք։ Առանց ոլորտը համակարգային կերպով բարելավվելու, անգամ եթե փողը լիներ, հիմնականում աննպատակ կվատնվեր։

 

Ֆինանսական միջոցները պայմաններից միայն մեկն է, կան շատ ավելի կարեւոր նախադրյալներ, որոնց պահպանման դեպքում կարող ենք խոսել ճարտարապետության որակի մասին։ Մոսկվայում միջոցների պակաս չկար, բայց այնտեղ համաշխարհային մակարդակի հիշարժան կառույց գրեթե չի կառուցվել։ Սա գալիս է ապացուցելու, որ խնդիրը միայն գումարը չէ։

 

Ցավալի իրողությունն այն է, որ աննկարագրելի տաղանդի տեր ճարտարապետական մի սերունդ, որը պետք է դեռ երկար ստեղծագործեր եւ կառուցեր, ԽՍՀՄ փլուզումից հետո մնաց անգործ, կամ էլ նրանց զբաղվածության աստիճանը անհամեմատելի էր նախկինի հետ: Սա մի թաքնված ողբերգություն է, որի մասին հաճախ չի խոսվում, բայց հենց այդ գործոնով է պայմանավորված այժմյան ճարտարապետության և շինարարության որակի խիստ անկումը:

Ավետիք Էլոյանի հեղինակած բազմաֆունկցիոնալ շենքի նախագիծը Սան Ֆրանցիսկոյում (շինարարության ավարտը՝ 2017-ին) Ավետիք Էլոյանի հեղինակած բազմաֆունկցիոնալ շենքի նախագիծը Սան Ֆրանցիսկոյում (շինարարության ավարտը՝ 2017-ին)

Լուսանկարը` Ավետիք Էլոյանի արխիվից

Ճարտարապետությունը որպես ինդուստրիա անմիջականորեն կապված է շարունակականության հետ։ Շատ նման է գիտությանը. եթե գիտական ուսումնասիրությունները ընդհատվում են 3 կամ 5 տարով, հետո հնարավոր չէ շարունակել այն կետից, որտեղ կանգ ես առել։ Պետք է նորից սկսել, որովհետեւ նյութերը հնացել են, նոր հոդվածները ու ուսումնասիրությունները չեն կարդացվել եւ այլն։ Նույն կերպ էլ ճարտարապետությունն է: Եթե երկրում գրեթե 15 տարի չկար շինարարություն, ճարտարապետության բարձր որակ լինել չեր կարող՝ որքան էլ տաղանդավոր եւ շնորհալի անհատներ լինեն։

 

Առաջ են գալիս ճարտարապետներ, որոնք տալիս են այն արտադրանքը, որի պահանջարկը կա: Արդյունքում ոլորտը, որը պետք է ոճի ու ստանդարտների  թելադրողի դերում լիներ, վերացվում է քմահաճույքներ իրականացնողի։ Պատկերացրեք, որ նորաձեւության մեջ ոչ թե վարպետները ու դիզայներները թելադրեն ոճը, այլ օլիգարխները որոշեն, որ, օրինակ, կարմիր տաբատը լավագույն հագուստն է։

 

- Ի՞նչ կարող է եւ պետք է անի ճարտարապետական հանրությունը, որպեսզի պատվիրատուն չթելադրի իր ճաշակը:

 

- Ճարտարապետությունը ծայրաստիճան կախված է համագործակցությունից, մտքերի փոխանակումից։ Վակուումի մեջ արժեքավոր կառույց չես կարող նախագծել։ Ես կցանկանայի, որ ճարտարապետական հանրությունը ավելի քիչ մասնագիտական ամբիցիաներ ունենար եւ ավելի շատ տեղ տար երկխոսությանը և մասնագիտական համագործակցությանը։

 

Ցավոք, մեր մեջ պակասում է մասնագիտական համերաշխությունը։ Իսպառ վերացել  է մասնագիտական քննարկումների մշակույթը։ Կրկնեմ, ճարտարապետությունը սոցիալական մասնագիտություն է, եւ այն ոչ միայն կորցնում է իր որակները, երբ զրկվում է իր բնականոն զարգացման հունից, այլեւ դուրս է ընկնում ժամանակային համատեքստից։

 

Եթե ճարտարապետությունը իր ժամանակին զուգընթաց չի զարգանում, բավարարելով ժամանակի պահանջը` այն պարզապես անիմաստ է դառնում։

Սկսում են տասնյակներով կառուցվել մասնագիտական առումով անիմաստ, հնաոճ եկեղեցիներ, երբ իրական պահանջը հինավուրց եկեղեցիների վերականգնելն ու պահպանելն է։ Այսօր մեզ պետք են դպրոցներ և համալսարաններ, այգիներ ու համերգային դահլիճներ։ Այլապես ընդմիշտ կմնանք ֆեոդալական համակարգում, որտեղ կառուցվում են միայն դղյակներ ու եկեղեցիներ։

 

Պատվիրատուների մասին էլ ասեմ, որ նրանք ամեն տեղ նույնն են, նույն հասկանալի ձգտումներով` նվազագույն գումար ծախսելով՝ ձեռք բերել առավելագույն քառակուսի մետրեր եւ «սիրուն» շենք։ Կարող է զարմանալի թվալ, երբ ասում եմ՝ «սիրուն»։ Բայց իսկապես այդպես է` բոլորը ձգտում են կառուցել սիրուն շենքեր։ Պարզապես պատվիրատուի «սիրունի» ըմբռնումը հաճախ տարբերվում է մասնագետի ըմբռնումից։ Պատվիրատուի խնդիրը չէ զանազանել գեղեցիկն ու տգեղը, նորարարությունն ու հնացածը ։ Դա մեր` ճարտարապետներիս խնդիրն է` կրթել պատվիրատուին։ Ինչո՞ւ մենք՛ ճարտարապետներս, ունենալով հարուստ ավանդույթներ եւ ժառանգություն, չենք դիմադրում, երբ ստանում ենք անընդունելի պատվեր: Պատճառը տեսնում եմ նրանում, որ ճարտարապետական ոլորտը իր բազում տաղանդավոր մասնագետներով հանդես չի գալիս որպես միասնական ճակատ։ Յուրաքանչյուրն ապավինում է իր համբավին կամ կարողություններին։ Բնականաբար, նման պայմաններում անհնարին է արդյունավետ կերպով դիմակայել պատվիրատուին որեւէ հարցում` լինի այն էսթետիկ կամ ֆինանսական:

 

Հասկանում եմ, որ ուղիղ համեմատականները կարող են անտեղին թվալ, բայց ԱՄՆ-ում գործում է Ամերիկայի Ճարտարապետության Ինստիտուտը (American Institute of Architecture), որը ստանձնել է Ճարտարապետական ոլորտի կոորդինացման եւ ղեկավարման գործը։ Նա է ապահովվում Ճարտարապետական լիցենզիաների շնորհման գործընթացը, նա է մշակում եւ ամեն տարի հրապարակում ճարտարապետական ոլորտի բոլոր պայմանագրերը։ Եվ երբ խնդիր է առաջանում, ճարտարապետը գիտի, որ միայնակ չե, իր թիկունքին կանգնած է շատ լուրջ կազմակերպություն։ Դա նաեւ բարձրացնում է մասնագետի կարգավիճակը, պատվիրատուն նրա հետ հաշվի է նստում։

 

Եթե մենք ձգտում ենք բարելավվել մեր քաղաքները, բարձրացնել նախագծվող շենքերի եւ ընդհանրապես ճարտարապետության որակը, պետք է ձգտենք այդ մոդելին, ուր ճարտարապետը անզոր միայնակ ձեռներեց չէ, այլ պաշտպանված մասնագիտության տեր։

 

- Ակնհայտ է, որ ձեր մատնանշած խնդիրները հաղթահարելու համար պետք է լուծել նաեւ ճարտարապետների նոր սերնդի պատշաճ կրթություն ստանալու հարցերը:

 

- Ընկերներ ունեմ, ովքեր դասավանդում են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում, եւ գիտեմ, որ կրթական խնդիրների լուծումը պահանջում է համակարգային լուծումներ ու վերաբերմունքի վերանայում։

 

Մենք, Հայաստանի (ինչպես նաեւ սփյուռքի, բայց դա առանձին խոսակցություն է) ճարտարապետներս, պետք է հասկանանք, որ պետք է շահագրգռված լինենք ու աջակցենք, որպեսզի բուհը թողարկի լավ կադրեր։ Սա կարող ենք դիտարկել նաեւ որպես շահադիտական ձգտում` վաղը, երբ մեզ աշխատող պետք լինի, կարողանանք լավ մասնագետ գտնել։ Լավ պատրաստված նորավարտ մասնագետ գտնելը շատ դժվար է։ Որոշ ժամանակ առաջ մի նախագիծ ունեի Երեւանում ու պարզվեց, որ մասնագետներ գտնելը իրոք շատ բարդ խնդիր է։

 

Միեւնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ ճարտարապետությունը շատ «դանդաղ» մասնագիտություն է ու միայն փորձն է, որ մասնագետին կրթում ու կազմավորում է։

 

Ասում են, որ 35 տարեկան թենիսիստը տարեց մարզիկ է, 40 տարեկան գործատուն` փորձառու բիզնեսմեն, իսկ 50 տարեկան ճարտարապետը` երիտասարդ մասնագետ։ Սա մի կատակ է, որի մեջ իմաստություն կա։ Ուստի, բուհի շրջանավարտների որակի մասին կարելի է դատել ավարտելուց առնվազն 15 տարի անց։

 

Կարող ենք տեսնել, թե ինչ պայծառ մասնագետներ կան այսօր Հայաստանում` «Կելկը շոզ» եւ ArchCoop ճարտարապետական արվեստանոցները: Նրանք բոլորն ավելի հասուն տարիքի ճարտարապետներ են, համալսարանն ավարտել են ավելի քան 20 տարի առաջ։ Ընդհանրապես, իմ սերնդի ստացած կրթությունը համեմատելի է իմ տարեկիցների ստացած ամերիկյան կրթության հետ, եթե չասեմ ավելին։ Ամերիկայում 14 տարի աշխատելու ընթացքում մեկ անգամ չէ, որ դրանում համոզվել եմ։ Եթե ճարտարապետությունը դիտարկենք որպես երկու բաղադրիչների միասնություն` արվեստ ու գիտություն, ապա վստահաբար կարելի է ասել, որ արվեստի բաղադրիչով ամերիկյան բուհերը զիջում են Հայաստանին։ Իրենք շեշտը դնում են կիրառական ու գործնական ուղու վրա. կառույցը պետք է լինի ապահով, համապատասխանի քաղաքաշինական ու շինարարական նորմերին ու օրենքներին եւ մնա նախատեսված բյուջեի սահմաններում, ներդրողին ապահովելով առավելագույն քառակուսի մետրեր։ Շատ էի զարմացել, երբ իմացա, որ նկարչությունը, ջրաներկը պարտադիր դասընթացներ չեն գրեթե ոչ մի կրթօջախում, ու եթե ուսանողները ցանկանում են մասնակցել այդ դասերին, ապա պետք է լրացուցիչ վճարեն։

 

- Ինչ՞ը կարող է ճարտարապետի մասնագիտությունը գրավիչ դարձնել երիտասարդի համար: Անգամ եթե բոլոր խնդիրները լուծվեն, Հայաստանում ճարտարապետների համար կարծես ծավալվելու շատ տեղ չկա:

 

- Մենք առաջ չենք նայում։ Ճարտարապետությունը այն մասնագիտություններից է, որը թույլ է տալիս աշխատել առցանց, պատվերներ ստանալով արտասահմանից։

 

Զարգացած երկրներում սկսում են ավելի շատ օգտագործել արտաքին նախագծողների ուժը։ Ընկերությունն, որտեղ հիմա աշխատում եմ, համագործակցում է հունգարական երկու տարբեր խմբերի հետ` վերապատվիրելով նրանց որոշ նախագծման եւ եռաչափ մոդելավորման աշխատանքները։ Մենք պետք է ստեղծենք ենթակառուցվածք, որը թույլ կտա մեզ եւս ներկայացված լինել այդ գլոբալ շուկայում։ Պետք է ավելացնել օտար լեզվի դասավանդման ժամերի քանակը եւ որակը, դասավանդել արտերկրերում շինարարական տեխնիկայի մեթոդները եւ այլն։

 

Օրինակ կարող է ծառայել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում։ Ի՞նչից սկսվեց դրա զարգացումը`արտասահման մասնագետներ ուղարկելով, դրսից մասնագետներ հրավիրելով ու փորձի փոխանակում ապահովելով։ Չեմ կասկածում, որ ՏՏ-ն շուտով կապահովի Հայաստանի բյուջեի մուտքերի նկատելի մասը։ Ոչինչ չի խանգարում նույնն անել ճարտարապետության եւ ճարտարագիտության ոլորտներում։

 

- Մեր զրույցի սկզբում ասացիք, որ ճարտարապետության հետ կապված խնդիրները նաեւ քաղաքական են: Ի՞նչ ի նկատի ունեիք:

 

- Այսօրվա կառուցապատման եւ քաղաքաշինության մեջ իր նկատելի բացասական դերն ունեն համակարգի թերությունները։ Եթե կանաչապատումը կամ բաց տարածքների ապահովումը օրենքի պահանջ չլինի, ոչ մի կառուցապատող կամավոր  չի հրաժարվի քառակուսի մետրերից, որոնք կարող են ավել շատ եկամուտ ապահովել։ Պետության խնդիրն է կառուցապատողից պահանջել այն, ինչը պետք է քաղաքներին եւ բնակիչներին։ Պլանային տնտեսությունը այս խնդիրը լուծում էր զանազան մեխանիզմներով եւ լավ թե վատ, բայց ոլորտը կառավարվում էր։

 

Հետխորհրդային ժամանակներում ճարտարապետության հասարակությանը ծառայելու հիմնահարցը վերածվեց անհասկանալի, քիչ կիրառական նշանակություն ունեցող մի հայեցակարգի։ Այս հարցի լուծումը պահանջում է քաղաքական կամք, քանի որ շինարարությունը ամենաեկամտաբեր ոլորտներից է։

 

Անհանգստացնող միտումներից մեկն այն է, որ մենք անընդհատ բաց ենք թողնում հնարավորություններ։ Մենք պետք է հասկանանք, թե որ ուղղությամբ ենք շարժվում եւ որտեղ ենք ուզում հայտնվել։ Երբ ասում եմ՝ որտեղ, ի նկատի ունեմ հենց ֆիզիկական միջավայրը։ Եթե ուզում ենք լինել նորակառույց Դուբայ, եկեք լինենք Դուբայ, դա էլ է տարբերակ: Եթե ուզում ենք լինել Հռոմի պես պատմական քաղաք, շատ բարի, այդ ուղղությամբ գնանք։ Բայց չի կարելի ամեն ինչ խառնել իրար։ Առավել եւս Երեւանի պես մի քաղաքում, որը պատմականորեն շատ ընդգծված կերպար ունի։ Այսօր հնարավորություն ունենք խուսափել վաղվա միջակությունից։

 

Հնարավորություն ունենք կերտել մի քաղաք, որը հարմար կլինի բնակիչների եւ հետաքրքիր՝ զբոսաշրջիկների համար։ Դրան կարելի է հասնել միայն մտածված քայլերով, բազմաթիվ մասնագետների կողմից մշակված ծրագրերով։

Այդ աշխատանքներին պետք է մասնակցեն տնտեսավարները եւ քաղաքաշինարարները, շուկայագետներն ու ճարտարապետները: Բայց ամենակարեւորը քաղաքական կամքի առկայությունն է, որը կդիմակայի այս վայրկյանին փող աշխատելու գայթակղությանը հանուն կայուն հեռանկարային զարգացմանը։ Դեռ ուշ չէ։

 

Մեր ճարտարապետությունը պետք է ժամանակակից լինի։ Ապշեցնում է հինը կրկնօրինակելու մեր ձգտումը։ Բոլորին տալիս եմ նույն հարցը` արդյո՞ք կփոխարինեիք ձեր մեքենան ձիով կամ սայլակով։ Վարում եք 21 դարի նորագույն ավտոմեքենաներ, բայց ապրում եք 17-րդ դարի կեղծ կերպով վերարտադրված դղյակներում։ Կրկնօրինակում եք հնաոճ եկեղեցիներ բետոնից, առանց հասկանալու, որ կամարն ու գմբեթը այն ժամանակների մարդկային մտքի գլուխգործոց են եղել։

 

Այն, ինչ տեսնում ենք այսօր, ճարտարապետության մեջ կոչվում է ձեւականություն։ Ժամանակները փոխվել են։ Ուրիշ բան, եթե մի հետամնաց ցեղ լինեինք, որը նոր է հայտնաբերել է շինարարության առավելությունները, բայց մենք արդեն ունենք «Ռոսիա» կինոթատրոնի շենքը, Եղեռնի զոհերի հուշարձանը կամ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։ Մեր ազգի ստեղծագործ միտքը 50 տարի առաջ ավելի զարգացած եւ առաջադեմ էր, քան այն, ինչ տեսնում ենք հիմա։

 

Ավետիք Էլոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Լուսանկարները՝ Ավետիք Էլոյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին