Արմեն Ստեփանյան. «Հավանական» ձեւակերպումը փորձեցին հիմք դարձնել - Mediamax.am

exclusive
16839 դիտում

Արմեն Ստեփանյան. «Հավանական» ձեւակերպումը փորձեցին հիմք դարձնել

Արմեն Ստեփանյանը
Արմեն Ստեփանյանը

Լուսանկարը` «Լիդիան Արմենիա»

Լուսանկարը`


«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Մեդիամաքսին

- Պարոն Ստեփանյան, բնապահպանության նախարարի ասուլիսից պարզ դարձավ, որ Ամուլսարում ոչ Կարմիր գրքի թիթեռը կա, ոչ՝ բուսատեսակը: Մինչդեռ այս երկու եզրահանգումներն էին տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի համար առիթ եղել առաջարկելու կասեցնել Ամուլսարում գործունեությունը: Ստացվում է, որ նման պատճառ այլեւս չկա:

 

- Այո: Պարզվեց, որ տեսչական խմբի առաջին այցի ընթացքում գտնված բույսը իրականում Կարմիր գրքի Ոզնաթուփ Մեխակը չէ, իսկ թիթեռը այդ տարածքում բնադրվել պարզապես չէր կարող: Այսինքն` այն, ինչ մենք ասում էինք ի սկզբանե:

Մենք համապատասխան բոլոր ուսումնասիրությունները իրականացրել ենք եւ երբ ունեցել ենք Կարմիր գրքի տեսակ, հանրությունն այդ մասին իմացել է:

 

Օրինակ՝ Մատնունի Ծիրանավորը, որի աճելավայրի մեծ մասը մենք դարձրել ենք անձեռնմխելի տարածք, իսկ մոտ 20%-ը տեղափոխել ենք Սեւանի բուսաբանական այգի: Քեմբրիջի համալսարանի եւ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ՝ բույսի պահպանության, ուսումնասիրության եւ տեղափոխված առանձնյակների կենսամիջավայր վերադարձման ծրագրում Լիդիանը ներդրել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար:

 

Հատկանշական է, որ բնապահպանական որոշ խմբեր, սպառելով Մատնունի Ծիրանավորի թեման, որպես լուրջ խնդիր, հիմա դրան չեն անդրադառնում, փոխարենը, հիմա նոր «ռիսկեր» են փնտրում։ Հերթական անգամ ապացուցվեց, որ այս ոլորտում Լիդիանի հետազոտությունները լիարժեք են: Կենսաբազմազանության պահպանման եւ կայուն զարգացման մեր ծրագրերը քննարկվել են բազմաթիվ հարթակներում, տարբեր ձեւաչափերում եւ արժանացել բարձր գնահատականների։

 

- Ստացվում է՝ նույն մասնագետը, ով գտել էր ոզնաթուփ մեխակը, երկրորդ ուսումնասիրության ընթացքում փոխե՞ց իր եզրակացությունը։

 

- Նախ, անհրաժեշտ է փաստել, որ եզրակացության մեջ արվել էր ենթադրություն։ Երկրորդը, այո, կրկնակի ուսումնասիրության ժամանակ տվյալ տեսակը չհայտնաբերվեց։ Ծաղկի առկայության վերաբերյալ եզրակացություն տված մասնագետը՝ Անուշ Ներսիսյանը, գտավ այդ տեսակը, որը ենթադրել էր որպես կարմիրգրքային ոզնաթուփ մեխակ։ ԳԱԱ բարձրակարգ բույսերի կարգաբանության եւ աշխարհագրության բաժնի վարիչ Մարինե Հովհաննիսյանը՝ պահպանելով բույսի հետազոտման բոլոր կանոնները, հեռացրեց կասկածվող բույսից մի քանի հատված, ուսումնասիրեց դրանք եւ բնութագրեց՝ որպես նույն ընտանիքից, բայց այլ բուսատեսակ, որը Կարմիր գրքում գրանցված չէ: Կարծում եմ, արժեր խուսափել հապշտապ եզրակացություններից, եւ լավ կլիներ, որ Տեսչությունը ենթադրությունների հիման վրա եզրակացությունները պաշտոնական փաստաթղթում գրելուց առաջ հստակ գիտական հիմնավորումներ ունենար եւ արհեստական հանրային աղմուկ չբարձրացներ:

 

Պետք է նշել, որ փորձագետը արձանագրել է այն, ինչ կասկածել է եւ բառացի ներկայացրել որպես «հավանական» կարմիրգրքային, եւ անհրաժեշտ է պարզել, թե ինչո՞ւ եւ ինչ նպատակով է փորձագետի կողմից «հավանական» ձեւակերպումը ս.թ. օգոստոսի 27-ին Տեսչության ղեկավարի կողմից ներկայացրել որպես հիմք՝ այսպիսի հայտարարություն անելու համար՝ «ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը»։

 

Acantholimon caryophyllaceum բուսատեսակը այդ տարածքում չի դիտվել անցած դարի կեսերից: Դա ապացուցվել էր մեր նախկին ուսումնասիրությունների ընթացքում եւ ապացուցվեց մեկ անգամ։

 

- Իսկ ի՞նչ եղավ թիթեռի վերաբերյալ եզրակացությանը։

 

- Ընկերությունը Տեսչական մարմնի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրել էր, որ Ամուլսարի տարածքը չի հանդիսանում տվյալ թիթեռի համար ապրելավայր։ Իհարկե, բնության մեջ կարող է մեկ առանձին թիթեռ տարբեր պատճառներով հայտնվել իր իրական ապրելավայրից հեռու որեւէ վայրում։ Բայց ինչպես եւ ասում էին մեր մասնագետները, այս տարածքում այդ տեսակը բնադրվել չի կարող, ելնելով ֆլորայի եւ բնակլիմայական պայմաններից: Այս այցով հաստավեց, որ տեսչական խմբի հայտարարած «նոր գործոնները» գոյություն չունեն: 

- Հիմա, ըստ այդ արձանագրության տեսչությունը պետք է հրաժարվի՞ մեկ շաբաթ առաջ իր հնչեցրած եզրակացությունից։

 

- Ես չեմ կարող պատասխանել տեսչական մարմնի փոխարեն։ Սակայն ուզում եմ ասել, որ տեսչական մարմինը, առնվազն չպետք է հրապարակային հայտարարություններով հանդես գար եւ չհիմնավորված ենթադրությունները որպես փաստ հնչեցներ։ Պետական կառույցի նման գործելաոճը լուրջ հարված կարող էր հասցնել պետության հեղինակությանը:

 

- Ինչպե՞ս կվարվի կառավարությունը։

 

- Կրկին ես չեմ կարող պատասխանել կառավարության փոխարեն։ Բայց, կարծում եմ,  հետեւություններ անելու կարիք կա։ Փաստացի հրապարակված հաղորդագրության մեջ նույնիսկ չէր առաջարկվում իրականացնել հետազոտություն, այլ տեսչական մարմնի ղեկավարը ենթադրությունների հիման վրա առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել թույլտվությունը։ Չեմ կարծում, որ դա նման լուրջ կառույցին հարիր պահվածք է, հատկապես երբ խոսքը ահռելի ներդրումային ծրագրի մասին է, որը տնտեսական զգալի ազդեցություն ունի տեղական համայնքների եւ երկրի վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին