Ելենա Բիշարյանը դպրոցական էր, երբ նվեր ստացավ «Պատանի քիմիկոս» հավաքածուն, որում, տեսական գրքերից բացի, կային նաեւ փորձերի համար անհրաժեշտ նյութեր: Դա նրան այնքան գրավեց, որ արդեն 5-րդ դասարանում Ելենան իր ննջասենյակում սեփական լաբորատորիան ուներ: Այդպես սկսվեց նրա սերը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) ոլորտի նկատմամբ:
«Ծնողներս շատ էին ուզում, որ բժիշկ դառնամ, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում էր գիտության ստեղծագործ կողմը, ինչի արդյունքում էլ ընտրեցի Կենսաբանությունը: Շատ եմ սիրում եւ ուրախ եմ, որ այդ մասնագիտությունն ունեմ», - պատմում է Ելենան:
ԵՊՀ Կենսաբանական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո ամուսնու հետ տեղափոխվեցին ԱՄՆ՝ ուսումը շարունակելու։ Քորնելի համալսարանում շարունակեց ասպիրանտուրան եւ պաշտպանեց դոկտորականը:
Ելենան իր կարիերայի ընթացքում մի քանի ուղղություններում է մասնագիտացել` ունենալով այն սկզբունքը, որ պետք է հնարավորություններն ու գիտելիքներն ընդլայնել եւ չկենտրոնանալ միայն մեկ նեղ ուղղության վրա:
«ԵՊՀ-ում Գենետիկա եւ բջջաբանություն էի ուսանում։ Քորնելի համալսարանում ընտրեցի Իմունոլոգիայի բաժինը: Այս բաժնում սովորելու ընթացքում շատ մեծ հետաքրքրություն ունեի բջջաբանության նկատմամբ, որը համարում էի գիտության մեջ իմ կիրքը: Կարող էի ժամեր անցկացնել մանրադիտակի առաջ եւ ուսումնասիրել բջջի կառուցվածքներն ու դրա մեջ տեղի ունեցող պրոցեսները: Մյուս ուղղությունս Մոլեկուլային կենսաբանությունն է, որը շատ կիրառական եւ կարեւոր ուղղություն է, այն բոլոր կենսաբանական պրոցեսների հիմքն է: Այս բոլոր ուղղություններն այնքան փոխկապակցված են, որ մի ոլորտում հայտնագործությունը կարելի է կիրառել մյուսում»,- ասում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս
Քորնելի համալսարանում թեզի ուսումնասիրությունները կատարելիս` Ելենան հայտնաբերեց մի տեխնոլոգիա, որը շատ մեծ պոտենցիալ կիրառություն ուներ կենսատեխնոլոգիայի ոլորտում: Այդ արդյունքի հիման վրա ստեղծվեց TetraGenetics ընկերությունը, որում մինչ օրս աշխատում է: Սկզբում Ելենան թիմին միացավ որպես գիտնական, իսկ այժմ գիտությանը զուգահեռ ստանձնել է ընկերության ռազմավարության եւ զարգացման ծրագրերի ղեկավարումը:
«Այն, որ ամուսնուս հետ նույն բուհերում ենք սովորել, նույն ընկերությունում ենք աշխատում եւ երկուսս էլ գիտնական ենք, բազմաթիվ առավելություններ ունի. մեր դեպքում դա արդյունավետ համագործակցություն է: Մեր երեխաները դեռ փոքր են, բայց շատ հետաքրքրվում են գիտությամբ, ամեն կերպ փորձում ենք նրանց մեջ սերմանել գիտական, քննադատական մտածելակերպը», - ասում է Ելենան:
Մեդիամաքսը փորձել է Ելենա Բիշարյանի հետ կազմել Հայաստանում գիտության զարգացման եւ արտասահմանում հաջողությունների հասած գիտնականների ու հայկական գիտության արդյունավետ համագործակցության քարտեզը:
Հայաստանի գիտական միջավայրը
Կենսաբանության եւ Քիմիայի ոլորտում շատ տաղանդավոր գիտնականներ ունենք, որոնց զարգացման համար պետք է բարենպաստ միջավայր ստեղծել: Հայաստանում գիտական միջավայրը զիջում է միջազգային ստանդարտներին, ինչի բարելավման համար պահանջվում են ռեսուրսներ, համագործակցություններ տեղական ու միջազգային մակարդակով եւ ամենակարեւորը՝ բյուջե ու ռազմավարություն:
Այն, որ Հայաստանում շրջանավարտների մոտ Քիմիայի եւ Կենսաբանության նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, ունի իր պատճառները, իսկ խնդրի ակունքները սկիզբ են առնում դպրոցներում: Պետք է հասկանալ, թե ինչ է անում կրթական-գիտական համակարգը` սկսած առաջին դասարանից, նոր սերնդի մտածելակերպը փոխելու, նրանց մեջ ճշգրիտ գիտությունների նկատմամբ սեր եւ կիրք արթնացնելու համար: Իմ կարծիքով`սա խնդրի լուծման սկիզբն է, աշակերտը, ով մեծանում է գիտական մտածելակերպով, գիտության մեջ ավելի ինտեգրված լինելով, շատ ավելի հավանական է, որ ապագայում կընտրի Կենսաբանության, Քիմիայի, Ֆիզիկայի, Մաթեմատիկայի եւ այլ ճշգրիտ գիտությունների ուղին: Պետք է կադրեր պատրաստել 5 տարեկանից սկսած:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ամեն ինչ փոխկապակցված է, եւ այդ փաթեթում խիստ կարեւոր է նաեւ ուսուցիչների դերը, լաբորատորիաների առկայությունը: Ուսուցիչը չի կարող, միայն տեսության վրա հիմնվելով, սեր առաջացնել աշակերտի մեջ, եւ միայն դպրոցական համակարգը չի կարող այդ ամենն ինքնուրույն ապահովել: Դպրոցական համակարգի հետ պետք է աշխատեն բուհերն ու գիտական հաստատությունները, ուր հետագայում դիմելու են այդ աշակերտները: Պետք է դպրոցների եւ այդ հաստատությունների միջեւ հատուկ ծրագրեր կազմակերպվեն, որոնք կնպաստեն աշակերտների՝ գիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելուն եւ գիտության մեջ առաջ գնալուն: Դպրոցներում համալսարանների եւ գիտական ինստիտուտների ներգրավվածությունը պետք է լինի համակարգված եւ մշտական:
Գիտության զարգացման համար նոր սերնդին կրթելուն զուգահեռ առաջ է գալիս մյուս կարեւոր բաղադրիչը. գործող գիտնականների համար անհրաժեշտ միջավայրի եւ ռեսուրսների ապահովումը: Այսօր նրանք չունեն միջոցներ իրենց առօրյա գիտական աշխատանքները կատարելու եւ զարգացնելու համար: Եթե սա չի ապահովվում, նոր սերունդների կրթումը մղվում է երկրորդ-երրորդական պլան: Ռազմավարություն եւ բազմավեկտոր մոտեցում է հարկավոր:
Սփյուռքի հաջողակ գիտնականների աջակցության մեխանիզմը
Եթե Հայաստանում գիտության զարգացման նախապայմաններ գրելու լինեի, առաջինը կընդգծեի Սփյուռքի հայ գիտնականների ներգրավվումը: Սփյուռքում միջազգային մակարդակի տաղանդավոր մասնագետներ կան, եւ Հայաստանը պետք է համակարգ մշակի, որով այն մասնագետները, ովքեր ուզում են օգնել իրենց երկրին, կկարողանան հեշտությամբ ինտեգրվել եւ իրենց գործունեությունը ծավալել: Սփյուռքը կարող է ոչ միայն նոր մտքերով եւ գաղափարներով աջակցել, այլեւ օգնել ժամանակակից տեխնիկա եւ ռեսուրսներ հայթայթելիս:
Արտասահմանում բարձունքների հասած հայ գիտնականների մեծ խումբ կա, որոնց վերջին տասնամյակների ընթացքում միացել են նաեւ Հայաստանից 1990-ականներին արտագաղթած եւ արտասահմանում բարձրագույն կրթություն ստացած հայ գիտնականները։ Նրանց սիրտն ու հոգին դեռ Հայաստանում են եւ շատերը պատրաստ են աջակցել հայրենիքի գիտությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու գործին՝ կա՛մ հեռվից, կա՛մ որոշ ժամանակով Հայաստան վերադառնալով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Բավական շատ ուսանողներ ունենք արտասահմանյան առաջատար բուհերում, որոնք թեկուզեւ սկզբում ունեցած գիտական փոքր բազայով, բայց իրենց տաղանդի շնորհիվ շատ արագ կարողացել են աճել ակադեմիական միջավայրում եւ առաջնակարգ մասնագետներ դառնալ: Դա շատ ոգեւորիչ է:
Իհարկե, շատ լավ կլիներ, եթե նրանք մնային Հայաստանում եւ ծաղկեցնեին երկիրը, բայց պետք է իրատես լինել. մեզ մոտ չկան այդպիսի բարձր մակարդակի հաստատություններ եւ պետք է շատ ուրախ լինենք, որ մարդկանց հաջողվում է մտնել միջազգային գիտական ասպարեզ, այնտեղ կայանալ, աշխատել ու ստեղծագործել:
Ինչ վերաբերում է նրանց վերադարձին Հայաստան` իմ կարծիքով` նրանք կարող են երկրի գիտության զարգացմանը նպաստել ինչպես վերադառնալով եւ այստեղ ներդնելով իրենց գիտելիքներն ու փորձը, այնպես էլ` արտասահմանից, ինչը ներկա դրությամբ ավելի հավանական եմ համարում։
Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ Սփյուռքը Հայաստանի ամենակարևոր ռեսուրսներից է, պարզապես համակարգ է պետք դա ճիշտ օգտագործելու համար։
Հայաստանի գիտական համայնքից ակնկալվող քայլերը
Շատ եմ կարեւորում գիտության մեջ համագործակցությունների դերը, հայ գիտնականները պետք է մեծ ջանքեր գործադրեն սփյուռքահայ գիտնականների հետ աշխատելու համար: Դա կբարձրացնի ընդհանուր որակը եւ ռեսուրսներ կապահովի Հայաստանի գիտնականների համար: Համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է Հայաստանի իշխանություններն ու գիտական համայնքը հստակ ձեւակերպեն, թե ինչի կարիք ունեն եւ ինչ կոնկրետ քայլերով կարող է Սփյուռքն օգտակար լինել: Ճիշտ է` Սփյուռքը կա եւ պատրաստ է օգնել, բայց նրանք ապրում եւ աշխատում են դրսում, ինչի հետեւանքով լավ չեն պատկերացնում տեղի համակարգը եւ կարիքները։
Շատ կարեւոր է սփյուռքահայ գիտնականներին Հայաստանի գիտական ոլորտում ներգրավված պահել եւ մշակել շարունակական համագործակցման մեխանիզմներ։ Օրինակ՝ շատ արդյունավետ կլինի իշխանությունների կողմից ծրագրերի մշակումը, որոնք թույլ կտան արտասահմանում աշխատող սփյուռքահայ պրոֆեսորներին ուսանողներ ֆինանսավորել եւ խմբեր ղեկավարել Հայաստանի բուհերում։ Այսպիսի ծրագրերը դրական ազդեցություն կունենան մի քանի տարբեր կետերով, նախ՝ կապահովվի ուսանողների կրթությունը միջազգային ստանդարտներով, երկրորդ՝ սա կհանգեցնի ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Հայաստանում գտնվող գիտնականների երկարատեւ համագործակցությանը, երրորդ՝ վերը նշված մեխանիզմը նաեւ Հայաստանի գիտնականներին հնարավորություն կտա ֆինանսավորում գտնել միջազգային կառույցներում: Չպետք է կենտրոնանալ միայն տեղական դրամաշնորհների վրա, արտասահմանում բազմաթիվ կազմակերպություններ եւ հիմնադրամներ կան, որոնց միջոցով գումարներ կարելի է բերել Հայաստան: Ասպիսի մեխանիզմներից օգտվելու համար կարեւոր են միջազգային համագործակցությունները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանում գիտության զարգացման ամենակարևոր նախապայմանն է պետական մակարդակով լուրջ հովանավորություն ունենալը: Իհարկե, շատ կարեւոր է, որ Հայաստանի իշխանություններն ունենան գիտնականների աջակցության արդյունավետ մեխանիզմներ, որոնց համար Հայաստանում արդեն իսկ լավ հիմք եւ գործող կազմակերպություններ կան: Օրինակ` ANSEF-ի դրամաշնորհային ծրագրին ունի լավ բազա, մեխանիզմներ, գնահատողների խումբ, եւ իշխանությունը կարող է ապահովել գիտնականների ֆինանսավորման շարունակականությունը` հիմնվելով ANSEF-ի կամ նման կազմակերպությունների բազաների վրա:
Պետք է արձանագրենք, որ Հայաստանում շարժ կա, պակասում է ստրատեգիան եւ ֆինանսավորումը: Ճիշտ ստրատեգիայի եւ ֆինանսավորման դեպքում բոլոր օղակները կկարողանան փոխգործակցել եւ հաջողության հասնել: Իրականում մենք շատ հզոր ստեղծագործ միտք ունենք, ինչն էլ առաջնային անհրաժեշտ գործոնն է նորարարությունների համար:
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: